Պավել Չոբանյան

հայ արևելագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պավել Աշոտի Չոբանյան (մարտի 15, 1948(1948-03-15), Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 18, 2017(2017-05-18), Երևան, Հայաստան), արևելագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Թոռնիկներ Պավել Չոբանյան,Արեն Չոբանյան, Դանիել Չոբանյան

Պավել Չոբանյան
Ծնվել էմարտի 15, 1948(1948-03-15)
Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 18, 2017(2017-05-18) (69 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունարևելագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Պատմաբանասիրական հանդես, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, վրացերեն և գերմաներեն
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1948 թ. մարտի 15-ին Ադրբեջանի ԽՍՀ Խանլար քաղաքում (ծագումով Փիփ գյուղից)։ 1973 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բաժինը։ 1974-1976 թթ. կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտացմամբ ուսանել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում` ուսումնառությունը իրականացնելով Վրացական ԽՍՀ ԳԱ Կորնելի Կեկելիձեի անվան Ձեռագրերի հետազոտության ինստիտուտում, այդ հիմնարկի տնօրեն և ճանաչված վրացագետ, ակադեմիկոս Ելենա Մետրևելու ղեկավարությամբ։

1982 թ. պաշտպանել է «Հայերը Մերձավոր Արևելքում ըստ վրաց ուղեգրությունների» թեկնածուական ատենախոսությունը։

2006 թ. պաշտպանել է «Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» դոկտորական ատենախոսությունը։

Պրոֆեսոր Չոբանյանը գիտական գործունեությունը սկսել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, անցնելով ճանապարհ կրտսեր գիտաշխատողից` մինչև փոխտնօրեն։ 1977-1985 թթ. նա եղել է այդ ինստիտուտի Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, 1995-1996 թթ.` «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ, իսկ 1985-1995 թթ. աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող։ Տասը տարուց ավելի` 2002 թ. մինչև 2013 թ., նա պաշտոնավարել է որպես Արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն։ 2013 թվականից մինչև իր վերջին օրերը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության» բաժինը։

Նա երկար տարիներ եղել է մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ, 1999-2003 թթ. զբաղեցրել է «ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդես»ի խմբագրի տեղակալի պաշտոնը։ Նպատակասլաց ու աշխատասեր գիտնականի ունակություններն այդ տարիներին, ի նպաստ այն ժամանակվա հայագիտության կարևորագույն` Պատմա-բանասիրական հանդեսի բարգավաճման, և հայ-ռուսական փոխհարաբերությունների վավերագրերի հայտնաբերման ու հրատարակության գործում լավագույնս ի սպաս դրվեցին խստապահանջ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի հետևողական վերահսկողությամբ։ 2013 թվականից Պավել Չոբանյանին վերապահվեց ՀՀ ԳԱԱ նորաստեղծ «Բանբեր հայագիտության»[1] միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնը, և իր խմբագրությամբ հրապարակվել են հանդեսի տասնմեկ համարները։

2007 թվականից իբրև ավագ գիտնական-վերլուծաբան նրա գիտելիքները օգտագործվեցին ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան)[2]։ Նա հեղինակել է փորձաքննական բազմաթիվ հետազոտություններ, կատարել է այսօրվա քաղաքական կյանքից բխող մի շարք կարևոր առաջարկություններ և վերլուծություններ։

Պավել Չոբանյանը աշխատում էր հասարակագիտության տարբեր բնագավառներում։ Նրան հավասարպես հետաքրքրում էին Հայաստանի քաղաքական փոխհարաբերությունները Մերձավոր Արևելքի հարևան երկրների և Ռուսաստանի հետ, Հայկական գաղթավայրերն ու հոգևոր-մշակութային կյանքը հայկական էկումենեյում, Վրաստանի պատմությունն ու մատենագրական ժառանգությունը, Հայոց հասարակական կյանքի զարգացման օրինաչափությունները, համաշխարհային պատմության ռիթմում Հարավային Կովկասի ժողովուրդների ներդրումը և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք արտացոլված են իր մատենագիտության մեջ։

Հայաստանի նորաստեղծ Հանրապետության առջև կանգնած մի շարք ներքին ու արտաքին խնդիրների ի հայտ գալու հետ մեկտեղ` ավելի ու ավելի կարիք զգացվեց, Պավել Չոբանյանի նման` իրենց գիտական գաղափարներին նվիրված հետազոտողների անաչառ գործունեության։ 1991 թ. հետո նա մասնակցեց ետխորհրդային ժամանակաշրջանում պետական և հասարակական կարևորագույն տարբեր գործընթացների. ընդգրկվեց ՀՀ Նախագահին առընթեր Ներման հանձնաժողովի կազմում։

Պ. Չոբանյանը եղել է «Հայաստանի պատմագետների միության» հասարակական կազմակերպության անդամ։

Գիտական գործունեություն

խմբագրել

Հեղինակել է 150-ից ավելի գիտական հրապարակումներ, երկու տասնյակ գիտական աշխատությունների խմբագիր է։ Նրա գիտական հետազոտությունները նվիրված են հայոց պատմության, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունների, վրացական ուղեգրությունների ուսումնասիրությանը։ Նա թարգմանաբար հրատարակել է Ա. Շանիձեի «Հին վրացերեն լեզվի քերականություն» աշխատությունը (Հ. Մարգարյանի հետ համատեղ), որը կարևոր քայլ դարձավ` Հայաստանում վրացագիտության բնագավառի համար ամուր հող ստեղծելու գործում։

Մեծ թվով նյութեր հավաքելով Թբիլիսիի և Մոսկվայի արխիվներից և գրադարաններից 1981 թ.-ին հրատարակում է «Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին» աշխատությունը։

1990 թ.-ին լույս է տեսել Պ. Չոբանյանի մասնակցությամբ կազմված «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի երկրորդ կեսին (1760-1800 թթ.)»[3] փաստաթղթերի ժողովածուն։

1999 թ. նրա առաջաբանով և աշխատասիրությամբ վերահրատարակվել են Մակար Բարխուդարյանցի «Արցախ»[4] տեղագրական աշխատությունները։

Պ. Չոբանյանն իր բազմաթիվ հոդվածներով անդրադարձել է Հնդկաստանի, Իտալիայի, Երուսաղեմի և մի շարք այլ հայկական գաղթավայրերի պատմությանը, համառ պրպտումներով նոր վավերագրեր հայտնաբերել և գիտական վերլուծությամբ հրատարակել ԺԷ-ԺԸ դարի Հայաստանի, մեր եկեղեցու և Արցախ աշխարհի պատմության կնճռոտ խնդիրների վերաբերյալ։

Ճանաչված պատմաբան-գիտնականի հետազոտությունների պսակը դարձավ 2006 թվականին հրատարակված «Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին»[5] մենագրությունը։

Հմուտ պատմաբան-միջնադարագետը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայաստանի հարակից երկրների պատմություն»[6] քառահատորյակի հեղինակներից և խմբագրական խորհրդի անդամներից էր։ Նա եղել է նաև այդ հրատարակության երկրորդ հատորի պատասխանատու խմբագիրը։

«Հայոց պատմություն» և «Հայաստանի հարակից երկրների պատմություն» դպրոցական նոր դասագրքերում հեղինակել է ուշ միջնադարյան Հայաստանի և Արևելյան Հարավային Կովկասի պատմության շարադրանքները։ Արժեքավոր են «Феномен Шуши» (2013) և «Արցախ. Ժողովրդագրության և տեղանվանակարգի հիմնախնդիրները ԼՂՀ անվտանգության համատեքստում» (2014) կոլեկտիվ մենագրությունները, որոնք հրատարակվել են որպես Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված «Աշխատանքային տետրերի» հատուկ համարներում, որտեղ նա հանդես է եկել որպես ծրագրի համակարգող, գիտական խմբագիր և հիմնական հոդվածների հեղինակ։

Գիտական գործունեության ընթացքում Պ. Չոբանյանի ծանրակշիռ խոսքը լսվել է բազմաթիվ միջազգային և տեղական գիտաժողովներում, ուր նա հանդես էր գալիս Հարավային Կովկասի պատմության և աղբյուրագիտության կարևորագույն խնդիրների լուսաբանմամբ։ Նա Մոսկվայում մասնակցել է Բարտոլդյան ընթերցումներին, ինչպես նաև Լիվոռնոյում, Սանկտ Պետերբուրգում, Աշխաբադում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Մոնպելիեում տեղի ունեցած հայագիտական և արևելագիտական մի շարք գիտաժողովների։

Մանկավարժական գործունեություն

խմբագրել

Պրոֆ. Պ. Չոբանյանը վարել է նաև բեղմնավոր գիտա-մանկավարժական աշխատանք։ Նա ընդհանուր ու մասնագիտական դասընթացներ է վարել Դավիթ Անհաղթ համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (1995-2008 թթ.), Երևանի պետական համալսարանում և Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանում։

Պրոֆեսոր Չոբանյանը Հայաստանում պատրաստել է բազմաթիվ մասնագետներ միջնադարագիտության, հայագիտության, վրացագիտության և կովկասագիտության բնագավառներում ովքեր շարունակում են նրա գործը համալսարանական և ակադեմիական գիտական հաստատություններում։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ այդ թվում Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ արտասահմանյան երկրներից, եղել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։

Պ. Չոբանյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ էր և նշված մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։ Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպել են թեկնածուական ու դոկտորական՝ 90-ից ավելի ատենախոսությունների պաշտպանություններ։

Մատենագիտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բանբեր հայագիտության». www.haygithimnadram.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  2. «ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան». www.mil.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  3. «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի երկրորդ կեսին (1760-1800 թթ.)» (PDF). serials.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  4. «Աղվանից երկիր և դրացիք». digilib.aua.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  5. Հայ ռուս վրացական փոխհարաբերությունները ԺԸ. դարի երկրորդ կեսին
  6. «Հայաստանի հարակից երկրների պատմություն». armunicat.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Չոբանյան» հոդվածին։