Շինոն դղյակ (ֆր.՝ Château de Chinon), դղյակ Ֆրանսիայի Շինոն քաղաքում։ Լուարայի արքայական դղյակներից է, գտնվում է Վյենա գետի մոտ։ Կառուցվել է հռոմեական նախկին ամրությունների տեղում[2]։ Բաղկացած է երեք մասերից, որոնք կառուցվել են պատմական տարբեր շրջանների պահանջներին համապատասխան։

Շինոն դղյակ
Երկիր` Ֆրանսիա[1]
Հիմնող`Տիբո I դե Բլուա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դղյակի հիմնական շենքը, որ ուղղակի կապ ունի պատմության հետ, կառուցվել է 954 թվականին լեռնային տեղանքում Բլուայի իշխան Տիբո I-ի կողմից։ 1044 թվականին քարե ամրությունը, որ փոխարինել էր նախկին փայտե շինությանը, անցել է նրա հակառակորդին` Անժույի հերցոգ Ժոֆրեյ Մարտելին։

Հերցոգը միավորում է պաշտպանական երկու շինությունների պատերը, ավարտին է հասցնում աշտարակներն ու Սուրբ Մելանյայի մատուռը։ Դղյակի արևելյան մասը կառուցել է Հենրի II Պլանտագենետը` Անգլիայի թագավորը և Անժույի դուքսերի հետնորդը[3]։ Դղյակը վերանվանվում է սուրբ Գեորգի ամրոց` ի պատիվ Անգլիայի հովանավոր սրբի։ Արևելյան ամրոցի, մատուռի և ջրաղացի աշտարակի կառուցման աշխատանքները Հենրի II-ի և նրա հետնորդների կողմից շարունակվել է մինչև 1205 թվականը։ Այդ թվականին ամրոցը երկարատև պաշարումից հետո անցել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսին։ Շուտով ամրոցի գրավումից հետո սկսվում են նոր աշտարակների, ամրոցային պատերի ու ջրանցքների կառուցման աշխատանքները։ Ամրոցի կառուցումը շարունակվում է մինչև 15-րդ դարը, երբ կառուցվում է արքայական հարկաբաժինը` մեծ հանդիսասրահով։

Ամրոցում եղել է բանտ, որում 1308 թվականին բանտարկվել են տաճարականներ։

Գահի ժառանգորդ արքայազն Կառլը, որ Փարիզից արտաքսվել էր բուրգունդցիների կողմից, Շինոնում հիմնում է իր նստավայրը[4]։ 1429 թվականին, երբ արքայական գահի նկատմամբ իր հավակնությունն է հաստատում անգլիացի թագավոր Հենրի V-ը, Կառլը Շինոնում հանդիպում է Ժաննա դ'Արկի հետ։ Ժանննան, մարդկային բազմության մեջ ճանաչելով ապագա արքայազնին, մոտեցել է նրան և ասել. «Բարի՛ արքայազն, իմ անունը Ժաննա է։ Երկնային արքան ինձ ուղարկել է Ձեզ մոտ` հայտնելու, որ Դուք թագավոր կօծվեք Ռեյմսի տաճարում և կլինեք Երկնային թագավորի ներկայացուցիչը Ֆրանսիայում»։ Ոգևորվելով Ժաննայի խոսքերից` Կառլը որոշում է կրկին ապստամբել իր հակառակորդների դեմ` արդյունքում թագ ստանալով և թագադրվելով Կառլ VII անունով։ Շինոնը դառնում է թագավորական նստավայր։ Շուտով այստեղ են հաստատվում թագուհի Մարիա Անժույցին և արքայի սիրուհի Անյես Սորելը, որոնց հարկաբաժինները միացված էին ստորերկյա միջանցքներով։

Կառլ VII-ը Շինոնում հիմնում է ֆեոդալիզմի հնացած ինստիտուտից զերծ պետություն։ Հենց նրա կառավարման օրոք դղյակն ապրում է իր փառավոր շրջանը[5]։

 
Դղյակի տեսքը վերևից

Դղյակի պատմությունը կապված է Լյուդովիկոս XII-ի անվան հետ. այստեղ է նա ընդունել Հռոմի պապի ներկայացուցչին` Չեզարե Բորջիային, ով նրան է հանձնել Ժաննա դե Վալուայի հետ ամուսնության չեղարկման փաստաթուղթը։ Այդպիսով, Լյուդովիկոս XII-ը Կառլ VIII-ի այրու` Աննա Բրետոնցու հետ ամուսնանալու իրավունք է ստանում` Բրետանը միացնելով իր տերությանը։

17-րդ դարում Շինոնն անցնում է կարդինալ Ռիշելյեին, ով այն ժառանգություն է թողնում իր հետնորդներին։ Սակայն հերցոգ Ռիշելյեն առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող դղյակը նոր փորձությունների է ենթարկում։ Նա քանդում է հանդիսասրահը և մի քանի այլ շինություններ, որոնք չէին համապատասխանում նոր ժամանակների ոգուն։ Դրա հետևանքով դղյակն ամայանում է, քանդվում են հատակն ու առաստաղը։ 1854 թվականին դղյակի քանդվելու վտանգ է առաջանում։ Սկսվում է նրա աստիճանական վերականգնումը։ Յուրօրինակ նախագծով վերկանգնվում է հատակը, իսկ սենյակները կահավորվում են հին կահույքի կրկնօրինակներով։

Ճարտարապետություն խմբագրել

Դղյակում են գտնվել արքայական հարկաբաժինը և մատուռը։ Ֆորտ Կուդրեն (fort du Coudray) կառուցվել է ժայռի եզրին և դղյակից առանձնացվել ամրոցային ցամաքած խրամով։ Ֆորտ Սեն ժորժը (fort Saint-Georges) դղյակը պաշտպանել է ավելի վտանգավոր կողմից` հարթավայրից։ Այս ամրությունից քիչ բան է պահպանվել. այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Wheeler (1983), p. 14
  3. Warren (1973), pp. 45–47
  4. Neillands (2001), pp. 1–4
  5. King (1983), p. xvii

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինոն դղյակ» հոդվածին։