Չինաստանն Առաջին համաշխարհային պատերազմում

Չինական հանրապետությունը ձևականորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմում Անտանտի կողմում, սակայն մարտական գործողությունների հիմնական վայրերից երկրի հեռավորությունը հանգեցրել է նրան, որ պատերազմին մասնակցել-չմասնակցելու հարցերը հիմնականում ներքաղաքական խնդիրների ֆոն է ծառայել։

Յուան Շիկայ Չինաստանի կայսր

Չինաստանի իրավիճակը մինչև պատերազմի սկսվելը խմբագրել

Մանջուրական Ցին դինաստիայի տապալումից հետո, 1912 թվականին միապետությանը փոխարինեց միահեծան իշխանությունը` Յուան Շիկայի գլխավորած ռազմական բռնապետությունը։ Հենվելով սվինների ուժի վրա, Յուան Շիկայը հետևողականորեն ամրապնդում էր իր անձնական իշխանությունը։ Երբ սկսվեց յուանշիկայան ռեակցիոն ժամանակաշրջանը, Գոմինդան կուսակցությունը փորձեց զանգվածներին մոբիլիզացնել, սկսելով «Երկրորդ հեղափոխությունը», սակայն օգոստոսի սկզբին Յուան Շիկայն անգլիական կանոնիերների աջակցությամբ, որոնք Յանցզի գետի գետաբերանում հեղափոխականների դեմ ցույցեր էին արել, ջախջախեց քաղաքական հակառակորդների զորքերը։ Գոմինդանի հիմնադիր  Սուն Յաթ-Սենը ստիպված էր Ճապոնիա արտագաղթել։

Ստանալով օտարերկրյա պետությունների աջակցությունը, Յուանը Շիկայը խորհրդարանին ստիպեց 5 տարի ժամկետով իրեն ընտրել Չինաստանի հանրապետության նախագահ։ 1913 թվականի նոյեմբերի 4-ին խորհրդարանի 438 պատգամավորներ, որոնք Գոմինդանի կուսակցության անդամ էին, զրկվեցին պատգամավորական մանդատներից, իսկ ինքը` կուսակցությունը օրենքից դուրս հայտարարվեց։ 1914 թվականի հունվարի 12-ին Յուան Շիկայը վերջնականապես լուծարեց իրեն հնազանդվելուց հրաժարվող խորհրդարանը, իսկ մայիսի 1-ին հրապարակեց նոր սահմանադրությունը, որը նրան բռնատիրական իրավունքներ հաստատելու և 1912 թվականի մարտի 11-ին ընդունված սահմանադրությունը փոխելու հնարավորություն էր տալիս։

Պատրաստվելով Չինաստանում միապետական կարգի վերականգնման և իրեն կայսր հռչակելուն, Յուան Շիկայը հանդիսավոր զոհաբերություն կատարեց Երկնքի Տաճարում, պահպանելով նախկին մանջուրական կայսերական արքունիքի բոլոր ծիսական ավանդույթները։ Սկսեցին միապետության ժամանակների պաշտոնական տիտղոսներ շնորհվել, ծառայության մեջ լայնորեն ներգրավել ցինական նախկին պաշտոնյաներին։ Յուան Շիկայի նախաձեռնությամբ նրա քաղաքական խորհրդական ամերիկացի Ֆրենկ Գուդնոուն 1914 թվականին հանդես եկավ մի հոդվածով, որտեղ ասվում էր, որ հանրապետական կարգը չի համապատասխանում չինական պայմաններին, և երկրի համար ավելի ընդունելի է միապետությունը, քան հանրապետությունը։

Յուան Շիկայի հարձակումը Սինհայան հեղափոխության ժողովրդավարական նվաճումների վրա և տնտեսության վատթարացումը հակակառավարական ելույթների ալիք բարձրացրեցին երկրում։ Դրանցից առավել խոշորներից էին գյուղացի Բայ Լանի ղեկավարած Հենանի, Հուբեյի, Անհոյի և Շանսիի նահանգների ապստամբությունները, որոնք տևել է 1912 թվականից մինչև 1914 թվականի աշուն։ Բայ Լանի ապստամբական բանակում կռվում էին գյուղացիներ, հանքափորներ, հողագործներ։ Ապստամբությունը ճնշելու համար Յուան Շիկայը կիրառեց 200-հազարանոց բանակը։ Միաժամանակ նա խստացրեց ժողովրդավարական ուժերի հետապնդումը։ 1914 թվականի մարտին հրապարակվել էր տպագրության վերաբերյալ դրակոնյան օրենքը, որը խստագույն գրաքննություն հաստատեց. 1914 թվականի նոյեմբերին բնակչության համար մարմնական պատիժներ սահմանվեցին[1]։

Ճապոնիայի գործողություններ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո, 1914 թվականի օգոստոսին չինական կառավարությունը հայտարարեց իր չեզոքությունը, և դիմեց պատերազմող տերություններին` խնդրելով ռազմական գործողությունները չտեղափոխել Չինաստանի տարածք, այդ թվում և տերությունների «վարձակալված» չինական հողերը։ Սակայն 1914 թվականի օգոստոսի 22-ին Ճապոնիան հայտարարեց, որ Գերմանիայի դեմ պատերազմում է և 30-հազարանոց բանակ իջեցրեց Ցինդաոյից հյուսիս` գերմանական գաղութի կենտրոն Շանդուն նահանգում։ Երկամսյա ռազմական արշավից հետո Ճապոնիան զավթեց Շանդունի գերմանական տիրույթները, ինչպես նաև մարզի ողջ տարածքում հաստատեց իր վերահսկողությունը։ Յուան Շիկայը ոչ միայն չհակադրվեց ճապոնական ագրեսիային, այլ, ընդհակառակը, ամեն կերպ խոնարհվում էր Ճապոնիայի առաջ` ակնկալելով իր միապետական ծրագրերի նրա աջակցությունը։

1915 թվականի հունվարի 18-ին Ճապոնիան «21 պահանջ» ներկայացրեց Չինաստանին, որոնք ընդունելով կամրանային Ճապոնիայի գերիշխանությունը Շանդունում, Հարավային Մանջուրիայում, Ներքին Մոնղոլիայում և Չինաստանի մետալուրգիայի գլխավոր կենտրոնում` Խանիեպինի կոմբինատում, ինչպես նաև ճապոնական վերահսկողության տակ կլիներ չինական բանակը, ոստիկանությունը, արտաքին քաղաքականությունը և Չինաստանի ֆինանսները։ Այդ պահանջները համընդհանուր վրդովմունք առաջացրեցին Չինաստանում։ Սկսեցին ավելանալ հակաճապոնական ելույթները, քաղաքներում ստեղծվում էին հայրենասիրական կազմակերպություններ, առևտրային պալատները կազմակերպեցին զանգվածային հակաճապոնական բոյկոտ և ճապոնական կազմակերպությունների բանվորների գործադուլներ[1]։

Մայիսի 7-ին Ճապոնիան, հանելով պահանջների վերջին հինգ խմբերը, Չինաստանի կառավարությանը վերջնագիր ներկայացրեց։ Յուան Շիկայը հույս ուներ ստանալ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությունը, սակայն վերջիններս չինաստանի կառավարությանը խորհուրդ տվեցին Ճապոնիայի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելուց խուսափելու համար համաձայվել մասամբ վերանայված պահանջների շարքի հետ։ Յուան Շիկայի կողմից ճապոնական պահանջների ընդունման օրը` 1915 թվականի մայիսի 9-ը, դարձել է Չինաստանի «ազգային խայտառակության» օր[1]։

Յուան Շիկայի կողմից միապետության վերականգնման փորձ խմբագրել

Գուդնոուի աշխատանքների վրա հիմնվելով Չինաստանում թափ առավ Յուան Շիկային կայսերական տիտղոս շնորհելու և կառավարման հանրապետական ձևից հրաժարվելու քարոզարշավ։ Ցին դինաստիայի կողմնակիցներին չեզոքացնելու նպատակով Յուան Շիկայը գործարք կնքեց ցինական արքունիքի հետ։ Գահի հավակնորդը Մանջուրյան իշխաններին գրավոր խոստում տվեց, որ խստորեն կպահպանի «Ցինյան արքունիքի արտոնյալ պայմանները» (դինաստիայի հրաժարականի ժամանակ ստորագրված), հավերժ կպահպանի նրա արտոնությունները և այդ փաստաթուղթը կընդգրկի ապագա սահմանադրության մեջ։ Միաժամանակ Յուան Շիկայը փորձեց բարեկամանալ Ցին դինաստիայի հետ և առաջարկեց իր դստերը Պուիին կնության տալ, ակնկալելով այդպիսով ապահովել հին ռեժիմի կողմնակիցների աջակցությունը։ Մանջուրյան իշխանները համաձայնեցին այդ ամուսնության հետ, չնայած նրանցից շատերը ատում էին Յուան Շիկային, քանի որ 1898 թվականին նա դավաճանել էր կայսր Ցզայտյանին և 1912 թվականին դավաճանել էր դինաստիային։ Գործարքը կայացավ և իշխան Պուլունը` Պուիի զարմիկը, Ցին դինաստիայի և ութ մանժուրյան «գույների» անձնակազմի անունից դիմել է Յուան Շիկային` գահը ընդունելու խնդրանքով[2][3]։

1915 թվականի ամռանը Յուան Շիկայը ոգևորեց միապետության հռչակման և գահը նրան փոխանցելու միջնորդության քարոզարշավը։ Մարզերում անցկացվեցին «հանրաքվեներ», որոնց մասնակիցները մի մարդու նման արտահայտվեցին միապետության վերականգնման օգտին։ 1915 թվականի դեկտեմբերին Կենտրոնական խորհրդակցական պալատը, ընդունելով սահմանադրական միապետության հիմնադրման մասին որոշումը, դիմեցին Յուան Շիկային` խնդրելով գահ բարձրանալ։ Ի սկզբանե Յուան Շիկայը մերժել էր, պատճառաբանելով, որ չի ցանկանում խախտել հանրապետությանը հավատարիմ մնալու նախագահական երդումը և գահից հրաժարված Պուի արժանապատվությունը վիրավորելու մտավախությամբ, սակայն երկրորդ «համառ խնդրանքից» հետո, դեկտեմբերի 12-ին պաշտոնապես հայտարարել է կայսերական տիտղոսն ընդունելու իր որոշումը։

Դեռևս 1915 թվականին մի կողմից Անտանտի երկրների և մյուս կողմից Յուան Շիկայի միջև սկսվեցին ընդդեմ Գերմանիայի Չինաստանին պատերազմելու մասին բանակցությունները։ Յուան Շիկայը Գերմանիային պատերազմ հայտարարելու համար գերտերությունների առաջ հիմնական պայման դրեց`ճանաչել Չինաստանի միապետական կարգերը և իրեն` Յուան Շիկային, որպես կայսր։ Սակայն Ճապոնիայի կողմից առարկությունները և երկրում աստիճանաբար աճող իմպերիալիստական շարժումը Յուան Շիկայի ուշադրությունը շեղեցին, և Չինաստանի պատերազմին անդամակցության հարցն այդպես էլ չլուծվեց նրա կենդանության օրոք։

Ստեղծելով նոր միապետություն, Յուան Շիկայը հաշվի չէր առել, որ հանրապետական կարգերի դեպքում ամբողջ իրական իշխանությունը բխում էր ոչ թե բյուրոկրատիայից, այլ` զինվորականներից, և հանրապետական կարգը բանակային վերնախավի առաջնորդության պահպանման երաշխիքն էր։ Այդ պատճառով էլ բանակը ընդհանուր առմամբ հայտնվել էր հանրապետության կողմը։ 1915 թվականի դեկտեմբերի 25-ին Յուննան նահանգում գեներալ Ցայ Է-ի ղեկավարությամբ սկսվել է «երրորդ հեղափոխությունը»։ «Հանրապետական կարգերի պաշտպանության շարժմանը» ակտիվորեն միացան չինական բուրժուազիայի հանրապետական հետևորդները և Կենտրոնական և Հարավային Չինաստանի լիբերալ-հողատերերի մի մասը։ Միապետության դեմ արտահայտվեցին նաև Հյուսիսի ռազմատենչները։ Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներին գամված եվրոպական տերությունները բացասական վերաբերվեցին Յուն Շիկայի պլաններին։ Ճապոնիան նույնպես հրաժարվեց նրան աջակցել։ Տեսնելով իր պարտությունը, Յուան Շիկայը նահանջեց։ 1916 թվականի մարտի 22-ին հայտարարեց միապետության վերացման մասին և հանրապետության վերականգնման մասին որոշումը։ Չկայացած կայսրը փորձում էր պահպանել նախագահի պաշտոնը, բայց հանրապետական գեներալները կտրականապես պահանջեցին նրա հրաժարականը, նրանից երես թեքեց գրեթե ամբողջ բանակը։ Իր բոլոր ծրագրերի ամբողջական փլուզումից հետո, հունիսի 6-ին Յուան Շիկայը հանկարծամահ եղավ[1]։

Պատերազմի մեջ մտնելու հարցի շուրջ Չինաստանի տատանումներ խմբագրել

 
Չինաստանի հանրապետության Խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումը Պեկինում, 1916 թվականի օգոստոսի 1

Յուան Շիկայի մահից հետո Պեկինում հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնել է նախկին փոխնախագահ Լի Յուանխունը, ով վերականգնեց 1912 թվականի մարտի 10-ի Յուան Շիկայի չեղարկած սահմանադրությունը և հետ կանչեց Յուան Շիկայի ցրած խորհրդարանը։ Կառավարությունում, սակայն, մնացին Յուան Շիկայի կողմնակիցներ, որոնք պատկանում էին Չինաստանի հյուսիսի ռազմա-հողատերերի խմբավորմանը։ Կառավարության նախագահ դարձավ Դուան Ցիժույը։ 1916 թվականի  օգոստոսի 1-ին խորհրդարանի առաջին նստաշրջանի ժամանակ գոմինդանականների, որոնք պաշտպանում էին ազգային բուրժուազիայի և արևելյան, կենտրոնական և հարավային Չինաստանի տանուտերերի շահերը, և հյուսիսային ռազմատենչ խմբավորումների (Յուան Շիկայի նախկին աջակիցներ, որոնք արտահայտում էին Հյուսիսի տանուտերերի և կոմպրադորյան բուրժուազիայի շահերը) միջև սուր հակամարտություն սկսվեց։ 1916 թվականի աշնանը գավառների ռազմատենչները, որոնց աջակցում էին այս կամ այն իմպերիալիստական տերությունները, փաստորեն դարձան իրենց տոհմական կալվածքների անվերահսկելի տերեր` միայն անվանապես ենթարկվելով պեկինյան կառավարությանը։

1916 թվական ավարտին Չինաստանի հյուսիսում սրվեց քաղաքական իրավիճակը։ Խորհրդարանը հրաժարվել էր հաստատել կառավարության կողմից առաջարկած Ցաո Ժուլինին ճապոնական բանկերից 5 միլիոն դոլար գումարի փոխառություն կնքելու համար Ճապոնիայում հատուկ դեսպան նշանակելու առաջարկը։ Ցաո Ժուլինի նշանակումը հաստատելու խորհրդարանի մերժմանը ի պատասխան` 1917 թվականի հունվարի 1-ին ռազմատենչ խմբավորումը Պեկինում հրավիրեց նահանգների ռազմական մարզպետների խորհրդակցություն, որտեղ Անհոյի հանցախումբն իր ղեկավար Դուան Ցիժույին լիազորեց խորհրդարանին զրկել երկրի ներքին և արտաքին գործերին միջամտելու իրավունքից և, իր հերթին, ֆինանսական աջակցության դիմեց օտարերկրյա տերություններին։

Իմպերիալիստական տերությունները փոխառություններ տրամադրելու համար հյուսիսային միլիտարիստների առաջ դրեցին Չինաստանի Գերմանիային պատերազմ հայտարարելու անխտիր պայմանը։ Քանի որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հետպատերազմյան խաղաղության կոնֆերանսում հավաստիացրել էին Ճապոնիային, որ կաջակցեն Չինաստանում նախկին գերմանական տարածքների վերաբերյալ ճապոնական պահանջներին, Ճապոնիան հանեց Չինաստանի պատերազմի մեջ մտնելու իր առարկությունները և Անտանտի տերություններին խոստացավ օգնել` համոզել չինաստանի կառավարությանը Գերմանիայի դեմ պատերազմի մեջ մտնելուն։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի համատեղ պնդմամբ, 1917 թվականի մարտի 14-ին Դուան Ցիժույը հայտարարեց Գերմանիայի հետ Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

1917 թվականի ապրիլի 25-ին, Դուան Ցիժույը Պեկինում կրկին վեհաժողով հրավիրեց ռազմատենչներին` ինը նահանգների ռազմական մարզպետներին և կոնֆերանսին անձամբ ներկա չգտնվող միլիտարիստների մի շարք այլ ներկայացուցիչներին։ Պեկինի կոնֆերանսի աշխատանքի ժամանակ ամերիկացի պատվիրակը և դաշնակից պետությունների պատվիրակները բազմիցս կազմակերպել են ընդունելություններ և բանկետներ կոնֆերանսի մասնակիցների պատվին, նրանց ամեն կերպ դրդելով արագացնել Գերմանիայի դեմ Չինաստանի պատերազմ հայտարարելը։ Արդյունքում ՝ 1917 թվականի ապրիլի 28-ին ռազմական մարզպետների կոնֆերանսը պատերազմ հայտարարելու մասին որոշում ընդունեց։ Այս հարցը նախագահը փոխանցեց խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը, որն նպատակով հավաքվեց 1917 թվականի մայիսի 10-ին։

Չնայած անմիջական սպառնալիքներին, խորհրդարանը հրաժարվեց պատերազմ հայտարարել Գերմանիային և պահանջեց Դուան Ցիժուի կառավարության հրաժարականը։ Ցիժույը հեռացվեց վարչապետի պաշտոնից, կառավարության նախագահ դարձավ Ու Տիֆանը։ Այդ ժամանակ մի շարք նահանգներ, որոնք հյուսիսային ռազմատենչների հսկողության տակ էին գտնվում, սկսեց իր անկախության մասին հայտարարություններ անել։ Լի Յուանխունը Տյանցզին հրավիրեց գեներալ Չժան Սյունին` Ցզյանսու նահանգի իր բանակի հետ միասին։ Չժան Սյուն միապետական էր, նրա բանակի զինվորներն ու սպաները հյուսքերը չէին կտրում` ցուցադրելով հավատարմությունը տապալված Ցին դինաստիային։ Հունիսի 8-ին գեներալն իր զորքերի հետ միասին Տյանցզին ժամանեց։ Նա նախագահից պահանջեց «Արտոնյալ պայմաններ» ընդգրկել սահմանադրության մեջ, կոնֆուցիականությունը ճանաչել որպես ազգային կրոն և կտրուկ ավելացնել իր զորքերի թվաքանակը։ Հայտարարվեց խորհրդարանի արձակման մասին։ Հունիսի 9-ին Չժան Սյունի բանակը մտավ Պեկին։ Հուլիսի 1-ին հայտարարվեց Պուի գլխավորությամբ Ցին դինաստիայի վերականգնման մասին։

Չժան Սյունի ձեռքերում իշխանության կենտրոնացումը գեներալիտետին վախեցրեց, քանի որ միլիտարիստները հանձին նրա՝ տեսան Յուան Շիկային։ Սա նրանց հրահրեց համերաշխորեն հանդես գալ «հանրապետություն պաշտպանողներ» դրոշի ներքո։ Խռովության ճնշումը գլխավորեց Դուան Ցիժույը` դեպի Պեկին շարժելով իրեն հավատարիմ զորախմբերը։ Հուլիսի 12-ին միապետական խռովությունը ճնշվեց։ Օգտվելով իրավիճակից, Դուան Ցիժույը Լի Յուանխունին ստիպեց հրաժարական տալ և խորհրդարանը ցրեց։ Նախագահի պարտականությունները սկսեց կատարել Ֆենգ Գոչժանը։ Ամրացնելով իր դիրքերը, Դուան Ցիժույի կառավարությունը 1917 թվականի օգոստոսի 14-ին Գերմանիային պաշտոնապես պատերազմ հայտարարեց։ Ճապոնական բանկերից խոշոր փոխառություններ ստանալով, հյուսիսային ռազմատենչները սկսեցին պատրաստվել հարավարևմտյան խմբավորման դեմ պայքարին։

Չինաստանի պառակտում  խմբագրել

Խորհրդարանի պարտությունից հետո, 1917 թվականի հունիսին Պեկինից Գուանչժոու ժամանեցին ավելի քան 100 պատգամավորներ, ովքեր ներկայացնում էին հյուսիսային ռազմատենչների կուսակցությունները։ Գուանչժոուն դարձավ չինական խորհրդարանի տեղակայման վայր։ Իր առաջին նստաշրջանում, 1917 թվականի սեպտեմբերի 18-ին խորհրդարանը Դուան Ցիժուի կառավարության` առանց խորհրդարանի հաստատման Գերմանիային պատերազմ հայտարարելու, գործողությունները հայտարարեց հակասահմանադրական։ Սուն Յատսենը նստաշրջանում առաջարկեց վերականգնել պատերազմող երկրների նկատմամբ Չինաստանի չեզոքությունը, որը խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց։ Խորհրդարանը քննարկեց նաև Դուան Ցիժույի կառավարությունը չճանաչելու մասին հարցը և Պեկինի դեմ ռազմական արշավախմբի մասին որոշում ընդունեց։

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ճնշման տակ հարավի կառավարությունը, այնուամենայնիվ, ստիպված էր 1917 թվականի սեպտեմբերի 26-ին Գերմանիային պատերազմ հայտարարել, հուսալով այդ գնով արտաքին տերությունների ճանաչումը ստանալ։ Հոկտեմբերի 3-ին Սուն Յատսենը Գուանչժոուում ընտրվեց «Հարավային Չինաստանի գեներալիսիմուս» և ընդունեց «Անկախ գավառների հարավային ֆեդերացիայի» զինված ուժերի հրամանատարությունը։ 1917 թվականի հոկտեմբերի 7-ին Սուն Յատսենը «Անկախ գավառների հարավային ֆեդերացիայի» անունից պատերազմ հայտարարեց հյուսիսի ռազմատենչներին` սահմանադրության պաշտպանություն կարգախոսով։

Հարավային Չինաստանի ռազմական կառավարության կազմում հիմնականում ընդգրկված էին յուննանյան, գուանյան և սիչուանյան ռազմատենչների ներկայացուցիչները։ Ո՛չ Սուն Յատսենը, ո՛չ էլ նրա Գոմինդանի փոքրաթիվ կուսակցությունը, որը Յուան Շիկայի մահից հետո կրկին ստեղծվել էր, ոչ զանգվածների շրջանում հենարան ուներ, ոչ էլ իր զինված ուժերի շրջանում։ Կառավարությունը հիմնականում հենվում էր գուանսիական ռազմատենչ Լու Ժունտինի զորքերի վրա։ Երբ 1918 թվականի մայիսի սկզբին Լու Ժունտինը պահանջեց լուծարել Սուն Յատսենին շնորհված գեներալիսիմուս կոչումը և կառավարության կազմն ընդլայնել ի հաշիվ իր առաջարկած անդամների, Սուն Յատսենը հրաժարական ներկայացրեց և մեկնեց Շանհայ։ Գուանչժոույան կառավարությունը վերածվեց Լու Ժունտինի ցուցումների կույր կատարողի, որը շարունակում էր պատերազմել հյուսիսի հետ` հարավում իր սեփական դիրքերն ուժեղացնելու նպատակով։ Լու Ժունտինը չընդունեց նոր նախագահ Սյու Շիչանին, որն ընտրվել էր Պեկինում` խորհրդարանի մնացորդների կողմից, և ինքն էր հավակնում Չինաստանի նախագահի պաշտոնին։

Չինաստանի տնտեսությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խմբագրել

Եվրոպայում պատերազմի տարիներին այն օտարերկրյա ընկերությունները, որոնք հիմնավորվել էին Չինաստանում` օգտվելով բարենպաստ կոնյունկտուրայից, իրենց գործունեությունը հաջողությամբ ընդլայնում էին։

Մինչև պատերազմը Չինաստանում գործում էին ավելի քան 20 խոշոր օտարերկրյա բանկեր, որոնք մոտ 100 բաժանմունքներ ունեին ամբողջ երկրում։ Պատերազմի բռնկման հետ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը դադարեցրել էին փոխառություններ տրամադրել Չինաստանին, որից անհապաղ օգտվեց Ճապոնիան` իր արևմտյան մրցակիցներին դուրս մղելու և հյուսիսչինական կառավարության նկատմամբ սեփական ազդեցությունը ամրապնդելու համար։ Առաջին աշխարհամարտի ավարտին Ճապոնիային հաջողվել էր գործուն վերահսկողություն հաստատել Չինաստանի մետալուրգիական (85 % բոլոր դոմենային վառարաններ), հանքահումքային արդյունաբերության վրա  և վերահսկել երկրում ածխի արդյունահանման ավելի քան 25%։ Ընդամենը 1914 թվականից մինչև 1921 թվականը ընկած ժամանակահատվածում ճապոնական կապիտալիստները Չինաստանում հիմնեցին 222 արդյունաբերական ձեռնարկություններ և, օգտագործելով չինական էժան հումքը և աշխատուժը Չինաստանում իրենց ձեռնարկությունների թվաքանակը հասցրին մինչև 6141։

Պատերազմի տարիներին ամերիկյան կապիտալի դիրքերն էլ են ամրապնդվել Չինաստանում։ ԱՄՆ-ը ստիպված էր հայտնի զիջումների գնալ իր ճապոնացի մրցակիցների նկատմամբ. համաձայնել Չինաստանում Ճապոնիայի «կարևորագույն» կամ «հատուկ շահերի և ազդեցության» առկայության հետ և պատերազմի ավարտից հետո նրան թողնել Շանդունում գերմանական նախկին գաղութային տարածքները։

