Նոր Օռլեանի Անտառահատը (անգլ.՝ The Axeman of New Orleans, անհայտ, Լուիզիանա, ԱՄՆ - 20-րդ դար), սերիական մարդասպան, որ գործել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում, ինչպես նաև նրա շրջակա քաղաքներում 1918 թվականի մայիսից մինչև 1919 թվականի հոկտեմբեր։ Հնարավոր է, որ նա հանցագարոծություններ կատարած լինի նաև ավելի վաղ՝ 1912 թվականին։ Իր զոհերի վրա հարձակվել է կացնով։ Երբեմն նա հենց այդ գործիքի միջոցով կոտրել է դռներ, որպեսզի մտնի տուն։ Սպանություններն ավարտվել են նույնքան հանկարծակի, որքան սկսվել են։ Ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել բռնել Անտառահատին։ Նրա ինքնությունը մինչ օրս բացահայտված չէ, թեև կան մի քանի ենթադրություններ։

Նոր Օռլեանի Անտառահատը
Պատկեր
Ծննդյան ամսաթիվանհայտ
ԾննդավայրԼուիզիանա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ20-րդ դար
Սպանություն
Զոհերի թիվ8-անհայտ
Սպանության շրջան1918-1919
Սպանության հիմնական տարածքՆոր Օռլեան
Լուիզիանա
ԱՄՆ
Սպանության եղանակկացնահարում
Զենքկացին
Ձերբակալության ամսաթիվչի ձերբակալվել

Նամակներ թերթերում խմբագրել

Անտառահատի ոչ բոլոր զոհերն են մեռել։ Բայց նրա հարձակումների վայրագությունը վախի մեջ է պահել մեծաքանակ մարդկանց։ Նրա առաջին զոհերը եղել են իտալական ծագումով անձինք։ Թերթերը գրել են, թե հնարավոր է, որ այդ մարդասպանությունները կազմակերպված են եղել մաֆիայի կողմից։ Սակայն այդ տարբերակը հերքվել է հետագա հանցագործություններից հետո։ Անտառահատի զոհերի մեջ եղել են նաև մի հղի կին և փոքր տարիքի մի երեխա, որ մորթվել է ուղղակի մոր ձեռքերի մեջ։ Անտառահատը, ինչպես թվացել է, ոգեշնչված է եղել Ջեք Ահաբեկիչի հանցագործություններից։ Նա գրել է թունավոր նամակներ թերթերին, որոնցում ակնարկել է հաջորդ մարդասպանությունները և նշել է, որ ինքը մարդ չէ, այլ դև դժոխքից։

Անտառահատի ջազը խմբագրել

Ավելի հայտնի է նրա 1919 թվականի մարտի 13-ի նամակը, որը հրապարակվել է թերթերում։ Անտառահատը գրել է, որ հաջորդ սպանությունը կկայանա մարտի 19-ին՝ կեսգիշերից 15 րոպե անց։ Նա խոստացել է ձեռք չտալ միայն նրանց, ովքեր այդ ժամանակ կլսեն ջազ[1]։ Մարտի 19-ին բոլոր զվարճանքի վայրերը լիքն էին, իսկ մասնագետները և սիրողական երաժիշտները ջազ էին նվագում ուղիղ փողոցում։ Այդ գիշեր ոչ մի սպանություն տեղի չի ունեցել[2]։ Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն էին այդ ժամանակ վախեցած Անտառահատից։ Որոշները ուղարկել են պատասխան նամակներ թերթերին, որոցում մարդասպանին հրավիրել են իրենց տները, որպեսզի տեսնեն, թե ով ում կսպանի։ Բնակիչներից մեկը սիրալիր խնդրել էր Անտառահատին չկոտրել շքամուտքի դուռը և նույնիսկ խոստացել էր բաց թողնել պատուհանները։

Կասկածյալներ խմբագրել

Քրեական տեսաբան Ռուսլան Սավվին ենթադրել է, որ Անտառահատը, հնարավոր է, եղել է ոմն Ժոզեֆ Մոմֆրը։ 1920 թվականի դեկտեմբերին նրան իբր թե հրազենով սպանել է Մայք Փեփիթոունի այրին, ով Անտառահատի վերջին հայտնի զոհն էր։ Ուիլսոնի այդ վարկածը դարձել է շատ հայտնի։ Սակայն մեկ այլ տեսաբան Մայքլ Նյուտոնը, հետազոտելով հնարավոր բոլոր ոստիկանական վկայությունները և դատական արձանագրությունները, ինչպես նաև թերթերի արխիվը, չի կարողացել գտնել ոչ մի տվյալ Ժոզեֆ Մոմֆր անունով մարդու մասին։ Նաև նա չի գտել ոչ մի այլ տեղեկություն այն մասին, որ Փեփիթոունի այրին բանտարկվել է տղամարդու սպանության համար։ Հաջողվել է պարզել միայն մեկ փաստ։ 1912 թվականի մայիսի 16-ին անհայտ հանցագործը մտել է տուն և կրակել իտալացի մի ընտանեկան զույգի վրա։ Ամուսինը ողջ է մնացել, բայց կինը մահացել է։ Թերթերում որպես գլխավոր կասկածյալ նշվել է Մոմֆր ազգանունով մի մարդ։ Եթե Մոմֆրը իսկապես եղել է Անտառահատը, ուրեմն իտալացիները դարձել են ապագա սերիական մարդասպանի առաջին զոհերը։

Անտառահատի զոհեր խմբագրել

  • Ժոզեֆ Մաջո, իտալացի նպարավաճառ, Անտառահատի հարձակմանը ենթարկվել է 1918 թվականի մայիսի 22-ի գիշերը, երբ քնած էր իր կնոջ՝ Քեթրինի կողքին։ Քեթրինն ստացել է կացնի բազմաթիվ հարվածներ գլխին։ Բացի այդ մարդասպանը կտրել է նրա կոկորդը։ Կինը մահացել է տեղում, իսկ Ժոզեֆը ստացել է մահացու վնասվածքներ և մահացել է, երբ նրան արյունաքամ վիճակում գտել են նրա եղբայրները։
  • Լուի Բեզումեր, այլ նպարավաճառ, հարձակման է ենթարկվել 1918 թվականի հունիսի 6-ի վաղ առավոտյան։ Նա ստացել է շատ լուրջ վնասվածքներ, բայց ողջ է մնացել։ Իսկ նրա սիրուհին՝ Հարիեթ Լոուն, որն այդ գիշեր եղել է նրա հետ, մահացել է հիվանդանոցում։
  • Միսիս Շնայդերը հարձակման է ենթարկվել 1918 թվականի օգոստոսի 5-ին։ Նա ստացել է կացնի մի քանի հարված դեմքին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, և այնտեղ նա երկու օր անց ունեցել է աղջիկ։
  • Ժոզֆ Ռոմանո, տարեց տղամարդ, որ ապրում էր իր զարմիկների՝ Պոլինի և Մերի Բրունոյի հետ։ 1918 թվականի օգոստոսի 10-ի գիշերը Պոլինն արթնացել է և տեսել, որ նրա գլխավերևում կանգնած է անծանոթ մարդ։ Նա բղավել է, և տղամարդը փախել է։ Պոլինը մտել է հորեղբոր սենյակ և հայտնաբերել, որ նա մահացու վերք է ստացել։ Նա շշնջացել է, որ կանչի բժշկի և մահացել։
  • Չարլզ Կորտիմիլիա, ներգաղթյալ սևամորթ աշխատող, որ ապրում էր կնոջ և երեխայի հետ Նոր Օռլեանի արվարձաններից մեկում։ 1919 թվականի մարտի 10-ին հարևանները ճիչեր են լսել նրա տնից։ Երբ նրանք մտել են սենյակ, տեսել են Չարլզ Կորտիմիլիային և նրա վիրավորված կնոջը՝ Ռոզային, որ ծնկաչոք կանգնած էր արյան լճակի վրա։ Նա իր ձեռքերում պահում էր երկամյա աղջկանը՝ Մերիին, որ սպանվել էր Անտառահատի կողմից։ Երկու ամուսիններն էլ ստացել էին գանգոսկրի կոտրվածքներ։ Դրանից որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։
  • Սթիվ Բոկ, նպարավաճառ, Անտառահատի հարձակմանը ենթարկվել է 1919 թվականի օգոստոսի 10-ին։ Նրան հաջողվել է փրկվել։
  • 19-ամյա Սառա Լոմենը ենթարկվել է Անտառահատի հարձակմանը 1919 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հարձակման պահին նա տանը մենակ է եղել, այդ իսկ պատճառով ոչ ոք չի տեսել հանցագործին։ Աղջիկը փրկվել է, բայց չէր կարողացել հիշել հանցագործության մանրամասները։
  • Մայք Փեփիթոունը հարձակման է ենթարկվել 1919 թվականի հոկտեմբերի 27-ին։ Նրա կինն արթնացել է աղմուկից և մոտեցել ամուսնու ննջարանի դռանը։ Նույն վայրկյանին այդտեղից դուրս է թռել կացնով տղամարդ։ Փեփիթաունը մահացել է հիվանդանոցում հաջորդ առավոտյան։

