Սինգապուրի Չանգի օդանավակայան

օդանավակայան
(Վերահղված է Չանգի (օդանավակայան)ից)

Չանգի (անգլ.՝ Singapore Changi Airport; ինդոն.՝ Lapangan Terbang Changi Singapura; չինարեն՝ 新加坡樟宜机场), միջազգային օդանավակայան, համարվում է Ասիայի հանգուցային օդանավակայաններից մեկը և Սինգապուրի հիմնական օդանավակայանն է։ Գտնվում է Չանգի շրջանում և գրավում է 13 կմ² տարածք[1]։ Օդանավակայանը շահագործվում է Civil Aviation Authority of Singapore (CAAS)-ի կողմից և հանդիսանում է Սինգապուրյան Singapore Airlines Cargo, Singapore Airlines, Scoot, SilkAir, Tigerair, Jetstar Asia Airways, Valuair, և Jett8 Airlines Cargo ավիաընկերությունների բազան։

Չանգի միջազգային օդանավակայան

Lapangan Terbang Changi Singapura

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Civil Aviation Authority of Singapore/

Republic of Singapore Air Force

Տեղական ժամանակ UTC UTC +8
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք Պաշտոնական կայք

Չանգի օդանավակայանն սպասարկում է ավելի քան 100 ավիաուղղությունների՝ թռիչքներ կատարելով դեպի աշխարհի 90 երկրների ավելի քան 380 քաղաքներ։ Ամեն շաբաթ օդանավականն սպասարկում է մոտավորապես 7000 թռիչք, ինչը նշանակում է յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ՝ մեկ թռիչք։ 2016 թվականին օդանավակայանն սպասարկել է 58,7 միլիոն ուղևորի[2]։

Ըստ 2016 թվականի ամբողջական տվյալների հրապարակման՝ օդանավակայանն սպասարկել է 58,698,039 ուղևորի, ինչը 5,9%-ով ավելին է, քան նախորդ տարի և առավելագույնն է օդանավակայանի 35 տարվա պատմության մեջ։ Ըստ այս ցուցանիշի, աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից վեցերորդն է և երկրորդը՝ Ասիայում՝ ըստ 2016 թվականի ուղևորափոխադրման միջազգային վիճակագրության։ 2016 թվականի դեկտեմբերին Չանգի օդանավակայանը գրանցել է 5,68 միլիոն ուղևորների տեղաշարժ, ինչն առավելագույն ցուցանիշն է օդանավակայանի ստեղծման օրվանից։ Օրվա մեջ սպասարկած ուղևորների թվի ռեկորդը գրանցվել է 2016 թվականի դեկտեմբերի 23-ին՝ հասնելով 202,359-ի։

Օդանավակայանն իր ստեղծման թվականից՝ 1981 թվականից հետո ստացել է մոտավորապես 533 մրցանակ։ 2016 թվականին այն արժանացել է «Լավագույն օդանավակայան» կոչումին[3]։

Պատմություն խմբագրել

 
Առաջին տերմինալի մեկնողների սրահը

Ավիափոխադրումների համաշխարհային աճը մեծ ազդեցություն ունեցավ Սինգապուրի տնտեսության վրա։ Սինգապուրի միջազգային Պայա Լեբար օդանավակայանը, որը Սինգապուրի երրորդ քաղաքացիական օդանավակայանն էր Սելետար (1930-1937 թվականներին եղել է երկրի գլխավոր օդանավակայանը, այժմ օգտագործվում է մասնավոր ինքնաթիռների թռիչքների համար) և Կալլանգ (1937-1955) օդանավակայաններից հետո, ուղևորների թվի մեծացման պատճառով անկարող դարձավ սպասարկել նրանց։ 1970-ականներին ուղևորների թիվը 300,000-ից հասավ 1,700,000-ի և 4,000,000-ի 1975 թվականին։ Կառավարությունը զարգացման երկու հնարավորություն էր տեսնում․ կա՛մ պետք էր մեծացնել գոյություն ունեցող օդանավակայանի հնարավորությունները, կա՛մ էլ կառուցել նոր օդանավակայան։ Իրավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո 1972 թվականին բրիտանացի մասնագետը խորհուրդ տվեց զարգացնել Սինգապուրի միջազգային օդանավակայանը։ Ենթադրվում էր կառուցել երկրորդ թռիչքային գոտին և վերակառուցել ուղևորային տերմինալը։ Եկող տարի, այնուամենայնիվ, վրա հասած նավթային ճգնաժամի պատճառով այս ծրագիրը մի կողմ դրվեց։

Քանի որ օդանավակայանը տեղակայված էր բոլոր կողմերից քաղաքով շրջապատված տարածքում, նրա ֆիզիկական աճի հնարավորությունները խիստ սահմանափակ էին։ Եվ 1975 թվականին կառավարությունը նոր օդանավակայան կառուցելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Նոր օդանավակայանի համար ընտրվեց արևելյան հատվածի հիմնական կղզին՝ Չանգին, որտեղ գտնվում էին Չանգի օդային բազայի հողերը։ Օդանավակայանը կառուցվեց այնպես, որ հնարավորություն ունենար զարգանալու, իսկ օդային բազան գրավեց օդանավակայանի արևմտյան հատվածը։ Արդեն այդ ժամանակ աճող երթևեկության պատճառով օդանավակայանն ընդլայնման կարիք ուներ։ Նոր օդանավակայանի առավելություններից մեկն այն էր, որ օդանավերը թռիչք ու վայրէջք էին կատարում ծովի վրայով այն դեպքում, երբ նախկին օդանավակայանի դեպքում դա արվում էր բնակելի տների վրայով։ Արդյունքում Պայա Լեբար օդանավակայանը փոխանցվեց զինվորականներին ու օդային բազա դարձավ։

Շինարարություն խմբագրել

Չանգի օդանավակայանը հանդիսանում է Սինգապուրի պատմության ամենամեծ շինարարություններից մեկը։ Օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ տարածքը կազմում էր 52,000,000 քառակուսի մետր։ Տարածքն ավազով ու գրունտով ծածկելու աշխատանքներն սկսվեցին 1975 թվականին։ Աշխատանքն իրականացնում էր PentaOcean Construction ընկերությունը, որը Ճապոնիայի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկն է և Սինգապուրի ամենախոշոր կառուցապատողներից մեկը։ Տարածքով հոսող երեք գետերը չորացնելու համար ջրանցքներ կառուցվեցին։ Ընդհանուր առմամբ, 8,7 քառակուսի կիլոմետր հողատարածք ենթարկվեց մշակման, ինչի արդյունքում տարածքի չափերը դարձան 13 քառակուսի կմ[4]։ Շինարարական աշխատանքների ընթացքում ավերվել է 558 շինություն, քանդվել է 4100 գերեզման, ոչնչացվել է գնդացրային մեկ համակարգ ու փոխվել է երեք գետի հուն։ Այս բոլոր աշխատանքներն ավարտվել է 1977 թվականի մայիսին։

1977-1979 թվականներին իրականացվել է 1-ին Տերմինալի հիմքի և օդանավակայանի այլ կառույցների շինարարությունը։ 78 մետրանոց հսկիչ-անցագրային կետը դարձավ օդանավակայանի այցեքարտը։ Աշտարակի նախնական անունն էր Aitoropolis, ինչը, սակայն, հազվադեպ է օգտագործվում։ Ինքնաթիռների առանց սյուների կայանը կարող է տեղավորել միանգամից երեք Boeing 747: Կառուցվել է հատուկ ափամերձ նավամատույց, որտեղ նավերից վառելիք է մատակարարվում։ Վառելիքը մատակարարվում է մոտավորապես կես կիլոմետր հեռավորությունից, իսկ օդանավակայանում աշխատում են վառելիքային վեց օպերատորներ, որոնք գտնվում են օդանավակայանի հյուսիսարևելյան հատվածում։ Խողովակները միացված են ինքնաթիռների բոլոր կայաններին[5]։

1.3 միլիարդ սինգապուրյան դոլար արժողությամբ առաջին գիծը բացվել է 1981 թվականի հուլիսի 1-ին, թռիչքն իրականացվել է Կուալա-Լումպուրից Singapore Airlines-ի կողմից[6]։ Օդանավակայանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1981 թվականի դեկտեմբերի 29-ին։ Շահագործման առաջին տարվա ավարտին ուղևորների թիվը կազմել է 8.1 միլիոն, ուղևորափոխադրումների ծավալը՝ 190.000 տոննա, իրականացվել էր 63.100 թռիչք։

Չնայած, որ օդանավակայանը բացվել էր 1981 թվականին, որոշ հատվածների կառուցումը դեռ ավարտված չէր։ Մեծ կայանի շինարարությունն ավարտվել է 1982 թվականին։ Հանրային գործերի վարչությունը որոշում ընդունեց արագացնել երկրորդ վայրէջքային գծի շինարարությունը, որը գտնվելու էր առաջին տերմինալից արևելք։ Որոշ հատվածներ կառուցվեցին հաջորդ տարիների ընթացքում։ 1985 թվականին սկսվեցին Երկրորդ տերմինալի շինարարական աշխատանքները։ Այն կառուցվեց 1989 թվականին, շահագործման հանձնվեց 1990 թվականին և պաշտոնապես բացվեց 1991 թվականի հունիսի 1-ին։ Երկրորդ տերմինալի բացումն ուղղակիորեն կապվեց ուղևորների թվի աճի հետ։

Զարգացում խմբագրել

Օդանավակայանի զարգացման քաղաքականությունը հիմնվում է ուղևորների թվի աճի վրա, ինչը պայմանավորված է սպասարկման բարձր չափանիշներով։ Սկզբնական հիմնական ծրագիրը երկու տերմինալի կառուցում էր նախատեսում օդանավակայանի համար, սակայն միևնույն ժամանակ հաշվի էր առնված նաև հետագա զարգացումն ու երրորդ տերմինալի կառուցման հնարավորությունը։

 
Երրորդ տերմինալը

Երրորդ տերմինալի[7] շինարարությունը սկսվել է 1999 թվականին և արժեցել է 1.75 միլիարդ սինգապուրյան դոլար։ Ի սկզբանե նախատեսվում էր տերմինալի շինարարությունն ավարտել 2006 թվականին, սակայն ժամկետը հետաձգվեց 2 տարով, քանի որ ահաբեկչության վտանգը պակասեցրեց օդանավակայանի ուղևորների թիվը։ Տերմինալն իր աշխատանքն սկսեց 2008 թվականի հունվարի 9-ին՝ ընդունելով Singapore Airlines-ի չվերթը Սան-Ֆրանցիսկոյից։ Երրորդ տերմինալի կառուցումից հետո օդանավակայանը կարող էր ընդունել տարեկան 22 միլիոնով ավելի ուղևոր, ինչի արդյունքում օդանավակայանն ընդհանուր առմամբ ի վիճակի եղավ ընդունել 70 միլիոն ուղևոր։ Բացի այդ, Երրորդ տերմինալի մոտ կառուցվեց նոր իննհարկանի Crowne Plaza հյուրանոցը։

Օդային արդյունաբերության մեջ կատարված փոփոխություններն անհրաժեշտություն առաջ բերեցին փոփոխել նաև օդանավակայանի մաստեր-պլանը։ Չանգին առաջին օդանավակայանն էր Ասիայում, որտեղ հայտնվեց ցածր գներով ավիաընկերությունների համար նախատեսված տերմինալ։ Այն սկսեց իր աշխատանքը 2006 թվականի մարտի 26-ից, մի քանի օր առաջ ավելի շուտ, քան նմանատիպ տերմինալ կբացվեր նաև Կուալա-Լումպուրում։ Տերմինալի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2006 թվականի հոկտեմբերի 31-ին։ «Կոմերցիոն կարևորության մարդկանց» համար նախատեսված տերմինալն սկսել է գործել 2006 թվականի օգոստոսի 15-ին, իսկ պաշտոնապես բացվել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին[8]։ Սա Ասիայում առաջին տերմինալն էր՝ նախատեսված VIP ուղևորների համար[9]։

Այն ժամանակ, երբ կառուցվում էին նոր տերմինալներ, իրականացվում էր նաև արդեն գոյություն ունեցողների մոդերնիզացիան։ Առաջին տերմինալը խոշոր վերակառուցման ենթարկվեց 1995 թվականին, այնուհետև ավարտին է հասցվել 14 հեռասանդուղքների կառուցումը, որոնք սկսել են գործել 1999 թվականից։ Երկրորդ տերմինալն ընդարձակվել է իր բացումից քիչ անց, 1990 թվականին։ 2002 թվականից իր գործունեությունն է սկսել Changi Airport Skytrain-ը։ 2006 թվականի սեպտեմբերի 13-ին օդանավակայանը նշում էր Երկրորդ տերմինալի մեծ մոդեռնիզացիան։

Airbus A380 ընդունելու համար օդանավակայանում իրականացվեցին 60 միլիոն սինգապուրյան դոլար արժողությամբ միջոցառումներ։ Կառուցվեց 19 գեյթ՝ երկու տախտակամած ունեցող ինքնաթիռների ընդունման համար, որոնցից ութը՝ Երրորդ տերմինալում։ Ընդարձակվեցին ուղեբեռների գծերը, կառուցվեցին նոր կայաններ մարդատար ու բեռնատար ինքնաթիռների համար։ Միջոցառումներ իրականացվեցին՝ հնարավոր ահաբեկչությունից անվտանգությունն ավելացնելու համար։ 2005 թվականի նոյեմբերի 11-ին օդանավակայանը դարձավ առաջինը Եվրոպայի սահմաններից դուրս, որ իրականացրեց A380-ի վայրէջք՝ ստուգելու օդանավակայանի հնարավորությունները։

Առաջին տերմինալի ծախսատար մոդեռնիզացիան, Երկրորդ տերմինալի նմանատիպ մոդեռնիզացիան սկսվեց 2007 թվականի սեպտեմբերին։ Երրորդ տերմինալի կառուցումն ավարտվել է 2007 թվականին, բացումը տեղի է ունեցել 2008 թվականին։ Մոդեռնիզացվել են անվտանգության համակարգերը, տեղադրվել են տեսահսկման սարքեր[10]։

2008 թվականի մարտի 6-ին Սինգապուրի Տրանսպորտի նախարար Լիմ Հվի Հուան Խորհրդարանում հայտարարեց Չորրորդ տերմինալի կառուցման նախագծի մասին[11]։

Ենթակառուցվածք խմբագրել

Տարածքային սահմանափակման պատճառով Չանգի օդանավակայանը կառուցված է այն տրամաբանությամբ, որպեսզի կարիք չլինի այն տեղափոխել կամ կառուցել ևս մեկ օդանավակայան՝ ուղևորների թվի աճի պատճառով։ Օդանավակայանի զարգացման երկարաժամկետ նախագիծը ենթադրում է տարածքի առավելագույն օգտագործում, ինչը հնարավորություն կտա կառուցելու ևս երկու ուղևորային տերմինալ և երկու թռիչքուղի։

Օդանավակայանի մաստեր-նախագիծն ի սկզբանե նախատեսել էր երկու տերմինալի և երկու թռիչքուղու կառուցումը՝ ևս երկու տերմինալի կառուցման հնարավորությամբ։ Շինարարության առաջին փուլը ներառում էր մեկ տերմինալի և մեկ թռիչքուղու, ինքնաթիռների 45 կայանի, ենթակառուցվածքների, տեխնիկական և վարչական շինությունների, ուղեբեռային համալիրի և 78 մետրանոց հսկիչ-անցագրային կետի շինարարությունը։ Շինարարության երկրորդ փուլը սկսվեց առաջին փուլից անմիջապես հետո և ներառում էր երկու թռիչքուղու, ինքնաթիռների 23 նոր կայանի և երրորդ ուղեբեռային պահեստի կառուցումը։

Տերմինալներ խմբագրել

 
Երրորդ տերմինալի տրանզիտային գոտին

Օդանավակայանում գործում է 5 տերմինալ։ Առաջին, երկրորդ և երրորդ տերմինալներն անմիջականորեն կապված են տրանզիտային գոտով, ուղևորները կարող են տեղաշարժվել տերմինալների միջով՝ չանցնելով իմիգրացիոն ստուգում։ Երկրորդ տերմինալի կողքին է JetQuay-ը, որտեղ է գտնվում բիզնես-կլասով երթևեկող ուղևորների գրանցման տաղավարը, ինչպես նաև՝ այստեղից միանգամից անհատական փոխադրամիջոցով կարելի է հայտնվել օդանավում։ Բյուջետային տերմինալը, որը հատուկ ստեղծված է ցածր արժողությամբ փոխադրումների համար, ֆիզիկապես առանձնացված է գլխավոր տերմինալներից, այդտեղից Երկրորդ տերմինալում կարելի է հայտնվել անվճար փոխադրամիջոցով։ Բոլոր տերմինալները միասին տարեկան կարող են սպասարկել 68.7 միլիոն ուղևորի, դրանց ընդհանուր տարածքը կազմում է 1.045.020 քառակուսի մետր։ Չանգի օդանավակայանի տերմինալները կարող են բավարարել բոլոր դասակարգերի ուղևորների պահանջները. բյուջետային տերմինալը՝ տնտեսող ուղևորների համար է, Առաջին, Երկրորդ և Երրորդ տերմինալները՝ ուղևորների մեծ մասի համար են, իսկ JetQuay CIP-ը նախատեսված է ճոխության սովոր ուղևորների համար։

Փոխադրամիջոցներ խմբագրել

Չանգի օդանավակայանը կառուցելիս հաշվի է առնվել ուղևորների՝ օդանավակայան հասնելու և այնտեղից մեկնելու համար անհրաժեշտ տրանսպորտի հարցը։ Դրա համար կառուցվել է Իսթ-Քոսթ Փարքուեյը, ճանապարհ, որ օդանավակայանը կապում է քաղաքի կենտրոնին։ Այդ մայրուղու երկարությունը մոտավորապես 20 կմ է կազմում, կառուցվել է լցված հողակտորի վրա՝ այդպիսով խուսափելով Սինգապուրի արևելյան հատվածի ճանապարհային ցանցը վնասելուց։

Երեք հիմնական ուղևորային տերմինալները տեղակայված են կողք կողքի, տեղաշարժվել կարելի է ոտքով, ինչպես նաև՝ ավելի արագ տեղաշարժման համար գոյություն ունի Skytrain համակարգ։ Այս համակարգը մոդեռնիզացվել է 2007 թվականին և հասցվել է մինչև Երրորդ տերմինալ։ Այս ռելսային համակարգը միացված չէ բյուջետային տերմինալին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AIP SINGAPORE WSSS AD 2-1 10 MAY 07 Արխիվացված 2009-03-27 Wayback Machine, AIP SINGAPORE WSSS AD 2-11 18 JAN 07 Արխիվացված 2009-03-27 Wayback Machine, AIP SINGAPORE WSSS AD 2-31 20 DEC 07 Արխիվացված 2009-03-27 Wayback Machine
  2. "Ուղևորների և ուղեբեռի տեղափոխման օդանավակայանների վիճակագրություն 2016 թվականի համար". Changi Airport Group. 30 January 2017.
  3. Չանգի օդանավակայանը ռեկորդ է սահմանում 2016 թվականին սպասարկած ուղևորների թվով
  4. «Որոշ փաստեր Չանգի օդանավակայանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. Henry Probert (2006), The History of Changi, Changi University Press, ISBN 981-05-5580-6
  6. Muliani Tan, Bonny Changi International Airport. singaporeInfopedia. National Library Board Singapore (2001)
  7. «Երրորդ տերմինալ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  8. Raymond Lim. Minister Raymond Lim at the Opening of Changi Airport's CIP Terminal. Newsroom > Archives(անհասանելի հղում. տեքստը)։ Ministry of Transport, Singapore (29 сентября 2006). — «Opening address by Mr Raymond Lim, Minister for Transport and Second Minister for Foreign Affairs, at the Changi Airport CIP Terminal Grand Opening Ceremony, 29 September 2006, 7.30pm, at the Changi Airport CIP Terminal; The CIP Terminal will be operated by JetQuay Pte Ltd, a Singapore-based joint venture between four companies; With that, let me end by once again extending my heartiest congratulations to CAAS and the management and staff of JetQuay on the official opening of the CIP Terminal at Changi Airport.»
  9. «Singapore boasts Asia's first 'CIP' lounge». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  10. Farah Abdul Rahim, «Record numbers of passengers, cargo pass through Changi in 2006» Արխիվացված 2014-04-15 Wayback Machine, Channel NewsAsia
  11. «New Terminal 4 for Changi Airport, S$10m expansion for Budget Terminal» Արխիվացված 2014-04-15 Wayback Machine, Channel NewsAsia, 6 March 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուրի Չանգի օդանավակայան» հոդվածին։