Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նշան Գրիգորյան (անգլ.՝ Neshan Krekorian, մայիսի 12, 1886(1886-05-12)[1], Քղի, Բինգյոլի մարզ, Թուրքիա - մայիսի 21, 1978(1978-05-21)[1], Սենթ Քաթարինս, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա), խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր, 711 փրկված մարդկանցից մեկը։ Ընդհանուր առմամբ նավում կար 6 հայ, որոնցից երկուսը՝ Նշան Գրիգորյանը և Դավիթ Վարդանյանը փրկվել են։

Նշան Գրիգորյան
Neshan Krekorian
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1886(1886-05-12)[1]
ԾննդավայրՔղի, Բինգյոլի մարզ, Թուրքիա
Մահացել էմայիսի 21, 1978(1978-05-21)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՍենթ Քաթարինս, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա (ՀԱԵ)

Կենսագրություն խմբագրել

Նշան Գրիգորյանը ծնվել է 1886 թ. մայիսի 12-ին Օսմանյան կայսրության կազմում գտնվող Արևմտյան Հայաստանում, Էրզրումի մոտ գտնվող Քղի գյուղում։ Թուրքերի կողմից քրիստոնյաների դեմ տեղի ունեցած ջարդերից հետո Նշան Գրիգորյանը, իր համագյուղացիներ Արսեն Սիրականյանի, Հարություն Տեր-Զաքարյանի, Մամփրե Տեր-Զաքարյանի և Դավիթ Վարդանյանի հետո լքում է հայրենիքը և նրանք որոշում են մեկնել Կանադա։ Նա պատրաստվում էր կանգ առնել Կանադայի Օնտարիո նահանգի Համիլթոն քաղաքում, ոմն Փոլ Մարտինի տանը (Mr Paul Martin, 108 Princess Street, Hamilton, Ontario)։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ Գրիգորյանը Տիտանիկի տոմս չուներ, և նավ նստելու համար Մարսելում կաշառել էր տուրգործակալին, բայց ամեն դեպքում վաճառված տոմսերի ցանկում նշված է, որ նրա տոմսի համարն էր՝ 2654 և այն արժեր £7, 4s, 7d։ Ամեն դեպքում, նա Տիտանիկ է բարձրացել Շերբուրգում որպես երրորդ դասի ուղևոր։ Գրիգորյանը հետագայում դժգոհում էր, որ երրորդ դասի նավասենյակում նա «ճտի նման փակի տակ էր գտնվում» (E-57 սենյակը F-տախտակամածում)։

1912 թ. ապրիլի 14-ի երեկոյան, Գրիգորյանը խաղաթուղթ էր խաղում, և ժամը 11-ի շուրջ նա հանեց կոշիկները և պառկեց իր մահճակալին։ Քիչ անց նա լսեց տագնապի ձայնը, քանի որ այդ պահին իր լուսանցույցը բաց էր։ Նա վեր կացավ, որ գնա փակի լուսանցույցը, սակայն հատակին սառույցի կտորներ գտավ։ Խորտակումից հետո Գրիգորյանը ասաց, «Չնայած ես այդ պահին առաջին անգամ այսբերգ/սառցաբեկոր տեսա, ես շատ չէի անհանգստանում, քանի որ կտորները շատ փոքր էին»[2]։

Նավի և այսբերգի հարվածից հետո Գրիգորյանը որոշեց բարձրանալ A-տախտակամած, քանի որ ձախ կողում պատրաստվում էին 10 փրկանավակ իջեցնել։ Գրիգորյանը բարձրացավ A-տախտակամած և նստեց փրկանավակում։ Հետագայում նավաստի Ֆրենք Էվանսը (Frank Evans) ասաց, որ Գրիգորյանը «իրեն փրկելու համար գիտակցաբար փրկանավակ ցատկեց»[3]։ Գրիգորյանը փրկվեց, բայց թոքերի բորբոքում ստացավ։ Նրան տեղափոխեցին Նյու Յորքի հիվանդանոց, և երբ նա վերջնականապես հասավ կանադական Օնտարիո նահանգի Բրենթֆորդ քաղաք, նրան մի քանի շաբաթով նորից պառկեցրին հիվանդանոցում։

1918 թ. Գրիգորյանը տեղափոխվում է նույն Օնտարիո նահանգի Սենթ Քաթարինս քաղաք, որտեղ ամուսնանում է Բերսաբե Վարդանյանի հետ 1924 թ. հուլիսի 12-ին։ Ունեցել են երեք զավակներ՝ Ալիս, Ջորջ եւ Անջելին։ Ամբողջ կյանքը Նշան Գրիգորյանն աշխատում էր «Ջեներալ Մոթորս» ընկերության ավտոմոբիլների գործարանում։

Տիտանիկը Գրիգորյանի համար դարձավ առաջին և վերջին նավը իր կյանքում։ Գրիգորյանի դուստրը պատմում էր, որ երբ հայրը ինչ-որ տեղ էր գնում և մոտակայքում կար որևէ լայն ջրամբար, «նրա երեսը դավաճանում էր իր մտքերը, նա ջրին էր նայում, և անհապաղ դուք իմանում էիք, որ նա կենդանի է մնացել այդ գիշեր»[4]։

Նշան Գրիգորյանը վախճանվել է 1978 թվականի մայիսի 21-ին Սենթ Քաթարինս քաղաքում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. Նշան Գրիգորյանը «Տիտանիկի հանրագիտարանում»

    "Even though it was the first time in my life I had seen icebergs, I didn't think much of it because they were barely noticeable."

  3. Նշան Գրիգորյանը «Տիտանիկի հանրագիտարանում»

    Able Seaman Frank Evans later testified that Krekorian "deliberately jumped in and saved himself."

  4. Նշան Գրիգորյանը «Տիտանիկի հանրագիտարանում»

    Whenever he went anywhere near a large body of water, his daughter said, "his face betrayed his thoughts, he would gaze at the water, and instantly you knew he was reliving that night."