Շվեյցարական ժամացույց

Շվեյցարական ժամացույց (գերմ.՝ Schweizer Uhr, ֆր.՝ Montre suisse, իտալ.՝ Orologio svizzero, անգլ.՝ Swiss watch), ապրանքանիշ՝ սահմանված շվեյցարական 232.119 օրենքով[1], որը ներառում է ոչ միայն «Շվեյցարական ժամացույց» հասկացության սահմանումը, այլ նաև «Swiss Made» (Պատրաստված է Շվեյցարիայում), «Swiss» (Շվեյցարական), «Swiss movement» (Շվեյցարական ժամացույցի մեխանիզմ) և այլ նշագրերի օգտագործման կանոնները։ Ժամացույցները շվեյցարական կարող են համարվել միայն հետևյալ պահանջները բավարարելու դեպքում. եթե դրանց մեխանիզմն արտադրված է Շվեյցարիայում, մեխանիզմը ժամացույցի տուփի մեջ տեղադրվել է Շվեյցարիայի տարածքում, ժամացույցի մեխանիզմը վերջնական ստուգում է անցել Շվեյցարիայի տարածքում։ Որպեսզի ժամացույցի մեխանիզմը շվեյցարական կոչվելու իրավունք ստանա, անհրաժեշտ է, որ այն հավաքված լինի Շվեյցարիայում, ստուգված լինի շվեյցարական արտադրողի կողմից, ժամացույցի մեխանիզմում շվեյցարական մասերը լինեն առնվազն 50 %-ը։

Swiss Watch
Կապված ապրանքանիշերSwiss Made
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԿայքՇվեյցարիայի կառավարության կայք

ՊատմությունԽմբագրել

Շվեյցարիայում ժամագործ վարպետները հայտնվել են Ֆրանսիայում բողոքականների և կաթոլիկների կրոնական դիմակայության պատճառով[2]։ 16-րդ դարում Ֆրանսիան ժամացույցների համաշխարհային արդյունաբերությունում առաջատար դիրք էր զբաղեցնում, այնտեղ հորինվում և արտադրվում էին լավագույն ժամացույցները։ Սակայն այնպես պատահեց, որ ժամագործների, մեխանիկների ու ոսկերիչների մեծ մասը բողոքականներ էին։ Այդ պատճառով էլ, երբ սկսվեցին կրոնական պատերազմները, նրանցից շատերն արտագաղթեցին այլ երկրներ, այդ թվում նաև հարևան Շվեյցարիա, որտեղ նրանք ապաստան ստացան։ Այդպիսով՝ 16-րդ դարի վերջին Շվեյցարիան դարձավ ժամացույցների արտադրության կենտրոններից մեկը[3]։

1601 թվականին Ժնևում ժամագործներն ստեղծել են ժամագործների արտադրամաս և առաջին անգամ ներկայացրել են իրենց արտադրանքը պիտակավորելու կանոնները, ինչպես նաև հաստատել են ժամացույցների պատրաստման վարպետության ուսուցման ընթացքը, որպեսզի հստակ սահմանվի, թե ում կարելի է ժամագործ վարպետ համարել[4]։ 18-րդ դարում Ժնևում ժամագործների մրցակցությունը շատ ուժեղացել է, և բազմաթիվ վարպետներ սկսել են տեղափոխվել հարևան կանտոն՝ Նևշատել։ Այնտեղ գործում էին ժամացույցների պիտակավորման այլ կանոններ, ոչ այնպիսին, ինչպիսին Ժնևում էր, բայց յուրաքանչյուր վարպետ, որպես կանոն, ժամացույցի մեջ նշում էր ոչ միայն իր անումը, այլ նաև արտադրության վայրը[5]։

 
Շվեյցարական ժամացույցները 18-20-րդ դարերում, Պատմության և արվեստի թանգարան, Նևշատել, Շվեյցարիա

19-րդ դարում ԱՄՆ-ում սկսվել են արտադրվել մեծ քանակությամբ ոչ թանկարժեք ժամացույցներ։ Ի տարբերություն Շվեյցարական ժամացույցների արդյունաբերությանը՝ ԱՄՆ-ում ժամացույցներն արտադրում էին մեքենայացված մեծ մանուֆակտուրաներում՝ օգտագործելով միասնականացված մասեր, ինչը հնարավորություն էր տալիս ժամացույցի ինքնարժեքն զգալիորեն նվազեցնել[6]։ Շվեյցարական ժամագործները որոշում են ամերիկացի արտադրողների դեմ ոչ թե պայքարել նրանց մեթոդներով, այլ գնալ իրենց ճանապարհով։ Այդ պահից սկսած ամբողջ աշխարհում սկսվում է զանգվածային գովազդային արշավ, որն ուշադրությունը կենտրոնացնում էր Շվեյցարիայում արտադրվող ժամացույցների որակի ու ճշգրտության վրա։ Դա շվեյցարական ժամացույցների արդյունաբերությանը հնարավություն է տալիս ժամացույցների համաշխարհային շուկայում պահպանել առաջատար դիրքը։ Սակայն առաջանում է հատուկ պիտակավորման կարիք, որը հնարավորություն կտար շվեյցարական ժամացույցները միանշանակ տարբերել մյուս ժամացույցներից։ Երբեմն այդ նպատակով օգտագործվում էր «Ժամանակաչափ» պիտակավորումը, որը պետք է խորհրդանշեր շվեյցարական ժամացույցների ճշգրտությունը[5]։

Հաշվի առնելով մեծ պահանջարկն ինչպես ժամացույցներ արտադրողների, այնպես էլ գնորդների շրջանում՝ Շվեյցարիայի կառավարությունը 1880 թվականին ներկայացրել է ապրանքանիշների պաշտպանության մասին դաշնային օրենքը։ 1880 թվականի ապրիլի 16-ը «Swiss Made» պիտակի ծնունդն է, քանի որ այդ օրը բազմաթիվ ընկերություններ Բեռնում գրանցել են իրենց ապրանքանիշները՝ համաձայն նոր օրենքի։ Քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ի հետ շարունակվում էր մրցակցությունը, «Swiss Made» պիտակն ստեղծվել է հենց անգլերեն[7]։

1971 թվականի դեկտեմբերի 23-ին Դաշնային խորհուրդը վերանայել է գոյություն ունեցող օրենսդրությունը և հաստատել 232.119 նոր օրենքը[8], որում տրվում է «Swiss Watch» (Շվեյցարական ժամացույցներ) ապրանքանիշի սահմանումը, ինչպես նաև սահմանվում են այն պայմանները, որոնց բավարարման դեպքում արտադրողը կարող է ժամացույցներին կցել «Swiss Made» պիտակը[9]։ 2016 թվականին գործող օրենքը 1992 թվականի օրենքի խմբագրումն է[9]։

Պիտակավորումը շվեյցարական ժամացույցներումԽմբագրել

Ժամացույցների «Swiss Made» պիտակը ցույց է տալիս, որ դրանք արտադրվել են Շվեյցարիայում։ Սակայն Շվեյցարիայում շատ հայտնի ժամացույցների բրենդներ, այնուամենայնիվ, ամբողջովին արտադրվել են Շվեյցարիայում, որպեսզի ապահովեն տեխնոլոգիական բոլոր ստանդարտներին լիարժեք համապատասխանությունը, և միայն իրենց հեղինակությամբ երաշխավորում են ժամացույցների շվեյցարական ծագումը։ Այդ պատճառով նրանք «Swiss Made» պիտակի օգտագործումը համարում են ավելորդ։ Դրա փոխարեն այդ բրենդի ժամացույցների վրա կարելի է գտնել այլ պիտակավորումներ, որոնք դրվում են անկախ կազմակերպությունների կողմից՝ ժամացույցների որակի վերահսկողությունը հաջող անցնելուց հետո[9]։ Այդպիսի պիտակավորումներ կարող են լինել.

  • Geneve – արտադրված են Շվեյցարիայում՝ Ժնև կանտոնի տարածքում։
  • Qualite Fleurier (Ֆլերիեր որակ) – ժամացույցներն անցել են Fleurier Quality Foundation կազմակերպության որակի ստուգում։
  • COSC – ժամացույցներն ունեն Contrôle Officiel Suisse des Chronomètres կազմակերպության որակի վկայագիր[9]։

Ապրանքանիշի պաշտպանությունԽմբագրել

 
Շվեյցարական ժամացույցների արդյունաբերության ֆեդերացիա

«Շվեյցարական ժամացույցներ» ապրանքանիշի պաշտպանությունը Շվեյցարական ժամացույցների արդյունաբերության ֆեդերացիայի խնդիրներից մեկն է։ Քանի որ շվեյցարական կեղծ ժամացույցներ արտադրողները մեծ վնաս են հասցնում ժամացույցների արդյունաբերությանը, Ֆեդերացիան հետևողականորեն պայքարում է ապրանքանիշի մասին օրենքը պահպանելու համար, անմիջապես Ֆեդերացիայի կայքում կարելի է հաղորդել կեղծ ժամացույցների վաճառքի ու արտադրության մասին հայտնի փաստերի մասին։ Բացի այդ, Ֆեդերացիան վարում է«Swiss Made» պիտակի օգտագործման իրավունքի պահանջների խստացման քաղաքականություն[10]։ 20-րդ դարի վերջից սկսվել է շվեյցարական թանկարժեք մասերը չինականով փոխարինելու պրակտիկա, ինչը կարող էր հանգեցնել նրան, որ «Շվեյցարական ժամացույցներ» բրենդը կարող էր լրջորեն վարկաբեկվել, ուստի Ֆեդերացիայի 500 անդամներից շատերը հանդես են գալիս «Շվեյցարական ժամացույցներում» շվեյցարական մասերի մասնաբաժնի ավելացման օգտին[11]։

Շվեյցարիայի մաքսային օրենքներով արգելվում է կեղծ ժամացույցների ներմուծումը երկիր, բոլոր հայտնաբերված կեղծիքները պետք է անհապաղ բռնագրավվեն և վերացվեն[12]։

Ապրանքանիշի առաջխաղացումԽմբագրել

2014 թվականին մեխանիկական ժամացույցները Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից ներառվել են շվեյցարական ութ ավանդույթների ցանկում՝ որպես թեկնածու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվելու համար[13]։

Ժամացույցների ցուցահանդեսներԽմբագրել

  • Baselworld – ժամացույցների ու զարդերի ամենամեծ ցուցադրությունն աշխարհում, որտեղ ներկայացվում են աշխարհի բոլոր նոր ժամացույցները։ Ամեն տարի անցկացվում է Շվեյցարիայի հյուսիսում՝ Բազելում։ 2016 թվականին ցուցահանդես այցելել է 145000 մարդ, ներառյալ 4400 լրագրող 70 երկրներից[14][15]։
  • SIHH (Salon international de la haute horlogerie) – ժամացույցների ամենամյա միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է Ժնևում յուրաքանչյուր հունվարին և տևում է մեկ շաբաթ։ 2017 թվականին ցուցահանդես այցելել է 16000 մարդ, ներառյալ 1200 լրագրող[16][17]։

Նշանակությունը Շվեյցարիայի տնտեսության համարԽմբագրել

Շվեյցարիայում ժամացույցների արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 1,5 %-ը և արտահանվող ճյուղերի շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։ Արժեքային առումով Շվեյցարիան զբաղեցնում է առաջին տեղը ժամացույցների արտահանմամբ։ Նաև գործում է ներքին մեծ շուկա, որը հիմնականում կենտրոնացած է զբոսաշրջիկների վրա[18]։ Բազմաթիվ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայի՝ որպես արտադրող երկրի համբավը շատ բարձր է, ինչը շվեյցարացի արտադրողներին թույլ է տալիս իրենց արտադրանքի արժեքը բարձրացնել միջինը 40 %-ով, իսկ «լյուքս» դասի ժամացույցներինը՝ մինչև 100 %[19]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Закон 232.119
  2. Пипуныров, 1982, էջ 184
  3. Пипуныров, 1982, էջ 178
  4. La Chaux-de-Fonds, էջ 3
  5. 5,0 5,1 La Chaux-de-Fonds, էջ 4
  6. R. James Braiding, 2012, էջ 74
  7. La Chaux-de-Fonds, էջ 5
  8. [1]
  9. 9,0 9,1 9,2 9,3 La Chaux-de-Fonds, էջ 6
  10. FH
  11. Mulier, Thomas (ապրիլի 29, 2011)։ «Clash of the Angry Swiss Watchmakers» (անգլերեն)։ bloomberg։ Վերցված է 2016-09-23 
  12. «Watches, jewellery and precious metals» (անգլերեն)։ Официальный сайт швейцарского правительства։ 17 апреля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին։ Վերցված է 2016-10-11 
  13. «Patrimoine culturel immatériel de l’UNESCO : Huit traditions suisses proposées» (ֆրանսերեն)։ Официальный сайт швейцарского правительства։ 22 октября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին։ Վերցված է 2016-10-11 
  14. Baselworld
  15. «Four Fashion Watch Brands Exit Baselworld» (անգլերեն)։ Forbes։ 20 ноября 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին։ Վերցված է 2017-02-11 
  16. SIHH
  17. «SIHH 2017 with new horizons» (անգլերեն)։ Federation of the Swiss Watch Industry։ 2 февраля 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին։ Վերցված է 2017-02-11 
  18. Federation of the Swiss Watch Industry, էջ 1
  19. «Имидж швейцарской продукции на высоте» (ռուսերեն)։ Наша газета։ 21 июля 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին։ Վերցված է 2016-10-10 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել