Շահանդուխտ II

Սյունիքի թագուհի

Շահանդուխտ II (Շահանդուխտ Բ, 11-րդ դար - 1116), Սյունյաց աշխարհի թագուհի։

Շահանդուխտ II
Ծնվել է՝11-րդ դար
Մահացել է՝1116
ԵրկիրՍյունիքի թագավորություն
ՀայրՍահակ-Սևադա Բ
ՄայրՍոփիա

Սյունյաց թագավորության հիմնադիր Գրիգոր Ա Սյունի արքայի (1051-1072) կինը, Սենեքերիմ թագավորի քույրը[1]։

Վանական համալիր Վահանավանք.jpg

ՊատմությունԽմբագրել

Շահանդուխտ II–ը Աղվանից (Հայոց Արևելքից կողմանց) արքա Սահակ Սևադա II–ի և Սոփիայի դուստրն էր, ինչի մասին վկայում են նաև Վահանավանքից հայտնաբերված արձանագրությունները և Սյունյաց ականավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Շահանդուխտ II թագուհին կարևոր դերակատարում է ունեցել Սյունյաց թագավորության քաղաքական կյանքում։ Շահանդուխտ II-ը Գրիգոր I Սյունի արքայի կինն էր, որն անզավակ մահացավ 1072 թվականին։ Գրիգոր I Սյունի թագավորի մահվանից հետո Սյունյաց ազնվականության վորոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը (1072-1094/1096)։ Արցախ աշխարհի արքայատուստրը արդեն հասցրել էր սիրվել ու մեծ հարգանք վայելել Սյունիքում, քանի որ միայն նրա հեղինակության շնորհիվ էր հնարավոր գահաժառանգման հարցի նման լուծումը, մանավանդ որ արքայազնը տակավին մանկահասակ էր[2]։

Շահանդուխտ թագուհին կարևոր դերակատարում է ունեցել նաև իր եղբայր Սենեքերիմի թագավորության ժամանակաշրջանում։ Եղբոր՝ Սենեքերիմ արքայի մահից հետո, միչև եղբորորդու՝ Գրիգոր II արքայի չափահաս դառնալը, Շահանդուխտ II–ը եղել է թագավորության փաստացի կառավարիչը։ Շահանդուխտ II–ը մահահացել է 1116 թվականին։

Բեղումնավոր էր Շահանդուխտ II–ի շինարարական և բարեգործական գործունեությունը, որի համար նա արժանացել է «ամենաօրհնյալ», «խորահավատ բարեպաշտուհի», «երանելի և սուրբ թագուհի» պատվատիտղոսներին։

1086 թվականին Շահանդուխտ թագուհին և իր քույր Կատան կառուցել են Վահանավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ էլ գտնվել է նրանց մասին պատմող արձանագրությունը[3]։ Դատելով արձանագրություններից և Վահանավանքում հայտնաբերված տապանաքարերից՝ իր կյանքի վերջին հատվածը Սյունիքում է անցկացրել Շահանդուխտ թագուհու մայրը՝ «Աղվանից թագուհի» Սոփիան։ Նրա տապանաքարից իմանում ենք մահվան տարեթիվը՝ 1081 թվական։ Նույն թվականին Շահանդուխտ թագուհին, նրա եղբայր Սենեքերիմ արքան և քույր Կատան իրենց մոր հիշատակը հավերժացնող գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել Վահանավանքի մեծ տաճարի արևելյան կողմում։

Շահանդուխտ թագուհին և նրա եղբայր Սենեքերիմ արքան աչքի են ընկել ոչ միայն շինարարական գործունեությամբ, այլև եկեղեցուն և հոգևոր դասին տված առատ պարգևներով ու նվիրաբերած տիրույթներով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Григорян Г. М., 1990, էջ 224—225, 307
  2. Արտակ Մովսիսյան (2014)։ 10 հայ ականավոր թագուհիներ։ ԵՐԵՎԱՆ: ԶԱՆԳԱԿ։ էջեր 72–79։ ISBN 978-9939-68-267-9 
  3. Григорян Г. М., 1990, էջ 163—164

ԳրականությունԽմբագրել