Ոչ-ոչ սերունդ (իսպ.՝ La generación Ni-Ni: los que ni estudian ni trabajan, բառացի՝ ոչ սովորում են, ոչ էլ աշխատում, ոչնչով չեն զբաղվում, անգլ.՝ Not in Education, Employment or Training, NEET), 16-34 տարեկան երիտասարդների սերունդ, որոնք, տնտեսական, սոցիալական և քաղաքական բնույթի տարբեր գործոններով պայմանավորված, ոչ աշխատում են, ոչ էլ սովորում[1]։ Եզրույթն առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում 20-րդ դարի վերջին, սակայն հետագայում սկսել է ակտիվորեն կիրառվել նաև այլ երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում ու Լատինական Ամերիկայի երկրներում սոցիոլոգիական եզրութաբանության և հրապարակախոսության մեջ։

Այն, որ այս երևույթն ավելի մանրամասն նկարագրված է Միջերկրական ծովի երկրներում, պատահականություն չէ։ Հենց այդ շրջանում է ավելի բարձր երիտասարդության գործազրկության տոկոսը, որը 2012 թվականի վերջերին Իսպանիայում և Հունաստանում հասավ 60%-ի[2]։ Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև լատինաամերիկյան շատ երկրներում, ինչպես նաև Մաղրիբի երկրներում։ Այս շրջանների խոր ընտանեկան ավանդույթները մի կողմից մեղմացնում են ոչ-ոչ երևույթի բացասական հետևանքները, մյուս կողմից՝ խորացնում։ Օրինակ՝ ծնողների հետ մինչև 30 տարեկանն ապրելն օգնում է երիտասարդներին հաղթահարել տնտեսական խնդիրները, սակայն հենց դրանք են նրանց դարձնում իներտ և աննախաձեռնող նույնիսկ բարեհաջող ժամանակներում։ Բացի այդ` ինչպես ցույց են տալիս Մեքսիկայում կատարված ուսումնասիրությունները, հենց ոչ-ոչ սերունդներն են ընկնում թմրաշխարհի ազդեցության տակ և ակտիվորեն ներգրավվում թմրավաճառքի և հանցագործ աշխարհի մեջ[3]։

Անգլախոս երկրներում երևույթը նկարագրվում է NEET հապավմամբ (Not in Employment, Education or Training)։ Մաղրիբի երկրներում ոչ-ոչ սերունդը կարևոր դեր է խաղացել 2010-2011 թվականների այսպես կոչված արաբական հեղափոխությունների ժամանակ[4]։ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո սոցիալական այս խումբն ի հայտ եկավ նաև Մերձբալթիկայի երկրներում[5]։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

NEET ֆենոմենի պատճառներ խմբագրել

NEET ֆենոմենի հայտնվելու հիմքում ընկած է միանգամից մի քանի պատճառ։ Նրանց մեջ առանձնանում են մակրո-մակարդակի (երկրի հասարակության առանձնահատկություններ, կրթական համակարգ, աշխատանքի ընդհանուր պայմաններ), մեզո-մակարդակի (հատկապես առանձին դպրոցի, ֆիրմայի) և միկրո-մակարդակի (առանձին մարդուց վերցված խնդիրներ) պատճառները։ Եվրոպայում գերադասում են շշետը դնել երկու հիմնական պատճառների վրա, որոնք NEET սերնդի ամբողջության հայտնման պատճառն են.

  • երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը. ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչների գերակշիռ մասը սերում են անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթության ցածր մակարդակ։
  • Սոցիալական ապահովվածության համակարգի զարգացում, կյանքի բարձր մակարդակը սոցիալական լավ պայմաննների հետ միասին հանգեցնում են մի իրավիճակի, երբ երիտասարդությունը կորցնում է աշխատելու մոտիվացիան։

Դասակարգում խմբագրել

Ոչ-ոչ սերնդի ներակայցուցիչները սովորաբար բաժանվում են երկու մեծ խմբի՝ նրանք, որոնք մոտ ապագայում կվերադառնան աշխատանքի, և նրանք, որոնք չեն էլ նախատեսում աշխատանք փնտրել մոտ ապագայում։

Ռեյկո Կոսուգին, որը Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի ու բարօրության նախարարության առաջատար մասնագետներից մեկն է, առանձնացնում է չորս տիպ.

  • հակասոցիալական NEET՝ իրեն հարմարավետ է զգում միայն այն ժամանակ, երբ չի աշխատում,
  • ինքնամփոփ NEET (հիկիկոմորի)՝ ի վիճակի չէ որևէ կերպ համագործակցել հասարակության մեջ,
  • պասիվ NEET՝ ի վիճակի չէ իր համար աշխատանք գտնել ինքնավստահության ու մոտիվացիայի պակասի պատճառով,
  • հիասթափված NEET՝ ունեցել է խիստ բացասական փորձ աշխատանքում, այդ պատճառով էլ նախընտրում է հրաժարվել հետագայում աշխատանք փնտրելուց։

Հայեցակարգի քննադատություն խմբագրել

NEET հայեցակարգի հիմնական քննադատողներից մեկը եղել է Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատակից Սառա Էլդերը։ 2015 թվականի հունվարին հրատարակված «Ի՞նչ է նշանակում NEET, և ինչո՞ւ է հայեցակարգն այդքան հեշտությամբ խեղաթյուրվում» (անգլ.՝ «What does NEETs mean and why is the concept so easily misinterpreted?») աշխատանքային տետրում Սառա Էլդերը բավական խիստ քննադատության է ենթարկում եզրույթը՝ պնդելով, թե նրա օգտագործումը հանգեցնում է իսկական քաոսի երիտասարության զբաղվածության ոլորտում կատարվող հետազոտություններում։

Ըստ Սառա Էլդերի՝ NEET հայեցակարգն արտացոլում է երիտասարդ բնակչության ամբողջ շերտերի հնարավոր խոցելիությունը ու հատկապես գործազրկության, դպրոցից վաղ հեռանալու, ինչպես նաև աշխատանքի շուկայում ցածր մոտիվացիայի հարցերը։ NEET տեմինը երկար ժամանակ չի արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը, սակայն 2015 թվականին արդեն օգտագործվել է կայուն զարգացման վերաբերյալ հաշվետվություններում, ինչով ընդգծվել է նրա նշանակությունը։ Սակայն գոյություն ունեն այդ հայեցակարգին վերաբերող բազմաթիվ ոչ տեղին կարծիքներ։

Առաջին հերթին Սառա Էնդլերն ընդգծում է, որ գոյություն չունի միասնական մոտեցում NEET հայեցակարգի նկատմամբ։ Հենց միայն այդ փաստը դժվարացնում է այդ հարցն ուսումնասիրողների գործը։ Ավելին, ինչպես նշում է Էնդլերը, բազմաթիվ երկրներ չեն օգտագործում NEET-ը՝ որպես երիտասարդության շրջանում եղած գործազրկության ցուցանիշ, իսկ գործազրկությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը փակ է ու վերլուծողներին անհասանելի։ Դրանով իսկ NEET-ը բավական անմշակ հայեցակարգ է, որն օգտագործվում է միայն ոչ մեծ թվով պետությունների կողմից և աջակցություն չի գտել զարգացող երկրներում։

Ընդհանուր առմամբ, ըստ Էլդերի, աշխարհում տարածված են NEET-ի ավելի քան տասը տարբեր բնորոշումներ, և դա այն դեպքում, եթե հաշվի չառնենք դրա վերաբերյալ ազգային հայացքները։ Թեև ըստ Էլդերի, ընդհանուր առմամբ այդ բնորոշումներից յուրաքանչյուրն ըստ էության ճիշտ է, դետալներում ունեն մի շարք էական թերություններ։ Այսպես, SDSN-ը (Sustainable Development Solutions Network) շեշտը դնում է աշխատանքի տեսակի վրա, թեև, ըստ Սառա Էլդերի, NEET հայեցակարգն ընդհանրապես թույլ չի տալիս հասկանալ, թե ինչով է զբաղված այս կամ այն մարդը։ Սառա Էլդերը քննադատության է ենթարկում նաև հասկացությունների նենգափոխումը և մասնավորապես NEET հայեցակարգը մի շարք այլ կատեգորիաների (մասնավորապես՝ աշխատանքի որոնումը դադարեցրած մարդիկ, գործազուրկներ և մարգինալներ) հետ նույնացնելու փորձերը։

Սառա Էլդերը, ըստ էության, փորձում է ասել, որ NEET եզրույթը չափազանց բարդ է և լրացուցիչ խառնաշփոթ է մտցնում աշխատանքի շուկայի՝ առանց այդ էլ բավական բարդ եզրաբանության մեջ ընդհանրապես և գործազրկությանը վերաբերող եզրաբանության մեջ մասնավորապես։ NEET-ը կարող է թույլ տալ երիտասարդության զբաղվածության հարցին նայել այլ տեսանկյունից, սակայն ներկա փուլում, ըստ Սառա Էլդերի, ավելի լավ է հրաժարվել NEET հայեցակարգից և օգտագործել այլ կատեգորիաներ երիտասարդության շրջանում գոյություն ունեցող գործազրկությունը գնահատելու հանար։ Առաջին հերթին, որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի կրթության խնդրի վրա, կարելի է օգտագործել այլ կատեգորիա՝ NLFET, որը հաշվի է առնում միայն 15-19 տարեկաններին։ Որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի երիտասարդության շրջանում եղած գործազրկության վրա, ըստ Սառա Էլդերի, կարելի է պարզապես օգտվել գործազրկության ստանդարտ մակարդակից։ Ռիսկի խմբում գտնվող, այսինքն՝ կիսաօրինական բիզնեսի ոլորտում կամ ծայրահեղ վատ պայմաններում աշխատող երիտասարդության հարցերի ուսումնասիրման նպատակով կարելի է մշակել առանձին վարկանիշ և մասնավորապես՝ այսպես կոչված «գործազրկության ոչ ֆորմալ մակարդակ»։ Դա, ըստ Սառա Էլդերի, թույլ կտա ավելի մանրամասն ու արդյունավետ կերպող ուսումնասիրել երիտասարդության զբաղվածության խնդիրները։ Իսկ NEET հայեցակարգը, ընդհակառակը, փորձում է ընդհանրացնել խնդիրը, ինչն ուսումնասիրողներին թույլ չի տալիս հասնել երևույթի սկզբնապատճառներին[6]։

Մեծ Բրիտանիա խմբագրել

NEET եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 1999 թվականին Social Exclusion Unit-ի (SEU) հրատարակած զեկույցում[7]։ Նախկինում Մեծ Բրիտանիայում այդ երևույթը կոչվել է «զրոյական կարգավիճակ» (Status Zer0)։ Չնայած նրան, որ մի շարք կառավարական հաշվետվություններում տրվում է NEET եզրույթի սահմանումը, այն չունի դասակարգման չափանիշներ՝ որպես այդպիսին։ Եվ եթե սկզբում NEET-ի խնդրին մոտեցել են միայն գիտական տեսանկյունից, աստիճանաբար տվյալ սոցիալական խումբն սկսել է դիտարկվել բացասական երանգներով[8]։

Անգլիայում NEET-ի վերաբերյալ վիճակագրությունը հրատարակում է Մեծ Բրիտանիայի կրթության նախարարությունը։ NEET-ի վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդբանությունը տարբերվում է՝ կախված տարիքային խմբից։ 16-18 տարեկան բրիտանացիների դեպքում օգտագործվում են միանգամից մի քանի մեթոդներ։ 16-24 տարիքային խմբի համար օգտագործվում է Labour Force Survey հետազոտությունը[9]։ Մոտեցումների տարբերությունը բացատրվում է նրանով, որ մինչև 18 տարեկան երիտասարդության մեծ մասը դեռ չի ավարտել միջնակարգ կրթությունը, այդ պատճառով էլ առնվազն կարող է հետաքրքրված չլինել աշխատանք փնտրելու հարցերով։

Ըստ 2007 թվականին Prince’s Trust-ի հրատարակած զեկույցի՝ 15-24 տարեկան բրիտանացիների շուրջ 20 %-ը NEET է[10]։ 1995 թվականից մինչև 2008 թվականը այն երիտասարդների թիվը, որոնց կարելի էր համարել այդ սոցիալական խմբի ներկայացուցիչ, կայուն կերպով եղել է 10 %-ի սահմաններում[11]։ 2011 թվականին The Guardian պարբերականը տպագրել է հոդված, որում նշվել է, որ 2003 թվականից 16-18 տարեկան աշխատող բրիտանացիների թիվը կրճատվել է 1 %-ով։ Միևնույն ժամանակ կրթական գործընթացում ներառվածների թիվն ավելացել է 7 %-ով[12]։ Աստիճանաբար NEET եզրույթի հետ սկսել են ասոցացվել հակասոցիալական տարրերը[13]։ Օրինակ՝ բրիտանական մի շարք լրատվամիջոցներում բազմիցս հնչել է այն հայտարարությունը, թե NEET սերնդի ներկայացուցիչները ավելի շատ են հակված հանցագործությունների կատարմանը[14]։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ամեն կերպ փորձում է լուծել ոչ-ոչ սերնդի խնդիրը։ 2007 թվականին կառավարության կողմից ներկայացվել են այսպես կոչված «Սեպտեմբերյան երաշխիքները», որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացու համար երաշխավորել են տեղ կրթական հաստատությունում ընդհուպ մինչև նրա չափահաս դառնալը, այսինքն՝ 18 տարին լրանալը[15]։ Երկրի երիտասարդ քաղաքացիներին տրվող լրացուցիչ երաշխիքները ներառվել են 2009 թվականի բյուջեում։ Դրանք ապահովել են աշխատանք, որակավորման բարձրացման դասընթացներ կամ պրակտիկա 18-24 տարեկան ցանկացած բրիտանացու համար, որը հաշվառված է եղել աշխատանքի բիրժայում որպես գործազուրկ արդեն վեց ամսից ավելի։ Այդ երաշխիքներն ուժի մեջ են մտել 2010 թվականի հունվարի 25-ին, բայց արդեն 2012 թվականին որոշվել է հրաժարվել դրանցից[16]։

Պետական միջոցառումների արդյունավետության մասին դատելը բավական դժվար է, քանի որ 16-24 տարեկան բրիտանացիների շրջանում ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչների քանակն գերազանցել է 17 %-ը[17]։ Այսինքն՝ 21-րդ դարի սկզբի համեմատ էական հաջողությունների հասնել չի հաջողվել։ Ընդ որում՝ առանձին նշվում է, որ պետք չէ ամբողջ մեղքը բարդել 2007-2008 թվականների տնտեսական ճգնաժամի ու դրան հաջորդած ձգձգված ռեցեսիայի վրա։ Մեծ Բրիտանիայում համարվում է, որ ոչ-ոչ սերնդի խնդիրը կապված է կրթության հնացած համակարգի և աշխատանքի շուկայում կատարված խորը ձևափոխությունների հետ[18]։

Ճապոնիա խմբագրել

Ճապոնիայում NEET բավական արագ ամրապնդել է իր դիրքերը, քանի որ բավական խորը ու ստույգ է բնութագրում երկրում սկիզբ առած սոցիալական նոր երևույթը[19]։ Ինչպես Եվրոպայի երկրներում, այնպես էլ Ճապոնիայում ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչներ համարվում են հիմնականում այն երիտասարդները, որոնք նախընտրում են երկար ժամանակ ոչ մի տեղ չաշխատել ու չսովորել։ Նրանք հիմնականում ապրում են իրենց ծնորղների հաշվին, որոնք կրում են նրանց նյութական ու կենցաղային ծախսերը։ NEET սովորաբար համարվում են 15-34 տարեկան աշխատունակ ճապոնացիները[20]։

Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Էնդի Ֆերլոնգը Ճապոնիայում ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչների թվաքանակի աճը կապում է 1980-ական թվականների տնտեսական պղպջակի, ինչպես նաև դրան հաջորդած 1990-ական թվականների ռեցեսիայի հետ, որից Ճապոնիան չի կարողանում դուրս գալ։ Հենց այդ ժամանակ, ըստ Էնդի Ֆերլոնգի, Ճապոնիայի երիտասարդ բնակչությունը բախվել է ավելի ու ավելի աճող գործազրկությանը, ինչը հանգեցրել է NEET-ի թվաքանակի աճին[21]։

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Գենդի Յուձին պնդում է, թե ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչները հաճախ ցուցաբերում են աշխատելու ցանկությունը, սակայն պարզապես ի վիճակի չեն անցնել հարցազրույցի փուլը անինքնավստահության, սոցիալական հմտությունների բացակայության, ինչպես նաև որակավորման ցածր մակարդակի պատճառով[22]։ Խնդիրը խորացնում են նաև Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են NEET-ի ծայրահեղ բացասական կերպար[23]։

Ծնոդական տնից չհեռանալու համար ոչ-ոչները հաճախ նույնիսկ ընտանիք չեն կազմում։ ոչ-ոչ սերնդի ներկայացուցիները Ճապոնիայում միջինը կազմում են երկրի աշխատունակ բնակչության ընդհանուր քանակի 10 %-ը[24]։

Նրանց հաճախ անվանում են «միայնակ մակաբույծներ։ Այդ եզրույթն առաջին անգամ կիրառել է Գակուգեյ համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ Յամադա Մասահիրոն[25]։ Այնուամենայնիվ, ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչները «մակաբույծներից» տարբերվում են աշխատանքի առկայությամբ։ «Մակաբույծներն» իրենք են վաստակում ապրուստի միջոցներ, բայց միևնույն ժամանակ ուշ են առանձնանում ծնողներից։ Նմանատիպ երևույթ կարելի է հանդիպել նաև Հարավային Կորեայում, Իտալիայում ու Հարավային Եվրոպայի այլ երկրներում։

Սոցիալականացման հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել ավելի լուրջ հետևանքների, օրինակ՝ կամավոր ճգնավորության, ինչը Ճապոնիայում ստացել է «հիկիկոմորի» անվանումը։ Այդ եզրույթը շրջանառության մեջ է դրել հոգեբան Սայտո Տամակին, որը հայտարարել է, թե երիտասարդ ճապոնացիների մոտավորապես 20 %-ը (երկրի բնակչության շուրջ 1 %-ը) իրականում տարիներով փակված են մնում իրենց սենյակներում[26]։

Ճապոնիայի կառավարությունը խիստ անհանգստացած է NEET խնդրով։ 2004 թվականին մշակվել է ծրագիր, ըստ որի՝ դպրոցներում դասավանդվում է առանձին առարկա, որն աշակերտներին թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ պետք է անեն դպրոցն ավարտելուց հետո։ Նաև Տոկիոյում ակտիվորեն խրախուսվում է համալսարանների միջև աշխատանքային հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև ցանկացած նախագիծ, որը թույլ է տալիս զարգացնել ուսանողների սոցիալական հմտությունները[27]։

