Բացել գլխավոր ցանկը
Չիչխան սովորական
Չիչխան սովորական
Չիչխան սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Փշատազգիներ (Elaeagnaceae)
Ցեղ Կտավատ (Hippophae)
Տեսակ Չիչխան սովորական (H. rhamnoides)
Միջազգային անվանում
Hippophae rhamnoides

Չիչխան դժնիկանման (լատ.՝ Hippophae rhamnoides), փշատազգիների ընտանիքի, չիչխան ցեղի բույս։

Բովանդակություն

ՆկարագրությունԽմբագրել

Փոքր ծառ է, 6 մ (հազվադեպ 10 մ) բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք ունի, ճյուղերով և կարճացած ընձյուղներով, որոնք ավարտվում են փշով։ Ընձյուղները սկզբում թեփուկների և աստղաձև մազմզուկների առկայության շնորհիվ արծաթափայլ են, այնուհետև ստանում են ժանգագորշավուն գունավորում։ Ճյուղերը ծածկված են գորշ, դեղնագորշավուն կամ համարյա սև կեղևով։ Փշերն ունենում են 2-7 սմ (հազվադեպ 1,5 սմ) երկարություն և շատ ամուր են։ Տերևները գծանման են կամ նշտարաձև-գծանման, 2-8 սմ երկարությամբ և 0,2-0,8 սմ լայնությամբ, բութ կամ սրածայր, սեպաձև հիմքով, գրեթե նստադիր, ոլորված եզրերով, վերևի կողմից արծաթամոխրավուն, ներքևի կողմից գորշ, դեղնաարծաթասպիտակ (նույն գույնի թեփուկանման մազմզուկների առկայության պատճառով)։ Առէջային ծաղիկները հավաքված են 5-8 մմ երկարությամբ և 4-6 մմ լայնությամբ հասկիկներում։ Վարսանդային ծաղիկները 2-5-ական հավաքված են ճյուղերի և փշերի ծոցերում։ Վարսանդը 1 հատ է։ Կորիզապտուղները հյութալի են, գնդաձև, նարնջագույն, բուրումնավետ, յուրահատուկ համով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և ծառերի վրա պահպանվում մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը։

Քիմիական բաղադրությունըԽմբագրել

Թարմ, հասուն պտուղները պարունակում են 83,6-86,4 % ջուր, մինչև 9 % չարպայուղ, 900 մգ % C վիտամին, 11 մգ % A վիտամին, 0,28 % B¹ վիտամին, 0,56 մգ % B² վիտամին, 0,79 մգ % B6 վիտամին, 14,3 մգ % E վիտամին, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային և պալմիտինաթթվային գլիցերիդներ: Սերմերի մեջ պարունակվում է մինչև 12 % յուղ, կարոտին, տոկոֆերոլ, տերևներում՝ մինչև 10 % դաբաղանյութեր, C վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից՝ երկաթ, բոր, մանգան: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդ հեպոֆեին:

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կովկասում, Միջերկրածովյան շրջանում, Փոքր Ասիայում, Իրանում, Հնդկաստանում, Հարավային Չինաստանում, Մոնղոլիայում, Հարավարևմտյան Սիբիրում, Հիմալայներում։ ՀՀ-ի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Մեղրիում, Վայքում, գետերի և առուների ափերին։ Շատ է տարածված։ Լավ է տանում հողերի թեթևակի աղիությունը։ Արմատային առատ մացառներ է տալիս։ Արմատների վրա պալարներ ունի, որոնց մեջ ազոտ ֆիքսող բակտերիաներ են ապրում։

ԿիրառությունԽմբագրել

Տերևները մինչև 10 % դաբաղանյութեր են պարունակում։ Պտղահյութը պարունակում է 3,5 % շաքարներ, 2.6 % թթուներ, 8 % յուղեր, 300—450 մգ/տոկոս C վիտամին, ինչպես նաև E, P, K, B և B²վիտամիններ։ Պտուղները դիետիկ սնունդ են, օգտագործում են թարմ վիճակում, ինչպես նաև մուրաբաներ, կիսելներ, պաստիլ, ժելե, գինիներ պատրաստելու համար։ Պտուղներից դեղին ներկ են ստանում։ Կորիզներից ստանում են շատ արժեքավոր յուղ, որը օգտագործում են որպես դեղանյութ։ Դրանով բուժում են վերքերը, մաշկի ճառագայթային վնասվածքները, ուժեղ այրվածքները, էկզեման, քոսը, քթի, ականջի և կոկորդի հիվանդություններ, ստամոքսի խոցը և այլն։ Մեղրատու է։ Յուղը, որ բաց է թողնվում դեղատներում 50, 100,250 և 500 միլիլիտրանոց մուգ սրվակներով, ընդունում են մեկական թեյի գդալ, օրական 2-3 անգամ, կամ տասական կաթիլ՝ օրական 3 անգամ, մի կտոր հացի կամ կաթի հետ: Յուղը ներարկվում է նաև միջմկանային՝ 1-3 մլ չափով: Տերևներից և մատղաշ ընձյուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ, օրական 3 անգամ:

Պտուղները դիետիկ սնունդ են, օգտագործում են թարմ վիճակում, ինչպես նաև մուրաբաներ, կիսելներ, պաստիլ, ժելե, գինիներ պատրաստելու համար։ Պտուղներից դեղին ներկ են ստանում։ Կորիզներից ստանում են շատ արժեքավոր յուղ, որը օգտագործում են որպես դեղանյութ։ Դրանով բուժում են վերքերը, մաշկի ճառագայթային վնասվածքները, ուժեղ այրվածքները, էկզեման, քոսը, քթի, ականջի և կոկորդի հիվանդություններ, ստամոքսի խոցը և այլն։ Մեղրատու է։ Օգտագործում են նաև դեկորատիվ տնկարկներում, որպես կենդանի ցանկապատ։ Արտակարգ գեղեցիկ է պտուղների հասունացման շրջանում և ձմռանը։ Օգտագործվում է նաև հակաէրոզիոն, անտառմելիորատիվ տնկարկներում։ Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության հավանական շրջանները՝ 1-32:[1]:

Այլ օգտակար հատկանիշներԽմբագրել

Պտուղները ունեն սննդային մեծ արժեք: Իզուր չէ, որ չիչխանին անվանում են սիբիրյան անանաս: Պտուղներն ուտում են թարմ և սառեցրած վիճակում: Նրանցից պատրաստում են մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիդլո, մրգահյութ, գինի և թրմօղի: Պտուղներով համեմում են ձկնեղենը, թխվածքները, որոշ տեսակի խմիչքներ: Պտղահյութը՝ շաքարով, որպես պոլիվիտամինային հարուստ հումք, կարելի է պահել շատ երկար ժամանակ: Որոշ տեղերում պտուղները խռնում են ալյուրին՝ հացին հյուահատուկ համ ու հոտ տալու համար: Տերևները օգտագործվում են կաշի դաբաղելու համար: Նրանցից ստացվում է սև գորշավուն, իսկ պտուղներից՝ դեղին գույնի ներկ: Չիչխանը դեկորատիվ է, այն վաղուց դարձել մշակովի, մեղրատու է, պտուղներով ձմռանը սնվում են բազմաթիվ սովահար թռչոններ: Ունի ամուր, լավ հղկվող բնափայտ, որից պատրաստում են մանր կիրառման առարկաներ: Չիչխանը նաև մշակում է գետեզրերը, ջրանցքերը, լանջերը և հեղեղատները ամրացնելու նպատակով: Դեղաբույսի նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և հսկողություն, քանի որ այն հաճախ ենթարկվում է անխնա հատումների ու ոչնչացման, մինչդեռ սառած պտուղները, որոնց պատճառով էլ տուժում է թուփը, կարելի է հեշտությամբ հավաքել ճիպոտահարումով, դրանով քիչ վնաս պատճառելով այս արժեքավոր բասատեսակին:

Բուժիչ նշանակությունԽմբագրել

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում՝ նաև տերևները։ Պտուղները հավաքում են ձմռանը, երբ սառչում են ու ձեռք են բերում հաճելի թթվահամություն։ Դրանք իրենց համը և բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում։ Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազիկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ բուժող միջոց։ Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծողական հատկությամբ, մինչդեռ ճյուղերի և տերևների եփուկը ունի միանգամայն հակառակ ներործություն և օգտագործվում է լուծի ժամանակ։ Դեղաբույսերից ստացված յուղը լայն կիրառություն ունի կլինիկական բժշկության մեջ։ Չիչխանի յուղը լավ արդյունք է տալիս մաշկի թարախային բորբոքումների, էկզեմայի, Դարյեի հիվանդության, խեյլիտի և խոցային բնույթի գայլախտի բուժման ժամանակ։ Յուղը, դրական արդյունք է տալիս նաև բերանի լորձաթաղանթի վերքերի, քերծվածքների, ճաքճքվածքների ժամանակ։ Այն լայնորեն կիրառվում է գինեկոլոգիական պրակտիկայում[2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 78։
  2. Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983