Ուխտագնացային տուրիզմ, կրոնական տուրիզմի տեսակ, ինչպես էքսկուրսիոնը, գիտականը և քարոզչականը։

Հավատացյալները Լացի պատի մոտ, Երուսաղեմ
Ուխտավորը Մեքքայում, Սաուդյան Արաբիա

Ուխտագնացային տուրիզմը պաշտամունքային նպատակներով ճամփորդություն է, հանդիսանում է տուրիզմի ամենահին ձևերից մեկը։ Նրա զարգացումը կապված է համաշխարհային երեք կրոնների առաջացման հետ։ Դրանցից առաջինը բուդդայականությունն է (մ․թ․ա․ 6-5 դդ․), Քրիստոնեությունը (մ․թ․1-ին դ) և իսլամ․ (մ․թ․ 7-րդ դ․)։ Բոլոր կրոններն էլ խրախուսում են ուխտագնացությունը, քանի որ այն բարձրացնում է եկեղեցու հեղինակությունը, հնարավորություն է տալիս տվյալ հավատքի տարածմանը, բերում է հսկայական շահույթներ։ Դարերի ընթացքում տուրիզմի այս տեսակը ձեռք բերեց ավելի քաղաքակիրթ բնույթ, դարձավ առավել անվտանգ և ապահով։ Այն երկրները, որտեղ կան կրոնական կենտրոններ և սրբավայրեր, նրանց իշխանությունները միջոցներ չեն խնայում ենթակառուցվածքների ապահովման համար։

Ամեն տարի 200 միլիոն մարդ ուխտագնացություն է կատարում, որից 150 միլիոնը քրիստոնյաներ են։ Ներկայումս աշխարհում կան 13 ուխտագնացային խոշոր վայրեր։ Մոլորակի ողջ բնակչության կրոնական հավատալիքների պատկերը ըստ աշխարհամասերի հետևյալ տեսքն ունի

Թվարկված բոլոր կրոնները ունեն պաշտամունքային իրենց օբյեկտները, հետևաբար մեծաքանակ ուխտագնացների համար հանդիսանում են սրբավայրեր։ Դրանք բոլորը ժամանակի ընթացքում ձեռք են բերել համաշխարհային նշանակություն։

Պատմություն խմբագրել

Կրոնական տուրիզմի պատմությունը գալիս է շատ հին ժամանակներից։ Դեռ հին հույները և հռոմեացիները սիրում էին հաճախել սրբազան վայրեր, տաճարներ։ Հին Հռոմում, օրինակ, Վեստա աստվածուհու պաշտամունքն այնքան մեծ էր, որ եթե նրա որևէ արդեն մահվան դատապարտված հանցագործի տանում էին մահապատժի և ճանապարհին պատահմամբ կարող էր նրանց ճանապարհը կտրել Վեստա աստվածուհու սպսաուհիների թափորը, այդ դատապարտյալը ազատվում էր մահապատժից։ Հին Հունաստանում բոլոր արքաներն ու հերոսները արշավանքներից առաջ այցելում էին տաճարներ և մեծ թվով կենդանիներ էին զոհաբերում ռազմի ու հաղթանակի աստվածներին, իսկ հաղթանակած զորավարները իրենց ռազմավարից մեծ բաժին էին հատկացնում սիրելի աստվածների տաճարներին։

Միջնադարում ուխտագնացությունը սկսեց ավելի մասսայական բնույթ կրել։ Դրանք խաչակրաց արշավանքներն էին դեպի Պաղեստին սելջուկներից ազատագրելու Հիսուս Քրիստոսի կյանքի հետ կապված սրբավայրերը։ Անշուշտ, դրանք խլեցին հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ Սակայն երբ 1192թ․ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասրտի և Եգիպտոսի Այուբյան գահակալ Սալահ ադ Դինի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, Եվրոպայից մեծաքանակ ուխտավորներ անարգել կարող էին գնալ Երուսաղեմ և այցելել տիրոջ գերեզման, անցնել Վիա-դոլորասայով (չարչարանքների ճանապարհ)։ Աշխարհի ամենախոշոր կրոնական կենտրոնի իրավունքը տրված է Երուսաղեմին։ Մյուս կրոնական կենտրոններից նա առավել ինքնատիպ է նրանով, որ այն միաժամանակ սուրբ է համարվում երեք կրոնների համար՝ հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի։

Հուդաիզմին հետևող հրեաների համար Երուսաղեմում կոնկրետ վայր չկա, ուր նրանք կայցելեին որպես ուխտավոր (մահտեսի)։ Նրանց համար սուրբ է ողջ քաղաքը։ Այնուհանդերձ ցանկացած հավատացյալի սրբազան պարտքն է աղոթել հռչակավոր Լացի պատի տակ։ Այս ավանդույթը գալիս մ․թ․70 թվականից, երբ հռոմեացիները ավերեցին քաղաքը և տաճարը։ Տասնյակ հազարավոր հրեաներ սպանվեցին, կենդանի մնացածներին քշեցին ստրկության, տաժանակրության, ով էլ ազատվեց՝ արտաքսվեց քաղաքից՝ մահվան սպառնալիքով արգելվելով վերադառնալ հայրենի քաղաք։ Հետագայում հատուկ ընտրյալներին հռոմեացիները թույլատրեցին կատարել դեպի այդ քաղաք ուխտագնացություն և ողբալ ավերակների վրա իրենց նախնիների մահը։ Մարդիկ իրենց աղոթքը կամ ուղերձը թղթի վրա գրելով դնում են պատի ճեղքերի մեջ և նոր հեռանում այդ վայրից։ Այս ձևը հասել է մինչև մեր օրեր։ Երուսաղեմ այցելող հուդայական ուխտավորները այցելում են նաև մեկ ուրիշ վշտի, ցավի ու մորմոքի վայր՝ Յադվաշեմ։ Սա Հոլոքոստի ժամանակ նացիստների կողմից սպանված 6 միլիոն հրեաների հիշատակի վայրն է։ Քրիստոնյաների համար Երուսաղեմը կապված է Հիսուսի Քրիստոսի երկրային կյանքի հետ։ Բազմահազար ուխտավորներ այցելում են այստեղ, որպեսզի քայլեն Փրկչի հետքերով։ Նրանց համար ամենակարևոր վայրը Տիրոջ գերեզմանի եկեղեցին է, ուր այցելելով խոնարհվում են սուրբ մասունքների առաջ, հատկապես կրաքարային այն սալի վրա, որին խաչից իջեցնելուց հետո դրել են Հիսուսի մարմինը և նախապատրաստել թաղման։ Հիսուս Քրիստոսն ինքն էր իր խաչը տանում դեպի Գողգոթա։ Զբոսաշրջության ամենաեռուն սեզոնը կապված է այս միջադեպի հետ։ Մեծ Պահքի Ավագ շաբաթի հինգշաբթի օրը հազարավոր քրիստոնյաներ աշխարհի տարբեր անկյուններից գալիս են Երուսաղեմ քայլելու Հիսուսի դատի վայրից դեպի Գողգոթա անցած ողջ ճանապարհով, ուր և խաչին բարձրացրեցին նրան երկու ավազակների հետ։ Այդ ճանապարհը կոչվում է Չարչարանքների ճանապարհ՝ Վիա դոլորասա։

Երուսաղեմից որոշ հեռավորության վրա են գտնվում Բեթղեհեմը, ուր ծնվել է Հիսուս Քրիստոսը, որի հենց կենտրոնում է գտնվում Հիսուսի ծննդյան տաճարը և Նազարեթը, որտեղ անցել են Հիսուսի հասունացման ու կայացման, հոգու ամրացման տարիները, ուր նա խաղաղեցնում էր Գալիլեական ծովի ալիքները։ Այս քաղաքի ձկնորսների մեջից էլ նա գտավ իր սիրելի աշակերտներին։ Մուսուլմանների համար ևս ուխտատեղի է Երուսաղեմ քաղաքը ու այնտեղ գտնվող Օմարի մզկիթը, որը կոչվում է նաև Ժայռի գմբեթ։ Սա մեր ժամանակներ հասած ամենահին մուսուլմանական շինությունն է։

7-րդ դարի վերջում, երբ արաբները գրավեցին Երուսաղեմը, այստեղ կառուցեցին ութանկյուն մզկիթ, որի գմբեթը խորհրդանշում էր Սուրբ լեռը, այդտեղից էր իբր թե Մուհամեդը համբարձվեց երկինք։ Մեքքայից ու Մեդինայից հետո Երուսաղեմը մուսուլմանների համար երրորդ սրբավայրն է։ Աշխարհի շատ վայրերում քրիստոնյաների համար սրբազան համարվող այլ վայրեր ևս կան։Դրանք ամենաշատը Եվրոպայում են (6000)։ Այսպես, ներկայիս եվրոպական հանրահայտ շատ քաղաքների տաճարներում են պահպանվում սուրբ մասունքներ, կապված Հիսուսի կյանքի վերջին մի քանի ժամվա տանջանքների ու չարչարանքների հետ։ Փարիզի Աստվածամոր տաճարում է պահվում Հիսուսի գլխին դրված հանրահայտ փշե պսակը, որն էլ գլխին դնելով՝ խաչեցին։ Խաչի մնացորդները պահվում են Հռոմում։ Թուրինում է պահպանվում հռչակավոր պատանքը, որը վուշի կտորի մի հատված է, որի վրա խաչից իջեցնելուց հետո դրել են Հիսուսի մարմինը։

Քրիստոնեական գլխավոր սրբավայրը խմբագրել

Սուրբ Պետրոսի տաճարը Վատիկանում խմբագրել

 
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար
 
Միքելանջելոյի «Ողբը» տաճարի ներսում

Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարը։ Հռոմի չորս բազիլիկներից մեկն է։ Կաթոլիկ եկեղեցու արարողությունների, սրբազան ծիսակատարությունների ու հանդիսությունների կենտրոնն է։ Տաճարի կենտրոնում հնում Ներոնի կրկեսի այգիներն էին։ Խորանը կառուցվել է հենց սուրբ Պետրոսի գերեզմանի վրա, որին 66 թ․-ին տանջալից մահվան ենթարկեցին Ներոնի կրկեսում։ Առաջին բազիլիկան կառուցվել է 324 թ․-ին Կոնստանտին կայսեր օրոք։ 800 թվականին Լևոն 3-րդ պապը այստեղ թագադրել է Կառլոս Մեծին։

15-րդ դարում, Նիկողայոս պապը որոշեց վերակառուցել այն, սակայն հիմնովին վերափոխման է ենթարկվել հատկապես Հուլիոս 2-րդ պապի օրոք։ Նա որոշում է հին բազիլիկայի տեղում կառուցել բոլորովին մի նոր և հսկա տաճար, որը պետք է խորհրդանշեր պապականության հեղինակությունն ու ազդեցությունը։ Այդ նպատակով պապը Հռոմ է հրավիրում ժամանակի հռչակավոր ճարտարապետներին ու քանդակագործներին՝ Բրամանտե, Ռաֆայել, Պերուջինո, Միքելանջելո։ Սկզբնապես ընդունվել էր Բրամանտեի նախագիծը, սակայն նրա մահից հետո Միքելանջելոն վերադարձավ կենտրոնագմբեթ եկեղեցիների դասական ձևին։

17-րդ դարում ճարտարապետ Մադերնոն շատ բան է փոխում արտաքինից։ Նա կառուցում է ճակատամասը և ստեղծում է ներկայիս հրապարակը։ Այն պետք է շատ մեծ լիներ, որտեղ պետք է տեղավորվեին հազարավոր հավատացյալներ աշխարհի տարբեր մասերից։ Մեծաքանակ այդ ուխտավորներին Վատիկան էր հասցնելու պապական սրբազան օրհնություն ստանալու բաղձանքը։ Ճակատամասի ողջ երկարությամբ տեղադրված են Բերնինիի հինգ մետր բարձրությամբ արձանները՝ Հիսուսի, Հովհաննես Մկրտչի և 11 առաքյալների պատկերներով։ Այստեղ է Ջոտտոյի հայտնի խճանկարը։ Առանձնահատուկ շքեղություն ունի տաճարի ինտերիերը։ Լինելով եռանավ բազիլիկա, ներսից այն ունի 211 մ երկարություն։ Կենտրոնական նավի վերջում սուրբ Պետրոսի բրոնզե արձանն է, որին հավատացյալները բազում հրաշքներ են վերագրում։ Ներսում ամենուր Բերնինիի քանդակներն են։ Ճարտարապետական գլուխգորոց է տաճարի գմբեթը, որը ներսից ունի 119 մ բարձրություն և հենվում է չորս հսկա կամարների վրա։ Տաճարի ներսում է գտնվում Միքելանջելոյի մարմարե գլուխգործոցը՝ Ողբը /Pieta/։ Ուխտավորներին Վատիկան է բերում նաև Սիքստինյան կապելլայի որմնանկարները, որոնք 15-րդ դարում նկարազարդել են Բոտտիչելլին, Պինտորիկիոն, Սինյորելլին, Գիրլանդայոն և Պերրուջինոն։ 1508-1512թթ․ Հուլիոս 2-րդ պապի հրավերով կապելլայի ողջ առաստաղը նկարազարդել է Միքելանջելոն, փոքր-ինչ ուշ հանճարեղ քանդակագործը ստեղծել է խորանի պատի հռչակավոր ֆրեսկոն՝ Ահեղ դատաստանի թեմայով։

Սանտյագո դե Կոմպոստելլա խմբագրել

 
Սանտյագո դե Կոմպոստելլա

Իսպանիայի հյուսիսում գտնվող եկեղեցի է, կառուցված 1075-1211թթ․։ Կրում է սուրբ Հակոբոսի անունը։ Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերից ու Վատիկանից հետո այս եկեղեցին իր նշանակությամբ երրորդ տեղում է քրիստոնյա ուխտավորների համար։ Ինքնատիպ է այն առումով, որ բոլոր հավատացյալները այստեղ են հասնում ոտքով։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Իսպանական և Ֆրանսիական օբյեկտների կազմում է դեպի այս եկեղեցին տանող 150 կմ երկարությամբ ճանապարհը, ձգված գեղեցիկ խաղողի այգիներով, փոքրիկ գյուղերով ու դաշտավայրերով, որոնց միջև տարբեր ժամանակներում ուխտավորները ստեղծել են բազմաթիվ փոքրիկ մատուռներ։ Եկեղեցին կառուցված է խիստ ռոմանական ոճի մեջ, սակայն 18-րդ դարում ճարտարապետները փոքր-ինչ թեթևացրել են այդ խստությունը։ Եկեղեցում է գտնվում սուրբ Հակոբոսի հսկա արծաթե արձանը, որը բոլոր այցելուները անպայման փորձում են համբուրել։

Ամեն տարվա հուլիսի 25-ը համարվում է սուրբ Հակոբոսի օր։ Այդ օրը ութ սարկավագներ հազարավոր հավատացյալների համար վառում են պարաններով կախված 54 կգ-անոց արծաթե բուրվառը և այն տարուբերում են հավաքված ուխտավորների վրա։ Եկեղեցում պահպանվում են նաև սուրբ Հակոբի ոսկորները։ Նրան տանջալից մահվան են ենթարկել արաբները և մարմինը դնելով լաստի վրա, գցել են բաց ծով։ Ալիքները այն հասցրել են Իսպանիայի ափեր։ 813 թ․-ին այն գտել է մի քահանա, իսկ հետագայում Ալֆոնս երկրորդը այդ վայրում կառուցել է տվել եկեղեցի։ Կոմպոստելլո նշանակում է մի վայր, որը իմաստավորվում է որպես աստղ։ Հետագայում սրբի կատարած հրաշքներից իսպանացիները շատ են խոսել։ Սուրբ Հակոբը ռեկոնկիստայի հովանավորն էր։ 997 թ․-ին խալիֆ Ալ Մանսուրը գրավում է քաղաքը, այն լիովին ավերում են, սակայն նրա հրամանով եկեղեցին պահպանվում է, քանի որ նա անձամբ մտել էր եկեղեցի և զրուցել այնտեղ մնացած մի ծեր քահանայի հետ, որը պահպանում էր սրբի մասունքները։ Ահա դրանից հետո խալիֆը հրամայում է իր զինվորներին չավերել այն։

Ուխտագնացությունը մուսուլմանական աշխարհում խմբագրել

Այս երևույթը մուսուլմանների մոտ Հաջ է կոչվում։ Շարժական է, կախված է լուսնային օրացույցից։ Գնում են միայն Մեքքա, ուր ծնվել է Մուհամեդը և Մեդինա, ուր մահացել է Մուհամեդը։ Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է գեթ մեկ անգամ իր կյանքի ընթացքում լինել այս սրբավայրերում։ Նրանք պարտավոր են հասնելու սրբազան Հիջրայի լիակատար տիրապետմանը այդ ուխտագնացության արդյունքում։ Այլ կրոնների հետևորդներին բացարձակապես արգելվում է լինել իսլամի սրբավայրերում։ Ի տարբերություն քրիստոնյաների, իսլամի հետևորդներին արգելված է ունենալ իրենց Աստծո՝ Ալլահի պատկերը։ Ոչ մի սրբապատկեր։ Չունեն նաև զանազան սրբերի պաշտամունք, հրաշագործ սրբապատկերներ։ Սա բերում է նրան, որ սրբազան վայրեր քիչ ունեն, հետևաբար քիչ են նաև ուխտատեղիները, որոնք կարող էին նպաստել տուրիզմի զարգացմանը, իրենց հետ բերելով մեծ շահույթներ։ Բառացի Իսլամ նշանակում է հնազանդություն Աստծուն։ Նրա հետևորդների հավատի խորհրդանիշը այսպես է հնչում՝ չկա աստված բացի Ալլահից և Մուհամեդը նրա հետևորդն է նրա։ Երկու տոն ունեն մուսուլմանները՝ Իդ ալ Ֆիտր (ուրազա բայրամ), որը թաթախման տոն է կոչվում և դուրս է հանում պասից հավատացյալներին Ռամադան ամսում։ Հաջորդը Իդ ալ Ադխան է (Կուրբան բայրամ), սա զոհաբերման տոն է, որդուն իրականացնում են հաջի ժամանակ։ Մուսուլմանները մեծ ակնածանքով են նշում նաև Մուհամեդի ծնունդը, նրա պայծառացման գիշերը և հզորության գիշերը։ Մեքքայից Մեդինա 300 կմ է։ Մեդինայում ուխտավորները բարձրանում են Ջաբալ ալ նուր լեռը, որի քարանձավներից մեկում Մուհամեդին առաջին տեսիլքն է եկել։ Ինչպես նաև այցելում են Ջաբալ ալ Թաուր լեռը, ուր Մուհամեդը թաքնվել է խալիֆներից։

Քաաբայի տաճարը խմբագրել

 
Քաաբայի տաճարը Մեքքայում

Գտնվում է Մեքքայում, ուր տարեկան երկու միլիոն հավատացյալ ուխտավորներ են այցելում։ Ամենամեծ մզկիթը Հարամ Բեյթ Ուլլախն է, որտեղ և կանգնեցված է հռչակավոր Քաաբա սրբավայրը։ Անունը կապված է շինության ճարտարապետական տեսքի հետ։ Նման է կուբի՝ քառանկյան։ Սակայն իրականում ուղղանկյուն է։ Կառուցված է մոխրագույն քարերից մարմարի հիմքի վրա։Նրա չորս անկյունները կոչվում են՝ կարմիր, սիրիական, եմենյան և սև։ Վերջինիս մոտ է հանրահայտ սև քարը, որը բոլոր ուխտավորները համբուրում են, փորձում ձեռքով դիպչել։ Այն հավանաբար մետեորիտային ծագման քար է, որի երեք կողմերը արծաթապատել են։ Քաաբայի տաճարը ողջ տարին ծածկված է լինում սև, բայց ոսկեթել նախշերով պատված ծածկոցով, որը պատրաստում են Եգիպտոսում։ Ուխտագնացային սեզոնին այն ծածկում են սպիտակ ծածկոցով, իսկ երբ ավարտվում է ուխտագնացային սեզոնը, հինը հանում են, կտրատում են ու բաժանում հազարավոր ուխտագնացներին, և գցում են նմանատիպ ոսկեթել արաբանախշերով նոր ծածկոց։

Մուսուլմանների համար երրորդ գլխավոր սրբավայրը Ժայռի գմբեթն է Երուսաղեմում, հայտնի է նաև Օմարի մզկիթ անունով։ Այն գտնվում է Մորիա լեռան վրա Սողոմոն արքայի կառուցած տաճարի տեղում։ Այս վայրը սուրբ է թե մուսուլմանների, թե քրիստոնյաների և թե հուդայականների համար, քանի որ ըստ Հին կտակարանի այստեղ էր Աբրահամը պատրաստվում Աստծուն զոհաբերել իր միակ որդուն։

Բուդդայական սրբավայրեր խմբագրել

Բուդդիզմի էության մեջ չկան մասսայական ուխտագնացություւներ, ինչպես դա անում են քրիստոնյաները և մուսուլմանները։ Նրանց մոտ այլ բան գոյություն ունի, որն ավելի փիլիսոփայական բնույթ է կրում։ Բոլոր բուդդայակաները կատարում են այսպես կոչված անհատական ճամփորդություններ, դրանով նրանք ձգտում են հասնել խոր հոգեկան կատարելության։ Բուդդայականության հիմնադիր Գաուտամա Սիդհարթհա Բուդդան ապրել և մեռել է Գանգես գետի հովտում, որտեղ էլ կան հավատացյալների համար սուրբ վայրեր։ Հատկանշական է Վարանասին, որտեղ արդեն պայծառացած Բուդդան կարդացել է իր առաջին քարոզը։ Սակայն այս կրոնի պաշտամունքային խոշորագույն քաղաքը դա Լհասան է՝ Տիբեթում։ Այստեղ է գտնվում Դալայ Լամայի բուդդայական տաճարը և պալատը՝ նրա նստավայրը, հռչակավոր Պոտալի պալատը։

Դալայ Լաման հանդիսանում է համայն բուդդայական աշխարհի հոգևոր առաջնորդը։ Պոտալի պալատը, որը կառուցվել է 13-րդ դարում, տասներեք հարկանի շինություն է։ Նրա ներսում կան 10 հազար սրբություններ և 20 հազար արձաններ։ Այնտեղ պահվող ոսկե և արծաթե իրերը տոննաներով են։ Խոնարհման ու մեծարման կենտրոններ են դարձել նաև բազմաթիվ տաճարներ, ուր դրված են Բուդդայի արձաններ զանազան դիրքերով, որոցում նա ցուցադրում է ռիտուալ արարողություններ և նրա յուրաքանչյուր դիրքը, ձեռքերի ժեստերը համապատասխանում է որևէ փիլիսոփայական մտքի հետ կամ էլ նրա կյանքի որևէ փուլի հետ։ Բուդդայական սրբավայրերի մեջ մեծ հռչակ ունի նաև ճապոնական Նարա քաղաքը, որի տաճարում է գտնվում ամենամեծ Բուդդայի արձանը Ճապոնիայում։ Շրի Լանկայի Կանդի քաղաքում է գտնվում Ատամի տաճարը, որտեղ ուխտավորներին է ձգում այնտեղ որպես մասունք պահվող Բուդդայի ատամներից մեկը։

Բորոբուդոր խմբագրել

 
Բորուբուդուրի տաճարը Ճավա կղզում

Աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարն է։ Գտնվում է Ինդոնեզիայի Ճավա կղզում։ Դա հռչակավոր և չափազանց գեղեցիկ Բորոբուդոր տաճարն է, որը նշանակում է "Շատ Բուդդաներ"։ Այստեղ այցելուների թիվը ամենաշատն է։ Սա ճարտարապետական մի հսկա գլուխգործոց է, արտաքինից աստիճանաձև հսկա ժայռ (ստուպա), ուր հավատացյալները հասնում են ներքևց վերև, աստիճաններով։ Շինությունն ինքնին բուրգի տեսք ունի, որի գագաթ հասնում են մի քանի ժամում, սանդղավանդներով, ողջ ճանապարհին վայելելով Բուդդայի կյանքն ու գործունեությունը պատկերող որմնաքանդակները։ Վերջին սանդղավանդի՝ հինգերորդի վրա կառուցված է ևս երեք, սակայն ոչ քառակուսի, այլ շրջանաձև սանդղավանդներ, որոնց վրա տեղադրված են մեծ դագոբաներ՝ ցանցավոր քարե զանգեր՝ 72 հատ։ Դրանց յուրաքանչյուրի ներսում դրված է նստած Բուդդայի արձան, ձեռքի տարբեր շարժումներով։

Հատկանշական է այն փաստը, որ բոլոր ուխտավորները անպայման փորձում են ցանցերի արանքով ձեռքները պարզել ու կպչել Բուդդային, այդ դեպքում նրանց ցանկությունները ըստ ուսմունքի ի կատար կածվեն։ Ամեն սանդղավանդը անցնելով, բուդդայական ուխտավորը անցնում է հոգեկան անդորրի հերթական փուլերից մեկով։ Բորոբուդորն ավարտվում է կենտրոնական մեծ աշտարակով, որի գագաթին դրված է Բուդդայի չորս մետրանոց արձանը, ահա այստեղ հասնելով ուխտավորները հասնում են նիրվանայի՝ հոգու լիակատար կատարելության։ Բորոբուդորի կառուցմանը մասնակցել են տասնյակ հազարավոր բանվորներ, քարտաշ վարպետներ, քանդակագործներ և նկարիչներ։ Նրանք աշխատել են տասնյակ տարիներ, որպեսզի կտրեն, տաշեն, տեղափոխեն ու շարեն երկու միլիոն խորանարդ մետր անդեզիտ տեսակի քար, փորագրեն Բուդդայի 504 արձան, մոտ 3 հազար քառակուսի մետր մակերեսով պատերը ծածկեն 1460 հարթաքանդակներով։

Ճարտարապետական այս գլուխգործոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային մշակութային ժառանգության մեջ է մտել 1982 թ․-ին, ավելին, դարերի ընթացքում այն սկսել էին կործանել խոնավությունն ու մերձարևադարձային մամուռները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցներից հատկացվեցին զգալի գումարներ՝ այն ոչնչացումից փրկելու համար։


Բորուբուդուրի տաճարի համայնապատկերը


Աղբյուրներ խմբագրել

  • Глушко, Основы туризма
  • Бабкин, Специалные виды туризма