Չարլզ Դիքենս
Չառլզ Դիքենս (անգլ.՝ Charles John Huffam Dickens, փետրվարի 7, 1812[1][2][3][…], Landport, Փորթսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3][1] - հունիսի 9, 1870[4][3][1][…], Գեդս Հիլ Պլեյս, Higham, Գրեյվշեմ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][3][5]), Վիկտորյա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրող, վիպասան, ակնարկագիր։ Իր կենդանության օրոք անգլիալեզու ամենահանրաճանաչ գրողն էր։ Համաշխարհային գրականության դասականներից է, 19-րդ դարի խոշորագույն արձակագիրներից մեկը։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզի գագաթնակետը, բայց նրա վեպերում կան և՛ սենտիմենտալ, և՛ հեքիաթային նախասկիզբներ։ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններից են (հրատարակվել են առանձին-առանձին շարունակություններով)․ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստի արկածները», «Դավիթ Կոպպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքների մասին»։
Կենսագրություն
խմբագրելՉառլզ Դիքենսը ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին՝ Պորտսմութի Լենդպորտ արվարձանում։ Նա Ջոն Դիքենսի (1785—1851) և Էլիզաբեթ Դիքենսի 8 երեխաներից երկրորդն էր։ Նրա հայրը ծառայում էր Թագավորական նավատորմի ռազմածովային բազայում։ 1815 թվականի հունվարին տեղափոխվեց Լոնդոն, իսկ 1817թ. ապրիլին նրա ընտանիքը տեղափոխվեց Չաթեմ։ Այստեղ Չարլզը սովորում է բապտիստ պաստոր Ուիլիան Ժիլիայի դպրոցում և այստեղ շարունակեց ուսանել նույնիսկ այն ժամանակ, երբ ընտանիքը վերստին տեղափոխվեց Լոնդոն։ Մայրաքաղաքային կյանքը զգալի ծախսեր էր պահանջում, իսկ ընտանիքը բավարար միջոցներ չուներ, և հայրը 1824 թվականին պարտքային բանտ ընկավ։ Չարլզի ավագ քույրը շարունակեց սովորել թագավորական երաժշտական ակադեմիայում մինչև 1827 թվականը։ Այդ ժամանակ Չարլզը աշխատում էր վաքս արտադրող գործարանում (Blacking Factory), որտեղ նա շաբաթական ստանում էր վեց շիլլինգ։ Քույր ու եղբայր ամեն կիրակի օրը գնում էին բանտ՝ օրը ծնողների հետ անցկացնելու։ Դիքենսի հորական տատի մահից մի քանի ամիս անց, ստացած ժառանգության շնորհիվ, Ջոն Դիքենսը ազատ արձակվեց բանտից։ Ծովակալությունում նրան թոշակ նշանակեցին, բացի այդ՝ նա դարձավ թերթերից մեկի թղթակիցը խորհրդարանում։ Սակայն Չարլզը, մոր պնդմամբ, շարունակեց տանջալի աշխատանքը ֆաբրիկայում։ Մոր այս արարքը ազդեց հետագա կյանքում կանանց նկատմամբ նրա վերաբերմունքի վրա։ Որոշ ժամանակ անց նրան ուղարկեցին Wellington House Academy, որտեղ սովորեց մինչև 1827 թվականի մարտ ամիսը։ Երկու ամիս անց աշխատանքի ընդունվեց,,Էլլիս և Բլաքմոր,, փաստաբանական գրասենյակում, որտեղ կազմում էր արձանագրություններ և գրառում էր վկաների ցուցմունքները՝ ստանալով շաբաթական 13 շիլլինգ։ Այստեղ նա աշխատել է մինչև 1828 թվականը։ Ըստ Թ․ Գորնեի համակարգի սղագրել սովորելով՝ սկսեց աշխատել որպես ազատ լրագրող իր հեռավոր ազգական Թոմաս Չարլտոնի հետ։ Դիքենսին 1830 թվականին հրավիրեցին «Morning Chronicle»: Նույն թվականին Չարլզ Դիքենսը հանդիպեց իր առաջին սիրուն՝ Մարիա Բիդնելին, որը բանկի տնօրենի դուստրն էր։
Գրական գործունեություն
խմբագրելԴիքենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1837 թվական) վեպը մեծ հռչակ է բերել նրան։ Վեպի հերոսները մի խոմբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում։
Դիքենսը 1838 թվականին լույս է ընծայել «Օլիվեր Թվիստի արկածները» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի հետնախորշերում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջինն է անդրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։ Մանկության թեման արծարված է նաև նրա «Դոմբի և որդի» (1848 թվական) վեպում . Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով, սակայն դժբախտ են ու անտեսված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից։
Դիքենսի մյուս վեպը՝ Դավիթ Կոպպերֆիլդը (1850 թվականին), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում։ Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության։
Դիքենսը գրել է նաև «Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկաածները» (1839 թվական), «Հնությունների կրպակ» (1841 թվական), «Սառը տունը» (1853 թվական), «Երկու քաղաքի պատմություն» (1859 թվական), «Էդվին Դրուդի գաղտնիքը» (1870 թվական) և այլ վեպեր։ Նրա մի շարք գործերի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր. «Օլիվեր Թվիսթի արկածները» վերածվել է նաև մյուզիքլի (1969 թվական, արժանացել է Օսկար մրցանակի) և մոլտիպլիկացիոն ֆիլմի։
Դիքենսի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1882 թվականին։
Դիքենսի առաջին՝ բարոյադաստիարակչական ակնարկները, որոնք նա անվանել է Բոզի ակնարկներ, տպագրվել են 1836 թվականին։ Դրանց ոգին համահունչ էր Դիքենսի սոցիալական վիճակին։
Հիմնական ստեղծագործությունները
խմբագրել- Բոզի ակնարկները (Sketches by Boz, 1836)
- Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը (The Posthumous Papers of the Pickwick Club), հրատարակվում էին ամենամսյա պրակներով, ապրիլ 1836 - նոյեմբեր 1837
- Օլիվեր Թվիստի արկածները, փետրվար 1837 - ապրիլ 1839
- Նիկոլաս Նիքլբի (The Life and Adventures of Nicholas Nickleby, ապրիլ 1838 - հոկտեմբեր 1839
- Հնությունների կրպակ (The Old Curiosity Shop, շաբաթական պրակներ, ապրիլ 1840 - փետրվար 1841
- Բարնաբի Ռաջ (Barnaby Rudge։ A Tale of the Riots of 'Eighty', փետրվար - նոյեմբեր 1841
- Սուրբծննդյան վիպակներ (The Christmas books)։
- Մարտին Չեզլվիթ (The Life and Adventures of Martin Chuzzlewit, հունվար 1843 - հուլիս 1844
- Դոմբի և որդի (Dombey and Son, հոկտեմբեր 1846 - ապրիլ 1848
- Դևիդ Քոփերֆիլդ (David Copperfield, մայիս 1849 - նոյեմբեր 1850
- Ամայի տունը (Bleak House), մարտ 1852 - սեպտեմբեր 1853
- Ծանր ժամանակներ (Hard Times։ For These Times, ապրիլ - օգոստոս 1854
- Փոքրիկ Դորրիթ (Little Dorrit), դեկտեմբեր 1855 - հունիս 1857
- Պատմվածք երկու քաղաքների մասին (A Tale of Two Cities), ապրիլ - նոյեմբեր 1859
- Մեծ հույսեր (Great Expectations), դեկտեմբեր 1860 - օգոստոս 1861
- Մեր ընդհանուր ընկերը (Our Mutual Friend), մայիս 1864 - նոյեմբեր 1865
- Էդվին Դրուդի գաղտնիքը (The Mystery of Edwin Drood), ապրիլ 1870 - սեպտեմբեր 1870, անավարտ՝ նախատեսվող 12 պրակից հրատարակվել է 6-ը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԿենդանության օրոք ամենահայտնի անգլալեզու գրողը բավականին տարօրինակ սովորություն ուներ. նա «տարված» էր դիահերձարաններով։ «Ինչ-որ անտեսանելի ուժ ինձ տանում է դիահերձարան»,- գրել է Դիքենսը։ Որ քաղաքում էլ նա լիներ, առաջինն այցելում էր դիահերձարաններ։ Այդ վայրերում գրողը կարող էր մնալ ժամերով՝ «հիանալով» դիակներով։ Այն զգացողությունը, որ նա ունենում էր այդ պահերին, անվանում էր «տհաճության ձգողականություն»։ Դիքենսի ևս մի տարօրինակություն էր տաք ջրի կում անելը յուրաքանչյուր 50 տող գրելուց հետո[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 SE T. Dickens, Charles John Huffam // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Сильман Т. И. Диккенс // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Dickens, Charles // The American Cyclopædia — 1879.
- ↑ 4,0 4,1 4,2 Dickens, Charles // Encyclopædia Britannica: dictionary of arts, sciences, and general literature — 9 — 1875. — Vol. 7.
- ↑ 5,0 5,1 5,2 Dickens, Charles // The New Student's Reference Work for teachers, students and families / C. Beach, F. M. McMurry — Chicago: 1914.
- ↑ 6,0 6,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 8,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Հայտնի գրողների տարօրինակ սովորույթները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Սուրբ Ծննդեան երգը
- Չարլզ Դիքենսը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
- Չարլզ Դիքենսը դասարան․ամ կայքում
- Չարլզ Դիքենսը գուտենբերգում (անգլ.)
- Չարլզ Դիքենսը openlibrary.org կայքում (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դիքենս» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դիքենս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դիքենս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 413)։ |