Աֆիֆե Նուրբանու Սուլթան (թուրքերեն՝ Afife Nûr-Banû Sultan, օսման.՝ نور بانو سلطان, 1525[1], Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - դեկտեմբերի 7, 1583(1583-12-07), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հարճ, ապա օսմանյան սուլթան Սելիմ II-ի կինը (կրել է հասեկի տիտղոսը), Մուրադ III-ի մայրը, կանանց սուլթանատի շրջանի առաջին վալիդե սուլթանը։

Նուրբանու Սուլթան
թուրքերեն՝ Nurbanu Sultan
օսման.՝ نور بانو سلطان
Նուրբանուի թաղումը.
Մանրանկար Սեիդ Լոքմանի «Շեխինշահնամե»–ից, 1592 թվական
Վալիդե սուլթան
1574թվականի դեկտեմբերի 15 - 1583թվականի դեկտեմբերի 7
Նախորդող Հաֆսա Սուլթան
Հաջորդող Սաֆիե Սուլթան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ստրուկ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 1525[1]
Ծննդավայր Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Վախճանի օր դեկտեմբերի 7, 1583(1583-12-07)
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Թաղված Սուրբ Սոֆիայի տաճար
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ամուսին Սելիմ II
Զավակներ Շահ Սուլթան, Մուրադ III, Էսմեհան Սուլթան, Գևխերհան Սուլթան, Ֆաթմա Սուլթան

Նուրբանուն ենթադրաբար սերել է Վենետիկի երկու նշանավոր ընտանիքներից և 12 տարեկանում առևանգվել է օսմանյան ծովակալի կողմից։ Սուլթանական հարեմում հայտնվելուց կարճ ժամանակ անց Նուրբանուն դարձել է սուլթան Սուլեյման I–ի ժառանգորդի՝ շեհզադե Սելիմի հարճը։ Երկար տարիներ, մինչև Սելիմի գահ բարձրանալը, Նուրբանուն եղել է շեհզադեի միակ ֆավորիտը և նրա միակ որդու՝ շեհզադե Մուրադի մայրը։ Շեհզադե Մուրադի գահ բարձրանալուց հետո Նուրբանուին շնորհվել է վալիդեի կոչում և վերապահվել սահմանված արտոնություններ։ Բացի այդ, մնացած ողջ կյանքը նա որդու գլխավոր քաղաքական խորհրդականն է եղել։ Նուրբանուն մահացել է իր հզորության գագաթնակետին, 1583 թվականին Ստամբուլում և թաղվել ամուսնու կողքին Այա Սոֆյա մզկիթում։

Ծագում խմբագրել

Հիմնական է համարվում Վենետիկի երկու ազնվական ընտանիքներից Նուրբանուի ծագման վարկածը[2]․ նրա հայրը եղել է Նիկոլո Վենյերը՝ Վենետիկին պատկանող հունական Պարոս կղզու նահանգապետը և Վենետիկի դոժ Սեբաստիանո Վենյերի հարազատ եղբայրը, մայրը՝ Վիոլանտ Բաֆոն էր։ Սեսիլիա Վենյեր-Բաֆո անունով աղջիկը[2][3], համարվել է ապօրինածին[2], քանի որ նրա ծնողները ամուսնացած չեն եղել։ Բացի այդ, որոշ պատմաբաններ նշել են, որ Նիկոլոյի և Վիոլանտի ենթադրյալ դստեր անունը Օլիվիա է եղել[4]։

Այլ վարկածների համաձայն՝ Նուրբանուն կարող էր հրեա լինել[5][6] Նասիի ընտանիքից[7] կամ հույն՝ Կորֆու կղզուց[8][9]։

Ժառանգորդի հարճ խմբագրել

1537 թվականին, երբ ծովահեն ու ծովակալ Հայր–ադ–դին Բարբարոսան գրավեց Պարոսը, 12-ամյա[3] աղջիկը հայտնվեց ստրկության մեջ։ Նա Բարբարոսայի կողմից, որպես ստրկուհի, Ստամբուլում հանձնվել է սուլթանական հարեմ[8], որտեղ դարձել է շեհզադե Սելիմի հարճը։ 1543 թվականին Նուրբանուն, հավանաբար, ուղեկցել է Սելիմին Կոնիայում, որտեղ նա զբաղեցնում էր էյալեթի սանջակբեյի (փաշայի) պաշտոնը։ Այստեղ 1544 թվականին Նուրբանուն ծնել է իր առաջնեկին՝ Շահ Սուլթան դստերը, իսկ հետո, երկու տարի անց, որդուն՝ Մուրադին։ Ինչպես նշել է Լեսլի Փիրսը, Մուրադը Սելիմի միակ որդին էր, որը ծնվել էր մինչև նրա գահակալությունը, 1566 թվականին[2]։

 
Նուրբանուի ամուսինը՝ Սելիմը

Ինչպես գրել է Վենետիկի դեսպանը, սանջակբեյ եղած ժամանակ Սելիմը շատ «վավաշոտ» էր, սակայն եթե անգամ նա այլ հարճեր էլ է ունեցել, ապա այդ ընթացքում միայն Նուրբանուն է ծննդաբերել։ Նա Սելիմի առնվազն չորս երեխաների մայրն էր. բացի Շահ Սուլթանից և Մուրադից, նա ունեցել է ևս երկու դուստր՝ Գևխերհանը և Էսմեհանը, որոնք ծնվել են առաջին դստեր և որդու լույս աշխարհ գալու միջև ընկած ժամանակաշրջանում։ Սելիմի վերջին զավակը, որը ծնվել է մինչև նրա գահակալությունը, եղել է Ֆաթմա Սուլթանը, ով լույս աշխարհ է եկել մոտավորապես 1559 թվականին, նրա մայրը նույնպես համարվում է Նուրբանուն[2]։

Սուլթանի ֆավորիտ խմբագրել

1558 թվականին շեհզադե Մուրադը նշանակվել է Աքշեհիրի սանջակբեյի պաշտոնում։ Ավանդույթի համաձայն, շեհզադեի մայրը պարտավոր էր նրա հետ մեկնել էյալեթ, որտեղ պետք է կատարեր այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սուլթանին կից վալիդեի գործառույթները։ Սակայն Նուրբանուն, ինչպես և նախկինում Սելիմի մայրը՝ Հյուրեմը, չի մեկնում սանջակ, այլ մնում է ամուսնու կողքին։ Երբ Սելիմը դառնում է սուլթան, իսկ Մուրադը տեղափոխվում է Մանիսա, Նուրբանուն, հակառակ սպասումների, մեկնում է Ստամբուլ[10]։

Մինչև Սելիմի գահ բարձրանալը, Նուրբանուն նրա միակ ֆավորիտն է եղել։ Քանի որ սուլթանի՝ միայն մեկ որդի ունենալը բարդ դրության մեջ էր դնում դինաստիան, Սելիմը ևս մի քանի ֆավորիտուհի է ունեցել, որոնք նրա համար, ըստ տարբեր տվյալների, լույս աշխարհ են բերել հինգից[11] մինչև իննը[12] որդիներ․ Լեսլի Փիրսի կարծիքով՝ կառավարման ութ տարիների ընթացքում Սելիմը վեց որդիների հայր է դարձել, որոնցից մեկը մահացել է դեռևս հոր կենդանության օրոք (ենթադրաբար դա եղել է շեհզադե Մեհմեդը, որը թաղվել է Հյուրեմ Սուլթանի դամբարանում[13]), հայտնի է նաև Սելիմի չորս հարճերի մասին, որոնք նրա կառավարման վերջում նույնպես որդիներ են ծնել[2]։ Ընդ որում, նա, հավանաբար, պահպանել է «մեկ ֆավորիտ՝ մեկ որդի» սկզբունքը[2]։

Այն փաստը, որ Սելիմի գահ բարձրանալուց հետո Նուրբանուն ոչ մի երեխա չի ունեցել, կարող է խոսել այն մասին, որ նա դադարել է լինել սուլթանի սեքսուալ պարտնյորը, սակայն նա պահպանել է գլխավոր ֆավորիտի կարգավիճակը, քանի որ հենց նրա որդին է հռչակվել գահի ժառանգորդ։ Մայրաքաղաք տեղափոխվելուց հետո Նուրբանուի վիճակը պալատում բարդ է եղել. նա պետք է գլխավորեր սուլթանական հարեմը՝ չունենալով ազդեցիկ հովանավորներ և հաստատված կապեր։  Վենետիկի դեսպանների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ առաջին տարիներին մայրաքաղաքում Նուրբանուի հեղինակությունը բացառապես հենվել է նրա հանդեպ Սելիմի տածած սիրո վրա[11]։

Իր հոր նման Սելիմը որոշել է պաշտոնապես ամուսնանալ։ Ջակոմո Ռագացցոնին վենետիկյան սենատին 1571 թվականին ուղղված իր զեկույցում գրել է՝ «22 տարեկան Ամուրադ Սուլթանը [Մուրադ, Սելիմի ավագ որդին] տաղանդավոր է և լավ կրթված, ուշադիր հետևում է կրոնական ծիսակատարություններին, ուստի շատ սիրելի է բոլորի և իր հոր՝ Մեծ Սենյորի կողմից՝ ի հեճուկս օսմանների ավանդույթների։ Վեց ամիս առաջ նրա հայր Սենյորը, որպես սիրո նշան, չեբին է արել, ինչը նշանակում է, որ նա օրինական կնոջ է վերցրել [արքայազնի] մորը՝ չերքեշենկային [sic], և նրան 110 հազար դուկատ օժիտ է տվել՝ ցանկանալով գերազանցել իր հորը, որը Սելիմի մորը օժիտ էր տվել միայն 100 հազար»[14]։ Ինչպես Սուլեյմանի և Հյուրեմի հարսանիքը, այնպես էլ Սելիմի և Նուրբանուի ամուսնական արարողությունը ոչ մի կերպ չի լուսաբանվել օսմանյան աղբյուրներում[15], ինչը, հավանաբար, պայմանավորված է եղել նման ամուսնությունների՝ օսմանյան պալատական ավանդույթներին հակասությամբ։

Սելիմ II-ի կառավարման վերջում Նուրբանուն օրական ստացել է 1100 ակչեի չափով ռոճիկ, մինչդեռ սուլթանի մյուս ֆավորիտները ստանում էին միայն քառասուն ակչեն[16], որդու կառավարման ժամանակ Նուրբանուն օրական մոտ 2 հազար ակչե էր ստանում, ինչը ամբողջ կայսրության ամենաբարձր ռոճիկն էր և երեք անգամ գերազանցում էր սուլթանի ռոճիկը[17][8]։

Սուլթանի մայր խմբագրել

Նուրբանուի ամուսինը մահացել է 1574 թվականին, և գահին է նստել նրա 28-ամյա որդին՝ Մուրադը, իսկ ինքը՝ Նուրբանուն արժանացել է վալիդե սուլթանի տիտղոսին և նրան հասանելիք արտոնություններին։ Նա առաջինն է սկսել պաշտոնապես օգտագործել այս տիտղոսը[8]։ Դառնալով նոր սուլթանի մայրը՝ Նուրբանուն սկսել է ակտիվ նամակագրություն վարել օտարերկրյա ղեկավարների հետ։ Այսպես, երկար տարիներ, ընդհուպ մինչև իր մահը, Նուրբանուն պարբերաբար նամակներ է ուղարկել, ինչպես նաև նվերներ է փոխանակել ֆրանսիացի թագավորների մոր՝ Եկատերինա Մեդիչիի հետ[18]։ Համարվում է, որ Նուրբանուն կողմնակից է եղել վենետիկամետ, և, հետևաբար, խիստ հակագենուեզական քաղաքականությանը։ Դրա պատճառով նույնիսկ լուրեր են պտտվել, որ նրան թունավորել է գենուեզական դեսպանը[19]։ Մուրադը հենվել է մոր աջակցության վրա, ով հսկայական հեղինակություն է վայելել ընդհուպ մինչև իր մահը՝ 1583 թվականը։ Պետության մեջ նման իրավիճակը շատերին, և առաջին հերթին նոր մեծ վեզիր Սինան փաշային չի գոհացրել․ վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 1580 թվականին Նուրբանուի փեսայի մահից հետո։ Սուլթանի մոր և մեծ վեզիրի հակամարտությունը ավարտվել է Նուրբանուի մահից մեկ տարի առաջ․ Սինան փաշան հեռացվել է պաշտոնից և արտաքսվել մայրաքաղաքից, և, ինչպես գրել է Վենետիկի դեսպան Կոնտարինին, Մուրադ III-ի մայրը մեղսակից է եղել այդ պաշտոնանկությանը, իսկ նրա նպատակն էր այդ պաշտոնին նստեցնել իր դրածոյին։ Սուլթանի մոր և մեծ վեզիրի դիմակայության ավարտից հետո սկսվել է նորը՝ Մուրադ III-ի մոր և նրա ֆավորիտուհու միջև[20]։

 
Մուրադ III, ում օրոք Նուրբանուն եղել է վալիդե սուլթան, 1574-1583 թվականներ։

Իր հոր նման Մուրադը սկզբում հարաբերություններ ուներ միայն մեկ հարճի՝ Սաֆիեի հետ, որի և Նուրբանուի միջև 1583 թվականին հակամարտություն էր սկիզբ առել։ Նուրբանուին ի սկզբանե դուր չէր եկել հավակնոտ Սաֆիեն, քանի որ նա իր ընտրությունը չէր. աղջիկը գնվել է Միհրիմահ Սուլթանի՝ Սելիմի քրոջ կողմից․ վերջինս աղջկան 1563 թվականին նվիրել է իր զարմիկին[21]։ Նուրբանուն խորհուրդ է տվել որդուն այլ հարճեր ևս պահել՝ ի բարօրություն դինաստիայի, քանի որ 1581 թվականի դրությամբ կենդանի էր մնացել միայն մեկ շեհզադե՝ Մուրադի և Սաֆիեի որդին՝ Մեհմեդը[22]։ Սաֆիեի ծնած մյուս որդիները մահացել էին վաղ մանկությունից՝ ծնվելուց հետո կամ շատ չանցած։ 1583 թվականին Նուրբանուն Սաֆիեին մեղադրել է կախարդության մեջ, իբր Մուրադը այդ կախարդությամբ իմպոտենտ է դարձրել և անկարող է նոր ունենալ[23], Սաֆիեի մի քանի ծառաների ձերբակալվել և խոշտանգվել են[24]։ Դրանից կարճ ժամանակ անց Մուրադի քույրը՝ Էսմեհան Սուլթանը, եղբորը երկու գեղեցիկ ստրկուհիներ է նվիրել, որոնց նա ընդունել և դարձրեց իր հարճերը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Մուրադը քսան որդիների և քսանյոթ դուստրերի հայր է դարձել[15]։ Մուրադի կառավարման առաջին կեսին նրա հարեմում կանանց թիվը կրկնապատկվել է՝ գերազանցելով հարյուրը։ Նուրբանու Սուլթանին ավելի հարմարավետ բնակարաններ տրամադրելու և նոր հարճերի ու աղախինների բնակության համար տեղերի քանակը մեծացնելու համար Մուրադը հրամայել է վերակառուցել և ընդլայնել հարեմի ննջարանները[25]։

Մահ խմբագրել

 
Տեղեկատվական ցուցանակ Այա Սոֆիա մզկիթում գտնվող Սելիմ 2-րդի դամբարանում, որտեղ թաղված է Նուրբանուն

Նուրբանուն մահացել է 1583 թվականի դեկտեմբերին։ Հատուկ պատվի չարժանանալով կենդանության օրոք՝ նա դրան արժանացել է հետմահու․ Մուրադ III-ը շքեղ թաղում է կազմակերպել մոր համար․ կնոջ թաղումը պատկերված է Սեիդ Լոքմանի մանրանկարներից մեկում՝ Օսմանյան կայսրությունում միակը համարվող մանրանկար «Շեխինշահնամեում»։ Սուլթանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր վալիդեի դագաղը տանում էին Մեհմեդ Նվաճողի մզկիթ, որտեղ պետք է թաղման աղոթք կարդային։ Հենց այդ՝ պալատից ամենահեռավոր սուլթանական մզկիթներից մեկի ընտրությունը գիտակցաբար էր արվել. այդպիսով Մուրադը հույս ուներ, որ իր մոր հոգու համար ավելի շատ մարդ է աղոթելու, քան դա կարող էր լինել մոտակա մզկիթներում։ Չորս օր շարունակ Ղուրան էին կարդում, և չորս օր բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրոնական գործիչները գալիս էին Նուրբանուի դագաղի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրան։ Մուրադ III–ի կարգադրությամբ մայրը թաղվել է Այա Սոֆիա մզկիթում՝ հոր կողքին։ Այսպիսով, Նուրբանուն դարձել է սուլթանի առաջին հարճը, որը թաղվել է իր ամուսնու կողքին։ Այդ արարքով Մուրադն իր վալիդեին ճանաչել է իշխող դինաստիայի լիիրավ անդամ, և ընդգծել իր ծագումը ինչպես սուլթան Սելիմ II–ից, այնպես էլ Նուրբանու Սուլթանից[26]։ Նուրբանուի հուղարկավորությունը փոխել է դինաստիայի անդամների թաղման ավանդույթը, ըստ որի սուլթանները եղել են իրենց դամբարանների միանձնյա «տերերը», իսկ նրանց ժառանգները, կանայք և մայրերը թաղվել են առանձին (բացառություն է եղել Միհրիմահը, ով թաղվել է 1578 թվականին հոր կողքին, որով ընդգծվել է սուլթանի միակ դստեր հատուկ կարգավիճակը)[27]։

Սուլթանների կանանց և մայրերի առանձնաշնորհներից մեկը մզկիթների կառուցումն էր։ Աթիկ Վալիդե մզկիթը պատվիրվել է հայտնի ճարտարապետ Սինանին Նուրբանուի կողմից, կառուցումն ավարտվել է նրա մահվան տարում։ Աթիկ Վալիդեն դարձել է կնոջ կողմից կառուցված առաջին մզկիթը՝ երկու մինարեթներով[26]։

Կինոմարմնավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Peirce, 1993, էջ 92
  3. 3,0 3,1 Goodwin, 2006, էջ 128
  4. Heuberger, Humbert, Vyslonzil, 2001, էջ 68
  5. Shaw & Shaw, 1976, էջ 178
  6. Altınay, 2013, էջ 95
  7. Uluçay, 2011, էջ 68
  8. 8,0 8,1 8,2 8,3 Финкель, 2012, էջ 231
  9. Arbel, Benjamin Nur Banu (c. 1530-1583): A Venetian Sultana?(անգլ.) // Turcica. — 1992. — Т. 24. — С. 241—259.(չաշխատող հղում)
  10. Peirce, 1993, էջ 121
  11. 11,0 11,1 Peirce, 1993, էջ 93
  12. Финкель, 2012, էջ 229
  13. Bahadıroğlu, 2014
  14. Peirce, 1993, էջեր 93—94
  15. 15,0 15,1 Peirce, 1993, էջ 94
  16. Peirce, 1993, էջեր 108, 129
  17. Peirce, 1993, էջ 126
  18. Thys-Şenocak, 2006, էջ 58
  19. Фрили, 2013, էջ 62
  20. Peirce, 1993, էջ 91
  21. Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 11. — ISSN 0082-6847. — doi:10.2143/TURC.32.0.460
  22. Peirce, 1993, էջ 95
  23. Фрили, 2013, էջեր 6—9
  24. Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 13. — ISSN 0082-6847. — doi:10.2143/TURC.32.0.460
  25. Финкель, 2012, էջ 232
  26. 26,0 26,1 Peirce, 1993, էջ 189
  27. Peirce, 1993, էջ 190
  28. Великолепный век(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել