Ուղղագրական բառարան, բառարանի տեսակ. բառացանկում գլխաբառը ներկայացվում է տվյալ լեզվի համար ընդունված, սահմանված, նորմավորված ուղղագրությամբ։ Լինում է ընդարձակ կամ սահմանափակ բառացանկով։ Երկրորդ դեպքում ընդգրկվում է մասնական (օրինակ, ուղղագրական դժվարություն ներկայացնող) բառաշերտ։ Մեծ մասամբ ուսուցողական նպատակադրում ունի, նպաստում է ճիշտ գրելուն։ Այս պատճառով է, որ ավելի շատ են այս տիպի դպրոցական բառարանները։

Հայերենի ուղղագրական բառարաններ խմբագրել

Ուղղագրական բառացանկեր հայտնի էին դեռևս միջնադարում։ Սակայն այս տիպի բնորոշ բառարաններ երևան եկան 20-րդ դարի առաջին տասնամյակին։ Կարելի է նշել, օրինակ, Գրիգոր Վանցյանի «Գրպանի ուղղագրությունը» (Թիֆլիս, 1906), Մանուկ Աբեղյանի «Ուղղագրական բառգիրքը» (Թիֆլիս, 1909, ունեցել է այլ հրատարակություններ ևս)։ Խորհրդային շրջանում 1930-ին լույս տեսավ Ն. Ալլահվերդյանի «Նոր ուղղագրական բառգրքույկը», որը պարունակում է շուրջ 4500 բառ։ 1940-60-ականներին շատ թե քիչ տարածում գտած բառարաններից են՝ Արարատ Ղարիբյանի «Ուղղագրական համառոտ բառարանը» (1940), որը պարունակում է շուրջ 5 հազար բառ (վերամշակված հրատարակությունները՝ 1945, 1947 թթ.-ին), Արարատ Ղարիբյանի և Գևորգ Պարիսի «Դպրոցական ուղղագրական բառարանը» (1956, 1959), Գևորգ Պարիսի և Գ. Շեկոյանի «Դպրոցական ուղղագրական բառարանը» (1967, ունեցել է նաև հետագա հրատարակություններ), որը պարունակում է 18 հազար բառ։ 1973-ին լույս տեսավ Հովհաննես Բարսեղյանի «Ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարանը», որը նշանակալից ներդրում է հայ բառարանագրության մեջ։ Բառացանկում կան 152 հազար բառ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 594-595։
  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 300։