Պապին Ղանդիլյան
Պապին Արտաշեսի Ղանդիլյան (մարտի 15, 1929, Հացառատ, Հայաստան - մարտի 26, 2001, Երևան, Հայաստան), հայ բուսաբան, գենետիկ-ընտրասերումնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974): ՀԳԳԱ ակադեմիկոս (1994): IPGRI, ICARDA, SIMMYT-ի գծով բուսական գենետիկ ռեսուրսների ազգային համակարգող։ Էրեբունի արգելոցի գլխավոր խորհրդատու։
Պապին Ղանդիլյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1929 |
Ծննդավայր | Հացառատ, Հայաստան |
Մահացել է | մարտի 26, 2001 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1952) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան, բուսաբան և գենետիկ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Պապին Ղանդիլյանը ծնվել է 1929 թվականի մարտի 15-ին, Հացառատ (Գավառ քաղաքի շրջագծում) գյուղում։ 1952 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլտետը։ 1955 թվականին դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում. 1973 թվականից կենսաբանական գիտությունների դոկտոր, 1974 թվականից՝ պրոֆեսոր։ 1978-1992 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1981-2001 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 1988-2000 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի վարիչ, 1994-2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ բուսաբուծության, բույսերի ընտրասերման և սերմնաբուծության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[1][2][3]։
Պապին Ղանդիլյանը զբաղվել է բուսական գենետիկական ռեսուրսների, հատկապես վայրի հացազգիների (Triticum L., Aegilops L., Hordeum L., Secale L.) ուսումնասիրությամբ։ Աշխատանքները վերաբերում են հասկավոր հացաբույսերի ու դրանց վայրի ազգակիցների դասակարգման, գենետիկայի և ընտրասերմնաբանության խնդիրներին։ Ղանդիլյանը հայտնաբերել և նկարագրել է Հայաստանում աճող վայրի ցորենի, գարու, աշորայի, այծակնի նոր տեսակներ ու տարատեսակներ, կազմակերպել է Հայաստանում և աշխարհում մշակովի բույսերի վայրի ազգակիցների գենոֆոնդի պահպանման աշխատանքները։ Նրա հետևողական ջանքերի շնորհիվ 1981 թվականին Հայաստանում հիմնվեց վայրի ցորենների պահպանման «Էրեբունի» արգելոցը, որը միակն է աշխարհում, և որտեղ աճում են ցորենի վայրի չորս տեսակներից երեքը։ Հայաստանի տարածքի համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում Ղանդիլյանի կողմից հայտնաբերվել են էգիլոպսի մի շարք հետաքրքիր` A. crassa Boiss., A. umbellulata Zhuk., գարու H. marinum Huds., H. bulbosum f. segetale տեսակները, ինչպես նաև առաջին անգամ նկարագրվել գարու նոր տետրապլոիդ տեսակներ` H. hrasdanicum Gandil., Agropyrum semiaristatum Gandil, հասկավոր հացաբույսերի 8 խումբ (convarietas) և ավելի քան 70 նոր տարատեսակ (varietas): Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել են աշնանացան գարու Արարատի-7, աշնանացան ցորենի Ոսկեհասկ, ցորենաշորայի (տրիտիկալե) Սիս-1 սորտերը։ Համահեղինակ է «Բուսաբանական բառարանի» (1975): Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։
Անդամակցություն Խմբագրել
- Բուսաբուծության (ՀՀ ԳԱԱ բուսաբուծության ինստիտուտի) և գյուղատնտեսության (Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) մասնագիտությունների գծով դիսերտացիաների պաշտպանության ВАК-ի մասնագիտացված խորհրդի անդամ։
- Հայկական բուսաբանական ընկերության անդամ։
- Ռուսական բուսաբանական ընկերության անդամ։
- Ն. Ի. Վավիլովի անվան ВОГиС-ի անդամ։
- Ն. Ի. Վավիլովի անվան ВОГиС-ի հայկական բաժանմունքի անդամ։
- Հայաստանի Բնության պահպանության ընկերության անդամ։
- «Հայաստանի բուսաբանական ամսագիր», «ՀԽՍՀ պետագրոարդի գյուղատնտոսական գիտությունների տեղեկագիր», «Հայաստանի բնություն», «Գիտություն և արտադրություն» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։
Պարգևներ Խմբագրել
- Անանիա Շիրակացու մեդալ։
- ԽՍՀՄ գյուտարար։
Երկեր Խմբագրել
- Բուսաբանության դասընթացի մեթոդական ցուցումներ և ուսումնական առաջադրանքներ։ (Ագրանոմ.. և այգեգործ. ֆակ. ուսանողների համար), Երևան, Ա. հ., 1962 (համահեղինակ)[4]։
- Հասկավոր հացաբույսեր։ (Որոշիչ), Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Երևան, Հայպետհրատ, 1963[5]։
- Բուսաբանական բառարան։ Համառոտ բուսակարգաբանություն, Երևան, «Հայաստան», 1975 (համահեղինակ)[6]։
- Определитель пшеницы, эгилопса, ржи и ячменя. (Определительные и справочные таблицы видов и разновидностей), 1980.
- Կարևորագույն բույսերի պատկերազարդ ցուցակ։ (Ծածկասերմերի դասերի, կարևորագույն ընտանիքների, ցեղերի ու տեսակների հայերեն, լատիներեն, ռուսերեն անվանումները և ծաղիկների կազմությունը արտահայտված բանաձևի տեսքով), Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Բուսաբանության ամբիոն, Երևան, Ա. հ., 1981 (համահեղինակ)[7]։
- Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան։ Երևան, Գիտություն, 1998 (համահեղինակ)։
- Հայաստանի դեղաբույսերը։ [62 տեսակ], Երևան, «Հայաստան», 1983 (համահեղինակ)[8]։
- Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան։ 1998, տիտղթ. (խմբ.՝ Պ. Ա. Ղանդիլյան)[9]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Ղանդիլյան Պապին Արտաշեսի :»։ persons.anau.am։ Վերցված է 2019-08-01
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999: Հ. 3:
- ↑ Բադալյան Վիկտոր Սարիբեկի, Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՌ և այլք:, eds. (1962)։ Բուսաբանության դասընթացի մեթոդական ցուցումներ և ուսումնական առաջադրանքներ: Ագրանոմ.. և այգեգործ. ֆակ. ուսանողների համար։ Երևան: Ա. հ
- ↑ Ղանդիլյան Պապին Արտաշեսի (1963)։ Հասկավոր հացաբույսեր: Որոշիչ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Հովսեփյան Աստղիկ Եղիշեի, Պետրոսյան Լիդա Բագրատի (1975)։ Աստվածատրյան Զավեն Աշոտի, ed.։ Բուսաբանական բառարան: Համառոտ բուսակարգաբանություն։ Երևան: Հայաստան
- ↑ Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Հովսեփյան Ա Ե (1981)։ Կարևորագույն բույսերի պատկերազարդ ցուցակ: Ծածկասերմերի դասերի, կարևորագույն ընտանիքների, ցեղերի ու տեսակների հայերեն, լատիներեն, ռուսերեն անվանումները և ծաղիկների կազմությունը արտահայտված բանաձևի տեսքով։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ։ Երևան: Ա. հ
- ↑ Թորոսյան Արշավիր Անդրանիկի, Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Գաբրիելյան Էմիլ Սամսոնի (1983)։ Ղազանչյան Հ Հ, ed.։ Հայաստանի դեղաբույսերը: 62 տեսակ։ Երևան: Հայաստան
- ↑ Սիմոնյան Արմեն Արշալույսի, Բատիկյան Իդա Հրանտի (1998)։ Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Հարությունյան Ռուբեն Միքայելի, eds.։ Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան =: Русско-англо-армянский биологический толковый словарь= Russian-english-armenian biological explanatory dictionary։ Երևան: Գիտություն