Պալմախ (եբրայերեն՝ ‏פַּלְמַ"ח‎‏‎, բառակապակցության հապավումը եբրայերեն՝ ‎פְּלוּגּוֹת-מַחַץ, պլուգոտ մահաց-հարվածային վաշտեր), Հագանայի հատուկ ջոկատներ, հետագայում Իսրայելի պաշտպանության բանակի զորամասեր։ Գրելու տարբերակը՝ Պալմախ։ Ստեղծվել է Պաղեստինում բրիտանական մանդատի իշխանությունների համաձայնությամբ։ Գոյություն է ունեցել 1941 թվականի մայիսի 15-ից մինչև 1948 թվականի նոյեմբերի 7-ը։

Պալմախ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում և զինված ուժերի տեսակներ
Երկիր Մանդատային Պաղեստին
Մտնում էՀագանա
ՏեղաբաշխումՊաղեստին
Ստեղծվեցմայիսի 15, 1941
ՀիմնադիրYitzhak Sadeh?
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1948
Պալմախի խորհրդանիշ

1948 թվականի Անկախության պատերազմի սկզբին այն բաղկացած էր երեք մարտական բրիգադներից և մի շարք օժանդակ` օդային, ծովային և հետախուզական ստորաբաժանումներից։ Նրա հրամանատարները դարձան Իսրայելի պաշտպանության բանակի և նրա գերագույն հրամանատարության կազմավորման հիմքը։ Պալմախը զգալի ավանդ ունի իսրայելական մշակույթում։ Պալմախի անդամները երկար տարիներ նշանակալի տեղ են զբաղեցրել իսրայելական քաղաքականության, գրականության և ավեստի բնագավառներում։

Ստեղծում խմբագրել

Կազմավորում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Հագանայի միացյալ հրամանատարությունը որոշեց ստեղծել հարվածային ջոկատներ, որոնք պետք է դառնային պահուստային և ցանկացած ժամանակ պատրաստ լինեին ռազմական գործողությունների։ Պալմախը ստեղծվել է 1941 թվականի մայիսի 15-ին բրիտանական հրամանատարության համաձայնությամբ, որպես Հագանայի կանոնավոր ստորաբաժանում, իշուվի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում, Գերմանիայի հնարավոր հարձակմանը դիմակայելու նպատակով։ Ի տարբերություն Պաղեստինում բրիտանական իշխանությունների, որոնք անվստահությամբ էին վերաբերվում հրեաներին, անգլիական Հատուկ գործողությունների վարչությունը համագործակցում էր Հագանայի հետ։ Գերմանական զորքերի Պաղեստին ներխուժման սպառնալիքն ավելի իրական դարձավ Էրվին Ռոմմելի Լիբիայի վրա հարձակման առաջին օրերին։ Նախատեսվում էր, որ Պալմախը պետք է պարտիզանական պատերազմ մղեր գերմանական զորքերի թիկունքում, Սիրիա և Լիբանան ծրագրված ներխուժման դեպքում, դաշնակիցներին աջակցելու նպատակով։

Սկզբում ձևավորվեց 6 ջոկատ։ Բրիտանական մասնագետները Պալմախի մարտիկներին սովորեցնում էին հրազենից և պայթուցիկ նյութերից օգտվելու ձևերը։ Անգլիացիները թույլատրեցին ստեղծել երկու բազաներ, մեկը Գալիլեյան ծովի հատվածում Գինոսար կիբուցի մոտ, մյուսը Կարմել լեռան վրա Բեյթ-Օրեն կիբուցի մերձակայքում։ Այս ճամբարներում չկային ամենատարրական հարմարություններ, ոչ վրաններ, ոչ էլ խոհանոց, երիտասարդ զինվորները քնում էին գետնին։

Պալմախի 500 հոգանոց ստորաբաժանման ծախսերը ֆինանսավորվում էին անգլիացիների կողմից։ Քանի որ մարտիկներին գումար էր տրվում միայն գրպանի ծախսերի և գործուղման համար, Պալմախին հաջողվեց հավաքագրել շուրջ 1500 կամավորականների։

Պալմախի հրամանատարություն կազմակերպել էր «Պալյամ» (կրճատված Պլուգոտ յամ - Ծովային ջոկատներ), որը պատրաստում էր ջրասուզակ-պայթեցնողներ, դեսանտայիններ և նավաստիներ։ Աէրոակումբի անվան տակ ստեղծվեց սպորտային ինքնաթիռներ և սավառնակներ ունեցող «Պակավիր»-ը, որը դարձավ Իսրայելի ապագա ռազմաօդային ուժերի նախակարապետը։

Գաղափարախոսություն խմբագրել

  Իսրայել երկրում Հագանայի կողմից ինձ հանձնված զենքով ես պետք է մարտնչեմ իմ երկրի համար, իմ ժողովրդի թշնամիների դեմ, չնահանջելով և չհանձնվելով, լիարժեք անձնազոհությամբ
- (Պալմախի մարտիկի երդմնակալությունից)
 

:

Պալմախը ստեղծվել է սոցիալիստ-սիոնիստների կողմից։ Նրանք իրենց վրա էին վերցրել Պալմախի քաղաքական դաստիարակության հոգսը։ Այդ նպատակով էլ նրանք նշանակեցին համապատասխան հրամանատարներ և «քաղղեկեր»։ Պալմախը դաստիարակվել էր գաղափարական կարգապահության ոգով և համարվում էր սոցիալիստական սիոնիզմի մարտական ջոկատ։ Նա պատրաստ էր գործել ինչպես արաբների և անգլիացիների, այնպես էլ Էցելի և Լեխի «անհնազանդների» դեմ։ Պատահական չէ, որ Պալմախը հանդիսանում է «Սեզոնի» հարվածային ուժը։

  Պալմախականներին դաստիարակել են Ստալինի և Խորհրդային Միության հանդեպ անձնուրաց հավատքով և Կարմիր բանակի առջև խոնարհումով։ Պալմախը պետք է դառնար կուսակցական ոստիկանություն, պատրաստ շատ բան անելու կուսակցության խոսքով (եթե ոչ ամբողջը), և նա պետք է դառնար նորաստեղծ բանակի և պետության հիմքը։ Նախատեսվում էր, որ այդ բանակը նույնպես պետք է լիներ կուսակցական և դասակարգային։ Սերը ԽՍՀՄ-ի հանդեպ ամբողջովին անշահախնդիր չէր։ Ճիշտ է ձախ սիոնիստները Խորհրդային Միությունից գումար չէին ստանում, բայց կարողանում էին իրենց նպատակների համար օգտագործել նրա «հաջողությունների» հեղինակությունը և փայլել նրա աշխատանքային և ռազմական հաղթանակների լույսի արտացոլանքի ներքո։ Պալմախ-ը հաղթական և պրոլետարական Կարմիր Բանակի «Արտացոլումն» էր։ -Բեն Գուրիոնը դադարեցրեց այս գործընթացը, լուծարելով Պալմախը, որը չի ներվել նրան մինչ օրս։
- Ուրի Միլշտեյն։ «Ռաբին. Առեղծվածի ծնունդը»
 

:

Մասնակցություն համատեղ ռազմական գործողություններին (1941-1943) խմբագրել

1941 թվականի մայիսին Պալմախը 23 մարտիկների ուղարկել է Լիբանանի ափեր, Տրիպոլի քաղաքի նավթավերամշակման գործարաններում դիվերսիա իրականացնելու նպատակով[1]։ Դիվերսիոն խմբի մասնակիցներն անհետ կորել են, նրանց ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտության հետևանքով Սիրիան և Լիբանանը հայտնվեցին ֆրանսիական մանդատի ներքո։ 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո Սիրիայի և Լիբանանի կառավարությունները հավատարիմ մնացին ֆրանսիական Վիշի կառավարությանը, որը համագործակցում էր գերմանական օկուպանտների հետ։ Իտալիան և Գերմանիան ձեռնամուխ եղան Սիրիայի և Լիբանանի տարածքում ռազմական բազաների ստեղծմանը, որոնք սպառնում էին տարածաշրջանում բրիտանական տիրապետությանը։ Դրան ի պատասխան 1941 թվականի հունիսին Բրիտանիայի և «Մարտնչող Ֆրանսիայի» ուժերը, Պալմախի մասնակցությամբ ներխուժեցին Սիրիայի և Լիբանանի տարածք։ Կարճատև ուսումնական վարժանքներից հետո երկու ջոկատ ուղարկվեցին թշնամու թիկունք դիվերսիաներ իրականացնելու նպատակով , նրանք պետք է շարքից հանեին գլխավոր կամուջները, վնասեին հեռախոսային գծերը և գրավեին ռազմավարական նշանակության օբյեկտները։ Պալմախի մարտիկները ներխուժեցին սիրիական թիկունքի խորքը և ականներ տեղադրեցին համակենտրոնացման ճամբարների և այլ օբյեկտների մոտակայքում։ Դաշնակից երկրների զորքերի հետ Սիրիա ներխուժմանը մասնակցեցին Պալմախի 40 անդամներ, որոնք կատարում էին սակրավորի և ուղեկցողի պարտականություններ։ Սիրիայում այդպիսի գործողություններից մեկի ժամանակ Մոշե Դայանը վիրավորվեց և կորցրեց ծախ աչքը։

1942-1943 թվականներին վերջնականապես ձևավորվեցին Պալմախի հատուկ ստորաբաժանումները` «Գերմանական բրիգադան », «Բալկանյան բրիգադան» և «Արաբական բրիգադան»։ «Գերմանական բրիգադան» ստեղծվել էր Պաղեստին ներխուժման դեպքում, նացիստներին դիմադրություն ցույց տալու նպատակով։ «Բալկանյան բրիգադայի» նպատակն էր գործունեություն ծավալել բալկանյան երկրներում, մասնավորապես աջացություն ցուցաբերել տեղական երիտասարդական հակաֆաշիստական շարժմանը։ «Արաբական բրիգադան» պետք է Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի արաբական բնակչությունից հետախուզական տեղեկատվություն հավաքագրեր և փոխանցեր Հագանային և բրիտանական կառավարությանը։

1942 թվականի ամռանը իշուվի առաջնորդները դիմեցին անգլիացիներին, առաջարկով որպեսզի բրիտանական ռազմական ճամբարներում կազմակերպեին հրեա տղամարդ և կին պարաշյուտիստների ուսուցում, հետագայում նրանց թշնամու տարածք ուղարկելու նպատակով։ Նման գործակալների հիմնական խնդիրն էր օժանդակել հրեական ընդհատակյա կազմակերպություններին և դաշնակիցներին հետախուզական տվյալներ տրամադրելով և հականացիստական սաբոտաժներ կազմակերպելով։ Անգլիացիները Պալմախի կամավորական խմբի անդամների համար կազմակերպեցին ուսումնական դասընթացներ։ 32 պատանիներ և աղջիկներ պարաշյուտով իջեցվեցին Ռումինիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Իտալիայի տարածքում։ 12 պարաշյուտիստներ ընկան նացիստների կամ դրանց համախոհների ձեռքը, որոնցից 7-ին մահապատժի ենթարկեցին։ Զոհվածների թվում էին կանանց ստորաբաժանումում ծառայող երեք կին պարաշյուտիստներից երկուսը։ Մնացած պարաշյուտիստները մարտական առաջադրանքը կատարելուց հետո, բարեհաջող վերադարձան։

Անգլիացիների հետ համագործակցության դադարեցում խմբագրել

Անգլիացիներն իրենց դաշինքը Պալմախի հետ համարում էին ժամանակավոր։ Պալմախը ձգտում էր պահպանել իր անկախությունը և ենթարկվել բացառապես Հագանային։ 1943 թվականի մայիսին Էլ-Ալամեյնի երկրորդ ճակատամարտից հետո անգլիացիք սկսեցին պահանջել Պալմախի լուծարումը։ Նրանք վերացրեցին ուսումնական ճամբարները և առգրավեցին այն զենքերը, որոնք ժամանակին հանձնվել էին Հագանային։ Մի քանի օր անց Պալմախի մարտիկները գիշերը ներխուժեցին բրիտանական զինանոց և ետ բերեցին առգրավված բոլոր զենքերը։ Անգլիացիների հետ համագործակցությունը ավարտվեց և կազմակերպությունն անցավ ընդհատակ։

Զարգացում և ամրապնդում խմբագրել

Քանի որ անգլիացիների կողմից ֆինանսավորումը դադարեցվեց, Պալմախը կանգնեց լուրջ դժվարությունների առաջ։ Կիբուցական շարժման առաջնորդներից մեկը Իցխակ Տաբենկինը Պալմախին առաջարկեց աշխատանք կիբուցներում։ Յուրաքանչյուր կիբուց իր վրա էր վերցնում Պալմախի մեկ դասակի պահպանությունը, իսկ մարտիկները երաշխավորում են բոլոր անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքների կատարումը։ Այդ ժամանակ էլ որոշվեց, որ յուրաքանչյուր զինվոր ամսական պետք է ունենա 14 աշխատանքային օր, 8 օր ռազմական պատրաստության, ուսման և մարզումների և 7 օր հանգստի համար։ Ռազմական պատրաստության միավորումը գյուղատնտեսական աշխատանքների հետ ուներ հետևյալ առավելությունները`

  • Պահվում էր հեշտ հավաքագրվող անկախ զորախումբ
  • Գյուղատնտեսական աշխատանքները ապահովում էին Պալմախի բյուջեի 80 %-ը
  • Հագանայից ստացվող ֆինանսավորումը օգտագործվում էր անձնակազմի սպառազինության և ռազմական պատրաստության համար
  • Անգլիացիների կողմից զորախմբի հայտնաբերման դժվարությունը
  • Հեշտացվեց կուբիցների և մոշավների բնակիչներով Պալմախի շարքերի համալրումը
  • Ստեղծվում էին խմբեր, որոնք դառնում էին ապագա բնակավայրերի կազմավորման հիմքը
  • Ուսումնական ծրագիրը զուգակցվում էր ռազմական պատրաստության, գյուղատնտեսության վարման հիմունքների ուսուցման, մարտիկների սիոնիստական արժեքների ոգով դաստիարակության հետ։

Երիտասարդական սիոնիստական շարժումների հետ հետագայում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է անցնի նման դասընթացներ։ Սա հնարավորություն տվեց Պալմախին զգալիորեն ավելացնել կազմակերպության անդամների թիվը։ Այսպիսով 1948 թվականի սկզբին Պալմախում հաշվվում էին 3000 վերապատրաստված մարտիկներ։

Մարտիկների նախնական պատրաստությունը ներառում է, ֆիզիկական պատրաստությունը, թեթև հրազենի ուսումնասիրությունը, ցերեկային և գիշերային հրաձգությունը, մարտական մենամարտերը, ծովային գործի հիմունքները, թիավարությունը, լողը, տեղանքում կողմնորոշումը և տեղագրությունը, առաջին բուժօգնությունը դաշտային պայմաններում։ Մարտիկներին ուսուցանվում էր գործողությունների հմտություններ, ոչ մեծ մարտական խմբերի կազմում։ Այնուհետև մասնագիտանում էին հետախուզության, սաբոտաժի և դիվերսիայի կազմակերպման, պայթուցիկ նյութերի օգտագործման, ռադիոկապի, 2-3 դյույմանոց ականանետներից կրակելու հմտությունների ձեռքբերման բնագավառում։ Ուսուցումը ներառում էր պարտադիր բազմակիլոմետրանոց երթերը, մարտական հրաձգությամբ, թեթև հրետանու, գնդացիրների և ականանետների մասնակցությամբ վարժանքները։

Պալմախը հատուկ ուշադրություն էր դարձնում դաշտային հրամանատարների վերապատրաստմանը, ովքեր պետք է լինեին ինքնուրույն լայն մտահորիզոնի տեր, իրենց վրա վերցնեին նախաձեռնությունը և օրինակ ծառայեին իրենց մարտիկների համար։ Գլխավոր դասընթացները կազմակերպվում էին Պալմախին կից, որտեղ սովորում էին նաև Հագանայի հրամանատարները։ Այդ դաշտային հրամանատարների մեծ մասը հետագայում դարձան Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության հիմքը։

Դիմադրություն բրիտանական իշխանություններին խմբագրել

1945- 1946 թվականներին Պալմախը միացել էր իշուվի կողմից բրիտանական մանդատի իշխանությունների դեմ ակտիվորեն մղվող դիմադրության շարժմանը։ Ձեռնարկություններում կազմակերպվում էին սաբոտաժներ, հարձակումներ ենթակառուցվածքային օբյեկտների (կամուրջներ, երկաթուղային կայարաններ), ռադիոլոկացիոն կայանների և ոստիկանության բաժանմունքների վրա։

Պալմախի ամենահայտնի օպերացիաներ խմբագրել

  • 9 հոկեմբերի 1945 թ. —210 անօրինական ներգաղթած բանտարկյալների ազատագրումը Ատլիտի ճամբարից և դրանց տեղափոխումը Յագուր կիբուց։
  • 1 նոյեմբերի 1945 թ. — Պայթեցումներ երկաթուղային ճանապարհի 153 տեղամասերում և երեք պահականավակների առգրավում (Հայֆա, Յաֆֆո)։
  • 25 նոյեմբերի 1945 թ. — Հարձակում Գիվատ-Օլգի (Հադերա) բրիտանական ոստիկանական բաժամունքի վրա։
  • 20 հունվարի 1946 թ. — Ռադիոլոկացիոն կայանի պայթեցում Կարմել լեռան վրա։
  • 16 հունիսի 1946թ. —11 երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջների պայթեցում։

1946 թվականի հուլիսի 26-ին բրտանական իշխանությունները կազմակերպեցին ըննդդիմության մասնակիցների ձերբակալություններ, որը հայտնի է «Սև շաբաթ» անվանումով։ Դրան մասնակցեցին ավելի քան 17 000 զինվոր և ոստիկան։ Ձերբակալվեցին շուրջ 2700 մարդ իշուվայի տարբեր ռազմական կազմակերպություններից, այդ թվում Պալմախի մարտիկներ և հրամանատարներ, որի պատճառով էլ ակտիվ ընդդիմադիր շարժումը ժամանակավորապես դադարեցվեց։

Մասնակցությունը «Սեզոն» օպերացիային խմբագրել

1945 թվականի սկզբին իշուվի ղեկավարության կողմից մի շարք քայլեր ձեռնարկվեցին սիոնիստ-ռևիզիոնիստների Էցել (Իրգուն) և Լեհի հրեական արմատական ընդհատակյա կազմակերպությունների դեմ։

Հագանայի և Շայի հետախուզական ծառայությունների օգնությամբ կազմվեցին կասկածյալների ցուցակները և ներկայացվեցին իշխանություններին, բացի այդ Հագանի և հատկապես Պալմախի հարվածային ջոկատների կողմից առևանգեցին «Իրգունի» և «Լեհիի» մարտիկներին և հանձնեցին անգլիացիներին կամ էլ պահեցին կիբուցների բանտերում։ Առևանգման պրակտիկան դատապարտվեց հրեական հասարակության կողմից, այն խստորեն դատապարտվեց Գլխավոր ռաբբինատի հայտարարության մեջ։ Անգլիացիների կողմից ձերբակալվածները հիմնականում ուղարկվում էին Էրիտրիի ճամբարներ։ Ձերբակալվածներից բացի շատ մարդիկ ազատվեցին աշխատանքից և հեռացվեցին ուսումնական հաստատություններից։ 1945 թվականի մարտից ռևիզիոնիստների մարտական գործողությունները կաթվածահար եղան։

Պալմախի որոշ սպաներ (դրանց թվում ապագա արտգործնախարար դել Յիգալ Ալոնը), հրաժարվեցին մասնակցել այդ օպերացիային։ Օպերացիան դադարեցվեց այն բանից հետո, երբ անհնազանդության տարածման սպառնալիքը մեծացավ։ 1945 թվականի մայիսին «Իրգունը» վերսկսեց պայքարը անգլիացիների դեմ, իսկ հոկտեմբերին նրան միացավ նաև «Հագանան», որը «Իրգունի» և «Լեհիի» հետ ձևավորեց «Միասնական ընդդիմություն»։

Մասնակցությունը անկախության պատերազմին (1948) խմբագրել

Անկախության պատերազմի սկզբում Պալմախը բաղկացած էր երեք բրիգադներից` Իֆտահ, Հարել և Նեգև։ Նրա շարքերում հաշվառված էին 3100 մարդ, այդ թվում 1000 պահեստայիններ։ Սրանք Հագանի ամենավարժեցված մարտիկներն էին, որոնք մասնակցել էին անկախության պատերազմի գրեթե բոլոր կարևորագույն մարտերին։ Պալմախի բրիգադները հատկապես աչքի ընկան «Իֆտահ» օպերացիայի ժամանակ, որի արդյունքում ազատագրվեցին Վերին Գալիլեյան և Ցֆատը և ետ մղեցին սիրիական ու լիբանանյան զինված ուժերի հարձակումները։ Հետագայում Իֆտահի բրիգադները մարտնչում էին Նեգև բրիգադի հետ միասին հարավային ռազմաճակատում։ Հարել բրիգադան իր վրա վերցրեց համանուն օպերացիայի ընթացքում Երուսաղեմյան միջանցքի ճեղքման և ընդլայնման մարտերի գլխավոր հարվածը, մասնակցելով Երուսաղեմի մարտական գործողություններին, հետագայում մասնակցեց Նեգևի ազատագրմանը և Հյուսիսային Սինայի գրավմանը։

Կազմացրում խմբագրել

Չնայած Պալմախի ղեկավարության ահավոր դիմադրությանը, Դավիդ Բեն Գուրիոնը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ժամանակավոր կառավարության վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները, անհրաժեշտ համարեց կազմացրել այդ կազմակերպությունը։ Մինչ այդ լուծարվել էին Իրգուն ցվաի լեումին և Լեհին։ Այս խմբավորումները կարող էին խոչնդոտել միասնական ազգային բանակի ստեղծման գործընթացին, ինչին ձգտում էր Բեն Գուրիոնը։ Պալմախի հրամանատարական կազմի նվիրվածությունը և ՄԱՊԱՄ կուսակցության հավատարմությունը ձախ սոցիալիստական գաղափարախոսությանը, չէին համապատասխանում ոչ կուսակցականացված բանակի ստեղծման հայեցակարգին։ 1948 թվականի նոյեմբերի 7-ին Պալմախի շտաբը լուծարվեց , իսկ Պալմախը միավորվեց Իսրայելի պաշտպանության բանակի հետ։

Պալմախի հիմն, խմբագրել

Պալմախի օրհներգի խոսքերը «Միսավիվ իեհոմ հա-սաար» (Շուրջբոլորը աղմկում է ամպրոպը) գրել է Զրուբավել Գիլադը 1942 թվականին։ Հիմնը առաջին անգամ տպագրվել է «Բե-Մաալե ruhe» թերթում 1943 թվականի հունիսին, իսկ ավելի ուշ Պալմախի տեղեկագրում (եբրայերեն՝ עלון הפלמ"ח‎)[2]: Սկզբում հիմնը երգում էին Հովիտներով և բարձունքներով[3] երգի մեղեդու հնչյունների ներքո, հետագայում Դավիդ Զահավին ruhe գրեց հիմնի մեղեդու բնօրինակը[2]։

Գրականություն խմբագրել

  • Brener, Uri (1978). The Palmach – Its Warriors and Operation. special edition for Palmach national convention.
  • Pa'il, Meir; Zohar, Avraham; Ronen, Azriel. Palmach: Plugot Hamahatz shel Hahaganah, 1941–1949 (in Hebrew).
  • Morris, Benny (17 April 2009). 1948: A History of the First Arab-israeli War. Yale University Press. ISBN 0300151128.
  • Morris, Benny (August 2001). Righteous Victims: A History of the Zionist-Arab Conflict 1881–2001. Vintage. ISBN 0679744754.
  • Bel-Eliezer, Uri (1 June 1998). The Making of the Israeli Military. Indiana University Press. ISBN 0253333873.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allon, pp. 118, 119.
  2. 2,0 2,1 «המנון הפלמ"ח לחן זהבי (Гимн Пальмаха, музыка Давида Захави)» (եբրայերեն). זמרשת (сайт Замерешет) — исполнение и история создания гимна Пальмаха. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «"המנון הפלמ"ח לחן "הלוך הלכה החבריא (Гимн Пальмаха, мелодия песни «Друзья отправляются в путь»)» (եբրայերեն). זמרשת (сайт Замерешет) — оригинал мелодии — песня «По долинам и по взгорьям». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմախ» հոդվածին։