Նոր Ջուղայի գաղութ
Նոր Ջուղայի գաղութ, հիմնվել է պարսկական Սպահան քաղաքի արվարձաններից մեկում։ Նրա հիմնադրումը տեղի է ունեցել Շահ–Աբաս I-ի օրոք։ 17–րդ դարի երկրորդ կեսին Նոր Ջոււղայի հայկական գաղութը ծաղկման շրջան է ապրում։ Ըստ եվրոպական ճանապարհորդ Ջոնսոնի՝ Նոր Ջուղան ունեցել է տասներկու հազար ընտանիք։ Մեծ թիվ են կազմել խոշոր, մանր ու միջին առևտրականները։ Այնտեղ պայքար է տեղի ունեցել սոցիալական տարբեր խավերի միջև։ Խաչատուր Ջուղայեցին պատմում է, որ Շահ–Սեֆի Առաջինի օրոք Նոր Ջուղայում Թովմասը սկսում է ժողովրդի մեջ քարոզել քրիստոնեական եկեղեցու համար անընդունելի գաղափարներ, որոնք հավանության են արժանանում շատ մարդկանց կողմից և առաջ բերում բուռն վեճեր։ 17-18–րդ դարում գաղութը խոշոր դեր է խաղացել հայկական մշակույթի զարգացման գործում։ Նոր Ջուղայում գործել են դպրոցներ, որտեղ դասավանդվել են աշխարհիկ գիտություններ և հաշվողական առարկաներ։
Պատմություն
խմբագրելՊարսկաստանում հայ բնակչությունը շատ հին պատմություն ունի։ Հայտնի է դեռևս 4–րդ դարից պարսից Շապուհ թագավորը Հայաստանից տասնյակ հազարավոր մարդկանց բռնի տեղափոխել է Պարսկաստան։ Հայ բնակչության այդպիսի գաղթեցումներ դեպի Պարսկաստանի խորքերը կատարվել են նաև հետագա դարերում։ Սակայն հայկական գաղթավայրերի առաջացումը Պարսկաստանում տեղի է ունենում ավելի ուշ՝ առանձնապես 18–րդ դարում։ Այդ գաղութներից առավել նշանավոր է պարսկական Սպահան քաղաքի արվարձաններից մեկում հիմնված Նոր Ջուղան։ Այստեղ հայերի բնակության մասին տեղեկությունններ կան՝ սկսած 16–րդ դարի 50–ական թվականներից, բայց նրա հիմնադրումը տեղի է ունեցել Շահ Աբասի օրոք։
Նոր Ջուղայի հայկական գաղութը ծաղկման շրջանում
խմբագրել17-դարի երկրորդ կեսին Նոր Ջուղայի հայկական գաղութը ծաղկման շրջան էր ապրում, նրա բնակչության թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի։ Եվրոպական ճանապարհորդներից մեկը՝ Ջոնսոնը, նշել է, որ Սպահանի արվարձան Նոր Ջողան ունեցել է 50-60 հազար շունչ, իսկ եթե հաշվեն նաև նրան մոտիկ և նրա հետ կապված հայկական գյուղերի բնակչությունը, ապա հայկական այդ գաղթավայրի բնակչությունը հարյուր հազարից ավելի է եղել։ Այնտեղ առավել աչքի է ընկել խոշոր վաճառականների դասը, որն իր առևտրական գործունեությամբ կապված է եղել բազմաթիվ երկրների հետ և խոշոր դեր է խաղացել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի զարգացման գործում։ Մեծ թիվ էին կազմում նաև միջին և մանր առևտրականները։ Այդ երկու խավերից ավելի բազմազան էին արհեստավորական և գյուղացիական խավերը, որոնք նույնպես իրենց լուման ունեին Սեֆեյան Պարսկաստանի արհեստագործության և գյուղատնտեսության զարգացման գործում։
Նոր Ջուղայի բնակչություն
խմբագրելՆոր Ջուղայի բնակչությունը, հատկապես առևտրականները, սերտորեն կապվածն էին Հայաստանի հետ և արձագանքում էին նրա ազատագրական պայքարին։ Պատմական աղբյուրների վկայության համաձայն՝ Նոր Ջուղայի մի քանի խոշոր առևտրականներ անմասն չեն մնացել տասնութերորդ դարի առաջին կեսին Արևելյան Հայաստանում ծավալված ազատագրական պայքարում։ Խաչատուր Ջուղայեցին հաղորդում է, որ Նոր Ջուղայի խոշոր առևտրականներ Հարություն Շեհրիմանյանցին և Էմինազ–աղա խոջա Մինասյանցին Նադիր շահը կասկածել է հայերի և վրացիների կազմակերպած ըմբոստացումների հրահրման մեջ։ Շահի հրամանով նրան կենդանի–կենդանի այրել են խարույկի վրա։ Սուր ու հարատև է եղել գաղութի սոցիալական խավերի միջև եղած պայքարը։ Դեմոկրատական տարրերը ոտքի են ելել խոշոր վաճառականնների և հոգևորականների դեմ, որոնք գաղութի ղեկավարությունն իրենց ձեռքում էին պահում և ճնշում և կեղեքում էին աշխատավորությանը։
Քրիստոնեական եկեղեցու գաղափարների քարոզչություն
խմբագրելՊայքարի ցայտուն արտահայտությունն է տասնյոթերորդ դարի երկրորդ կեսին Թովմասի գլխավորությամբ սկսված շարժումը։ Խաչատուր Ջուղայեցին պատմում է, որ Շահ–Սեֆի Առաջինի օրոք Նոր Ջուղայում Թովմասը սկսում է ժողովրդի մեջ քարոզել քրիստոնեական եկեղեցու համար անընդունելի գաղափարներ, որոնք հավանության են արժանանում շատ մարդկանց կողմից և առաջ բերում բուռն վեճեր։ Թոմասի քարոզած գաղափարները հակակրոնական բնույթ ունեին և սուր ծայրով ուղղված էին շահագործողների և հատկապես հոգևորականների դեմ։ Խաչատուր Ջուղայեցու ասելով՝ նա մերժում էր խաչը, պատարագը և հաղորդությունը, արհամարհում էր առաջնորդներին, վարդապետներին, քահանաներին և նրանց բոլորին համարում խաբեբաներ։
1642 թվականին Նոր Ջուղայի մեծամեծները պախարակում են Թովմասին, աշխատում նրան խրատել, բայց նա չի հրաժարվում իր գաղափարներից։ Պատմագիրն այն մասին, թե ինչ վախճան է ունեցել Թովմասի գլխավորած շարժումը, լռում է։ Հայտնի է, որ որոշ ժամանակ՝ անց Շահ Սուլեյման Առաջինի օրոք․(1667-1694թթ.) Նոր Ջուղայում այնպիսի մի շարժում է սկսվում Տեր Օհան աբեղայի գլխավորությամբ։ Այս նշանակում է, որ սկսված սոցիալական պպայքարը, թեև կրոնական գունավորումով, շարունակվել է մինչև 17–րդ դարի երկրորդ կեսը և ընդգրկում ոչ միայն քաղաքային, այլև հայկական գյուղերի բնակչությանը։ Այդ երևում է նրանից, որ Օհանի գործունեության կենտրոնը եղել է Փերա գավառը, որտեղ բազմաթիվ հայկական գյուղեր կային։ Օհանին հալածանքի են ենթարկում, աքսորում, բանտարկում, բայց չեն կարողանում կասեցնել նրա պայքարը։
Նշանակություն
խմբագրելՆոր Ջուղայի գաղութը 17-18-րդ դարերում խոշոր դեր է խաղացել հայկական մշակույթի զարգացման գործում։ Այնտեղ 17-րդ դարի առաջին կեսերին հիմնադրվել է մի դպրոց, որը Խաչատուր Ջուղայեցին անվանում է համալսարան։ 17-րդ դարի երկրորդ կեսին Ջուղայում սկսում են գործել այլ դպրոցներ ևս, որոնցից նշանավոր էր Կոստանդին վարժապետի գլխավորած դպրոցը։ Այնտեղ դասավանդում էին աշխարհիկ գիտություններ և գերազանցապես հաշվողական առարկաներ։ Դասավանդումը կատարվում է պարզ, հասկանալի լեզվով, համարյա աշխարհաբար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975