Զանգվածային մշակույթում խմբագրել

 
«Խորհրդավոր Անտառահատի ջազը» սկավառակի շապիկը

Երաժշտությունում խմբագրել

  • 1919 թվականին տեղացի երաժիշտ Ժոզեֆ Ջոն Դևիլը գրել է «Խորհրդավոր Անտառահատի ջազը (մի վախեցրու ինձ, Հայրիկ)» անվանումով երգ։ Սկավառակի շապիկին պատկերված է վախեցած ընտանիք, որ նվագում են երաժշտական գործիքներ։
  • Ավստրալիական Beasts of Bourbon ռոք խումբը 1984 թվականին թողարկել է «Անտառահատի Ջազը» (անգլ.՝ The Axeman's Jazz) վերնագրով ալբոմ։
  • Ամերիկյան «One Ton Project» ռոք խմբի «Deathjazz» երգում (2007 թվական) խոսվում է Անտառահատի մասին։
  • «SunMan24» կատարողի «Անտառահատի ջազը» երգում (2009 թվական) խոսվում է Անտառահատի երազների մասին։

Գրականությունում խմբագրել

  • 1945 թվականին «Լուիզիանայի ժողովրդական պատմվածքների հավաքածու» գրքում կա «Անտառահատի Ջազը» վերնագրով գլուխ, որը վերարթնացնում էր հանցագործի նկատմամբ հետաքրքրությունը։ Գրքի շապիկին պատկերված է նմանատիպ մի նկար, ինչպես 1919 թվականի երաժշտական ալբոմում։
  • Ջուլի Սմիթը 1991 թվականին գրել է «Անտառահատի Ջազը» վեպը։
  • Անտառահատի հանցագործությունները հիշատակվել են նաև Փոփի Բրայթի՝ 1997 թվականին գրված «Մուսոլինին և Անտառահատի Ջազը» պատմվածքում։
  • Չակ Պալանիկի «Ուրվականները» գրքում (2005 թվական) հիշատակում կա Անտառահատի մասին։
  • Գեորգի Զոտովի «Թիրգարթեն» գրքում (2018) հիշատակվում է Անտառահատի կերպարը։

Ֆիլմագրությունում խմբագրել

  • Անտառահատի կերպարը հայտնվում է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, որտեղ նա կատարում է բավական նշանակալի դեր։
  • «Առաջնածինները» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում հիշատակվում է Անտառահատ մարդասպանը, որի պատվին «Նոր Օռլեանում» կազմակերպվում է «Շնորհների տոնը»։
  • «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում հիշատակվում է Նոր Օռլեանի Անտառահատը։
  • «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի վեցերորդ սերիան նվիրված է Անտառահատին։ Ակադեմիայի աղջիկները 1919 թվականին փակում են Անտառահատի հոգին դպրոցի պատերի ներսում։
  • Ամերիկացի ռեժիսոր Ադամ Գրինի «Կացին» կինոշարքում մոլագար մարդասպան Վիկտոր Քրոուլին կացնով շրջում է Լուիզիանայի ճահիճներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gibson 2006, էջ. 20
  2. Katz 2010, էջ. 59

Գրականություն խմբագրել

  • Gibson, Cameron (2006). Serial Murder and Media Circuses. Westport, CT: Greenwood Publishing. ISBN 0275990648.
  • Katz, Hélèna (2010). Cold Cases: Famous Unsolved Mysteries, Crimes, and Disappearances in America. Santa Barbara, CA: ABC-CLIO. ISBN 9780313376924.
  • Newton, Michael (August 2004). The Encyclopedia of Unsolved Crimes (Facts on File Crime Library). Facts on File. ISBN 0816049807.
  • Davis, Miriam C. (2017). The Axeman of New Orleans. Chicago Review Press Incorporated. ISBN 978-1-61374-871-8.
  • The Axman Came from Hell 1589808983

Արտաքին հղումներ խմբագրել