Նոր շրջանի հայկական մշակույթ

Հայկական մշակույթը 19-րդ դարում մեծ վերելք ապրեց[1]։ Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։ Արևալահայերը կապված էին գերազանցապես ռուսական,իսկ արևմտահայերը՝ ֆրանսիական մշակույթի հետ։ Ճակատագրի բերումով հայ ժողովրդի մի զգալի մասը ցրված էր աշխարհով մեկ։ Հետևաբար՝ հայկական մշակույթը պահպանվում ու զարգանում էր նաև նշանավոր հայկական գաղթավայրերում։ Այս շրջանում վերջնականապես ձևավորվեցին հայ նոր գրականությունը, աշխարհաբար գրական լեզուն, հիմնվեցին կուլտուր֊կրթական բազմաթիվ ընկերություններ, զարգացման մամուլը, հրապարակախոսությունը, արվեստը, առհասարակ մշակույթը իր բազում ճյուղերով։ 19-րդ դարում հայ ժողովրդի մշակութային հիմնական օջախները գտնվում էին Հայաստանի սահմաններից դուրս՝ Բաքվում,Թիֆլիսում, Մոսկվայում,Պետերբուրգում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Արևմտյան Հայաստանի և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, հատկապես Կոստանդնուպոլսում, Վենետիկում, Կալկաթայում, Մադրասում, որտեղ կային հայկական ուսումնական հաստատություններ, հրատարակվում էին թերթեր ու հանդեսներ,ստեղծվում ընկերություններ, որոնք նշանակալի դեր են խաղացել գրականության, արվեստի գիտության ու լուսավորության զարգացման բնագավառում։

Հայկական կրթօջախներ

խմբագրել

Հայ ժողովրդի լուսավորության գործը առաջ մղելու համար կարևոր էր դպրոցական-լուսավորական գործի ծավալումը։ 1810 թվականին Աստրախանում[2] բացվել էր Աղաբաբյան դպրոցը, իսկ 1815 թվականին՝ Մոսկվայում Լազարյան ճեմարանը[3],որն անգնահատելի դեր էր խաղացել հայ լուսավորության ու գիտության զարգացման, հայ ռուսական բարեկամական կապերի ամրապմդման գործում։ 1821 թ.Կալկաթայում հիմք էր դրվել Մարդասիրական ճեմարանին, իսկ 1824 թվականին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցին։ Ներսիսյան դպրոցը կովկասահայ երիտասարդության բազմաթիվ սերունդների կարևոր կրթական օջախն էր դարձել։ Հայկական դպրոցներ էին բացվել նաև Վենետիկում, Փարիզում Կ. Պոլիսում, Վանում, Կարինում։ Բացվել էին նոր ուսումնական հաստատություններ՝ Էջմիծնի Գևորգյան ճեմարանը (1874թ.), Վանի վարժարանը(1878թ.), Երևանի ուսուցչական սեմինարիան և գիմնազիան(1881թ.), ինչպես նաև Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, Կարինի սանասարյան վարժարանը։ 1890 թվականին Երևանի նահանգում գործում էր 147 ուսումնական հաստատություն՝ 10280 աշակերտով, իսկ արտասահմանյան երկրներում հայկական բազմաթիվ նոր դպրոցներ են բացվել։

