Շրեշ հրաշալի

բույսերի տեսակ
(Վերահղված է Շրեշ ուշագրավից)
Շրեշ հրաշալի
Շրեշ հրաշալի
Շրեշ հրաշալի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Asphodelaceae
Ենթաընտանիք Թաղաղլուայիններ (Asphodeloideae)
Ցեղ Շրեշ (Eremurus)
Տեսակ Շրեշ հրաշալի (E. spectabilis)
Միջազգային անվանում
Eremurus spectabilis

Շրեշ հրաշալի (լատին․՝ Eremurus spectabilis), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող չափազանց գեղեցիկ բազմամյա արմատապալարավոր ծաղկաբույս, որն ունի մինչև 1,5 մ բարձրություն։

Նկարագրություն խմբագրել

50-120 սմ բարձրությամբ, կարճ կոճղարմատով (որի վրա աստղաձև դասավորված են հաստ իլիկաձև պալարանման արմատները), բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ Արմատավզիկը ծածկված է չորացած տերևների թաղանթային մնացորդներով։ Արմատամերձ վարդակ կազմող տերևները երկար են, լայն-գծային, մսալի և սրածայր։ Երկար ծաղկասլաքի գագաթին առաջանում է 40-60 սմ երկարությամբ հասնող խիտ բազմածաղիկ ծաղկաբույլը։ Երկար ծաղկակոթեր և նարնջագույն փոշանոթներ ունեցող պարզ ծաղկապատով ծաղիկները դեղնավուն են։ Առէջները կրկնակի երկար են ծաղկապատի 6 երկարավուն-գծային թերթիկներից։ Մանր եռանիստ սերմերով պտուղը գնդաձև և եռաբույն կնճռոտ տուփիկ է[1]։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Արմատները մսալի են, իլիկաձև հաստացած։ Արմատամերձ տերևները թեքությամբ դեպի վեր են ուղղված, մերկ են, ցողունից զգալիորեն կարճ։ Բազմանում են սերմերով, արմատապալարներով[2]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ժայռերի վրա, թփուտներում։ Տարածված է Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում[1], ինչպես նաև՝ Կովկասում, Միջին Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Հայաստանի հանրապետությունում վայրի վիճակում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում[2]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի արմատները, որոնց մեջ կուտակվում է էրեմուրան պոլիսախարիդը։ Վիտամիններով հարուստ երիտասարդ տերևներն եփած կամ տապակած վիճակում օգտագործում են որպես սնունդ[1]։

Շրեշն ունի ծածկող, պարուրող հատկություն։ Արմատներում պարունակում է մինչև 5% դեկստին և արաբինյան թթվի կրային աղեր։ Տերևները պարունակում են 84,9 միլիգրամ-տոկոս վիտամին C։ Լորձունքահյութը օգտագործվում են որպես սոսինձ։ Օգտագործվում է որպես տերևաբանջար, որը վաղ գարնանը մեծ չափերով հավաքվում է բնակչության կողմից։ Չնայած այս բույսի պաշարները զգալի են, սակայն բազմակողմանի ու մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետությունից տեսակի լրիվ անհետացմանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
  2. 2,0 2,1 2,2 Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրեշ հրաշալի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրեշ հրաշալի» հոդվածին։