Նորայր Քոչարյան

ֆիզիկոս

Քոչարյան Նորայր Մարգարի (հոկտեմբերի 16, 1906(1906-10-16), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1967(1967-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ժամանակաշրջանի ֆիզիկոս։ ԽՄԿԿ անդամ (1944):

Նորայր Քոչարյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1906(1906-10-16)
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 14, 1967(1967-03-14) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀԱՊՀ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Քոչարյան Նորայրը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Երևանում։ ՍՄԿԿ անդամ է եղել 1944 թվականից։ 1931 թվականին ավարտել է Երևանի համալսարանը։ Եղել է համալսարանի փորձարարական ֆիզիկայի,նյութի կառուցվածքի ամբիոնների վարիչ, 1938-1945 թվականներին, միաժամանակ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1958-1959 թվականներին Նորայրը համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի առաջին դեկանն էր։ 1943 թվականին, Ա․ Ի․ Ալիխանովի և Ա․ Ի․ Ալիխանյանի հետ, Քոչարյանը մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի (հետագայում՝ ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտում) կազմակերպմանը։ 1944-1949 թվականներին եղել է այդ ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1949-1960 թվականներին փոքր էլեկտրամագնիսի լաբորատորիայի, իսկ 1960-1962 թվականներին պոլիմերների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչը։ 1962 թվականին կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական ֆիզիկատեխնիկական լաբորատորիան։ Մահացել է 1967 թվականի մարտի 14-ին՝ Երևանում։

Կատարած աշխատանքներ խմբագրել

Քոչարյանի գիտական առաջին աշխատանքները, որոնք նա կատարել է 1934 թվականին, Արագած լեռան վրա կազմակերպված գիտական արշավախմբի կազմում, նվիրված են եղել տիեզերական ճառագայթների բաղադրության հետազոտմանը։ 1936 թվականին, Երևանում, Ա․ Ն․ Վեռնովի հետ ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների արևելքից արևմուտք ասիմետրիայի երևույթը՝ օգտագործելով գունդ–զոնդեր։ 1944–1960 թվականներին զբաղվել է ծովի մակերևույթից 1000 մ և 3250 մ բարձրության վրա տիեզերական ճառագայթման մասնիկների բաղադրության, էներգիական սպեկտրի ու զանգվածների սպեկտրի, ինչպես նաև բարձր էներգիայի մասնիկների և ատոմային միջուկների փոխազդեցության պրոցեսների հետազոտմամբ։

1960 թվականից Քոչարյանի գիտական աշխատանքների հիմնական ուղղությունը դառնում է պինդ մարմնի և պոլիմերների ֆիզիկան։ Նա փորձով հայտնաբերել ու հետազոտել է անիզոտրոպ պոլիմերների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, ինչպես նաև «մակածված» պիեզոէֆեկտն այդ պոլիմերներում։ Կատարել է լուծույթներում ուլտրաձայնային ճառագայթման ազդեցությամբ պոլիմերների կառուցվածքափոխման մեխանիզմների ուսումնասիրման մի շարք աշխատանքներ։

  • Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկեր խմբագրել

  • Космические лучи, Физика полимеров (Избранные труды), Е.,1973.

Գրականություն խմբագրել

  • Норайр Маркарович Кочарян, Е., 1970 (Библиография).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։