Շթալբուրգ, Վերածննդի շրջանի շենք Վիեննա քաղաքի կենտրոնում։ Գտնվում է Յոզեֆպլացի և Միքայելպլաց հրապարակների միջև։ Հոֆբուրգի պալատի մի մասն է։

Շթալբուրգ, հյուսիսային ճակատ
Շթալբուրգ, կամարաշար

Պատմություն խմբագրել

Շենքը նախկինում եղել է էրցհերցոգ Մաքսիմիլիանի, իսկ հետագայում՝ կայսր Մաքսիմիլիան II-ի բնակելի թաղամասը։ Կառուցվել է 1558-1565 թթ.՝ որպես բնակավայր։ 1659-1776 թթ. այդտեղ է գտնվել էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի արվեստի հավաքածուն, որ կոչվել է Շթալբուրգի պատկերասրահ։ Այս հավաքածուի հիման վրա հետագայում՝ 1889 թ. ստեղծվել է Վիեննայի արվեստի պատմության թանգարանը։ Ավելի ուշ շենքում տեղակայվել են կայսերական ախոռները, ուր պահվել են կայսրի ձիերը։ Նույնիսկ այսօր այն օգտագործվում է Ձիավարժության իսպանական դպրոցի կողմից (Spanische Hofreitschule)։

Մինչև 1659 թ. Վիեննա տեղափոխվելը, էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմն ստեղծեց իր 1400 կտավներից բաղկացած արվեստի հավաքածուն Բրյուսելում, ուր Դավիդ Կրտսեր Տենիրսը ստեղծեց Բրյուսելի պատկերասրահի տեսարանները, որոնք այսօր գտնվում են տարբեր հավաքածուներում[1]։ Նա ստեղծեց այդ կտավների բազմաթիվ մանրակերտներ, որոնք պետք է օգտագործվեին փորագրողների կողմից և հրապարակեց դրանք 1660-ականներին Theatrum Pictorium կոչվող իտալական գեղանկարների կատալոգում։

Կառլ VI խմբագրել

 
Կոմս Ալթհաննը կայսր Կառլ VI-ին է ներկայացնում Գունդակերի նոր կատալոգը, Ֆրանչեսկո Սոլիմենա, 1728 թ.

Տենիրսից հետո 1720-ական թվականներին գեղանկարների երկրորդ նկարազարդ կատալոգը ստեղծեց Անտոն Յոզեֆ ֆոն Պրենները, որը ներառում էր լրացումներ Կառլ VI՝ Նեապոլի հավաքածուից։ Վերջինս հանձնարարեց Ֆերդինանդ Ստորֆերին հետևել գունավոր մանրակերտների ու փորագրությունների պատրաստմանը։ Նոր պատրաստված փաստաթուղթը, որ կոչվում էր «Կայսերական պատկերասրահի նոր կազմավորված գույքացանկը Շթալբուրգում», տպագրվեց 1720-1733 թթ.՝ 4 հատորով։ Կառլ VI-ը նաև հանձնարարեց Ֆրանչեսկո Սոլիմենային գեղանկարով նշել պատկերասրահի վերակազմավորումը։

Շթալբուրգ անունը կապվում է կայսերական ընտանիքի ախոռների հետ, որոնք Կառլ VI-ի օրոք պահվում էին շենքի առաջին հարկում։ Բակի մեջտեղում կանգնած կռած երկաթից բազրիքներով շատրվանը կառուցվել է 1675 թ.։ Շենքը մեծապես վնասվել է 1945 թ. ռմբակոծությունից՝ անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ, բայց հաջողությամբ վերականգնվել է 1947-1948 թթ.։ Հոֆբուրգի և Շթալբուրգի միջև կամարաշարի անցուղին բացվել է 1948 թ. հուլիսի 1-ին։

Այսօր այստեղ են պահվում Ձիավարժության իսպանական դպրոցի լիպիցաներ տեսակի ձիերը, իսկ ձիաբուծարանը գտնվում է Շտիրիայի Փիբեր գյուղում։ Դպրոցի բակը կարելի է տեսնել Ռայտշուլգասսե փողոցից։ Դրա կողքին է գտնվում այժմ չգործող Լիպիցան թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել