Պանդխտի երգեր, հայ ժողովրդական երգեր, որոնք բանաստեղծական բովանդակության և երաժշտական-կոմպոզիցիոն որոշակի հատկանիշների շնորհիվ կազմել են ազգային դասական ժողովրդական երաժշտության ժանրային մի ինքնուրույն բաժինը։ Պանդխտի երգ (ձայնագրությունը Կոմիտասի) Բանաստեղծությունները պայմանական կարելի է ստորաբաժանել՝ պանդխտության մասին կողմնակի պատումների (գրված են գերազանցապես հայրենի չափով) և իր՝ պանդխտի (կամ տանը մնացած հարազատի) կողմից ասվող, անձնական ապրումներ արտահայտող մենախոսությունների։ Պահպանված ու գրառված սակավաթիվ եղանակները, համապատասխանաբար, կամ հանդարտ պատմողական բնույթ ունեն (դասական նմուշներ են Կոմիտասի գրառած պանդխտի անտունիները, տես Անտունի հոդվածի նոտային օրինակը, որ սխալմամբ դրված է «Անտունի»-ի մեջ), կամ ներթափանցված են անմիջական, խոր հուզականությամբ։ Այս 2-րդ տեսակի՝ բուն պանդուխտի երգերի հնչյունաշարը սովորաբար ծավալուն է, եղանակներն անկաշկանդ հոսող են, ունեն պարզ պարբերականությունը բացառող, ազատ ձևակառուցվածք, ասերգային տարրերը ազատ օգտագործող անհատականացված ելևէջ, և այս բոլորը՝ ծառայեցված խոր հուզականության դրսևորմանը (դասական նմուշներից է հանրահայտ «Կռունկը»)՝․ պանդուխտի երգերը կազմում են հայ միջնադարյան ժողովրդական երաժշտության ժառանգության բացառիկ արժեքավոր հատվածներից մեկը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 119 CC BY-SA icon 80x15.png