Շենքերի ջերմախոնավային ռեժիմ

Շենքերի ջերմախոնավային ռեժիմ, շինարարական ջերմատեխնիկայի բաժին, որտեղ դիտարկվում են բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ներսում տեղի ունեցող միկրոկլիմայական գործընթացները և մշակվում ջեռուցման, օդաորակավորման, օդափոխման ջերմա և շոգեմեկուսացման համապատասխան միջոցառումներ՝ անհրաժեշտ հարմարավետություն ստեղծելու նպատակով։ Այդ հարմարավետությունը պայմանավորված է շենքերի ներսի օդի և արտաքին պատերի ներքին մակերևույթների ջերմաստիճանների տարբերության նվազեցմամբ և ներսի օդի ջերմաստիճանի համեմատաբար անփոփոխ պահպանմամբ։ ՀԽՍՀ չոր կլիմայական պայմանները շենքերի ներսում ջերմախոնավային ռեժիմի պահպանման լրացուցիչ պահանջներ են առաջադրում, որոնց ապահովումը կապված է բնակարաններում միջանցիկ օդափոխության ստեղծման, ինչպես նաև պատշգամբների ու շենքերի ջերմապաշտպան կոնստրուկցիաների օգտագործման հետ։ Որպես գիտության բաժին, շենքերի ջերմախոնավային ռեժիմը զարգանում է շինարարական ջերմատեխնիկայի, շինարարական աերոդինամիկայի, շինարարական կլիմայագիտության և թերմոդինամիկայի դրույթների հիման վրա։

Բնակելի շենքի կաթսայատուն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 482