Պապեռոն, Պապառոն, բերդ Լեռնային Կիլիկիայում, Տավրոսի ստորոտին, Տարսոն քաղաքից հս-արմ․ (այժմ՝ ավերակ)։ Կառուցված էր բարձր լեռան գագաթին և շրջափակված ամրակուռ պարիսպներով։ Դղյակը, պալատային շենքերը, եկեղեցին զետեղված էին բերդի արմ․ մասում։ Ելք ու մուտքը հիմնականում եղել է հյուիս-արևելքից, մնացած կողմերից գրեթե անմատչելի էր։ 10-րդ դարի կեսից Պատեռոնը մտել է Աբլղարիբ Արծրունու տիրույթների մեջ։ 1070-ական թվականներին անցել է Հեթումյաններին։ 10-րդ դարի վերջին Պապեռոնի տեր է հիշվում Սահակ իշխանը՝ Օշինի փեսան, 12-րդ դարի առաջին կեսին՝ Օշինի թոռ Սմբատը։ 1152-ին Բյուզանդիային զինակցած Սմբատը սպանվել է Թորոս Բ իշխանապետի դեմ մարտում։ Պապեռոն ժառանգել է նրա որդի Բակուրանը, որը հաշտվել է Թորոս Բ-ի հետ և քրոջը՝ Ռիթային, կնության տվել Թորոսի եղբայր Ստեփանեին։

Վերջինիս մահից (1165) հետո Ռիթան վերադարձել է Պապեռոնը և եղբոր խնամատարությամբ զբաղվել իր մանկահասակ որդիների՝ Ռուբենի (տես Ռուբեն Բ) և Լևոնի (տես Լեոն Բ Մեծագործ) կրթությամբ ու դաստիարակությամբ։ Պապեռոնում Բակուրանին հաջորդել է եղբայրը՝ Վասակ իշխանը (12-րդ դարի վերջ), ապա նրա որդի Կոստադին սպարապետը (Հեթում Ա թագավորի հայրը)։ Այնուհետև պապեռոն հիշվում է որպես Հայոց սպարապետի ժառանգական կալվածք։ 14-րդ դարի երկրորդ կեսին բերդը գրավել և կործանել է Եգիպտոսի արաբ, սուլթանությունը։ Պապեռոնում պահպանվել են դղյակի, եկեղեցու, երկու սենյակի, գեղաքանդակ վառարանի և այլ շինությունների մնացորդներ։ պապեռոնին կից Մլիճո վանքը եղել է բերդատեր իշխանների դամբարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png