Չժանցզյացզե ազգային պարկ

Չժանցզյացզե (չինարեն՝ 张家界国家森林公园), ազգային անտառային պարկ Չժանցզյացզե քաղաքում, Հունան նահանգ, Չինաստան[1]։

Չժանցզյացզե ազգային պարկ
zh/张家界国家森林公园
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Q92272084?
Երկիր Չինաստան
ՎարչատարածքWulingyuan?
ՏեղագրությունՃանծիածիե
Հիմնվել է1982
Մակերես479,15 կմ²
Չժանցզյացզե ազգային պարկը գտնվում է Չինաստանում
Չժանցզյացզե ազգային պարկ
Չժանցզյացզե ազգային պարկը գտնվում է Երկիրում
Չժանցզյացզե ազգային պարկ

Նկարագրություն խմբագրել

Չժանցզյացզե ազգային անտառային պարկը, որը հայտնի է իր միգամած ամպերի մեջ խոյացող իր արտասովոր ձևի քվարցե սյուներով, իր տեսակի մեջ առաջինն է Չինաստանում և զբոսաշրջության հանրահայտ վայրերից մեկն է։ 1982 թվականին հիմնադրված պարկի փարթամ մերձարևադարձային անտառները գրավում են մոտավորապես 480 կմ² (185 քառ. մղոն) տարածք, որտեղ բնակվում են բազմատեսակ կենդանիներ, ներառյալ անհետացող տեսակներ, ինչպիսիք են ոսկեգույն փասիանը, մշկայծյամը, հսկա սալամանդրը և ռեզուս մակակին։ Պարկի ամենահետաքրքրաշարժ հատվածը դեղին քարերից կառուցված պատվարն է (Հուանշիսաի)։ Ծովի մակերևույթից գրեթե 1330 մետր բարձրության վրա գտնվող շինությունը առաջարկում է պարկի ամենալավ դիտակետերից մեկը, որտեղից երևում են դիպուկ անվանումներ ստացած գագաթները՝ Վեց հրաշքների տաղավար, Հինգ մատների գագաթներ, Ամպերի մեջ լողացող անձավ և Ամպերի ծովի ոսկե կրիա։ Գագաթները ոգեշնչման աղբյուր են չինացի նկարիչների համար և չինական բնապատկերի հայտնի խորհրդանիշներ են։

Ձմռանը պարկում խոնավ է, ամռանը՝ զով։ Ենթադրվում է, որ այնտեղ օդը բուժիչ է հիմնականում հիպերտոնիա[2] հիվանդությամբ տառապողների համար։

Պարկում է գտնվում նաև Ոսկե մտրակ գետը՝ 7,5 կմ երկարություն ունեցող ջրային հոսանքը, որը համարվում է ամենագեղեցիկներից մեկը աշխարհում։ Նրա թեք ժայռերով և սաղարթախիտ անտառներով շրջապատված մաքուր ջրերում վխտում են գունավոր ձկներ, և գետը ասես հոսում է հեքիաթային բնապատկերի միջով։ Այստեղ զբոսաշրջիկների համար կան բազմաթիվ փոքր հյուրանոցներ, մի քանի փոքր սրճարան-ռեստորաններ, ինչպես նաև գործում է անվճար ավտոբուս[3]։ Պարկում գործում է նաև ճոպանուղի[4]։

 
Ապակե կամուրջ

Չժանցզյացզե ազգային պարկում է գտնվում աշխարհի ամենաերկար և բարձր Ապակե կամուրջը։ կամրջի երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 6 մետր։ Այն գտնվում է 300 մետր բարձրության վրա և միացնում է երկու ժայռերը։ Կամրջի ամրությունը ցուցադրելու համար, մինչ դրա բացումն ապակե կամրջի վրայով անցել է մոտ երկու տոննա զանգվածով բեռնատար։

Չժանցզյացզեի ազգային պարկը եղել է աշխարհում առաջին ազգային անտառային պարկը։ 1992 թվականին պարկը, որպես Ուլինյուան տարածքի մաս, ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որպես համաշխարհային ժառանգություն[5]։ 2001 թվականին Չինաստանի հողօգտագործման և ռեսուրսների Նախարարությունը պարկին տվեց կարգավիճակ. «Սրածայր ավազաքարերից կազմված ազգային անտառային գեոպարկ»։ 2004 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չժանցզյացզե ազգային պարկը ընդգրկեց գեոպարկերի համաշխարհային ցանցում[6]։

2015 թվականին էկրաններին հայտնվեց «Հրեշի որսը» ֆիլմը, որի նկարահանումները հիմնականում կատարվել էին Չժանցզյացզե պարկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zhangjiajietourism.us (англ.)
  2. Zhangjiajie National Forest Park (англ.) на сайте travelchinaguide.com
  3. Zhangjiajie National Forest Park (англ.) на сайте chinahighlights.com
  4. Mysterious Avatar Home — Zhangjiajie Tianmen Mountain, China Видео 0:13:17
  5. Zhangjiajie National Forest Park (англ.) (кит.) (яп.) (кор.) (рус.) (нем.) (фр.) на сайте cn-zhangjiajie.com
  6. Zhangjiajie National Forest Park (англ.) на сайте topchinatravel.com

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժանցզյացզե ազգային պարկ» հոդվածին։