Նույնության օրենք, ավանդական տրամաբանության մեջ՝ մտածողության հիմնական օրենքներից, ըստ որի ճիշտ կշռադատության մեջ տարբեր դեպքերում հանդես եկող հասկացությունները (կամ դատողությունները) նույնացվում են միայն այն դեպքում, երբ իրականում նույնական են։ Նույնության օրենքի պահանջի խախտման բնորոշ դեպքեր են տերմինների չորսացումը սիլլոգիզմի մեջ (օրինակ՝ «Վայրի բույսերն աճում են առանց ջրելու, ծառը բույս է, հետևաբար, ծառն աճում է առանց ջրելու» սիլլոգիզմի մեջ նույնացված են «վայրի բույս» և «բույս» հասկացությունները, որոնք իրականում նույնական չեն) և թեզիսի գաղտնափոխումը ապացուցման մեջ (երբ նույնացվում են ըստ էության տարբեր դատողությունները)։ Այդպիսի խախտումներին նպաստում է հասկացությունների (դատողությունների) լեզվական արտահայտության կամ բովանդակության որոշակի ընդհանրությունը։ Նույնության օրենքով կշռադատության մեջ արգելվում է ոչ թե առհասարակ մի հասկացության (դատողության) փոխարինումը մյուսով, այլ՝ գաղտնափոխումը, երբ, ասենք A-ն փոխարինվում է իրենից տարբեր В-ով, բայց B-ն շարունակում է դիտվել իբրև A (նույնացվում են իրականում ոչ նույնական օբյեկտներ)։ Նույնության օրենքի ձևակերպման մեջ չի նշվում, թե ինչ է նույնությունը, այդ ըմբռնումը պատրաստի ձևով վերցվում է դրսից։ Նույնության օրենք ապահովում է մեր մտքերի որոշակիությունը, հստակությունը։ Նրա օբյեկտիվ հիմքն է այն իրողությունը, որ առարկաները, իրենց փոփոխականությամբ հանդերձ, ունեն հարաբերական կայունություն, որով հնարավոր է դառնում նրանց նույնացումը գոյության տարբեր դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 404