Բացել գլխավոր ցանկը

Շինանյութերի արդյունաբերություն

Շինանյութերի արդյունաբերություն, բնակարանային, արդյունաբերական, գյուղատնտեսական և շինարարության այլ տեսակների համար շինանյութեր արտադրող արդյունաբերության ճյուղերի համախումբ։ Շինարարության նյութատեխնիկական բազայի կարևորագույն մասն է, ապահովում է շինարարական մոնտաժային աշխատանքների ծավալի անընդհատ աճն ու շինարարության տեխնիկական առաջընթացը։ Որպես շինանյութ հնում օգտագործել են թրծած աղյուս, կղմինդր, բրուտագործական խողովակներ, հետագայում՝ կապակցանյութեր, որոնք պահպանում են իրենց ամրությունը նաև ջրում։ XIX դարի 1-ին քառորդում ցեմենտի հայտնագործումը պայմանավորեց շինարարության մեջ բետոնի և երկաթբետոնի կիրառումը։ Շինանյութերի արտադրության հումքային բազան գործնականում անսպառ է․ Բարձր տեմպերով են աճել հանքային հումքի արդյունահանումն ու սև մետաղների գլանվածքի արտադրությունը, ոչ հանքային հումքի բազմաթիվ տեսակներից տարբեր շինանյութերի ստացումը, ոչ հանքային հումքի և արդյունաբերական թափոնների համալիր օգտագործումը։ Շինանյութերի արտադրությանը բնորոշ է մետալուրգիայի, քիմիայի, էներգետիկայի հետ համակցման միտումը։ ԽՍՀՄ-ում շինանյութերի արդյունաբերությունը զարգացել է բարձր տեմպերով (1940—1980-ին՝ 41 անգամ) և, որպես կարգ, գերազանցում շինարարական-մոնտաժային աշխատանքների աճը։ 1980 թվականին այս ճյուղում գործել է 3905 ձեռնարկություն։ Դրանցից խոշորագույններն էին Նովոռոսիյսկի և Ամվրոսիևկայի ցեմենտի կոմբինատները, ցեմենտի գործարանների Վոլսկի արտադրական միավորումը, Բալակլեայի ցեմենտի-շիֆերի կոմբինատը, Սարատովի և Բորի ապակու, երկաթբետոնե շինվածքների Չելյաբինսկի գործարանները և այլն։ ԽՍՀՄ շինանյութերի արդյունաբերությունը թողարկել է ցեմենտ (1980-ին՝ 125 միլիոն տ), հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ (122,2 միլիոն ), որմնանյութեր (58,0 միլիարդ հատ պայմանական աղյուս), շիֆեր (7,3 միլիարդ հատ պայմանական սալիկ), լինոլեում (93,1 միլիոն մ2), պատուհանի ապակի (245 միլիոն ) և այլն։ Մեծ զարգացում է ստացել արագ ամրացող դեկորատիվ և այլ հատուկ ցեմենտների, սաբեստացեմենտե խոշոր թերթերի, ռուբերոիդների, սանիտարաշինարարական իրերի, ապակե բլոկների, ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրությունը։ ԽՍՀՄ-ը առաջինն էր աշխարհում ցեմենտի, հավաքովի երկաթբետոնի, ասբեստացեմենտե թերթերի ու խողովակների, շինարարական աղյուսի, պատուհանի ապակու արտադրությամբ։ Ճյուղի ձեռնարկություններում իրականացվել է տեխնիկական վերազինման լայն ծրագիր, կատարելագործվել և նորացվել են հիմնական արտադրական ֆոնդերը։ Դրանց շնորհիվ 1940—1979 թվականներին շինանյութերի արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականությունն աճել է 9,5 անգամ։ Սոցիալիստական մյուս երկրներից շինանյութերի արդյունաբերությամբ զարգացած էր Չեխոսլովակիան (ապակու արտադրություն), ԳԴՀ-ում (ցեմենտի), Լեհաստանում (սիլիկատային բետոնե շինվածքների), Բուլղարիայում (աղյուսի)։ Կապիտալիստական երկրներից այն առավել զարգացում էր ստացել ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում ՀԽՍՀ ընդերքը հարուստ էր բազմազան շինանյութերով, որոնցից մի քանիսն ունեին միութենական նշանակություն։ Նախահեղափոխական շրջանում դրանք արդյունահանվել և օգտագործվել են տնայնաործական եղանակով։ Կային կրաքարի մշակման մի քանի փոքր վառարաններ, աղյուսի ու կղմինդրի «գործարաններ», քարհանքեր ու փայտամշակման արհեստանոցներ, որտեղ տիրապետում էր ձեռքի աշխատանքը։ Շինանյութերի արդյունաբերությունը ձևավորվել և զարգացման բարձր մակարդակի է հասել Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1926 թվականին հիմնադրվել է Անիպեմզան, 1928 թվականին՝ ԽՍՀՄ-ում քարի արդյունահանման ամենախոշոր Արթիկտուֆի կոմբինատները։ 50-ական թթ․ կեսերից մեքենայացված եղանակով կանոնավոր ձևի որմնաքար էր արտադրվում Արթիկտուֆի, Լենինականի, Պեմզաշենի, Աշտարակի քարհանքային վարչությունների ձեռնարկություններում, Հոկտեմբերյանի, Էջմիածնի և Մարալիկի կոմբինատներում։ 1980 թվականին արդյունահանվել է 13 միլիոն տուֆաքար։ 1965—1980 թվականներին ավելի քան 40 անգամ ավելացել է երեսապատման քարե սալիկների (տուֆ, մարմար, տրավերտին, բազալտ, գրանիտ) արտադրությունը և կազմել մոտ 1 մլն։ Քարի մշակման ժամանակակից սարքավորումներ ունեցող խոշոր գործարաններ են կառուցվել Նուոնուսում, Կիրովականում, Հոկտեմբերյանում և Վեդիում։ 1928 թվականին հիմնադրված «Հայ-մարմար» կոմբինատի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ԽՍՀՄ-ում և արտասահմանում (արտահանվում էր Անգլիա, Ֆրանսիա, Դանիա, Բելգիա և այլուր)։ Հրաբխային խարամներից, լիթոիդային պեմզայից և տուֆաքարի արդյունահանման մնացուկներից բետոնե թեթև լցանյութեր են արտադրում (տարեկան ավելի քան 6 մլն) Քարակերտի կոմբինատը, Արթիկի տուֆաբլոկների գործարանը, Քարային շինանյութերի տրեստը և այլ ձեռնարկություններ։ «Արագածի պեռլիտ» գործարանը թողարկում էր 560 հզ․ մանրացրած և տեսակավորված պեռլիտ, որն առաքվում է ԽՍՀՄ տարբեր քաղաքներ և արտասահման (Իտալիա, Իսպանիա, Բելգիա)։ Տեղական կարիքների համար, որպես ջերմա- և ձայնամեկուսիչ նյութ, արտադրվում էր նաև 30 հզ․ մ3 փքած պեռլիտ։ Ստեղծվել էր ցեմենտի խոշոր արտադրություն։ Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը և Հրագդանի ցեմենտի գործարանը միասին տարեկան թողարկում էին հազարավորվոր տ պորտլանդցեմենտ, որի մի մասն արտահանվում էր։ Կային նաև կրի, ասֆալտի, աղյուսի, կղմինդրի և գաջի գործարաններ։ Տարեկան մոտ 900 հզ․ հատակի սալիկներ, հախճասալիկներ և այլ շինվածքներ էր արտադրում Երևանի կերամիկական առարկաների կոմբինատը, 400 հզ․ բազալտի խիճ՝ Սպանդարյանի (Շահումյանի շրջանում) ջարդման և տեսակավորման գործարանը։ Ապակու և ապակե շինվածքների զարգացող արտադրություն է կազմակերպվել Արզնիում, Լենինականում և Հոկտեմբերյանում։ 1955—1968 թվականներին շարք են մտել նաև Երևանի ատաղձագործական կոմբինատը, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների կոմբինատները, Լենինականի, Կիրովականի, Չարենցավանի, Արթիկի շինանյութերի, Ախթալայի, Քաջարանի և Հրազդանի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատը և այլն։ 1980 թվականին, 1940 թվականի համեմատ, ճյուղի համախառն արտադրանքի ծավալն աճել է 85,9, աշխատանքի արտադրողականությունը՝ 14 անգամ։ Հրաբխային տուֆերի, օբսիդիանների, պեմզաների, պեռլիտների արդյունահանման և դրանց օգտագործման արդյունավետ միջոցների մշակման, բարձրարտադրողական մեքենաների ստեղծման ու ներդրման հարցերով զբաղվել է քարի ու սիլիկատների ԴՀԻ-ն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 499 CC-BY-SA-icon-80x15.png