Նուրին, հայ դիցաբանության մեջ ջուրն անձնավորող ոգի։ Նույնացվել է Ծովինար աստվածուհուն։

Ըստ հին հայկական սովորույթի, ամեն տարի, երաշտի ժամանակ երեխաները պատրաստում էին խրտվիլակներ, որոց անվանում էին Նուրին։ Նրան տանում էին տները և երգում.

Նուրին-Նուրին եկել ա,
Աճպա հուրին եկել ա,
Շիլա շապիկ հագել ա,
Կարմիր գօտիկ կապել ա,
Ձու բերէք թաթը դնենք,
Եղ բերէք պորտը քսենք,
Ջուր բերէք գլխին ածենք,
Երկնքի դուռը բացենք։

Այս ծեսի իմաստն այն էր, որ Ծովինար աստվածուհուն նմանեցվող Նուրինը, ջուր պարգևի չորացած դաշտերին ու այգիներին։ Գյուղացիները խրտվիլակի վրա ջուր էին ցանում, իսկ երեխաները ձու ու յուղ էին տալիս։ Տնից-տուն տանելուց հետո երեխաները Նուրին խրտվիլակը ջուր էին գցում։ Հայաստանի տարբեր վայրերում Նուրինը տարբեր անուններ ուներ՝ խուշկուրուրիկ, խուրձկուլուլու, չիչիմամա։