Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամքորի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Շամքորի ճակատամարտ, ռուս-պարսկական պատերազմի (1826-1828) խոշոր ճակատամարտերից։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, Շամքոր գյուղի մոտ (այժմ՝ քաղաք Շամքոր, ԱդրբեջանՇամքորչայ գետի ափին։ Պարսկական զորքը (40 հազար մարդ), գահաժառանգ Աբբաս Միրզայի հրամանատարությամբ ներխուժելով Ղարաբաղ, մտադիր էր գրավել ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Շուշի ամրոցը և ապա շարժվել Թիֆլիս, գրավել այն և վերջ տալ ռուսական տիրապետությանը Հարավային Կովկասում։ Սակայն ռուսական կայազորի և հայ ազգաբնակչության կողմից Շուշիում հերոսական պաշտպանությունը պարսկական զորքերի մի նշանակալի մասը գամեց Շուշիին։

Շամքորրի ճակատամարտը

Պարսկական 10 հոգանոց մի զորամաս Ամիրխանի գլխավորությամբ Ղազախի վրայով շարժվեց դեպի Թիֆլիս, բայց Շամքոր գետի ափին նրա դեմ ելավ գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորած 2 հազարանոց ռուսական զորաջոկատը, որի կազմում գործում էին հայկական աշխարհազորային ջոկատները (Գալուստ Մանոլչարյանի, Ասրի Բահաթրյանի և այլոց գլխավորությամբ)։ Շամքորի ճակատամարտում ռուսական, զորքը ջախջախեց պարսիկներին, որից հետո սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի (Գանձակ) ճակատամարտում ջախջախեց Աբբաս-Միրզայի գլխավորությամբ այստեղ փութացած պարսկական 25 հազարանոց բանակը։

Շամքորի ճակատամարտում աչքի ընկած բազմաթիվ հայեր արժանացան կառավարական պարգևների։ Այն սկիզբ դրեց ռուսական զորքի հաղթանակներին՝ 1826-1828 թվականի ռուս-պարսկական պատերազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 443