Պահպանողական կուսակցություն (Հայաստան)

Պահպանողական կուսակցություն, Հայաստանում գրանցված կուսակցություն[1]։

Պահպանողական կուսակցություն (Հայաստան)
Տեսակկազմակերպություն և կուսակցություն
Հիմնադրվածապրիլի 14, 1991
ԳաղափարախոսությունՊահպանողականություն
Կայքconservative.am

Կանոնադրություն խմբագրել

Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թ. ապրիլի 14-ին, Երևանում։ Կանոնադրությունը գրանցվել է 1991 թ. հունիսի 10-ին՝ 3-րդ համարի ներքո։ Վերագրանցվել է 1998 թ. դեկտեմբերի 28-ին, 2001 թ., հունվարի 3-ին։ Ներկա կանոնադրությունն ընդունվել է Պահպանողական կուսակցության 12-րդ արտահերթ համագումարում 08.01.2023 թ.։ Կուսակցության 13-րդ համագումարում՝ 2024թ հունվարի 9-ին, նախագահ է ընտրվել Հայկ Միրզոյանը։

Պատմություն խմբագրել

1989-ի հուլիսի 3-ին Երևանում հինադրվել է Հայ ազգային երիտասարդական միությունը (ՀԱԵՄ), որի առաջնային նպատակն է եղել Հայաստանի անկախությունը։ 1991-ի ապրիլի 14-ին ՀԱԵՄ-ը լուծարվել է, և նրա հիմքի վրա ստեղծվել է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը (ՀԱՊԿ)։ Նախագահ է ընտրվել Վահան Հարությունյանը։

ՀԱՊԿ-ն 5 այլ կուսակցությունների հետ միասին մասնակցել է 1991-ի Անկախության հանրաքվեի քարոզարշավին, կոչ անելով ընտրողներին՝ «Այո» քվեարկել անկախությանը։ 1991-ին, 1993-ին մասնակցել է ՀՀ ԱԺ թափուր ընտրատարածքներում ընտրություններին, ՏԻՄ ընտրություններին։ Նրա որոշ անդամներ մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին։

ՀԱՊԿ-ն 1998-ին վերանվանվել է Պահպանողական կուսակցություն (ՊԿ)։ Նախագահ է ընտրվել Միքայել Հայրապետյանը, որը 2022-ին հրաժարական է տվել ՊԿ նախագահի պաշտոնից և դուրս եկել կուսակցությունից։

ՊԿ-ն 2007-ին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության և «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության հետ ձևավորել է նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքն ու մասնակցել ԱԺ ընտրություններին, 2008-ին՝ սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի ընտրություններում, 2008-ի օգոստոսի 1-ին, տասնյակ այլ կուսակցությունների հետ միասին հիմնադրել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։ 2012-ին մի քանի կուսակցությունների հետ միասին ձևավորել է ԱԺ նախընտրական ՀԱԿ դաշինքն ու մասնակցել ԱԺ ընտրություններին։ 2012-ի դեկտեմբերին, երբ Լ․ Տեր-Պետրոսյանը հրապարակավ հրաժարվել է մասնակցել 2013-ի ՀՀ նախագահի ընտրություններին, դուրս է եկել ՀԱԿ-ից և դադարեցրել մասնակցությունը ԱԺ ՀԱԿ խմբակցությանը։

ՊԿ-ն 2021-ին մի քանի այլ կուսակցությունների հետ միասին ձևավորել է «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքն ու մասնակցել ԱԺ ընտրություններին։

ՊԿ-ն 1991-ից ի վեր մշտապես հանդես է եկել Անկախության պաշտպանության՝ ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, լուստրացիա անցկացնելու, ՀՀ-ի՝ ռուսական դոմինանտությամբ գործող կառույցներից դուրս գալու, լեզվի, ժողովրդավարության, Արևմտյան արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ աշխարհի հետ ներդաշնակ զարգանալու, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին անդամակցելու, հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, խաղաղության մասին հայտարարություններով, կազմակերպել այդ հարցերի վերաբերյալ միջոցառումներ, հրապարակել մի քանի հազար հոդվածներ, հարցազրույցներ, «Շեմ» հրատարակչությամբ հրատարակել 14 գրքույկ, 2 գիրք։

ՀՀ ԱԺ-ում ներկայացված չէ։

Աշխարհաքաղաքական մոտեցումներ խմբագրել

Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի պետությունը չունի որևէ թշնամի, միևնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով։

Տնտեսական քաղաքականություն խմբագրել

Կուսակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտակրթական ինդուստրիան, էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը։

Կուսակցությունը բացի պետական ռազմավարական մենաշնորհներից չի ընդունում այլ մենաշնորհներ։

Կուսակցությունը մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է Հայաստանի կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման։

Կուսակցության խորհրդանիշներ խմբագրել

Դրոշ խմբագրել

Ա. Քառակուսի 1x1 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 0,16x0,16 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։

Զինանշան խմբագրել

Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի 1x1 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 0,16x0,16 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։ Քառակուսին խորհրդանշում է Արևը, ծիրանին՝ բարիքը, խաչը՝ քրիստոնեությունը, կապույտը՝ ազնվությունը։

Պատվիրան դրույթներ խմբագրել

1. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը։ 2. Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ և միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված։ 3. Բարոյականության և սեփականության իրավունքները տրված են ի վերուստ և սրբազան են։ 4. Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետևանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով։ 5. Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության և ազատությունների՝ պահպանելով և բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով։ 6. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձևերի բազմազանությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և հիմնականում օրինաչափորեն. և արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել։ 7. Կա կանխավարկած՝ հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխական՝ չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի. հեղափոխությունից առավել մեծ չարիք միայն հակահեղափոխությունն է. ուստի միակ ճանապարհն աստիճանական, բնականոն բարեփոխումն է։ 8. Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն։ 9. Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ և քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձևերի և փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան։ 10. Մարդկային բազմաբղետության արդյունքը և զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման և մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները։ 11. Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր և կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն։ 12. Միայն ազատ անհատը կարող է արժևորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, և դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը։[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՍ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել