Ոչ արտադրական ոլորտ

Ոչ արտադրական ոլորտ, ժողովրդական տնտեսության ճյուղերի ամբողջություն, որտեղ իրագործվում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունն ու սպառումը, ստեղծվում հոգևոր արժեքներ ու կատարվում սոցիալ-կուլտուրական ծառայություններ։ ԱՍՀՄ ԿՎՎ-ն և Պետպլանը ոչ արտադրական ոլորտին վերագրում են բնակարանային-կոմունալ տնտեսությունը և բնակչության կենցաղսպասարկումը (ոչ արտադրական բնույթի), մարդատար տրանսպորտը, կապը (Ոչ արտադրական ոլորտին և բնակչությանը սպասարկող), առողջապահությունը, ֆիզկուլտուրան և սոցիալական ապահովությունը, լուսավորությունը, մշակույթը, արվեստը, գիտությունը և գիտ. սպասարկումը, վարկավորումը և պետ․ ապահովագրությունը, կառավարումը, հասարակական կազմակերպությունները։ Այս ոլորտում հիմնականում աշխատանքը (բժշկի, ուսուցչի,արտիստի, պետական ապարատի աշխատողների ևն) հանդես է գալիս ծառայությունների ձևով, որոնց կատարումն ու սպառումը տեղի են ունենում միաժամանակ, իսկ հոգևոր արժեքների ստեղծման պրոցեսում աշխատանքը (նկարչի,քանդակագործի, գրողի ևն) ստանում է «առարկայական» ձև, և դրանց իրականացումն ու սպառումը չեն համընկնում։ Ոչ արտադրական ոլորտում աշխատանքի պրոցեսը, հետևանքի տեսակետից, արտադրություն չէ, ուստի օգտագործվող նյութական միջոցներն էլ արտադրության միջոցներ չեն, այլ սպառման առարկաներ։ Ծախսված աշխատանքով մեծանում է հասարակության սպառման ընդհանուր ծավալը, բայց ոչ ազգային եկամուտը, որովհետև այն անարտադրողական է և նյութական արդյունք, արժեք չի ստեղծում։ Ոլորտը գործում է նյութական արտադրության մեջ ստեղծված ազգային եկամտի վերաբաշխման հաշվին, արտադրությունը դրան տալիս է գործունեության նյութական միջոցներ (շենքեր, գործիքներ, մեքենաներ, նյութեր) ու սպառման առարկաներ (սնունդ, հագուստ)։ Սոցիալիստական երկրներում ոչ արտադրական ոլորտն ընդհատ ընդլայնվում է, որը պայմանավորված է նյութական արտադրության զարգացման հնարավորություններով, աշխատավորների բարեկեցության բարձրացման և անհատի համակողմանի զարգացման խնդիրներով։ Կապիտալիստական երկրներում ոչ արտադրական ոլորտի զարգացման մակարդակը ոչ միայն արտադրողական ուժերի կատարելագործման, այլև պորտաբուծության աճի հետևանք է խիստ ուռճանում են առևտուրը, վարկը, ֆինանսները, ռազմաբյուրոկրատական ապարատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 618 CC-BY-SA-icon-80x15.png