Շուբերտիադա՝ ավստրիացի մեծ երգահան Ֆրանց Շուբերտի (1797-1828) երաժշտությանը նվիրված տոնակատարություն։ Ժամանակակից շուբերտիադաներն իրենց մեջ ներառում են նաև փառատոներ և համերգաշարեր, ինչպես, օրինակ, ավստրիական Շվարցենբերգ քաղաքում անցկացվող շուբերտիադան։

Շուբերտիադա
Տեսակերաժշտական փառատոն
Երկիր Ավստրիա
Անվանված էՖրանց Շուբերտ
schubertiade.at
Մորից ֆոն Շվինդի 1868 թվականին ստեղծած Շուբերտիադա կտավը

Պատմությունը խմբագրել

Շուբերտի կենդանության օրոք այդ տոնակատարությունները ոչ պաշտոնական, չգովազդվող հավաքույթներ էին, որ անց էին կացվում մասնավոր տներում։ Տասնիններորդ դարասկզբի Վիեննայում շուբերտիադաները, որպես կանոն, կազմակերպվում էին Շուբերտի մեծահարուստ ընկերների կամ նրա երաժշտության ունևր երկրպագուների հովանավորությամբ։ Սկսած 1815 թվականից՝ շուբերտիադայի շրջանակներում բազմաթիվ համերգներ են կազմակերպվել ավստրիացի ճանաչված իրավաբան ու մեկենաս Իգնաց ֆոն Զոնլայտների ընդարձակ բնակարանում և նրա հովանավորությամբ։ Հետագայում համերգները հովանավորել են Ֆրանց ֆոն Շոբերը, Էդուարդ ֆոն Բաուերնֆելդը, Շուբերտի ընկեր Լեոպոլդ Կուպելվիզերը և շատ ուրիշներ։ Կոմպոզիտորը հաճախ ինքն էլ է մասնակցել իր երաժշտությանը նվիրված տոնակատարություններին՝ նշանավոր բարիտոն Յոհան Միխաել Ֆոգլի ուղեկցությամբ, որը ծրագրում ընդգրկված շուբերտյան երգերը կատարում էր դաշնամուրի նվագակցությամբ։

Տոնակատարությունները հիմնականում անցկացվում էին Վիեննայում, սակայն երբեմն դրանք կազմակերպվում էին նաև այլ բնակավայրերում, որոնցում Շուբերտն անց էր կացնում իր կյանքի ժամանակի մեծագույն մասը։ Այդ միջոցառումները հաճախ վերածվում էին գրական-երաժշտական սալոնների. դրանց ընթացքում, Շուբերտի երաժշտությունից զատ, հնչում էր ասմունք, լինում էին պարեր, ժամանցային այլևայլ համարներ։ Մասնակիցների թիվը կարող էր տատանվել մի երկու տասնյակից մինչև մի երկու հարյուրի։ Նշանավոր հյուրերի թվում էին Յոզեֆ Զոնլայտները, Լեոպոլդ ֆոն Զոնլայտները, Անտոն ֆոն Դոբլհոֆ-Դիերը, Մորից ֆոն Շվինդը և այլք։

Ժամանակակից շուբերտիադաներ խմբագրել

Ժամանակակից շուբերտիադաները կանոնակարգված միջոցառումներ են՝ Շուբերտի երաժշտությանը նվիրված փառատոներ ու համերգաշարեր։ Սկսած 1976 թվականից՝ ամենամյա շուբերտիադաներ են անցկացվում Հոհենեմսում և Շվարցենբերգում՝ գերմանացի բարիտոն Հերման Պրեյի և Գերդ Նախբաուերի նախաձեռնությամբ։ Մեծ կոմպոզիտորին նվիրված տոնակատարություններ կանոնավոր պարբերականությամբ կազմակերպվում են նաև Էտլինգենում, Դորցբախում ու Շնակենբուրգում, Լյուքսեմբուրգում, իսպանական Վիլաբարտրան վանական համալիրում...

Ֆրանց Շուբերտին նվիրված վերոնշյալ տոնակատարությունների մեջ իրենց լայն ընդգրկումով և բարձր կազմակերպվածությամբ առանձնանում են ավստրիական Ֆորալբերգ նահանգի Շվարցենբերգ և Հոհենեմս քաղաքներում յուրաքանչյուր տարի անցկացվող շուբերտիադաները։ Դրանց ծրագրում մշտապես ընդգրկված են լինում շուրջ ութսուն բազմաբնույթ միջոցառումներ, որոնց ամեն տարի մասնակցում է ավելի քան երեսունհինգ հազար այցելու։ Միջոցառումների շարքում լինում են կամերային, դաշնամուրային, նվագախմբային համերգներ, ասմունք, դասախոսություններ, հռչակավոր երաժիշտ արվեստագետների վարպետաց դասեր և այլն։

Գրականություն խմբագրել

  • Gibbs, Christopher H. (2000). The Life Of Schubert. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 0-521-59512-6.

Արտաքին հղումներ խմբագրել