Շիկաքարի բերդ, բերդ Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, ներկայումս Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից 1.5 կմ արևմուտք, Կարկառ և Խաչեն գետերի միջև։

Շիկաքար ամրոց
ՏեղագրությունԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից 1.5 կմ ամ, Կարկառ և Խաչեն գետերի միջև։
ԵրկիրԱրցախ
Կառուցված5-7-րդ դարեր

Հիշատակություն խմբագրել

Բերդի մասին պատմագիտական աղբյուրները միայն կցկտուր տեղեկություններ են հաղորդում։

Վկայակոչելով Քարագլխի հարավ-արևմտյան եզրի գերեզմանատան մի արձանագրաւթյունը, Մ. Բարխուտարյանցը հայտնում է բերդի հիմնադրման և պատկանելության հետ կապված որոշ մանրամասներ։ Նա գրում է.

  «Բերդս շատ հին է և, ինչպես կարծում ենք, շինուած է հայոց թագավորներից և յետոյ ենթարկուած Աղուանից իշխանութեան։ Որպես ակներև է Քարագլխի հին հանգստարանի արձանագրութիւնիցն՝ Հասան Մեծս բերդս տուած է Սմբատ անուն ոմն իշխանազնի իբր հայրենիք և գերեզմանատուն։»
- Մ. Բարխուտարյանց, Արցախ, Բաքու, 1893 թվական, էջ 24
 

Շիկաքարին անդրադարձած մի այլ տեղագրող, Ս. Ջալալյանցը, բերդին Չալաղանա անունն է տալիս՝ կապված Չալաղան[1][2] հարյուրապետ իշխանի անվան հետ, որը մեծ ներդրում ունցեր բերդի պաշտպանությանը կազմակերպելու գործում[3]։

Շիկաքարի մասին տեղեկություններ են պահպանվել նաև արաբական աղբյուրներում[4], իսկ ասորական ժամանակագրության մեջ այն ներկայացված է որպես Սահակի բերդ[5][6].

  «... և Սահակ իշխանն հայկազուն ըմբռնեաց զՄսւհադի և կտրեաց զգլուխ նորա, և չոգավ Սահակ և կոտորեաց զբաղումս .ի Տաճկաց, և Քուրտանքն պատեալ էին զբերդն Սահակայ...»
- Մ. Ասորի, Ժամանակագրութիւն, Երոաաղեմ, 1871, էջ З65:
 

Այդուհանդերձ, բերդի մասին ամենավաղ գրավոր հիշատակությունը վերաբերում է 9-րդ դարին։ Դա Մ. Կաղանկատվացու վկայությունն է բերդի պատմական անցյալի հերոսական մի դրվագի կապակցությամբ։ Պատմիչը գրում է[7].

  «Իսկ ի լնուլ ՄՀ (821 թվական) Թուոյ հայոց ելին գաղտաբար ի Պարտաւայ արք ընտիրք ի Տաճկաց և յաւարի առին զԱմարաս գավառ և գերի առեալ իբրև ոգիս հազարս և ի Մեծիրանց սահմանի ամրացեալք՝ ի տեղւոջն, որ կոչի Շիկաքար։ Յայնժամ արի շքեղատեսակն Սահղի Սմբատեան Եռանշահիկ տեր քաջազոր եղբաւրբք իւրովք և զօրօքն իւրեանց ի լոսանալ առաւօտուն ի վերայ յարձակեալ առ հասարակ դիաթաւալ զնոսա ցիր ու ցան կացուցանէին, և որպես յառիւծու ժանեաց զգերեալսն ի բաց կորզեին»։
- Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից, Եբևան, 1909, էջ 326
 

Պատմություն խմբագրել

18-րդ դարի 20-ական թվականներին հայ ազատագրական շարժման մեջ խոշոր դեր էին խաղում Ղարաբաղի մելիքություններում տեղակայված սխնախները, որոնցից մեկը Շիկաքար-Քարագլուխ բնակավարն էր՝ Խաչենի մելիքության հիմնական կամ մեծ Սխնախը[8]

Բերդի պատմական անցյալի հետ են առնչվում նաև մի քանի ռազմական ընդհարումներ' 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։

Այդ պատերազմում ռուսական զորքերին մեծ աջակցություն էր ցույց տվել Կուսապատ գյուղից Մելիք Վանի հարյուրապետը, որի խորհրդով 1805 թվականի հունիսին ռուսական զորքերը Կարյագինի հրամանատարությամբ ճիշտ ընտրեցին մարտավայրը՝ Ղարա-Ղաջի Բաբա գերեզմանոցի մոտ (այժմ այն Ասկերանի և Աղդամի միջև՝ Փանահ խանի տոհմական գերեզմանատունը) և իսպառ ոչնչացրին Փիր-ղուլի խանի գերակշռող ուժերին։ Իսկ երբ պարսից զորահրամանատարին օգնության եկավ Աբաս-Միրզափ 30 հազարանոց բանակը, ռուսական զորքերի համար ստեղծելով անելանելի վիճակ, Վանին գիշերը, վտանգելով կյանքը, հասավ Շիկաքար բերդի ստորոտին՝ Խրամորթ գյուղը, հանդիպեց Մելիք Ադամին, Ասրի բեկ Փիրումյանին և ուրիշների՝ լուծելու ռուսական զորքերին օժանդակելու հարցը[9]։

Նկարագրություն խմբագրել

Շիկաքար բերդը կառուցվել է ծովի մակերևույիթց 1000 մետր բարձրություն ունեցող սարահարթի վրա, իսկ մոտակա հարթավայրերի համեմատությամբ նրա բարձրությունը ավելի քան 500 մետր է։ Բերդի ամբողջ սարահարթը, որն ընդգրկում է մոտ 300 հեկտար տարածություն, ունի կենսական լավ պայմաններ, ջուր, ծաղկազարդ ու դալարագեղ լանջեր, բերրի վարելահողեր, խոտհարքի տեղեր, գեղեցկատես անտառներ։

Վերնամասում սարահարթի արևելյան, հյուսիս-արևելյան, արևմտյան և մասամբ հյուսիսային հատվածները հիմնականում հարթ են։ Սարահարթն արևելքից լեռնային գոգավորությամբ բաժանվում է երեք ճյուղերի, հյուսիսից և հարավից վերջանում է կտրվածքաձև, գրեթե անտառապատ ժայռապատնեշներով, իսկ արևմուտքից հարում է բուսածածկ լեռնալանջերին։ Գրեթե կենտրոնով ձգվում է լայնածավալ, բավականին խոր իջվածքը, որը հասնում է հարավ-արևելյսւն անդնդախոր կիրճին։

Բերդի կառուցողները վարպետորեն են օգտագործել տեղանքի անառիկությունը։ Այն երեք կողմերից շրջապատված է բնական դժվարամատչելի ու անհաղթահարելի վիհահերձ ժայռերով, որտեղ կան հինգ նշանավոր քարանձավներ։

Բերդն օղակող լեռնային գոգավորության առաջին քարանձավը, որը գտնվում է հարավ-արևելյան կողմում, իր չափերով բավականին մեծ է։ Այն թաքստոց լինելով հանդերձ, պարունակում է ջրի հարուստ պաշարներ, որոնցից օգտվել են բերդավանի պաշտպանները։ Կարևոր դեր են կատարել նաև մյուս քարանձավները, որոնք պատերազմական ընդհարումների ժամանակ օգտագործվել են որպես ապահով ապաստարաններ, թաքստոցներ ու կացարաններ։ Դրանք էլ ավելի են մեծացրել բերդի դիմադրողականությունը։

Հաջորդ նշանավոր քարանձավը տեղակայված է վերոհիշյալից մոտ 500 մետր դեպի հյուսիս։ Այն ծառայել է ոչ միայն բնակատեղի ու թաքստոց, այլև պաշտպանական դեր է խաղացել։ Ունի կլորավուն մուտք, որի ամրապնդման նպատակով ձախ դյուրաթափանցելի հատվածում կառուցվել է քառուկիր պատ, որի մնացորդներր պահպանվում են։ Քարանձավը շատ խորն է և դժվարամատչելի։ Երկարությունը ստույգ դժվար է ասել, շարունակվում է մոտ 2 կմ և հասնում մինչև սարահարթի հյուսիս-արևմտյան ժայոը։ Քարանձավի ներսում առկա է մի քանի ջրավազաններ։ Նրանց շրջակայքում հայտնաբերվել են տնային կահկարասի և մի դամբարան, որոնք վկայում են անձավի բնակատեղի լինելու մասին։

Բերդի արևելյան ժայռից բացվող երրորդ քարանձավը ամենադժվարամատչելի անձավներից է, որը հողածածկույթի հողմնահարման հետևանքով գրավել է բարձր դիրք և լիովին դժվարացրել դեպի այն տանող ուղին։

Չորրորդ և հինգերորդ քարանձավները գտնվում են բերդի հյուսիս-արնմտյան և հյուսիսային կողմերում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ժողովրդական լեզվի մեջ «չալաղան» ասում են բազեների մի տեսակին՝ Սպիտակավուն Ագղին
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատ. 10, Խամսայի մելիքությունները, էջ 214
  3. Հ. Ջալալյանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858 թվական, էջ 344
  4. Ахмад Ибн Асам Ал-Кифн, Книга завоеваний, Баку, 1981, стр. 70—77.
  5. Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բաոարան, հատ. Դ, էջ 375։
  6. Շիկաքարը Սահլ Սմբատյան Աոանշահիկ իշխանի ամրոցն էր։ Որպես հայրենասեր անձնավորություն, բազմիցս մարտնչել է արաբների, պարսիկների, քրդերի և բոլոր նրանց դեմ, ովքեր ձգտել են խաթարել Աոանշահիկ տոհմի իշխանությունը։ 9-րդ դարի առաջին կեսում Սահլը հանդես էր գալիս Հայաստանի համար պատուհաս դարձած ավարառու Բաբեկի դեմ, քանի որ նրանք կռվելով օտարերկրյա հարստահարողների՝ արաբների և միաժամանակ, հայ ազնվականների դեմ, հայկական գավառներում հաստատվելու հավակնություններ էին հանդես բերում, որի մատնելով խաղաղ բնակիչներին։ 837 թվականին Սահլ Սմբատյանը բռնելով իր իշխանության սահմաններում հայտնված Բաբեկին, հանձնեց արաբների ձեոքը։
  7. В. М. Арутюнян, Каменная летопить армянского народа Ереван, 1985, стр. 148.
  8. Ջ . Արզամանսսն, «Մեծ » և «Փոքր » սղնախների հարցի շուրջ, «Լրաբեր», 1985 թվական, հրատարակություն 4. էջ 91։
  9. В. А. Потто, Первые доброгопьцы Карабаха в эпоху водворения русского-владычества, Тифлис, 1902, стр. 15— 18.

Գրականություն խմբագրել

  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68