Չնայած չինական տնտեսության մեջ զբաղեցրած օտարերկրյա կապիտալի ամուր դիրքերին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր տնտեսական դիրքերը հաջողությամբ սկսել է ամրապնդել նաև չինական ազգային բուրժուազիան։ Չինական դրամաշրջանառության հիմքում ընկած արծաթի արժեքի աճը նպաստել է չինական արտահանումը մեծացմանը։ Չինաստանի արտաքին առևտրի պասիվ բալանսը կրճատվել է 1914 թվականի 213 միլիոնից մինչև 1919 թվականի 20 միլիոն լյան արծաթ։ Պատերազմի տարիներին այն ընկերությունների թիվը, որոնք պատկանում էին չինական ազգային կապիտալին, աճել է 2,5 անգամ (մինչև 1759 թվականը` 698)։ 1919 թվականին երկրում գործում էին 1202 չինական առևտրա-արդյունաբերական ընկերություններ, ընդ որում կեսից ավելին հայտնվել է պատերազմի տարիներին։ Մասնավոր չինական բանկերի քանակն աճել է 1913 թվականի 44-ից մինչև 1918 թվականի 60։ 1912 թվականից մինչև 1919 թվականը Չինաստանում հիմնադրվել են 17 շոգենավային ընկերություններ, 1913-1920 թվականներին բացվել են 244 տեքստիլ ֆաբրիկաներ, իսկ մետաքսագործական ֆաբրիկաները 1912-1919 թվականներին 48-ից հասել է 65-ի։

Չինական բուրժուազիան մեծ հաջողությունների է հասել է սննդի արդյունաբերության զարգացման մեջ։ 1912-1921 թվականներին առաջացել են 175 նոր ձեռնարկություններ, ավելի քան 2.5 անգամ ավելացել է դրանց ընդհանուր թվաքանակը։ Բուռն վերելք է ապրել ալրագործական արդյունաբերությունը։ 1914 - 1920 թվականներին Չինաստանից ալյուրի արտահանումը պատերազմող երկրների պահանջարկի ավելացման պատճառով 40 անգամ աճել է։

1914-1919 թվականների ընթացքում Չինաստանում արդյունաբերական պրոլետարիատի թվաքանակը մոտ 3 անգամ աճել է, կազմելով մոտ 3 միլիոն մարդ։ Երկրում հաշվվում էր շուրջ 10 միլիոն բանվոր, որոնք զբաղված էին արհեստագործական արդյունաբերությամբ։ Շուրջ 175 հազար չինացի աշխատողներ պատերազմի տարիներին հավաքագրվել էին Մերձավոր Արևելք, Ֆրանսիա, մեծ Բրիտանիա և Ռուսաստան, որտեղ հիմնականում օգտագործվում էին որպես հող փորողներ տարբեր պաշտպանական կառույցների, ճանապարհների շինարարական աշխատանքներում, և որպես սևագործ բանվորներ տարբեր ձեռնարկություններում։

«Մայիսի 4-ի շարժում»  խմբագրել

Եվրոպայում մարտական գործողությունների դադարեցումից հետո Չինաստանում ավելի ու ավելի շատ էին հնչում խոսակցություններ այն մասին, որ խաղաղության վեհաժողովի ժամանակ անհրաժեշտ է լուծել ոչ միայն Չինաստանին` որպես Անտանտի կողմից պատերազմի մասնակից, Շանդունի նախկին գաղութային հողերը վերադարձնելու մասին հարցը, այլև Չինաստանի հետ մյուս տերությունների անհավասար պայմանագրերի ողջ համակարգի լուծարման մասին հարցը և նրան որպես իրավահավասար պետություն ճանաչելու հարցը։

Չինաստանի կառավարությունը «Փարիզում կայանալիք վեհաժողովի մաղթանքներում» հույս է հայտնել, որ

  1. գերտերությունները կհրաժարվեն Չինաստանում իրենց ազդեցությունների ոլորտներից
  2. Չինաստանում գտնվող օտարերկրյա պետությունների զորքերը հետ կկանչվեն
  3. տերությունները կհրաժարվելու Չինաստանում իրենց փոստն ու հեռագրատունը ունենալու իրավունքներից
  4. կչեղարկվի հյուպատոսական իրավասության իրավունքը
  5. տերությունների վարձակալված տարածքները կվերադարձվեն Չինաստանին
  6. Չինաստանին կվերադարձվեն նաև օտարերկրյա սետլմեն տարածքները
  7. Չինաստանին կտրվի մաքսային ինքնուրույնություն։

Չինական հասարակայնությունը մեծ հույսեր էր կապում այդ պահանջների աջակցությունը ԱՄՆ-ի կողմից ստանալու հետ, հենվելով նախագահ Վուդրո Վիլսոնի «14 կետերին»։ Սակայն այդ հույսերին վիճակված չէր իրականանալ։ 1919 թվականի հունվարի 18-ին բացված Փարիզի խաղաղության վեհաժողովում Մեծ քառյակի ղեկավարները Չինաստանին վեհաժողովի հավասարազոր մասնակից չճանաչեցին։ Չինական պատվիրակությունը, ըստ էության, հեռացվեց Չինաստանում նախկին գերմանական գաղութների ճակատագրի հարցի քննարկումից։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև թունդ սակարկության ընթացքում, Ճապոնիան` աջակցություն ստանալով Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, հաղթեց, և 1919 թվականի ապրիլի 30-ին «Չորսի Խորհուրդը» վերջնականապես որոշեց Ճապոնիային փոխանցել Շանդունի գերմանական նախկին գաղութային տարածքները։ Չինական պատվիրակությունը նույնիսկ չէր էլ հրավիրվել այդ նիստին։

Չինաստանի համար «Փարիզի խաղաղության վեհաժողովի» այդ նվաստացուցիչ որոշման լուրը և լուրն այն մասին, որ 1918 թվականի սեպտեմբերի 24-ին Դուան Ցիժույի կառավարությունը Ճապոնիայի հետ ստորագրել էր Շանդունի գերմանական գաղութային տարածքները Ճապոնիային հանձնելու գաղտնի համաձայնագիրը, Չինաստանում բուռն վրդովմունք էր առաջացրել։ Այդ շարժման առաջամարտիկները եղան ուսանողները ու Պեկինի միջնակարգ դպրոցների աշակերտները, որոնք 1919 թվականի մայիսի 4-ին հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական Տյանյանմեն հրապարակում։ Նրանք հանրահավաք և բողոքի ցույց անցկացրեցին` պահանջելով.

  • հրաժարվել խաղաղության պայմանագիրը ստորագրել
  • Շանդունը Չինաստանին վերադարձնել
  • չեղարկել «21-ի պահանջները»
  • պաշտպանել ազգային ինքնիշխանությաունը
  • պեկինյան կառավարության նախարարների հրաժարականը և պատիժը։

Դուան Ցիժույի կառավարությունը դաժանորեն ճնշեց ուսանողների հայրենասիրական ելույթը։ Ի նշան ցուցարարներին ծեծի ենթարկելու և կալանավորելու բողոքի, հաջորդ օրը գործադուլ արեցին քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները` պրոֆեսորների և դասախոսների, առևտրականների, մայրաքաղաքի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների աջակցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը շուտով ստիպված եղավ ձերբակալվածներին ազատ արձակել, ուսանողական հուզումները չդադարեցին և շուտով տարածվեցին Չինաստանի այլ քաղաքներ։ Համընդհանուր գործադուլի վտանգի տակ Պեկինը ստիպված էր հայտարարել կենտրոնական կառավարության ճապոնամետ անդամների հրաժարականի մասին։ Մինչ այդ Դուան Ցիժույը պաշտոնապես հրաժարվել էր Վերսալյան խաղաղության պայմանագիրը ստորագրել։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • О. Е. Непомнин «История Китая. Эпоха Цин. XVII — начало XX вв.» — Москва: издательская фирма «Восточная литература» РАН, 2005. ISBN 5-02-018400-4
  • С. Л. Тихвинский «Избранные произведения» в 5 т. Т.2 «История Китая первой четверти XX века: Доктор Сунь Ятсен. Свержение маньчжурской монархии и борьба за республику» — Москва: «Наука», 2006. ISBN 5-02-034997-6.
  • С. Л. Тихвинский «Избранные произведения» в 5 т. Т.3 «История Китая. 1919-1949: Борьба за объединение и независимость Китая. Чжоу Эньлай» — Москва: «Наука», 2006. ISBN 5-02-035015-X.
  • «История Востока» в 6 томах. Том V «Восток в новейшее время (1914—1945 гг.)» — Москва, «Восточная литература», 1995. ISBN 5-02-018102-1