Նիկոլայ Մարգարյան
Նիկոլայ Արշակի Մարգարյան (1919, Շինուհայր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Նիկոլայ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Շինուհայր, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Նիկոլայ Մարգարյանը ծնվել է 1919 թվականին Շինուհայր գյուղում։ Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, աշխատել Վայքի Ազատիկ գյուղի դպրոցում, դասավանդել է ռուսաց լեզու[1]։
Մարգարյանը զորակոչվել է բանակ 1939 թվականի վերջին և սովորել Գորկի քաղաքի ռադիոկապի դպրոցում, նշանակվել տանկային գնդի ռադիոկապի տեսուչ, ապա՝ գնդի ռադիոդպրոցի պետ։ 1943 թվականի սկզբում ռազմաճակատում Նիկոլայը 1546-րդ ծանր ինքնագնաց հրետգնդում մասնակցել է Կուրսկ-Օրյոլ աղեղի մարտերին, այնուհետև՝ Վիտեբսկ, Պոլոցկ և այլ քաղաքների ազատագրմանը։ 1943 թվականի դեկտեմբերին Պոլոցկի մոտ տեղի ունեցած մարտերից մեկում վիրավորվել և բուժվելուց հետո տեղափոխվել է ներքին գործերի զորամաս, որպես երկաթգծերի և կամուջների պահպանության ռադիոդասակի հրամանատար։ 1944 թվականի սեպտեմբերին վատառողջության պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից[1]։
1944 թվականից Մարգարյանը ռուսաց լեզու է դասավանդել իր ծննդավայրի՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցում։ 1952 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բաժինը։ Մարգարյանի մարտական ծառայությունները և հետպատերազմյան տարիների մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել։ Պարգևատրվել է «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքային արիության համար» մեդալներով և պատվոգրերով։ Պատերազմի վետերանը 1978 թվականին անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում[1]։
Պարգևներ խմբագրել
- «Խիզախության համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