Շահապիվան, [բառացի՝ շահապի (պհլ․ Sahap– քաղաքապետ), բնակավայր, կայան], ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, նույնանուն լեռան ստորոտին։ Արշակունիների թագավորության ժամանակ, հատկապես IV– V դդ․ եղել է քաղաքական, կրոնական և մշակութային կարևոր կենտրոն։ Հեթանոսական ժամանակներում և քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին շրջանում ( IV դ․) Շահապիվանում ևս նշվել են նավասարդյան տոնակատարությունները։ Ըստ Ագաթանգեղոսի, Շահապիվանի շահապը 320-ական թթ․ սկզբին դասվել է ավագ նախարարների շարքը։ Շահապիվան եղել է Արշակունիների բուն բանակատեղի՝ ձիարշավի հրապարակով և ռազմական այլ հարմարություններով։ Իսկ մերձակայքի համանուն լեռը եղել է թագավորական արգելանոց–որսատեղի՝ երեների հարուստ հոտերով։

Մինչև Տիրանի թագավորությունը (338–350) Շահապիվան իր շրջակայքով, պատկանել է Գնունիներին։ Գնել Գնունին այդ կալվածը, իբրև օժիտ, նվիրել է իր դստերը։ Արշակ Բ–ի թագավորության (350–368) սկզբում Շահապիվան անցել է Արշակ Բ-ի եղբայր Տրդատի որդուն՝ Գնելին (մայրենի գծով՝ Գնունի)։ Շահապիվան լեռան Լսին բլրի վրա Գնել Արշակունու դավադրական սպանությունից հետո Արշակ Բ-ն Շահապիվանը կրկին դարձրել է արքունի սեփականություն։ Շահապիվանում գումարվել է հայոց կանոնադիր ժողովներից մեկը (տես Շահապիվանի ժողով 444/446)։ VI դարից հետո Շահապիվանը աստիճանաբար անշքացել, կորցրել է նախկին դերը և հետագա պատմիչները հիշատակում են սոսկ վերոհիշյալ ժողովի առիթով։

Գրականություն

խմբագրել
  • Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց․․․, Վնտ․, 1822;
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 418