Նյարդահումորալ կարգավորում
Նյարդահումորալ կարգավորում, նյարդային համակարգի և հումորալ գործոնների (հորմոններ) համատեղ կարգավորող, կոորդինացնող և ամբողջականացնող ազդեցությունը մարդու և կենդանիների օրգանների, հյուսվածքների ու ֆիզիոլոգիական պրոցեսների վրա։ Նյարդահումորալ կարգավորումը կարևոր դեր է կատարում օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական հաստատուն վիճակի՝ հոմեոստազի պահպանման և միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու պրոցեսում։ Ցածրակարգ օրգանիզմների առանձին բջիջների և օրգանների միջև կապն իրականացվում է դրանց կենսագործունեության պրոցեսում արտադրվող քիմիական նյութերի միջոցով։ Էվոլյուցիայի ընթացքում, օրգանների բարդացման և տարբերակմանը զուգընթաց, այդ նյութերը ձեռք են բերում առանձնահատուկ ֆիզիոլոգիական ակտիվություն և մեդիատորների նյարդահորմոնների ու հորմոնների ֆունկցիաներ, որոնց միջոցով և կարգավորվում է օրգան–համակարգերի գործունեությունը։ Սակայն քիմիական ճանապարհով իրականացվող կարգավորումը չի կարող ապահովել արագ և տարբերակված ռեակցիա ներքին ու արտաքին միջավայրից եկող մեծ քանակությամբ տարբեր տիպի ազդակների նկատմամբ։ Աստիճանաբար օրգանիզմի գլխավոր կարգավորիչ ֆունկցիան անցնում է նյարդային համակարգին։ Նյարդային կարգավորման և հումորալ կարգավորման (իր տարատեսակի՝ հորմոնային կարգավորման հետ) մեխանիզմները գտնվում են փոխադարձ կապի և պայմանավորվածության մեջ և հանդես են գալիս սերտ համագործակցված։ Օրինակ, ածխաթթու գազը դրդում է շնչառական կենտրոնի բջիջներին, որը հանգեցնում է սինապսներում մեդիատորների (ացետիլխոլին, նորադրենալին, սերոտոնին ևն) արտազատմանը։ Անցնելով արյուն՝ այդ նյութերը մասնակցում են ֆունկցիաների հումորալ կարգավորմանը և կարող են դիտվել որպես նյարդահորմոններ։
Նյարդահումորալ կարգավորման բարձրագույն բաժինները գտնվում են հիպոթալամուսում։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 313)։ |