Ոչնչացնել քաղաքն այն փրկելու համար

«Ոչնչացնել քաղաքն այն փրկելու համար» (այլ տարբերակ՝ «ոչնչացնել գյուղն այն փրկելու համար»), Վիետնամի պատերազմի (1965-1973) ամենահայտնի արտահայտություններից մեկը։ Պատերազմի տարիներին այն լայնորեն օգտագործվել է ամերիկացի լրագրողների կողմից տարբեր հոդվածներում։ Հաճախակի օգտագործման պատճառով այս արտահայտության բնօրինակը և դրա սկզբնաղբյուրը դժվար է որոշել։

Բենչե պրովինցիան ժամանակակից Վիետնամի քարտեզի վրա

Ծագում խմբագրել

1968 թվականի հունվարի 30-31-ին Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատը սկսեց իր առաջին ռազմավարական հարձակումը՝ գրոհելով երկրի ամբողջ տարածքում գտնվող քաղաքներն ու ռազմավարական օբյեկտները։ Վիետնամի պատմության մեջ այս հարձակումը անվանվեց «Թեթի հարձակում»։

Հարձակման օբյեկտներից էր Բենչե ոչ մեծ քաղաքը (այժմյան Բենչե համանուն նահանգի մայրաքաղաքը), որը գտնվում է Սայգոնից հարավ՝ Մեկոնգ գետի դելտայում։ Հարձակման արդյունքում քաղաքն այս կամ այն չափով անցավ Հարավային Վիետնամի ազատագրման ազգային ճակատի վերահսկողության տակ։ ԱՄՆ-ի 9-րդ հետևակային դիվիզիայի ուժերը ավիացիայի և հրետանու աջակցությամբ հակառակորդի հետ մտան մարտի և կարողացան նրանց դուրս քշել քաղաքից։ Մարտական գործողությունների արդյունքում Բենչեի բազմաթիվ տներ վնասվեցին կամ ավերվեցին։

1968 թվականի փետրվարի 7-ին «Ասսոշեյթեդ պրես»-ի թղթակից Փիթեր Արնեթը (հետագայում լայն ճանաչում ստացավ Իրաքում 1991 և 2003 թվականներին մարտական գործողությունների լուսաբանման արդյունքում) գործակալության սայգոնյան գրասենյակ գրություն ուղարկեց Բենչեի ճակատամարտի մասին։ Գրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ ոմն ամերիկացի մայոր, որի անունը Արնեթը կտրականապես հրաժարվել է հրապարակել, հայտարարել է. «Անհրաժեշտ էր ոչնչացնել քաղաքն այն փրկելու համար» (անգլ.՝ It became necessary to destroy the town to save it)[1]: Արտահայտությունն իսկական սենսացիա առաջացրեց ԱՄՆ-ում, կիրառվեց նաև այլ լրատվամիջոցների կողմից և բազմիցս մեջբերվեց, այդ թվում՝ նաև Վիետնամում ամերիկյան քաղաքականության անհեթեթության ենթատեքստում։

Արժանահավատություն խմբագրել

Որոշ աղբյուրներ կասկածի տակ են դրել արտահայտության ճշմարիտ լինելու փաստը, մասնավորապես, այն պատճառով, որ Արնեթը չի հրապարակել արտահայտության հեղինակ մայորի անունը։ «Նյու Ռիփաբլիք» թերթը արտահայտությունը վերագրել է մայոր Չեսթեր Բրաունին, որը ճակատամարտի ժամանակ պատասխանատու էր հրետանային և ավիացիոն աջակցության համար[2]։ Սակայն, ինչպես վկայում է նախկին կապիտան Մայքլ Միլլերը, որը ծառայում էր ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսում և «Թեթի հարձակում» օպերացիայի ժամանակ գտնվում էր Ռատ-Քիեն քաղաքում (Բենչեի հարևանությամբ գտնվող քաղաք), արտահայտությունը հավաստի է և ասվել է բոլորովին այլ մարդու կողմից։ Ըստ Միլլերի՝ Բենչեի համար մղած մարտերից հետո 9-րդ հետևակային դիվիզիայի 39-րդ գումարտակում լրագրողների համար ասուլիս է տեղի ունեցել։ Այդ ասուլիսը վարում էր գումարտակի՝ հասարակության հետ կապի բաժնի պետ մայոր Բուրիսը։ Միլլերը հիշում է, որ հավաքված լրագրողները մշտապես բարձրացնում էին Բենչեում ավերածությունների թեման ԱՄՆ ուժերի կողմից կրակային ուժի կիրառման համապատասխանության համատեքստում։ Փորձելով զսպել լրագրողների ճնշումը՝ Բուրիսը, ի վերջո, անզգուշորեն հայտարարել է. «Մենք ստիպված էինք ոչնչացնել Բենչեն, որպեսզի փրկենք այն»։ Զրույցի ընթացքում անմիջապես միջամտել է գումարտակի հրամանատար փոխգնդապետ Դելյուկան և զրույցը հաջողությամբ հասցրել ավարտին[3]։

Հետաքրքիր է նշել, որ «Լոս Անջելես Թայմսի» թղթակից Ուիլյամ Թոուհին (անգլ.՝ Tuohy) մարտից մի քանի շաբաթ անց գրել է, որ մարտերի արդյունքում քաղաքը ավերվել է 25%-ով, այլ ոչ թե 80%-ով, ինչպես նախկինում հաղորդվել է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Tet Offensive | Ashbrook
  2. 2,0 2,1 «Accuracy In Media - AIM Report». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել