Ներքինացյալներ, աղանդավորական հոսանք՝ տարածված Բյուզանդիայում 4-5-րդ դարերում և Հայաստանում՝ 10-12-րդ դարերում։ Ներքինացյալների մասին վկայող սկզբնաղբյուրներն են՝ Հովհան Ոսկեբերանի՝ Պողոս առաքյալի Առ Գաղատացիս թղթի մեկնությունը, Անանիա Սանահնեցու և Հովհաննես Սարկավագի դավանաբան. աշխատությունները։ Հետևելով մանիքեությանը՝ Ներքինացյալները դավանել են ճգնակեցական ծայրահեղ գաղափարներ, որոնց համաձայն, ամեն տեսակ նյութ չարիք է։ Բացարձակացնելով հոգևորը և նրան հակադրելով նյութականը՝ Ներքինացյալներ մերժել են մարմինն ու մարմնի իրավունքները։ Այս է պատճառը, որ Ներքինացյալների մեջ շատ տարածված է եղել սեռական օրգանների անդամահատումը (այստեղից էլ այդ հոսանքի անվանումը՝ ներքինի, ներքինացած)։

Անանիա Սանահնեցին վկայում է, որ ներքինացյալները, խախտելով բնության աստվածադիր օրենքները, ոչ միայն ընկնում են սեռապես չեզոք վիճակի մեջ, այլև նմաններին կարգում են «ի գլուխ գահերիցության», այսինքն՝ համայնքի ղեկավար, ինչը խստորեն դատապարտելի է եկեղեցու համար։

Գրականություն խմբագրել

Քյոսեյան Հ., Անանիա Սանահնեցու «Հակաճառության» պատմամշակութային նշանակությունը, տես հեղինակի Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Էջմիածին, 1995, էջ 157–166։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: