Բացել գլխավոր ցանկը

Շահ Աբբաս I-ի վրացական արշավանք

Շահ Աբբաս I-ի վրացական արշավանք (վրաց.՝ შაჰ-აბასის ლაშქრობები ქართლ-კახეთში), 1614-1617 թվականներին Սեֆյան Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած արշավանքն ընդդեմ վրացական երկու պետությունների՝ Քարթլիի և Կախեթի թագավորությունների։ Վերջիններս վասալական կախման մեջ էին պարսից շահից, սակայն այս արշավանքի ավարտից հետո ստիպված են լինում ամբողջությամբ ընդունել Սեֆյան գերիշխանությունը։ Աբբասի արշավանքը դիտարկվում է որպես թուրք-պարսկական 1603-1618 թվականների պատերազմի մաս կազմող ռազմական առճակատում։ Արշավանքի նախօրեին Քարթլիում և Կախեթում ձևավորվել էր Պարսկաստանի սահմաններից դուրս գործող կիսանկախ իշխանություն, որոնք կառավարվում էին համապատասխանաբար վրաց արքաներ Լուարսաբ II-ի և Թեյմուրազ I-ի կողմից։

Շահ Աբբաս I-ի վրացական արշավանք
Թուրք-պարսկական պատերազմ`
Թվական 1614-1617
Վայր Քարթլի, Թբիլիսի, Կախեթ
Արդյունք Պարսկաստանի վճռական հաղթանակ
  • Թբիլիսիի նվաճումը պարսիկների կողմից
  • Լուարսաբ II-ի և Թեյմուրազ I-ի զրկումը Քարթլիի և Կախեթի գահից
  • Քարթլիի և Կախեթի թագավորությունների անցումը պարսից տիրապետության տակ
  • Վրացիները մեծ բռնագաղթը
Հակառակորդներ
Իրան Սեֆյան Պարսկաստան Կախեթի թագավորություն Կախեթի թագավորություն
Քարթլիի թագավորություն Քարթլիի թագավորություն
Հրամանատարներ
Իրան Աբբաս I Սեֆի
Իրան Գեորգի Սաակաձե
Իրան Գանջ ալի խան
Կախեթի թագավորություն Թեյմուրազ I
Քարթլիի թագավորություն Լուարսաբ II
Կորուստներ
անհայտ 100,000 սպանված վրացի
160,000-200,000 գաղթեցված վրացի

Վրաստան ներխուժած պարսկական ուժերը մի քանի վճռական հաղթանակ տոնելուց հետո ներխուժում են Տփղիս և ավերածություններ գործում վրաց քաղաքամայրում։ Այնուհետև, նրանք գերեվարում են ըստ տարբեր աղբյուրների 130-ից մինչև 200 հազար վրացիներ և բռնագաղթեցնում դեպի Պարսկաստան[1][2]։ Տեղահանություններից բացի, վրացական զորքերը կրում էին նաև բազմաթիվ զոհեր։

Բովանդակություն

ՆախապատմությունԽմբագրել

1587 թվականին շահական Պարսկաստանում իշխանության է գալիս Սեֆյանների տոհմի հերթական ներկայացուցիչը՝ Աբբաս I Սեֆին։ Այդ ժամանակահատվածում Պարսկաստանը Օսմանյան կայսրության դեմ պայքարելու համար բավարար միջոցներ չուներ և ակամայից ստիպված էր ընդունել խաղաղության պայմանագրի դրույթները։ Այպիսով, շահը նպատակ ուներ այսկերպ ժամանակ շահել՝ բարեփոխումներ անցկացնելու համար։ Հարաբերական խաղաղության ժամանակահատվածում Աբբասը զարկ է տալիս երկրի տնտեսությանը, իսկ գրավյալ տարածքների ժողովուրդների հաշվին՝ ստեղծում է նաև հզոր և մարտունակ բանակ։ Այս ամենից հետո ցանկանալով վերահաստատել 1555 թվականի թուրք-պարսկական սահմանագիծը՝ շահ Աբբաս I-ը, սկսում է իր նոր արշավանք։

Թուրքիայի հետ պատերազմում պարսից շահն ակնկալում էր Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորությունների զինակցությունը։ Նախկինում վրացական արքաները օժանդակել էին պարսից շահին Երևանի գրավման ժամանակ՝ փոխհատուցում ստանալով դրա դիմաց։ Այպիսով, շահը վրաց արքաներից պահանջում է Իրանին հանձնել Քարթլիի և Կախեթի թագավորության տարածքների մի մասը, որը Լենկթեմուրի արշավանքների արդյունքում ձևավորվել էր օտար զավթիչների վարչակարգը։ Բանակցություններից հետո Գիորգի X-ը հեռանում է Քարթլի, իսկ Ալեքսանդր II-ը շարունակում է մնալ պարսից արքունիքում։ Ալեքսանդրի բացակայությամբ պայմանավորված Կախեթի գահն անցնում է նրա որդուն՝ Գիորգին։ Որոշ ժամանակ անց, շահը Ալեքսանդրին թույլ է տալիս հեռանալ Պարսկաստանից իր որդու՝ Կոնստանտին միրզայի ուղեկցությամբ։ Շուտով շահը վերջինիս հանձնարարում է գրավել Շիրվանը և այնտեղ գահակալ նշանակել Միրզային։ Վերջինս մերժում է իրանաց շահի հանձնարարականը, սակայն սպանվում է իշխանատենչ որդու՝ Գիորգիի կողմից։ Միրզան իրեն հայտարարում է երկրի ղեկավար և ներխուժում Շիրվան՝ շուտով հասնելով մինչև Շամախիի մատույցները։ Շիրվան երկրի գրավումից անմիջապես հետո Միրզան իր զորաջոկատով հարձակվում է Կախեթի թագավորության վրա։ Շուտով կախեթցիներին օգնության են ժամանում Քարթլիի թագավորության զորքերը՝ Գիորգիի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, վրացիները պարտվում են։

Պատերազմական գործողություններից հետո Կախեթում գահ է բարձրանում Քեթևանի որդի Թեյմուրազը։ Շահի թույլտվությամբ Թեյմուրազը թագադրվում է Կախեթի թագավորության արքունիքում։ 1606 թվականին հանկարծամահ է լինում Քարթլիի արքա Գիորգի X-ը, որին փոխարինում է նրա երիտասարդ որդին՝ Լուարսաբ II-ը։ 1612 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև կնքվում է հերթական հաշտությունը, որը թույլ է տալիս պարսից արքունիքի ուշադրությունը սևեռել Վրաստանի ուղղությամբ։ Նամանավանդ, որ արդեն իսկ որպես գերտերություն պատմության թատերաբեմ էր դուրս գալիս Ռուսաստանը։ Ուստի՝ Պարսկաստանը նպատակ ուներ հնարավորինս շուտ լուծել վրացական հողերի նվաճման կարևոր խնդիրը։

Շահ Աբբասի արշավանքներԽմբագրել

1614 թվականին Սեֆյան արքա Աբբաս I-ը սկսում է իր արշավանքը դեպի Վրաստան։ Նույն տարում պարսկական բանակը ներխուժում է Քարթլի և Կախեթ ՝ ավերելով վերջիններիս թագավորանիստները։ Վրաց հողերը զավթելուց հետո պարսից արքունիքը Կախեթում գահընկեց է անում Թեյմուրազին և թագավոր կարգում վերջինիս եղբորը՝ Իսախանին։ Վրաց թագավորությունների «սիրտը» համարվող Քարթլիում իրավիճակն այլ էր․ իսլամադավան նվաճողներն ավերում են երկիրը, իսկ արքա Լուարսաբին իրենց հետո տանում են Տիզբոն։ Այսպիսով՝ Կախեթի նորընտիր արքան պարսից շահի անուղղակի կամակատարն էր, իսկ Քարթլին ընդհանրապես երկրի ղեկավար չուներ։ Շահ Աբբասի վայրագությունները հանգեցնում են 1615 թվականի սեպտեմբերին լայնածավալ համաժողովրդական ապստամբության բռնկման։ Ապստամբների օժանդակությամբ Թեյմուրազ I-նն իրեն հռչակում է Քարթլի-Կախեթի միացյալ թագավորության արքա և ներխուժում Շաքիի շրջան։ Այնտեղից էլ վերջիններիս միանում են ապստամբների մի հոծ զանգված։ Շահի հրամանով Պարսկաստանից Վրաստան է ուղևորվում արյաց 15 հազարանոց զորաբանակը, որն արյան մեջ խեղդում է վրաց ապստամբությունը։ Գիտակցելով ապստամբության լրջությունը և ցանկանալով սասանել խռովության ալիքը՝ շահական կառավարությունը 1616 թվականի գարնանը ձեռնամուխ է լինում վրացական թագավորությունների դեմ նոր ռազմարշավի կազմակերպման, որը տևում է մեկ տարի։ Այս դեպքում ևս ապստամբությունը ճնշվում է։

Կախեթում ավերածություններ գործելուց հետո պարսկական զորքերը ներխուժում են արևելյան Վրաստան՝ Քարթլի։ 1615 թվականից ի վեր այնտեղ կառավարում էր Բագրատ արքան։ Վրաց այս արքան (այս տիտղոսով է հիշատակված վրացական սկզբնաղբյուրներում) երիտասարդ հասակում ստացել էր իրանական դաստիարակություն, որով էլ պայմանավորված էր նրա կրոնափախ լինելու հանգամանքը (պարսից ճնշման ներքո նա ընդունել է իսլամը): Շահ Աբբասի կովկասյան արշավանքներ անդառնալի հետևանքներ ունեցան տարածաշրջանի համար։ Ըստ պարսկական աղբյուրների՝ միայն վրացական արշավանքի ժամանակ զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Գրեթե միևնույն ժամանակահատվածում շահ Աբբաս Սեֆին իրականացնում է նաև Նախիջևանի հայերի մեծ բռնագաղթը, որի ժամանակ տարհանվում է ամբողջ երկրամասի հայ բնակչությունը։ Վրաստանի դեպքում ևս կատարվում է գրեթե նույնը․ պարսիկները ստիպողաբար տեղահանությունների են ենթարկում Քարթլիի և Կախեթի բնակչությունը, որի արդյունքում փոխվում է տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։ Բազմահազարավոր վրացիներ տեղահանվում են Իրան և ընդունում մուսուլմանական կրոնը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Blow David (2009)։ Shah Abbas: The Ruthless King Who became an Iranian Legend։ London, UK: I. B. Tauris & Co. Ltd.։ էջ 174։ ISBN 978-1-84511-989-8 
  2. Mikaberidze Alexander (2015)։ Historical Dictionary of Georgia (e ed.)։ Rowman & Littlefield։ էջ 291, 536։ ISBN 978-1442241466 

ԳրականությունԽմբագրել

  • Willem Floor, Edmund Herzig Iran and the World in the Safavid Age. — Лондон-Нью-Йорк: I.B.Tauris, 2012.
  • Kaushik Roy Military Transition in Early Modern Asia, 1400-1750: Cavalry, Guns, Government and Ships. — 2014.
  • Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии (с древнейших времен до наших дней).
  • Ш. Месхиа Учебник истории Грузии. — 1967.