Նշենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Նշենի
Տեսակ Նշենի սովորական
Լատիներեն անվանում
A. communis Լ.


Նշենի սովորական (լատ.՝ A. communis Լ.), վարդազգիներ ընտանիքի, նշենի ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Փոքր ծառ է 4-8 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված անփուշ ճյուղերով և բազմաթիվ կարճացած ընձյուղներով, որոնք մերկ են, կարմրադարչնագույն կամ դարչնագույն։ Բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է, բնի վրա մոխրասևավուն։ Տերևակիցները համարյա մախաթանման են, 3֊5 մմ երկարությամբ գեղձապատ եզրերով։ Տերևները նշտարաձև են կամ նեղ էլիպսաձև` 4֊6 (երբեմն` 3֊9) սմ երկարությամբ և 1,5֊2,5 սմ լայնությամբ, բութ կամ սուր գագաթով, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, սղոցաատամնաեզր, մերկ։ Տերևակոթունը ունի 3 սմ երկարություն, տերևաթիթեղի հիմքում` 2 գեղձիկներ։ Ծաղիկները միայնակ են, կարճացած ընձյուղների կամ նախորդ տարվա շիվերի վրա, 3֊5 մմ երկարությամբ տերևակոթուններով։ Հիպանթիումը մերկ է, գլանաձև, 5-6 մմ երկարությամբ։ Բաժակաթերթիկները եզրերին ունեն մազմզուկապատ ատամիկներ։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, 1,5-2 սմ երկարությամբ, կարճ եղունգավոր։ Պտուղը ծածկված է կարճ, թավշամահուդանման աղվամազով, երկարավուն ձվաձև է, 3-3,5 (երբեմն`4) սմ երկարությամբ և 2 ֊2,5 սմ լայնությամբ։ Կորիզները սպիտակ են կամ դարչնագույն, հարթ, փոսիկածակոտկեն, երբեմն` ակոսավոր, սեղմված, օվալաձև, ձվաձև, ձվաձև նշտարաձև կամ նշտարաձև, 2,7֊3,3 (երբեմն՝ 4) սմ երկարությամբ և 1,4 ֊2,6 սմ լայնությամբ։ Ծաղկում է տերևները բացվելուց առաջ, մարտ-ապրիլ ամիսներին, տաք և կարճատև ձմեռների դեպքում, հաճախ փետրվարի վերջերին)։ Պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում։ Հայաստանի պայմաններում վայրիացել է, հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում, ամենուրեք ծովի մակերեւույթից մինչև 1100 մ բարձրությունների վրա։ Մշակվում է ցածրադիր գոտու պայմաններում, որպես կարևորագույն պտղատու բույս։ Ջերմասեր է, երաշտադիմացկուն, լուսասեր։ Ունի խոր գնացող հզոր արմատային համակարգ։ Ապրում է 130֊150 տարի։ Բազմանում է սերմերով, մացառներով և աչքապատվաստով։ Բնափայտը օգտագործվում է ատաղձագործության բնագավառում, բավականին ամուր է ու դիմացկուն, կարմրավուն երանգ ունի լավ է փայլեցվում։

Էկոլոգիական խումբը` VIII: Մշակության հավանական շրջանները 8֊9, 17֊20, 23-25, 27-28, 32[1]:

ԿիրառությունԽմբագրել

Սովորական նշենին օգտագործվում է որպես պատվաստակալ ծիրանենու և դեղձենու համար` վերջիններիս երաշտադիմացկունությունը բարձրացնելու նպատակով։ Նշենու կորիզը օգտագործվում է սննդի մեջ, հրուշակեղենի, դեղագործության, օծանելիքի արտադրության բնագավառում։ Դառը նշենու քուսպը թունավոր է։ Որոշ սորտերի կեղևից հատուկ նյութ են ստանում, որն օգտագործում են գինիները ներկելու և դրանց հատուկ համ տալու համար։ Մոխիրն օգտագործում են օճառի արտադրության մեջ։ Օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բույս։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։