Պարբերական Մամուլ

խմբագրել

Հայ ժողովրդի մշակույթի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել պարբերական մամուլը, որի մեծ մասը հրատարակվել է Հայաստանից դուրս[4]։ Դրանցից կարելի է նշել Վենետիկում հրատառակվող «Տարեգրությունը» (1799-1803թթ.), «Եղանակ բյուզանդյանը» (1803-1820թթ.), «Բազմավեպը» (1843-ից մինչև այժմ), Կալկաթայի «Ազգասերը» (1845-1848թթ.) և «Ազգասեր արարատյանը » (1848-1851թթ.), Կ. Պոլսի «Լրագիրը» (1832-1849թթ.), «Հյաստանը» (1846-1852թթ.), Զմյուռնիայի «Արշալույս արարատյանը» (1849-1887թթ.) և այլն։ «Հյուսիսափայլը», «Արևելյան մամուլը», «Փորձը», «Մեղուն», «Ծաղիկը», «Մշակը», «Մասիսը», «Մուրճը» կարևոր դեր են խղացել հայ ժողովրդի մշակույթի տարածման, ազգային-ազատագրական պայքարի, վերելքի գործում։ 1809 թվականին Պետերբուրգում ռուսերեն հրատարակվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»[5],իսկ 1821 թվականին լույս է տեսել նաև Դ. Մելիքովի ռուս-հայ-վրացերեն բառարանը։

Պատմագիտություն, փիլիսոփայություն,և տնտեսագիտություն

խմբագրել

19-րդ դարի 30-40-ական թվականներին Խ. Աբովյանի ջանքերով վերջնական ձևավորում է ստացել արևելահայ նոր գրականությունը։ Այդ ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել նաև Հ. Ալամդարյանն ու Մ. Թաղիադյանը։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը նոր դարագլուխ է բացել հայ գրականության և պատմության մեջ։ Դարի երկրորդ կեսին բուռն զարգացում է ունեցել նաև հայ գեղարվեստական գրականությունը՝ իր բոլոր ժանրերով հանդերձ։ Մ. Նալբանդյանը հիմք է դրել հեղափոխական-դեմոկրատական պոեզիային։ Դեմոկրատական ազատաշունչ պոեզիայի փայլուն դեմքերից էր Սմբատ Շահազիզը, Մ. Պեշիկթաշլյանն ու Ռ. Պատկանյանը, իսկ լիրիկայի մեծ վարպետներ էին Հ. Հովհաննիսյանն ու Պ. Դուրյանը։ Հայ վիպագրության ամենատաղանդավոր ներկայացուցիչը Րաֆֆին էր, որն իր վեպերում մերկացնելով թուրքական բռնապետությունը։ Այդ շրջանում գրական ասպարեզ էին իջել նաև Ալ. Շիրվանզադեն ու Նար-Դոսը։ Հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրն ու ամենաականավոր ներկայացուցիչը Գ. Սունդուկյանն էր, որի «Պեպոն» սոցիալական պայքարի գեղարվեստական արտացոլման փայլուն օրինակ էր։ Հայ գրականության բացառիկ դեմքերից էր մեծ երգիծաբան Հ. Պարոնյանը։ Հայ ժողովուրդը արվեստի բնագավառում ևս մեծ նվաճումների էր հասել։ Հատկապես մեծ էր դիմանկարիչ Հ. Հովնաթանյանի դերը, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, որը նկարել էր «Արարատ լեռան հովիտը», «Սևանա լիճը», «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվականին» և ուրիշ գործեր[6]։ Երաժշտության բնագավառում դարի երկրորդ կեսին հանդես են եկել այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք էին Տ. Չուխաջյանը, Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը։ 1827 թվականին Երևանում Ա. Գրիբոյեդովի ներկայությամբ բեմադրվել է նրա «Խելքից պատուհաս» պիեսը,որը 1832 թվականին հայ,վրացի և ռուս թատերասերների ջանքերով մեծ հաջողությամբ բեմադրվել է նաև Թիֆլիսում։ Դարերի խորքից եկող հայ մշակույթը 19-րդ դարում, ռուս և մյուս ժողովուրդների հետ ունեցած լայն կապերի ու առնչությունների պայմաններում, զարգացման ավելի լայն ընթացք է ունեցել։

Գրականություն

խմբագրել

XIX դարի սկզբում հայկական գրականության մեջ դեռևս զգացվում էր միջնադարի ազդեցությունը։ Գրական լեզուն գրաբարն էր, որը շատերի համար անհասկանալի էր։

1820-1840 թթ. տեղի են ունենում զգալի տեղաշարժեր։ Կլասիցիզմը զիջում է իր տեղը, նոր գրականության ճյուղին՝ ռեալիզմին՝ ժամանակակից մարդը իր ներաշխարհով և զգացմունքներով։ Գրականության մեջ ավելի հաճախ են հայտնվում սոցիալական թեմաներով ստեղծագործություններ։ Գրաբարի փոխարեն գալիս է նոր գրական լեզու՝ աշխարհաբարը, ձևավորվում է նոր հայկական գրականությունը։

Հայ նոր գրականության ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի պոետ՝ Հարություն Ալամդարյանը (1796-1834 թթ.) և գրող, հրապարակախոս Մեսրոպ Տագիտյանը (1803-1858 թթ.)։ Բայց որոշիչ դեր այս գործում ունեցավ մեծ բանաստեղծ-դեմոկրատ և մանկավարժ՝ Խաչատուր Աբովյանը։

 

Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թ.։ Սովորել է էջմիածնի վանքի դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս և մի մասնավոր ուսումնարանում առժամանակ ուսանելուց հետո ընդունվել է նորաբաց Ներսիսյան դպրոց։ 1829 թ. էջմիածին է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը՝ Արարատի գագաթը բարձրանալու նպատակով։ Վերելքին, որպես թարգմանիչ, մասնակցում է նաև քսանամյա Աբովյանը։ Նա առաջիններից մեկն է, որ ոտք է դրել սուրբ լեռան կատարին։

Պարրոտի վրա մեծ տպավորություն է թողնում հայ երիտասարդը իր կրթվածությամբ և իմացություններով։ Նրա օգնությամբ Աբովյանը 1830 թ. ընդունվում է Դորպատի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Համալսարանում սովորելով վեց տարի՝ ստանում է հիմնավոր կրթություն։

Վերադառնալով հայրենիք Աբովյանը զբաղվում է գրական և մանկավարժական գործով։ Աբովյանը բանաստեղծությունների, դասագրքերի, գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Նրա ստեղծագործությունների գագաթնակետը համարվումէ «Վերք Հայաստանի» պատմական վեպը, որտեղ նկարագրված է հայ ժողովրդի վիճակը XIX դարում, նրա ազատագրական պայքարը։ Աբովյանը դառը պայքար էր մղում իր ժամանակի ռեակցիոն ուժերի դեմ։

1850-1860-ական թթ. հայ ժողովրդի համար եղել է շրջադարձային ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ մշակութային կյանքում։ Գրականությունը, արվեստը, տպագրությունը և մշակույթի ուրիշ ճյուղեր զգալի աճ ունեցան։ Հայտնվեցին գրողներ, պոետներ, հրապարակախոս դեմոկրատներ, որոնց մեջ հատկապես առանձնանում էր գրող, հեղափոխական-դեմոկրատական՝ Միքայել Նալբանդյանը։

Նրա լավագույն բանաստեղծությունները՝ «Ազատություն», «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը», գրված են մեծ վարպետությամբ։

Իր կյանքի նպատակն ու իմաստը Նալբանդյանը տեսնում էր հասարակ քաղաքացուն ծառայելու մեջ, 1861 թ.-ին նա գրում է. «Մենք ինքնակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը»

Նալբանդյանը ձգտում էր միավորել հայ ժողովրդի սոցիալական և ժողովրդական ազատագրական շարժումը ռուսական հեղափոխական շարժման հետ և այդ նպատակով կապեր հաստատեց հայտնի ռուս հեղափոխականներ՝ Գերցենի, Օգարևի, Բակունինի հետ, ովքեր բարձր էին գնահատում նրան։ Այդպես, Գերցենը 1862 թ. հունիսի 24-ին հեղափոխական Ն.Ա. Սոլովյևիչին ուղղված նամակում Նալբանդյանի մասին գրում է. «Նա երախտապարտ մարդ է, փոխանցեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք նրան»։ Օգարյովը Նալբանդյանի մասին գրում է «Ոսկի հոգի՝ անշահախնդիր, միամտորեն նվիրված մինչև սրբություն»։

1862 թ. իր հեղափոխության համար Նալբանդյանը ձերբակալվել է ցարական ոստիկանության կողմից։

1840-1850 թթ. հնչեց հայկական պոեզիայի հիմնադիրներից մեկի՝ Ղևոնդ Ալիշանի (1820-1901 թթ.) լիրիկան։

Հայկական գրականության մեջ 1860-ական թթ. արժանի տեղ են զբաղեցնում հայտնի պոետներ՝ Սմբատ Շահազիզը (1840-1907 թթ.) և Մկրտիչ Պեշիկթաշլյանը (1828-1868 թթ.)։ 60-ական թվականներին վերջին և 70-ականների սկզբին ստեղծագործում էր XIX դարի հայ գրականության վառ ներկայացուցիչներից մեկը՝ հիանալի լիրիկ Պետրոս Դուրյանը (1852-1872 թթ.)։

XIX դարի երկրորդ կեսին զարգանում էր ռոմանտիզմը։ Ռոմանտիզմը դարձավ հզոր մտավոր զենք։ Հզորացավ Ռափայել Պատկանյանի ռեալիստական ուղղությունը։ Ռափայել Պատկանյանի պոեզիայի մասին Բրյուսովը գրել է.«Նրա հիմնական ուժը պատրիոտիզմի մեծ զգացումի մեջ է, հարազատ ժողովրդի հանդեպ ուժգին սիրո մեջ։ Իսկական սերը ատելության անհրաժեշտություն չի զգում, և այդ պատճառով հավատում ես Պատկանյանի խորը սիրուն… »

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835-1888 թթ.)՝ հայ գրականության մեծագույն վարպետներից մեկն է, հայտնի վեպագիր։ Նրա գրչին են պատկանում նաև պատմություններ, բանաստեղծություններ և հոդվածներ։

Գրողի ստեղծագործությունները առանձնանում են մեծ վարպետությամբ։ Նրա «Սամվել» պատմական վեպը հայկական գրականության լավագույն ստեղծագործություններից է։ Րաֆֆու ստեղծագործությունները լեցուն են ազատության պայքարով։ Նրա «Խենթը» վեպը մեծ ճանաչում ստացավ ժողովրդի շրջանում և էական ազդեցություն ունեցավ թուրքերի դեմ հայկական ազգային-ազատագրական շարժման զարգացման և աշխուժացման վրա։

XIX դարի երկրորդ կեսին ծաղկում էր դրամատուրգիան, որի ներկայացուցիչն ու հիմնադիրը Գաբրիել Սունդուկյանն էր։ (1825-1912 թթ.)։ Սունդուկյանի գրչին են պատկանում «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Ամուսիններ» ստեղծագործությունները։ Իսկ «Պեպո» ստեղծագործությունը նոր փուլ բացեց հայկական թատրոնի պատմության մեջ։

XIX դարի երկրորդ կեսին հայկական գրականության մեջ իրենց ներդրումն ունեցան Պերճ Պռոշյանը (1832-1907 թթ.), մանկագիր Ղազարոս Աղայանը (1840-1911 թթ.)։

Զգալի առաջընթաց գրանցվեց նաև հայկական թատրոնի, երաժշտության և մանրանկարչության ոլորտում։

Տպագրություն

խմբագրել

«Ազդարար»-ը («Տեղեկագիր»), որը հրատարակվել է Հնդկաստանի հայկական համայնքի Մադրաս քաղաքում 1794-1796 թթ.՝ առաջին հայերեն պարբերական, շաբաթական ամսագիրն է։ Նրա խմբագիրն էր հայրենասեր, լուսավորիչ Հարություն Շմավոնյանը։ Ազդարարում տպագրվում էին առևտրական, տնտեսական, քաղաքական նորություններ, նյութեր Հայաստանի վերաբերյալ և այլն։ Այս շաբաթաթերթի գլխավոր նպատակն էր տարածել հայրենասիրություն հայ ժողովրդի մեջ։ 19րդ դարի առաջին կեսին հրատարակվում են մոտ 30 պարբերականներ, 6-ը՝ Պոլսում, 5-ը՝ Վենեցիայում, 3-ը՝ Թիֆլիսում, բայց այս թերթերն ու պարբերականները լայն տարածում չունեին և երկար չէին գոյատևում։ Դրանցից առավել հայտնի էին «Արշալույս Արևելյան», «Բազմավեպ» և «Ազգասեր» պարբերականները։ «Արշալույս Արևելյան» թերթը հիմնադրվել է 1840 թ. Սմիրնե քաղաքում։ Դրա էջերում տպագրվում էին նյութեր տարբեր երկրների, քաղաքական ու տնտեսական կյանքերի մասին, Հայաստանի մասին, նրա մշակույթի և այլն։ Թերթը տարածում ուներ ոչ միայն արևելյան հայերի, այլ նաև Կովկասի հայերի շրջանում։ 1843 թ. Վենեցիայում սկսեցին տպագրել «Բազմավեպ» թերթը, նվիրված առավելապես հայկական գրականությանն ու պատմությանը։ Թերի էջերին տպագրվում էին նաև Ֆրանսիական, Անգլիական և Ռուսական գրողների գործերի թարգմանություններ, տվյալներ եվրոպական երկրների քաղաքական, տնտեսական և գիտական կյանքի մասին։ «Բազմավեպ»-ը թողարկվում է մինչ այսօր։

1845-1848 թթ. հնդկական Կալկուտե քաղաքում հայտնի գրող Մեսրոպ Թաղիադյանի գլխավորությամբ տպագրվում էր «Ազգասեր» թերթը։ Այնտեղ տպագրվում էր հայկական մշակույթի մասին հոդվածներ, տարբեր նորություններ և այլն։

XIX դարի կարևոր և նշանավոր ամսագրերից էր «Հյուսիսափայլը» (1858-1864 թթ.). Սա կոչ էր անում հրաժարվել գրաբարից և գրել ժողովրդին հասկանալի լեզվով՝ աշխարհաբարով։ «Հյուսիսափայլը» մեծ դեր ունեցավ հայկական հասարակության կյանքի, մտքի և մշակույթի զարգացման վրա։

1880-1890 թվականներին հայտնի էին «Արևելք» և «Հայրենիք» թերթերը։

Արվեստ

խմբագրել
 
Հովհաննես Այվազովսկի

Զարգացում ապրեց արվեստը իր բազմազան ճյուղերով։ Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը։ Հակոբ Հովնաթանյանը (1809-1884 թթ.) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում։ Նա ժամանակի դիմանկարչության ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ է հասել շուրջ 60 կտավ։ Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով։

Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ։ Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Խաչատուր Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը։

Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը։ Նա ստեղծում է հայկական նոտաներ։ Այդ նոտաներով իր հետևորդի հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր։ Մեծն Կոմիտասն ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Համբարձում Լիմոնջյանի դերը։

Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում։ Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ։ Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում։ 1827 թվականին Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը։

Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները։ Հետևաբար՝ վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները։ Հարուստ ավանդույթներ ունեցող ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում։ Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն։ Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը։ Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերն արվեստի սքանչելի գործեր են։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական մշակույթ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին.
  2. «Աստրախանի հայոց գաղթօջախի մշակութային կյանքից» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 8-ին.
  3. «Լազարյան ճեմարան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին.
  4. «Հայ պարբերական մամուլի պատմություն XVIII-XIX դարեր».
  5. «Պատմություն Հայոց» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 7-ին.
  6. «Հովհաննես Այվազովսկի».