Պաչուկա (իսպ.՝ Pachuca, (
pa't͡ʃuka)՝ պաշտոնական անվանումը՝ Պաչուկա դե Սոտո, Մեքսիկայի Իդալգո նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է նահանգի հարավ-կենտրոնական մասում։ Պաչուկա դե Սոտո անվանումով կա նաև համայնք, որտեղ էլ գտնվում է համանուն քաղաքի նստավայրը։ Պաչուկան գտնվում է Մեխիկոյից 90 կմ հեռավորության վրա[1]։
Պաչուկա անվան ծագումը հայտնի չէ։ Pachuca pachoa ` թարգմանաբար ուղիղ, բացվող, Pachoacan ` կառավարման վայր, արծաթի և ոսկու վայր և patlachuican` գործարանների վայր, արցունքների վայր[2]: Պաչուկայի պաշտոնական անվանումը Պաչուկա դե Սոտո է` ի պատիվ կոնգրեսական Մանուել Ֆեռնանդո Սոտոյի, ով մեծ ավանդ ունի Պաչուկա նահանգի ստեղծման գործում[3]։ “La bella airosa” (Գեղեցիկ օդային քաղաք) անվանումն առաջացել է ուժեղ քամիների պատճառով, որոնք գալիս են քաղաքի հյուսիսային կիրճերից[2]։ Օտոմի լեզվով Պաչուկան հայտնի է որպես Nju̱nthe[4]։
Տարածքը հայտնի է եղել իր կանաչ օբսիդիանով, մինչև 16-րդ դարի կեսերին՝ իսպանական գաղութային տիրապետության օրերին, այստեղ սկսվեց հանքագործությունը, և Պաչուկան մինչև 20-րդ դարի կեսերը հայտնի էր որպես խոշոր հանքագործական քաղաք, այնուհետև տնտեսության այս ճյուղը փոխարինվեց արդյունաբերությամբ։ Ներկայումս հանքագործությունն արդյունաբերության մի մասն է կազմում[2][5]։