Ոգի, փիլիսոփայական հասկացություն, որը, մատերիալիստական մեկնաբանությամբ, ընդգրկում է գիտակցությունն իր տարբեր դրսևորումներով, որոնք կազմում են հոգևոր կյանքի տարբեր ոլորտները, մարդու անհատական հոգևոր կյանքը՝ նրա գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, իդեալականի բնագավառը՝ որպես ընդհանրապես հոգեկանի ձևեր, և հասարակության հոգևոր կյանքը՝ հասարակական գիտակցության ձևերը։ Մասնավոր դեպքերում ոգին այն բարոյական, գեղագիտական, ճանաչողական, սոցիալական և այլ գաղափարներն ու իդեալներն է, որոնք իմաստավորում են հասարակական կեցությունը, այս առումով խոսում են «ժողովրդի ոգու», «ժամանակի ոգու», «ազատության ոգու» մասին և այլն։ Փիլիսոփայության պատմության մեջ «Ոգի» հասկացությունը ընդհանրացվել է որպես այն ամենի կրողը, ինչ օրինաչափ, նպատակադիր բնույթ է տալիս աշխարհի երևույթներին՝ «շնչավորում է» անկենդան բնությունը, այդպիսին է նուսը։ Օբյեկտիվ իդեալիզմը բացարձակացնում է բնության այդ ակտիվ օրինաչափ, նպատակադիր կողմը՝ ոգուն հռչակելով «մեռյալ» բնության նկատմամբ առաջնային։ Գերմանական փիլիսոփայական ավանդույթի մեջ առանձնացվում են, ի տարբերություն բնության փիլիսոփայության և բնագիտության, ոգու փիլիսոփայությունը և ոգու մասին գիտությունները՝ նկատի ունենալով մարդու հոգևոր զարգացման և հասարակության պատմությունը, մշակույթի ոլորտը։ Կրոնի մեջ և կրոնափիլիսոփայական ուսմունքներում ոգին, ըստ էության, մարմնից անջատված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված հոգին է՝ ի հակադրություն մարմնի, որը «հողեղեն» է՝ օժտված հարաբերական, անցողիկ, անիսկական գոյությամբ։

Ոգիներ
Ջին, հին-ասորական քարե ռելիեֆ
Տեսակreligious concept? և փիլիսոփայական հասկացություն
ԵնթատեսակՍուբստանց
Երևի համընկնում էՀոգի

Ծագում

խմբագրել

Ոգիների պաշտամունքը ծագել է նախնադարյան հասարակարգում և հետագայում դարձել կրոն, հավատքների բաղադրատարր։ Ոգիների մասին դատողություններն ու պատկերացումները սովորաբար առասպելաբանական են և չեն ենթարկվում տրամաբանության օրենքներին։ Որոշ ժողովուրդների, այդ թվում հին հայերի հավատքում, ոգիներն համարվել են չար՝ այսինքն մարդուն վնասող և բարի՝ մարդուն օգնող, հովանավորող։ Ոգիների մասին հին հավատքը պահպանվել է ժողովրդական ավանդազրույցներում, դրանց միջոցով՝ նաև գրականության և կերպարվեստի մեջ։

Ոգի հասկացությունը որպես անիրական (ոչ նյութական) մատերիա

խմբագրել

Ոգին ըստ էության, մարմնից անջատված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված մարդկային հոգին է։ Ի հակադրություն, իրական մատերիայի (մարդկային մարմնի) հետ սերտ կապակցված հոգու՝ ոգին զուտ վերացական, ոչ նյութական՝ այսինքն անիրական մատերիական որակ է։ Ոգին իր գոյության ընթացքում՝ ի տարբերություն հոգեկանի, ըստ իր բնութագրական էությունների փոփոխություն չի կրում և մնում է այնպիսին՝ ինչպիսին անջատվել է մահացած մարմնից։ 

Ըստ հին կրոնական և ժողովրդական հավատալիքների՝ ոչ նյութական մատերիական գոյացություններ համարվող ոգիական էությունները, երկար ժամանակ (մոտ 3 օր) գտնվում են իրենց նախատիպի՝ տվյալ հոգին կրողի (իրական մատերիական մարդ անհատի) մահացած մարմնի բիոէներգետիկ դաշտում և միայն այդ անորոշ անցումային (ինկուբացիոն) ժամանակահատվածը հաղթահարելուց հետո վերջնական անջատվում են նրանից և սկսում իրենց ինքնուրույն գոյությունը անիրական մատերիայում կամ այսպես կոչված «հանդերձյալ աշխարհում»։ Ոգիական անիրական մատերիական գոյացությունների որոշ ձևեր՝ հատկապես ինքնասպանություն գործած, կամ իրական մատերաիական կյանքում իրենց հոգուն հարազատ հույժ կարևոր գործեր կիսատ թողած անհատների ոգիական էությունները, դժվարությամբ են կտրվում իրական մատերիական աշխարհից և համակերպվում անիրական մատերիական աշխարհին։ Այդպիսի ոգիական գոյացություններին ժողովրդական մեկնաբանությամբ անվանում են ուրվականներ, որոնք համարվում են իրենց կենդանի տոհմակիցների հովանավորներն ու աջակիցները, իսկ եթե չեն արժանացել ապրողների կարեկցանքին ու ողորմածությանը՝ հանդես են գալիս որպես վրեժխնդիր ու պատժող ուժեր։ Մարդկային հին կրոնական հավատալիքներում (բուդաիզմ, մազդեականություն, հուդաիզմ և այլն) ոգիական ոչ նյութական գոյացությունները կոչվել են «ֆրավաշիներ», որոնք հանդիսանում էին մեռած մարդկանց հոգիների ոչ նյութական կրողները և նրանց շարունակողները հանդերձյալ աշխարհում, ու անհուն, մեծաքանակ բազմություն էին կազմում այդ անիրական մատերիայում։

Փիլիսոփայության մեջ այն բոլոր ուսմունքներին, որոնք սուբստանց են համարում հոգևորի շարունակություն համարվող ոգեղենի գոյությունը, ընդունված է կոչել սպիրիտուալիզմ։ Սպիրիտուալիզմը որպես փիլիսոփայական տերմին առաջին անգամ օգտագործել է Վ. Կուզենը, հետագայում Սպիրիտուալիստական են կոչվել XIX-XXդ.դ. ֆրանսիական և իտալական փիլիսոփայության մի շարք ուղղություններ։ Ըստ էության Սպիրիտուալիստական են նաև Պլատոնի, Գ. Լայբնիցի, Ջ. Բերկլերի և ուրիշների փիլիսոփայական պատկերացումները անիրական մատերիայի մասին։

Չար ոգիներ

խմբագրել

Չարադևերից Խուժք ու Դրուժք կոչվողները համարվել են արդարության թշնամիներ, խառնակիչներ, խաբեբաներ ու մատնիչներ, այստեղից էլ առաջացել են խուժադուժ, խուժան, դրուժան, դժնի, դժնդակ և այլ արտահայտություններ։ Թուխք կամ Տուխս կոչվածները դիտվել են խոր խավարում բնակվող կույր չարադևեր։ Շիդարք կոչվածները իբր կուրացրել են մարդու միտքն ու բանականությունը։ Ըստ զրույցի, դրանք են խելահեղել և Մասսի վիհում բանտարկել որսի ելած Արտավազդ արքային։ Չարադևերից հիշվում են նաև Վշտիկը, Գիշերակին, ով իբր վնասում է ճանճի կերպարանքով, Այսը՝ ով վնասում է հիվանդաբեր քամիների ձևով, Սիրադևը, Պարառու դևը և այլն։ Չար ոգիների կարգն են դասվել Սատանան, ճիվաղը, ով փցուն, այլանդակ և շահամոլ ոգի է, Թպղան՝ չար ու ահարկու ոգի, Խիպիլիկը կամ Խըպիլիկը՝ քնածներին ճնշող, տանջող և մղձավանջի մատնող ոգի, Ալը կամ Ալքը, ով հափշտակում էր նորածիններին և այլն։ Հոգեառ ոգին կոչվել է Գրող, Կրող կամ Առնակ։ Բարու կերպարանքով քողարկվող, խաբեությամբ կործանող ոգուն անվանել են Նեռ։

Բարի ոգիներ

խմբագրել

Հայոց մեջ բարի ոգիներին անվանել են քաջքեր, ուրվականներ, հավերժահարսներ, հրեշտակներ և այլն։ Քաջքերը ներկայացվել են որպես լեռնաբնակներ, արդարության պաշտպաններ, խիզախ պատերազմողներ, նաև գինեմոլներ, ահարկու պատժողներ, բերք հափշտակողներ։ «Քաջ» կամ «քաջք» անունով են կերտվել հին հայկական մի շարք տեղանուններ, որոնցից են Քաջավազ դաշտ, Քաջաքար լեռ, Քաջբերունիք գավառ, Քաջաց քաղաք, Քաջատուն ավան և այլն։ Ննջեցյալների ոգիներն՝ ուրվականները, համարվել են իրենց կենդանի տոհմակիցների հովանավորողներն ու աջակցողները, իսկ եթե չեն արժանացել ապրողների կարեկցանքին ու ողորմածությանը՝ վրեժխնդիր ու պատժող ուժեր։ Ուրվականների սրբազան խորհրդանիշը համարվել է Ուրուն, իսկ էգը՝ Ուհի կամ Ուրհի։ Վերջինս հայկական մի շարք անվանումների հետ արտահայտում է իգականություն (դիցուհի, աստվածուհի, սրբուհի, թագուհի և այլն)։ Բարի ոգիների բարեհաճությունը շահելու համար կատարվել են հմայական արարողություններ։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 607