Ուղղահոս կաթսա, շոգեկաթսա՝ միակի հարկադրական շրջանառությամբ, հաջորդաբար միացված և դրսից տաքացվող խողովակների համակարգ է, որում միևնույն ուղղությամբ շարժվող ջուրը հաջորդաբար տաքանում է (Էկոնոմայզերային գոտի), գոլորշանում (ռադիացիոն գոտի),ապա գերտաքանում կոնվեկտիվ և ռադիացիոն շոգեգերտաքացուցիչներում։ Ուղղահոս կաթսայում բացակայում են թմբուկը և իջուցիկ խողովակները, որն էապես էժանացնում և պարզեցնում է կաթսայի կառուցվածքը։ Թմբուկի, հետևաբար և շոգեջրային խառնուրդի շրջանառության բացակայության պատճառով անհրաժեշտ է դառնում Ուղղահոս կաթսան սնել խիստ մաքուր ջրով։ Տուրբինի օգտակար գործողության գործակիցը մեծացնելու համար աշխատում են սնող ջրի աղերի մեծ մասը նստեցնել կաթսայի անցման գոտում, որը գտնվում է համեմատաբար ցածր ջերմաստիճանի ծխագազերի միջավայրում և կարող է պարբերաբար մաքրվել (լվացվել)։ Ուղղահոս կաթսաները տեղակայվում են, հիմնականում, կոնդենսացիոն էչեկտրակայաններում։ Ուղղահոս կաթսաները առավել արդյունավետ են գերկրիտիկական (22Մն/մ2) ճնշումների համար, երբ այլ տիպի կաթսաների կիրառությունն անհնարին է։ ԽՍՀՄ–ում լայն տարածում է ստացել Լ․ Ռամզինի նախագծած Ուղղահոս կաթսա (1932)՝ 3,6 տ/ժ արտադրողականությամբ և 14,1 Մն/մ2 ճնշմամբ։ Արդի ուղղահոս կաթսաների ճնշումը հասնում է 25 Մպա, արտադրողականությունը՝ 900 կիլոգրամ/վայրկյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։