NEET-ի թեման այնքան արդիական է դարձել ժապոնական հասարակության համար, որ աստիճանաբար նրան սկսել են անդրադառնալ ճապոնական գրականության մեջ (մանգա և ռանոբե), որի հիմնական լսարանը հենց 15-34 տարեկանների տարիքային խումբն է։ Այդ ժանրի առավել վառ նմուշներից է NHK ni Youkoso! վեպը, որ բացահայտում է տիպիկ ի կենսակերպի կործանարար բնույթը։ Առավել ժամանակակից ստեղծագործությունների շարքում կարելի է առանձնացնել Higashi no Eden անիմեն և ReLife մանգան, որոնք նույնպես յուրովի կերպով փորձում են ունկնդիրներին հասցնել հասարակության մեջ սոցիալականացման անհրաժեշտությունը։

Այլ երկրներ և տարածաշրջաններ խմբագրել

Ավստրիալիա խմբագրել

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի՝ մոտավորապես 580,000 ավստրալիացիներ դասակարգվում են որպես NEET: Նաև փաստաթղթում նշվում է, որ ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչների քանակը կտրուկ աճել է 2007-2008 թվականների համաշխարհային ճգնաժամից հետո։ NEET-ի քանակը ներկայում կազմում է Ավստրիալիայի 15-ից մինչև 28 տարեկանների 13 %-ը[28]։

Իբերիա և Լատինական Ամերիկա խմբագրել

Իսպանիայում, Մեքսիկայում, Արգենտինայում և Ուրուգվայում լայն տարածում է ստացել «Ոչ-ոչ» եզրույթը, որը հապավում է իսպաներեն «La generaciun Ni-Ni: los que ni estudian ni trabajan» (Նրանց սերունդը, ովքեր չեն սովորում և չեն աշխատում, չեն զբաղվել ոչ մեկով, ոչ էլ մյուսով) արտահայտությունից։ Պորտուգալիայում, Բրազիլիայում գոյություն ունի նմանատիպ եզրույթ՝ «Նեմ-Նեմ»։ Մեքսիկայում այդ խնդիրը հատկապես արդիական է, քանի որ, ինչպես ցույց են տալիս այնտեղ անցկացված դիտումները, հենց «ոչ-ոչ» սերունդն է առավել զգայուն թմրավաճառների ազդեցությանը և ակտիվորեն ներգրավվում է թմրավաճառության և քրեական ոլորտում[29]։

Կանադա խմբագրել

Կանադայի վիճակագրական ծառայությունը առաջին անգամ NEET-ի խնդրի ուսումնասիրությունը Կանադայում անցկացրել է 2012 թվականին։ Ինչպես պարզվել է, 15-20 տարեկան կանադացիների շուրջ 13 %-ը կարող է համարվել այդ սոցիալական կատեգորիայի ներկայացուցիչ։ Չնայած այն հանգամանքին, որ ինչպես ասվում է հաշվետվության մեջ, դա ամենացածր ցուցանիշն է G7-ի երկրների շարքում, NEET-երի ընդհանուր քանակը երկրում գերազանցում է 1 միլիոնը[30]։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ Ոչ-ոչ սերնդի ներկայացուցիչ հանդիսացող շուրջ 513 000 կանադացիներ հետաքրքրված չեն աշխատանք գտնելով[31]։

Ռուսաստան խմբագրել

Ռուսաստանում նույնպես միանշանակ մոտեցում չկա այդ եզրույթի վերաբերյալ։ Ըստ Ռուսաստանի գիտությանների ականդեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի սոցիալական կառուցվածքի առաջատար գիտաշխատող Ա. Ժվիտիաշվիլիի՝ «նի նի» սերնդի ներկայացուցիչների հայտնվելը, որը 21-րդ դարում կազմում է զարգացած երկրների հասարակության զգալի սեգմենտը, վկայում է վարձու աշխատուժի կրճատում, հասարակության մեջ ոչ շուկայական խմբավորումների դերի ուժեղացում, որի գոյությունը կախված է սոցիալական քաղաքականությունից։ Ընդ որում, գերիշխող ժողովրդագրական խումբը, ըստ ակադեմիկոսի, «ոչ-ոչ» սերնդում 15-ից 29 տարեկան երիտասարդներն են։ Ա. Ժվիտիաշվիլին դա կապում է կրթություն ստանալու և աշխատանք գտնելու դժվարությանների հետ։ Հիմնվելով արևելյան ուսումնասիրողների աշխատանքների վրա՝ Ժվիտիաշվիլին նշում է, որ «նի նի» սերունդը գլոբալացման արդյունք է, իսկ այդ սոցիալական խումբն ստեղծվում է պարբերաբար տեղի ունեցող ֆինանսական ճգնաժամների, մասնավորապես 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով[32]։ Նույն տեսակետը պաշտպանում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Յու. Վիշնևսկին, որը կարծում է, որ ռուս հասարակությունը կբախվի նմանատիպ խնդիրների մոտ ապագայում[33]։ Ռուսաստանում «նի նի» սերնդի ներկայացուցիչների թվաքանակը տատանվում է 15 %-ի շրջանակներում[34]։

ԱՄՆ խմբագրել

Նմանատիպ սոցիալական երևույթ գոյություն ունի նաև Միացյալ Նահանգներում, որտեղ այդ մարդիկ կոչվում են «basement dwellers»[35]։ «Telegraph Herald» պարբերականը 2010 թվականի ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց՝ 2007 թվականի վերջին NEET երիտասարդների քանակը երկրում աճել է մինչև 20 %։ Հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք հենց նոր են ավարտել կրթությունը։ Նրանց երբեմն նաև կոչում են «sadgrad» (հապավում՝ «sad graduate», երիտասարդ մարդ, որը դեպրեսիայի մեջ է ընկել իր զբաղված չլինելու պատճառով)։ Սոցիոլոգները նշում են, որ դրանք, որպես կանոն, այն շրջանավարտներն են, որոնք դեռ չեն վճարել իրենց կրթության համար վերցված պարտքերը (կրթությունն ԱՄՆ-ում էժան չէ) և ապրում են ծնողների հետ, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ վարձակալել կամ գնել առանձին բնակարանը իրենց համար։ Արդեն 2002 թվականին կանխատեսումներ են եղել, որ աշխատանք կգտնեն 36 %-ով քիչ շրջանավարտներ, քան նախորդ տարի։ 2007 թվականից հետո, երբ սկսվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամ, իրավիճակը շարունակել է վատանալ[36]։ Ուսման վճարների աճը շատ երիտասարդների ստիպում է հրաժարվել բարձրագույն կրթությունից, ինչը նույնպես կարող է դառնալ հետագա սոցիալականացման անհաջողության պատճառ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Generación 'ni-ni': ni estudia ni trabaja | Edición impresa | EL PAÍS». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  2. «Merkel muestra su preocupación por el alto paro juvenil en España | Economía | EL PAÍS». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  3. «Mexico's Youth Lured into Drug War | Pulitzer Center». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  4. «Revoluciones "ni-ni" | Edición impresa | EL PAÍS». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  5. «Мировые новости». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  6. Sara Elder (2015). «What does NEETs mean and why is the concept so easily misinterpreted?» (PDF). International Labour Office.
  7. Attewell, Paul; Newman, Katherine S. Growing Gaps: Educational Inequality Around the World. — Oxford University Press, 2010. — С. 181.
  8. Yates, Scott; Payne, Malcolm Not so NEET? A Critique of the Use of ‘NEET’ in Setting Targets for Interventions with Young People // Journal of Youth Studies. — 2006. — № 9 (3). — С. 329–344.
  9. Neet Statistics – Quarter Brief: August 2011 // Department for Education. Архивировано из первоисточника 24 Օգոստոսի 2011.
  10. The Cost of Exclusion: Counting the cost of youth disadvantage in the UK // The Prince’s Trust. — 2007. — С. 13. Архивировано из первоисточника 28 Հունիսի 2011.
  11. Young people not in education, employment or training (Vol 1). — С. 6.
  12. Shepherd, Jessica (2011 թ․ փետրվարի 24). «Record number of young people not in education, work or training». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Young people not in education, employment or training (Vol 1). — С. 8–9.
  14. Webster, Colin Understanding Race and Crime. — Open University Press, 2007. — С. 123–124.
  15. Hills, John; Sefton, Tom; Stewart, Kitty Towards a More Equal Society?: Poverty, Inequality and Policy Since 1997. — The Policy Press, 2009. — С. 82.
  16. Gregg, Paul; Wadsworth, Jonathan The Labour Market in Winter: The State of Working Britain. — Oxford University Press, 2011. — С. 47.
  17. «The Neet generation: Why young Britons have been hardest hit by the». The Independent (բրիտանական անգլերեն). 2014 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. «Labour's lost generation: 1 in 10 teenagers is now a Neet (Not in Education, Employment or Training)». Mail Online. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  19. Гэнта Ю., Наганума М. NEET – ни внештатники, ни безработные // Гэнтося. — 2004. — С. 29—31.
  20. Goodman, Roger, Yuki Imoto, and Tuukka Toivonen A Sociology of Japanese Youth: From returnees to NEETs. — New York: Routledge, 2012.
  21. Hammond, William Kremer and Claudia (2013 թ․ հուլիսի 5). «Why are so many Japanese men refusing to leave their rooms?». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. Goodman, Roger, Yuki Imoto, and Tuukka Toivonen A Sociology of Japanese Youth: From returnees to NEETs. — Routledge. — New York, 2012.
  23. «Stagnant Youth: the NEET, freeter, and hikikomori phenomena - Post Bubble Culture». Post Bubble Culture (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  24. Катасонова Е. Л. Другая Япония: лики молодёжной субкультуры // Япония. Ежегодник. — 2008. — С. 182—201.
  25. Маркарьян С. Б. Японская жилищная система как катализатор и индикатор социально-экономических изменений // Япония. Ежегодник. — 2013. — С. 101—119.
  26. {{{заглавие}}} // Аниме гид. — 2008. — № 27. — С. 42.
  27. «NEETs in Japan: What Does It Mean? – Japan Info». Japan Info (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  28. «Investing in Youth, Books / Investing in Youth / Investing in Youth: Australia» (անգլերեն). www.oecd-ilibrary.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  29. «Los Ninis: Mexico's Lost Generation». Pulitzer Center (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. «For almost a million young people: No job, no school». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  31. GRANT, TAVIA (2012 թ․ մայիսի 23). «For almost a million young people: No job, no school» (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. Жвитиашвили А. Ш. Новые социальные группы на западе: общее и особенное // Власть. — 2016. — № 1. — С. 118—124.
  33. Вишневский Ю. Р., Нархов Д. Ю., Сильчук Е. В. Новые явления в молодёжной среде и актуальные задачи молодёжной политики // Вестник ПНИПУ. Социально-экономические науки. — 2016. — № 4. — С. 8—18.
  34. Sara Elder (2015). «What does NEETs mean and why is the concept so easily misinterpreted?» (PDF). International Labour Office.
  35. Бусыгин П. И. Игра как поиск идеального пространства // Вестник КемГУ. — 2014. — Т. 1. — № 1 (57). — С. 165—168.
  36. Баринова И. В. Неологизмы английского языка, отражающие изменения в системе образования // Вестник МГЛУ. — 2013. — № 20 (680). — С. 179—193.

Գրականություն խմբագրել