Նորաշխարհյաններ, Ենի-Դունյաններ, հայ իշխանական տոհմ Զեյթունում։

Ըստ ավանդության, X—XI դդ․ Կիլիկիա են գաղթել Անիից։ Մինչև XVIII դ․ կեսը կոչվել են Վասիլյաններ։ Տարբեր ժամանակներ եղել են Քեսունի, Բարձր բերդի, Կապանի, Կանչիի իշխաններ։ XVI դ․ հաստատվել են Զեյթունում։ 1702 թվականին, Նորաշխարհյաններին թշնամի Ափարտյանների դրդմամբ օսմանյան կառավարությունը նրանց աքսորել է Եգիպտոս։ 1744 թվականին վերադառնալով աքսորից, Նորաշխարհյանները հալածել են Ափարտյաններին, տիրել նրանց թաղը և այն անվանել «Ենի֊Դունյա» («Նոր աշխարհ»)։ Նորաշխարհյանները նշանակալից դեր են խաղացել Զեյթունի ազատագրական պայքարում։ Նորաշխարհյաններից հայտնի են 1862 թվականի Զեյթունի հերոսամարտի առաջնորդ Աստվածատուրը, 1877-1878 թվականների շարժման առաջնորդ, ապա՝ Զեյթունի քաղաքապետ Պապիկ Իշխանը, 1895 թվականի ապստամբության ղեկավար Նազարեթը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ և մինչև Զեյթունից հայերի բռնի տեղահանումը (1921) պահպանել են իրենց ղեկավար դերը տեղի հայոց մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 377