Շիմքենդ (ղազ.՝ Шымкент, Şymkent), քաղաք Ղազախստանում, Ուզբեկստանի հետ սահմանի մոտ։ 1993 թվականից հայտնի է Չիմքենդ անունով[2]։ Ղազախստանում հանրապետական նշանակություն ունեցող երեք քաղաքներից մեկն է և համարվում է առանձին վարչատարածքային միավոր[3]։ 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը 1 002 291 է և համարվում է Ղազախստանում բնակչության թվով երրորդ քաղաքը՝ Ալմաթիից և Աստանաից հետո[4]։ Ըստ տարածաշրջանային և քաղաքային իշխանությունների, Շիմքենդի միլիոներորդ բնակիչը ծնվել է 2018 թվականի մայիսի 17-ին[5]։ Քաղաքը տարածաշրջանային մշակութային կենտրոն է։

Բնակավայր
Շիմքենդ
ռուս.՝ Чимкент
բելառուս․՝ Чымкент
ռուս.՝ Черняев
Զինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
Հիմնադրված է12-րդ դար թ.
Մակերես347 կմ²
ԲԾՄ506±1 մետր
Բնակչություն1 191 877 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+6 և Asia/Almaty?[1]
Փոստային դասիչ160000
Ավտոմոբիլային կոդX / Y / 17
Պաշտոնական կայքshymkent.gov.kz
Շիմքենդ (Ղազախստան)##
Շիմքենդ (Ղազախստան)

Շիմքենդը գտնվում է Ալմաթիից 690 կմ (430 մղոն) արևմուտք, Աստանաից՝ 1,483 կիլոմետր (920 մղոն) հարավ, Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքից 120 կմ հեռավորության վրա։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Չիմքենդ անունը ծագել է երկու սողդանական բառերից՝ «chim» (նշանակում է «տորֆ») և «kent» կամ «kand» (նշանակում է «քաղաք») («kent» արմատը հանդիպում է նաև հարևան Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի անվան մեջ)։ Այսպիսով, «Չիմքենդ» բառացիորեն նշանակում է «քաղաք խոտածածկ/տորֆածածկ տարածքում»։

Ղազախստանի անկախացումից հետո 1993 թվականին քաղաքը վերանվանվեց Շիմքենդ։ Ղազախստանի Սահմանադրության մեջ Շիմկենդը գրվում է հետևյալ կերպ՝ «Шымкент», որը հակասում է ուզբեկական ուղղագրական կանոններին՝ «ш» տառից հետո երբեք չի գրվում «ы» (բացի այդ, ուզբեկերենը չունի «ы» տառ։ Ավելին, ղազախերենում գրվող «ш» տառը, ուզբեկերենում գրվում է «ч»): Արդյունքում, Շիմքենդ (Shymkent) նոր անունն օգտագործվում է միայն Ղազախստանում, իսկ մյուս երկրները շարունակում են օգտագործել բնօրինակ՝ Չիմքենդ (Chimkent/Čimkent):

Պատմություն խմբագրել

Շիմքենդը հիմնադրվել է 12-րդ դարում[6]։ Սկզբում ծառայել է որպես քարավանատուն՝ պաշտպանելու մոտակա Մետաքսի ճանապարհի վրա գտնվող առևտրային քաղաքներից մեկը՝ Սայրամը, որ գտնվում էր 10 կմ դեպի արևելք։ Շիմկենդը զարգացել է որպես թյուրք քոչվորների և հաստատված սողդիանացիների միջև առևտրի կենտրոն։ Այն ավերվել է մի քանի անգամ Չինգիզ Խանի, հարավային Խանության զինվորների և քոչվորների հարձակումների արդյունքում։ 19-րդ դարի սկզբին Շիմկենդը դարձել է Կոկանդի խանության մաս, իսկ 1864 թվականին այն գրավվել է ռուսների կողմից[7]։ 1914 թվականին Շիմկենդը վերանվանվել է Չերնյաև, իսկ 1924 թվականին դարձել Շիմկենդ։ Այնուհետև ռուսական նվաճումներից հետո Շիմկենդը քոչվոր և նստակյաց թուրքերի համար ծառայում էր որպես առևտրի քաղաք և հայտնի էր իր կումիսներով[8]։

Ժամանակակից Շիմքենդի տարածքում արդեն բնակավայր է գոյություն ունեցել 11-12-րդ դարերի սկզբին։ Միևնույն ժամանակ, հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված գերեզմանները ապացույց են այն բանի, որ այս բնակավայրը գուցեև հիմնադրվել է ավելի վաղ, ըստ մասնագետների՝ 5-6-րդ դարերում։ Պահպանված ամենավաղ աղբյուրը Շիմկենդի մասին «Zafar Name» («Հաղթանակների գիրք») կոչվող գիրքն, որի հեղինակը Կենտրոնական Ասիայի պատմաբան Շարաֆ ադ-դին Յազդին (1425) է. նա Շիմկենդը հիշատակել է Թեմուրի ռազմական արշավները նկարագրելիս։

Չիմկենդը (Շիմկենդ) որպես քաղաք-բնակավայր արդեն գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Անունը կապվում է հայտնի ճանապարհորդ Խուան Ջիանգի հետ, ով այս բնակավայրի մասին նշել է Իսֆիջաբ-Սայրամի մասին իր գրառումներում։

Հայտնի է, որ քաղաքը գոյություն է ունեցել 12-րդ դարում. սրա ապացույցը Ա. Դոբրոսմիսլովի «Սիր-Դարյա շրջանի քաղաքները» գիրքն է, որտեղ հեղինակը նշում է. «Չիմկենդ քաղաքի անունը գալիս է «chim»՝ «խոտ» և «kent»՝ «քաղաք» բառերից։ Չիմկենդի բնիկներն ասում են, որ քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարում՝ վկայակոչելով Խոջա Ահմեթ Յասավի ժամանակակից Սբ. Բաբա Դերվիշի գերեզմանը»։

1914 թվականին Շիմկենդի՝ Ռուսաստանի կայսրության մաս դառնալու 50-ամյակի առթիվ, քաղաքն անվանվել է Չերնյաև, բայց 1924 թվականին խորհրդային իշխանությունները քաղաքին տվեցին նախկին անունը՝ Չիմկենդ։

1930-ական թվականներին Շիմկենդում կառուցվել է կապարի գործարան, որը տալիս էր Խորհրդային Միությունում արտադրված ընդհանուր կապարի 70%-ը։ Գործարկվել են յուղի և ճարպի գործարանները, տեքստիլ և ապակու գործարանները։ 1932 թվականին ստեղծվել է գյուղատնտեսական ավիացիոն բազան, որի արդյունքում կառուցվել է օդանավակայան, և քաղաքը զարգացել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Շիմկենդում էվակուացվել են մի շարք խորհրդային արդյունաբերական ձեռնարկություններ։ Առաջնագծից այստեղ են տեղափոխվել 17 գործարաններ։ Քաղաքն արտադրում էր տանկերի, արկերի, մետաղի, փամփուշտների, օպտիկական գործիքների և այլ ապրանքների մասեր։ Շիմկենդի յոթ բնակիչներ ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում։

Շիմկենդի մոտ կար մի գուլագ, ուր բանտարկության արդյուքնում շատ ռուսախոս մարդիկ են տեղափոխվել[9]։

2015 թվականի հունվարին Շիմկենդի պաշտոնյաները հայց են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Շիմկենդը որպես հնագույն քաղաք ճանաչելու համար[10]։

Մինչև 2018 թվականը Շիմկենդը Հարավային Ղազախստանի շրջանի վարչական կենտրոնն էր։ 2018 թվականի հունիսի 19-ին այն դուրս է բերվել այդ շրջանից և դարձել Ղազախստանի կառավարությանը ենթակա տարածք։ Արդյունքում, Հարավային Ղազախստանի շրջանի վարչական կենտրոնը դարձել է Թուրքիստանը, և շրջանը վերանվանվել Թուրքիստանի մարզ[11]։

Աշխարհագրություն խմբագրել

Կլիմա խմբագրել

Շիմկենդն առանձնանում է միջերկրածովյան-մայրցամաքային կլիմայով (Köppen Dsa): Շիմկենդում ամառները տաք են ու համեմատաբար չոր, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ձմեռներն այստեղ նկատելիորեն տաք են, քան ավելի հյուսիսային քաղաքներում, ինչպիսիք են Ալմաթին և Նուրսուլթանը։ Ամենացուրտ ամսվա՝ հունվարի միջին ջերմաստիճանը մոտ -1 °C է (30,2 °F): Ձմռանը սովորաբար ձյուն է տեղում, չնայած այդ սեզոնին տեղումները մեծամասամբ ձնախառն անձրևներ են։ Շիմկենդում նկատվում են տարեկան մոտ 600 միլիմետր (23,62 դյույմ) տեղումներ։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Շիմքենդում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Բուսականություն խմբագրել

Քաղաքի բուսականությունը[12] հայտնի է իր բազմազանությամբ։ Քաղաքում աճում են կաղնի, թեղի, բարդի, թխկի, ուռենի, շագանակենի, ակացիա, երկնածառ, կենսածառ, սոճի, եղևնի։ Այգեգործական մշակաբույսերից բալը, ծիրանը, չոր ծիրանը, սալորը, նուռը, ընկույզը, սերկևիլը, խաղողը լայն տարածում ունեն։ Քաղաքի հյուսիսում 1980 թվականին կառուցվել է Դենդրոպարկ, որի տարածքը 150 հա է, և կան մոտավորապես միլիոն ծառեր ու թփեր՝ շուրջ 1360 տեսակ։ Դրանց մեծ մասը հազվագյուտ և էկզոտիկ տեսակներ են։

ժողովրդագրություն խմբագրել

 
Իսլամը Շիմկենդում և, առհասարակ, ողջ Ղազախստանում ամենատարածված կրոնն է:

Ըստ կառավարության 2012 թվականին կատարած մարդահամարի քաղաքն ուներ 669,326 բնակիչ[13]։ 2009 թվականին Շիմկենդի բնակչությունը 603,499 մարդ էր, 1999 թվականին՝ 423,902 մարդ։ 2015 թվականի սկզբին Շիմկենդին միացել են նաև հարակից շրջանները, որի հետևանքով քաղաքի բնակչությունը մինչև 2015 թվականի սկիզբը եղել է 858,147 մարդ[14]։ Այդ ժամանակ Շիմկենդի նախկին տարածքում բնակվում էր 711,783 մարդ[15]։ 2018 թվականի հունիսի 1-ին Շիմկենդի բնակչությունը կազմում էր 1,002,291 մարդ[4]։

Հետևյալ աղյուսակները ցույց են տալիս Շիմկենդի ընդհանուր բնակչությունը 1897 թվականից սկսած՝

1897 1908 1913 1939 1959 1970 1977 1979 1989 1992
11 194 17 000 19 000 74 000 153 000 247 000 303 000 321 535 392 977 405 500
1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002
409 700 411 400 414 400 417 900 417 400 419 700 435 300 482 900 502 700 506 700
2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012
513 100 521 200 526 100 535 100 554 600 602 300 615 000 629 100 642 600 662 300
2013 2015 2016 2018
683 300 858 147 885 799 1 002 291

Ազգեր՝

  • ղազախներ՝ 67.47%
  • ուզբեկներ՝ 17.69%
  • ռուսներ՝ 8.91%
  • ադրբեջանցիներ՝ 1.74%
  • թաթարներ՝ 1.01%
  • այլ՝ 3.18%

Զարգացում խմբագրել

2018 թվականի հունիսի 19-ին Ղազախստանի նախագահի հրամանագրով, Շիմկենդը, մայրաքաղաք Նուր-Սուլթանը (նախկին Աստանա) և Ալմաթին, ճանաչվել են Ղազախստանի՝ մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներ։ Շիմկենդը ստացել է հանրապետական նշանակության քաղաքի կարգավիճակ։ Այն դուրս է բերվել Հարավային Ղազախստանի շրջանից, որը նույն հրամանագրով վերանվանվել է Թուրքեստան։ Շիմկենդը դարձել է անկախ վարչատարածքային միավոր և Ղազախստանի 17-րդ մարզը[16]։

2016 թվականին քաղաքի հյուսիսային մասում սկսվեց Շիմկենդ քաղաքի՝ բնակելի և վարչական տարածքների կազմի մեջ մտնող նոր թաղամասի շինարարությունը։ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ծրագրերից էր այս շինարարությամբ Ղազախստանի երրորդ մեգապոլիսի զարգացմանը հիմք դնելը[17]։

Տնտեսություն խմբագրել

Նախկինում քաղաքի տնտեսության մեջ գերակշռում էր կապարի արդյունահանումը։ Արդյունաբերական աճը սկսվել է 1930-ականներից։

1934[18] կամ 1938 թվականին[19] Շիմկենդում բացվել է կապարի ձուլարան, որը պաշար էր մատակարարում ԽՍՀՄ մետաղների, պղնձի և այլ արդյունաբերությունների համար։ Այս ձուլարանը տվել է Կարմիր բանակի փամփուշտների երեք քառորդը։ Կապարի այս ձուլարանն իր գործունեությունը շարունակել է մինչև 2008 թվականը, այնուհետև դադարեցրել հողի աղտոտվածության մեծ մակարդակի պատճառով, իսկ 2010 թվականին վերաբացվել՝ բրիտանիական խոշոր ընկերության՝ Kazakhmys-ի ղեկավարությամբ[18]։

Քաղաքում կան նաև արդյունաբերություններ, որոնք արտադրում են զտված ցինկ, տեքստիլ, սննդամթերք և դեղագործական արտադրանք։ Բացի այդ, քաղաքն ունի վերամշակման միջին չափի գործարան, որը պատկանում է «PetroKazakhstan»-ին և շահագործվում նրա կողմից։

Շիմկենդը Ղազախստանի արդյունաբերական և տնտեսական առաջատար կենտրոններից մեկն է։ Քաղաքն ունի գունավոր մետաղագործության, մեքենաշինության, քիմիական, նավթավերամշակման և սննդի արդյունաբերական ձեռնարկություններ։

Նավթաքիմիական և դեղագործական արդյունաբերության մեջ են մտնում «PetroKazakhstan Oil Products» LLP-ն (նավթի վերամշակում), «Khimpharm» JSC-ը (դեղամիջոցներ)։ Մետաղագործական ապրանքներ (կապար և այլ ապրանքներ) է արտադրում «Յուժպոլիմետալ» ԲԲԸ-ն։

Մեքենաշինությունը ներկայացնում է Cardanval JSC-ը (մեքենաների և տրակտորների մասեր), Yuzhmash JSC-ը (դարբնոցային և մամլիչ մեքենաներ, պահեստամասեր և սարքավորումներ), Elektroapparat LLP-ը (հոսանքի անջատիչներ և այլ ապրանքներ)։

Թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություն է «Վոսխոդ»-ը (բրդյա և կիսբրդյա գործվածքների հագուստներ՝ կոստյումներ, վերարկուներ, բաճկոններ և այլն), «Ադալ»-ը (տեքստիլ), «Էլաստիկ»-ը (բարձրորակ մանվածքից գուլպաներ)։

Շինանյութերն արտադրվում են «Shymkentment» և «Kurylys materialdary» (աղյուսներ) ԲԲԸ-ների կողմից։

Շիմկենդում են գործում «Շիմկենդմայ» ԲԲԸ-ն, «Կայնար» ՓԲԸ-ն (բամբակի, արևածաղկի, ծաղկակաղամբի, սոյայի վերամշակում, զտված ուտելի յուղի և այլ ապրանքների արտադրություն), «Շիմկենդպիվո» ԲԲԸ-ն (գարեջուր), «Visit» ՓԲԸ-ն (զովացուցիչ ըմպելիքներ), «Շիմկենցուտ» ՓԲԸ-ն (կաթնամթերք)։

Արդյունաբերական արտադրությունը 2018 թվականի համեմատ աճել է 15%-ով։

Գյուղատնտեսության արտադրությունն աճել է 6,3%-ով, բնակարանային շինարարությունը՝ 19,2%-ով, մանրածախ առևտուրը՝ 7,1%-ով։

Վերջին 3 տարիներին արդյունաբերական և նորարարական զարգացման ծրագրի շրջանակներում Շիմկենդում բացվել են 24 ձեռնարկություններ և ստեղծվել 1300 մշտական աշխատատեղեր։

Քաղաքում կա 2 արդյունաբերական գոտի։ Մինչ օրս ներգրավվել է 64 միլիարդ տենգեի ներդրումներ, մեկնարկել է 72 նախագիծ, աշխատանքի է տեղավորվել ավելի քան 4000 մարդ [1]:

Մշակույթ խմբագրել

Իր 2200-ամյա պատմության ընթացքում Շիմկենդն ունեցել է տարբեր մշակույթներ, քանի որ եղել է տաբեր քաղաքակրթությունների ազդեցության ներքո[20]։ Շիմկենդը 2020 թվականից Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաքն է[21]։

Տրանսպորտ խմբագրել

Շիմկենդում գործում է ճանապարհը հեծանիվների հետ կիսելու համակարգ․ քաղաքում կան շուրջ 40 հեծանվային կայաններ[22]։ Քաղաքը Թուրքեստան-Սիբիր երկաթուղու խոշոր երկաթուղային հանգույցներից է։ Շիմկենդ միջազգային օդանավակայանը պատասխանատու է այս քաղաքում օդային երթևեկության համար։

Շիմկենդով անցնող հիմնական ճանապարհները M32-ը և A2-ն են։

Տեսարժան վայրեր խմբագրել

Փողոցներ խմբագրել

1864 թվականից առաջ քաղաքը բաղկացած էր հին քաղաքի (կոչվում է «Հին քաղաք») միջնաբերդից և դրա շուրջը գտնվող ոլորուն փողոցներից։ Բայց 1867 թվականին, երբ այն մտավ Սիրդարիայի շրջան, աստիճանաբար առաջացավ «Նոր քաղաք» տերմինը. տարածք, որը ունի ուղղանկյունաձև թաղամասերով փողոցների կառուցվածք։ Ծայրամասային փողոցներն էին Նիկոլաևսկայան (այժմ՝ Կազիբեկ-բի), Ստեփնայան (Կունաևի բուլվար), Սադովայան (Տաուկե խան պողոտա) և Մեշչանսկայան (այժմ՝ Թուրքեստան)։ Ներկայումս քաղաքում կա 1964 փողոց, որոնց ընդհանուր երկարությունը 2135 կմ է [2]:

Այգիներ խմբագրել

Քեն Բաբա այգի խմբագրել

Այս զբոսայգին (նախկինում հայտնի եղել նաև Մայր տաճարի պարտեզ, Նիկոլսկի եկեղեցու այգի, Մանկական զբոսայգի անվանումներով) քաղաքի ամենահին այգիներից մեկն է, որը գտնվում է Կազիբեկ բի փողոցում՝ Տաուկե Խան պողոտայի հետ հատման կետում։ 1908 թվականին ճարտարապետ Մացևիչը այս տարածքում կառուցել է Սուրբ Նիկոլասի տաճարը, որը սկսել է գործել 1914 թվականի աշնանը։ Այս եռահարկ շենքը համարվում է «կարմիր աղյուսի ոճով» կրոնական լավագույն շինության օրինակներից մեկը։ Խորհրդային տարիներին այստեղ գործել է տարածաշրջանային գրադարան, իսկ հետագայում՝ Պիոներ պալատ։ Հիմա սա տարածաշրջանային տիկնիկային թատրոնն է։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այստեղ տնկվել են արժեքավոր ծառեր (հիմնականում կաղնիներ), որոնք առ այսօր պահպանվում են այգում։ Ներկայումս կան բազմաթիվ մանկական ժամանցի վայրեր, ատրակցիոններ, հասարակական սննդի կետեր։ Աղբյուրների ջրերին ուղղորդվում են դեպի արհեստական ջրվեժներ, որտեղից էլ ջուրը հոսում է դեպի դեկորատիվ լճակներ, իսկ հետո ջուրը վերաբաշխվում է ջրանցքների մրջոցով։ Ջրի մեջ հաճախ լինում են ջրային թռչուններ (կարապներ, բադեր և այլն), ինչպես նաև դեկորատիվ ձկներ [3]:

Կենտրոնական այգի խմբագրել

Այս զբոսայգին (նախկինում կոչվել է Քաղաքային հանրային պարտեզ) ևս գտնվում է Կազիբեկ Բի փողոցում՝ Քեն Բաբա այգու հարևանությամբ։ Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ Տաճարի պարտեզի կառուցմանը զուգահեռ։

Հին քաղաք խմբագրել

Հին քաղաքը սկսել է աչքի ընկնել արհեստավորների և ֆերմերների շնորհիվ, որոնք 16-րդ դարում դարում սկսեցին հաստատվել հին Շիմկենդ քաղաքի միջնաբերդի ստորոտին։

Այսօր Հին քաղաքի փողոցները անցած դարերի փողոցների ոճն ունեն, սակայն, որպես նախորդ դարի ճարտարապետական օբյեկտներ գոյատևել են միայն երկուսը՝ Կոշկար Աթա մզկիթը և թաղապետի տունը։ Խորհրդային Միության վերջին շրջանում տաարածվել է մի գաղափարախոսություն՝ «պահպանել Հին քաղաքը՝ որպես բաց երկնքի տակ գտնվող թանգարան». այս ծրագիրը պահանջում է նորակառույց շենքերը կառուցել պատմական և ժամանակակից ճարտարապետական ոճերով։

Օրդաբասի հրապարակ խմբագրել

19-րդ դարում Շիմկենդի արևելյան սահմանն անցնում էր այս հրապարակով, և այնտեղ կային նաև դարպասներ, որոնք տանում էին դեպի Սայրամ և Տարազ։ Այդ ժամանակ մոտակայքում կար շուկա, ուստի այս հրապարակը կոչվում էր «Պազար», և փողոցն էլ ստացել է հրապարակի այս անունը։

Ներկայումս Օրդաբասի հրապարակում միանում են երեք փողոցներ, որոնք կրում են հայտնի ղազախների անունները՝ Տոլե բի, Կազիբեկ բի, Այթեկե բի։ «Օտան Անա» հուշարձանը տեղադրվել է հրապարակի անմիջապես կենտրոնում։ Այն ունի 34 մետր բարձրություն և երեք կողմ։ Հուշարձանի յուրաքանչյուր կողմի վրա փորագրված են երեք հայտնի մարդկանց հայտնի ասացվածքներ։ Հուշարձանի գագաթին մի երիտասարդ կնոջ կերպար է, որը յոթ ծիծեռնակ է արձակում երկինք։

Հրապարակի ստորին մասով հոսում է Կոշկար Աթա գետը, որն ունի շատրվանային համալիրներ՝ հուշարձանի հարևանությամբ։

Օրդաբասի հրապարակը 104 մետր երկարություն ունեցող կամրջով միանում է Անկախության պուրակին։

Կոշկար Աթա մզկիթ խմբագրել

Մզկիթը կառուցվել է 1850-1856 թվականներին՝ Ֆերգանայի վարպետների կողմից։ Մզկիթի ճակատային մասում եռակողմ մզկիթներ են։ Սկզբնապես շենքը կառուցված է եղել ցեխե աղյուսից, բայց գետի վարարման պատճառով փլուզվել է։ Հետագայում, 1891-1893 թվականներին մզկիթը վերակառուցվել է այրված աղյուսից։ Ճակատային մասն ուներ եռակամար կառույցի տեսք, իսկ մզկիթը՝ աջ ու ձախ թևեր։ Չնայած այն բանին, որ մզկիթը օրենքով պաշտպանված է որպես ճարտարապետության հուշարձան, 2009 թվականին դրա ձախ թևը ոչնչացվել է [4]:

Սպորտ խմբագրել

  • FC Ordabasy, տղամարդկանց ֆուտբոլային թիմ (ներկայումս խաղում են Ղազախստանի Պրեմիեր լիգայում)
  • BIIK Kazygurt, կանանց ֆուտբոլային թիմ

«Kazhymukan Munaitpasov» մարզադաշտը քաղաքի գլխավոր մարզադաշտն է։ Այն տեղավորում է 20,000 հոգի։ Այստեղ է խաղում FC Ordabasy թիմը։

«Twin Cities» ծրագիր խմբագրել

«Twin Cities»-ը քույր քաղաքների մասին ծրագիր է[23]։

Քաղաք Երկիր Տարի
Մոգիլյով   Բելառուս
Ստիվենիջ   Մեծ Բրիտանիա 1990
Աչարնոն  Հունաստան
Իզմիր   Թուրքիա 2004
Պատտայա   Թաիլանդ 2017
Գրոսետո   Իտալիա
Բային   Չինաստան
Խուջանդ   Տաջիկստան
Էսքիշեհիր[24]   Թուրքիա

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Chimkent» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 165.
  3. Nurlan Sauranbayev. «Congratulation of Shymkent city akim N. Sauranbayev with the acquisition the city of republican significance». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 «Об изменении численности населения Республики Казахстан с начала 2018 года до 1 июня 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  5. Shymkent's Akimat. «A millionth resident of Shymkent received an apartment as a gift». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին.
  6. Peoples of central Asia. By Lawrence Krader. Published by Indiana University, 1971
  7. http://www.britannica.com/EBchecked/topic/111610/Shymkent
  8. Through Russian central Asia. By Stephen Graham. Published by The Macmillan Company, 1916
  9. The Gulag Archipelago, 1918–1956: an experiment in literary investigation. By Aleksandr I. Solzhenitsyn, H. T. Willetts, Thomas P. Whitney. Published by Westview Press, 1997
  10. «Shymkent Seeks UNESCO Recognition As 2,200-Year-Old City». www.astanatimes.com.
  11. «Публичное подписание Указа "О некоторых вопросах административно-территориального устройства Республики Казахстан"» (ռուսերեն). President of Kazakhstan. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  12. ru:Шымкент#Растительность
  13. «List of Localities with Population - Akimat of the South Kazakhstan Region». ontustik.gov.kz (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Численность населения Республики Казахстан по областям, городам и районам на начало 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  15. «Численность населения Республики Казахстан по областям, городам и районам на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  16. «RK President signed decree making Shymkent a city of republican significance». Kazpravda. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. «S Kazakhstan rgn began construction of "Shymkent City"». Strategy2050.kz. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. 18,0 18,1 People & Power (TV programme), Al Jazeeera English, Robin Forestier, 20 February 2014
  19. The USSR. By John C. Dewdney. Published by Dawson, 1976
  20. «Shymkent Seeks UNESCO Recognition As 2,200-Year-Old City». The Astana Times.
  21. «Kazakhstan's Shymkent takes over as CIS Capital of Culture». KazInform.
  22. Shymkent Bike
  23. «Shymkent Mayor». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  24. «اتفاقية توأمة بين الغردقة وإقليم جنوب كازاخستان لتنشيط السياحة |صور». بوابة الأهرام (արաբերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Shymkentին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։