Նշենի Ֆենցլիի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Նշենի
Տեսակ Նշենի Ֆենցլիի
Լատիներեն անվանում
լատին․՝ Amygdalus fenzilana (Fritsch) lipsky


Նշենի Ֆենցլիի (լատին․՝ Amygdalus fenzilana (Fritsch) lipsky), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 1,5-3 մ բարձրությամբ (հաճախ ծառանման է լինում), ճյուղերը երկարավուն են, տարածված, ծիրանագույն, ծայրերը՝ փշավոր։ Տերևները էլիպսանշտարաձև են, 6-8 սմ երկարությամբ և 1,5-2 սմ լայնությամբ, կիսակաշվեկերպ, հարթ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ անփայլ, ատամնասղոցաեզր, անհավասար ատամիկներով, կլորավուն կամ սեպաձև հիմքով, սրածայր։ Վարդագույն, 1-5-ական ծաղիկները հավաքված են չռված ծաղկաբույլերում, մեծ մասամբ երկամյա տերևազուրկ ճյուղերի վրա, վարդագույն են։ Պտուղը գրեթե գնդաձև է, թավշապատ, փոքր-ինչ սեղմված, 2,5-3,5 սմ տրամագծով։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը (Մեղրիում, Զանգեզուրում՝ մարտին, այլ վայրերում՝ ապրիլին)։ Կիևում և Վորոնեժում ցրտահարվում է։ Աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ և դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Առանձնապես գեղեցիկ է ծաղկման շրջանում։ Քչապահանջ և չափազանց չորադիմացկուն բույս է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տիպիկ հայկական տեսակ է, Հայաստանից դուրս չի հանդիպում։ Տարածված է Իջևանի շրջանի ցածրադիր գոտում (Այգեհովիտ գյուղի շրջակայքում), Արագածի հարավային չոր լանջերում, Ազատ և Միլի գետերի ավազաններում, Գեղարդում, Գառնիում, Խոսրովի անտառում, Երանոսի լեռնաշղթայում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում (Լիչքվազ)։ Մշակության մեջ քիչ է հանդիպում։ Աճեցվում է միայն բուսաբանական այգիներում[1]։

Նշանակություն խմբագրել

Վայրի նշենու պտուղներն ունեն դառը համ։ Նշենու քաղցր սերմերը պարունակում են 40-60 % ճարպային յուղ, սպիտակուցներ և ամիգդալին գլիկոզիդ, որը ֆերմենտների ազդեցության տակ ճեղքվում է՝ առաջացնելով թունավոր կապտաթթու և յուրահատուկ հոտ ունեցող բենզալդեհիդ (դառը նշի հոտով)։ Սերմերը թարմ, չորացած կամ տապակած վիճակում օգտագործվում են սննդի մեջ։ Նշի յուղն օգտագործում են սննդարդյունաբերության, օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Այն ազդում է մաշկի վրա որպես փափկեցնող և հակաբորբոքային միջոց։ Սերմերից ստացվող քուսպն օգտակար է կենդանիների համար, այն օգտագործվում է որպես անասնակեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 414։
  2. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.