Չապուլտեպեկ ամրոց (իսպ.՝ Castillo de Chapultepec), Մեքսիկայի կայսրերի, միապետերի ու նախագահների նախկին նստավայր Մեխիկոյի Չապուլտեպեկ բարձունքին՝ ծովի մակարդակից 2325 մետր բարձրության վրա, Չապուլտեպեկ զբոսայգու կենտրոնում։ Չապուլտեպեկ բառը ծագում է ացտեկական chapoltepēc բառից, որը նշանակում է «մորեխների բլուր»։ Բլուրը գտնվում է ացտեկների համար սրբազան վայրում։ Այդտեղ գտնվող կառույցները ժամանակի ընթացքում ծառայել են մի քանի նպատակների, որոնցից են Ռազմական ակադեմիան, արքայական նստավայրը, թագավորական տունը, աստղադիտարանը և ներկայումս Պատմության ազգային թանգարանը[1]։

Չապուլտեպեկ ամրոց
Տեսակպալատ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Միգել Իդալգո, Չապուլտեպեկ զբոսայգի և Primera Sección del Bosque de Chapultepec?
Հասցե11100
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն և Նեոգոթիկա
Մասն էՉապուլտեպեկ զբոսայգի, Primera Sección del Bosque de Chapultepec? և Chapultepec hill?
ՍեփականատերԲերնարդո դե Գալվես
Ղեկավար կազմակերպությունՉապուլտեպեկ ամրոց
Կառուցման սկիզբ1785
Հիմնադրված էսեպտեմբերի 27, 1944
Բացված1863
ՃարտարապետCarl Gangolf Kayser?
Կառուցման ավարտ1863
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Սա Հյուսիսային Ամերիկայի միակ թագավորական ամրոցն է, որը ծառայել է որպես միապետի նստավայր. Մեքսիկական երկրորդ կայսրության օրոք այստեղ են ապրել Մեքսիկայի միապետ Մաքսիմիլան I-ը և նրա կինը՝ Մեքսիկայի կայսրուհի Շառլոտան։

Գաղութատիրության ժամանակաշրջան խմբագրել

1775 թվականին Իսպանիայի փոխարքա Բերնարդո դե Գալվեսը հրամայեց Չապուլտեպեկ բարձունքի ամենաբարձր կետում իր համար կառուցել մի վեհաշուք տուն։ Իսպանական բանակի փոխգնդապետ և ինժեներ Ֆրանցիսկո Բամբիտելին կազմեց կառույցի նախագիծը, և շինարարությունը սկսվեց նույն տարվա օգոստոսի 16-ին։

Երբ Բամբիտելին մեկնեց Հավանա, նախագծի ղեկավարությունն իր վրա վերցրեց կապիտան Մանուել Ագուստին Մասկարոն, ում ղեկավարությամբ աշխատանքներն ընթացան արագ տեմպերով։ Մասկարոն մեղադրվում է իսպանական գահի դեմ ընդդիմանալու մտադրությամբ այդտեղ ամրոց կառուցելու մեջ։ Փոխարքա Բերնարդո դե Գալվեսը 1786 թվականի նոյեմբերի 8-ին հանկարծամահ է լինում։ Ըստ շահարկումների նրան թունավորել էին, սակայն ոչ մի ապացույց չի գտնվել։

Չունենալով գլխավոր ինժեներ՝ իսպանական միապետությունից հրամայում են շենքն աճուրդով վաճառել կառուցման համար օգտագործված գումարի մեկ հինգերորդին համարժեք գնով։ Գնորդ չգտնելով՝ փոխարքա Խուան Վիսենտե դե Գուեմես Պաչեկո դե Պադելա ի Օրկասիտասը մտադրվում է շենքն օգտագործել Նոր Իսպանիայի թագավորության ընդհանուր արխիվի համար, սակայն այդ գաղափարը չիրականացավ, քանի որ շենքը նախագծված չէր այդ նպատակի համար։

1806 թվականին Մեխիկո քաղաքի իշխանությունը գնում է կառույցը։

Անկախություն խմբագրել

Մեքսիկայի անկախության պատերազմի (1810-1821) տարիներին Չապուլտեպեկ ամրոցը լքված է եղել մինչև 1833 թվականը, երբ որոշվել է շենքը դարձնել Ռազմական ակադեմիա (Heroico Colegio Militar): Կատարվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում ավելացվել է «Caballero Alto» («բարձրահասակ ասպետ») պահակադիտանոցը։

Ամերիկա-մեքսիկական պատերազմի Չապուլտեպեկի ռազմաճակատում 1847 թվականի սեպտեմբերի 13-ին զոհվեցին հերոս կադետները ( Niños Héroes): Ի հիշատակ նրանց՝ ամրոցի գլխավոր մուտքի առաստաղին ստեղծվել է մի մեծ որմնանկար[2]։

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը պատվով է կատարել իր գործը Չապուլտեպեկի ճակատամարտում[3]։ Համաձայն ծովային հետևակի կորպուսի ավանդույթի՝ սպաների տաբատների կարմիր շերտագծերը սովորաբար հայտնի են որպես արյան շերտագծեր և արվել են ի հիշատակ ծովային հետևակի կորպուսի սպաների, ովքեր զոհվել են 1847 թվականի Չապուլտեպեկի ճակատամարտում։

Մեքսիկայի նախագահ Միգել Միրամոնի (ով նաև Ռազմական ակադեմիայի շրջանավարտ էր) ղեկավարության տարիներին ամրոցի երկրորդ հարկում կառուցվեցին բազմաթիվ սենյակներ։

Նոր ժամանակներ խմբագրել

 
Չապուլտեպեկ ամրոցի ներքին հարդարանքներ

Մեքսիկայի երկրորդ կայսրության անկումից հետո՝ 1867 թվականից ամրոցը չէր օգտագործվում։ 1876 թվականի հրամանով 1878 թվականին ամրոցի տեղում բացվեց աստղադիտարան, որը գործեց միայն հինգ տարի, և այն որոշվեց տեղափոխել Տակուբայայի նախկին արքեպիսկոպոսի նստավայր, որպեսզի ամրոցի շենքում կրկին տեղակայվի ռազմական ակադեմիան, ինչպես նաև շենքը դառնա նախագահական նստավայր։

 
Տեսարան զբոսայգուց

1882 թվականից և Պորֆիրիո Դիասի նախագահության ընթացքում պալատը ենթարկվել է մի շարք կառուցվածքային փոփոխությունների։ Ամրոցը որպես նախագահական նստավայր է եղել հետևյալ նախագահների համար՝ Ֆրանսիսակո Իգնասիո Մադերո, Վենուստիանո Կառանսա, Ալվարո Օբրեգոն, Պլուտարկո Էլիաս Կալես, Էմիլիո Պորտես Գիլ, Պասկուալ Օրտիս Ռուբիո, Աբելարդո Ռոդրիգես։ Որոշ ժամանակ այն նաև օգտագործվել է որպես հյուրերի կամ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակների համար պաշտոնական տուն։

1939 թվականի փետրվարի 3-ին նախագահ Կարդենաս ի դել Ռիոյի հրամանով Չապուլտեպեկ ամրոցում է տեղակայվել Պատմության ազգային թանգարանը (Museo Nacional de Historia), ինչպես նաև նախկին Հնագիտության, պատմության և ազգագրության ազգային թանգարանի հավաքածուն (այժմ՝ Մշակույթների ազգային թանգարան)։ Թանգարանը բացվել է 1944 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նախագահ Կարդենաս ի դել Ռիոն տեղափոխվել է Մեքսիկայի պաշտոնական նախագահական նստավայր՝ Լոս Պիյոս, և երբեք Չապուլտեպեկ ամրոցում չի ապրել։

Մշակույթում խմբագրել

  • 1996 թվականին ամրոցում է նկարահանվել «Ռոմեո + Ջուլիետա» ֆիլմը, գլխավոր դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո և Կլեր Դենս[4]
  • 1954 թվականի ամերիկյան պատերազմական Վերա Կրուս ֆիլմում ամրոցը ներկայացվել է՝ օգտագործելով հավաքածուներ և դեկորներ
  • 2006 թվականի «Ghost Recon: Advanced Warfighter» վիդեո խաղում մակարդակներից մեկում խաղն ընթանում է ամրոցում
  • Չապուլտեպեկ ամրոցն օգտագործվել է որպես ճարտարապետական ամրոցի մոդել՝ նախագծելու այնպիսի շենքեր, ինչպիսիք են 13-րդ գնդի զինագործարանը[5]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Museo Nacional de Historia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Mural of Cadet Jumping
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չապուլտեպեկ ամրոց» հոդվածին։