Չեխիայի թատրոնի զարգացման ակունքները հին հեթանոսական ցեղերի ծեսերն են, ավելի ուշ՝ գեղջկական տոնակատարությունները։ Առաջին դպրոցական դրաման Կիրմեզերի «Չեխական կատակերգություն հարուստ Լազարի մասին» ստեղծագործությունն էր (գրվել և խաղացվել է չեխերեն)։ Ճիզվիտների դպրոցական թատրոնին հակադրվել է ժողովրդական սիրողական թատրոնը։ Չեխիայի թատրոնի զարգացման նոր փուլը կապված է ազգային ազատագրական շարժման վերելքին։ Չեխ լուսավորիչները վերականգնել են ազգային ավանդույթները, ինքնատիպություն հաղորդել ազգային դրամատուրգիային, դաստիարակել դերասաններ։ 1737 թվականին Պրահայում կառուցվել է թատրոնի շենք։ 1783 թվականին բացվել է Նոստիցկի թատրոնը (1797 թվականից՝ Դասային), ուր, գերմաներենից բացի, տրվել են նաև չեխերեն ներկայացումներ (1824-1834 թվականներին՝ կանոնավոր կերպով)։ Թատերարվեստում ռոմանտիկական ուղղության ներկայացուցիչն էր դերասան, դրամատուրգ և թատերական գործիչ Կոլարը։ 1845 թվականին կազմակերպվել է Չեխական ազգային թատրոն ստեղծելու ընկերություն։

Չեխիայի Բռնո քաղաքի թատրոնը

1862-1883 թվականներին Պրահայում գործել է ժամանակավոր թատրոնը՝ օպերային և դրամատիկական թատերախմբերով, ներառելով լավագույն դերասաններին (Շիմանովսկի, Սկլենարժովա-Մալա, Կոլար, Մոշնա և ուրիշներ)։ 1883 թվականին ժողովրդի հավաքած դրամով Պրահայում կառուցվել է Ազգային թատրոնը, որն ունեցել է դրամատիկական, օպերային և բալետային խմբեր։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երևան եկած բազմաթիվ գեղարվեստական հոսանքներից առաջատարը բեմական ռեալիզմն էր, որին նպաստել են Կվապիլովան, Վոյանը, Մոշնան, Գյուբներովան և ուրիշներ։ Ազգային թատրոնը սերտ կապեր է հաստատել բանվորական կոլեկտիվների հետ, ստեղծվել է Բանվորական թատերական ինքնագործունեության միությունը (1911)։ Չեխական թատրոնի զարգացումը բուրժուական Չեխոսլովակիայի հանրապետությունում արտացոլել է դասակարգային սուր պայքարի բոլոր փուլերը։ Չեխոսլովակիայի կոմկուսի հիմնադրումը (1921) նպաստել է սոցիալիստական գաղափարների ներթափանցմանը թատերական գործիչների միջավայր, սլավոնական թատրոնի հետ կապերի ուժեղացմանը։ Մեծ նշանակություն է ունեցել Ֆուչիկի, Մայերովայի, Կոնրադի, Նեեդլիի և այլոց գործունեությունը։ Ազգային թատրոնում բեմադրվել են՝ Չապեկի «Միջատների կյանքից» (1922, 1926, 1932), «Սպիտակ հիվանդություն» (1937), «Մայրը» (1938) և այլն։ Ստեղծվել են պրոֆեսիոնալ հեղափոխական նոր թատրոններ։ Բեմադրվել են նաև սովետական դրամատուրգների գործերը։ Չեխոսլովակիան ֆաշիստ, օկուպանտներից ազատագրվելուց (1945) հետո չեխ․ թատրոնը դարձել է սոցիալիստական մշակույթի շինարարության ակտիվ մասնակից։ Կառավարությունը վերացրել է մասնավոր թատրոնները, ընդունել «Օրենք թատրոնի մասին» (19481940-1950-ական թվականներին ստեղծվել են նոր թատրոններ, 1960-1970-ական թվականներին՝ փորձարարական կոլեկտիվներ՝ Փոքր ձևերի թատրոններ։ Ռեժիսուրայի զարգացմանը նպաստել են Պալոուշը, Սոկոլովսկին, Կաչերը, Շերհաուֆերը և ուրիշներ։ Առաջատար դերասաններից են՝ Զաբորսկին, Ռուժեկը, Օ․ Շիմաչեկը, Վ․ Շմերալը։

Տես նաև խմբագրել

(տես նաև Չեխոսլովակիա, Թատրոն բաժինը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 695