Ներշնչումային հիվանդություններ

Ներշնչումային հիվանդություններ, հոգեծին (պսիխոգեն) հիվանդությունների տարատեսակ, որը բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ՝ որևէ հիվանդության առկայության վերաբերյալ մարդու համոզվածությամբ։ Ներշնչումային հիվանդությունները բնորոշ են անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր, տպավորվող անձանց։

Կպչուն վախեր (ֆոբիա) խմբագրել

Առավել հաճախ դրսևորվում են կպչուն վախերի (ֆոբիա) ձևով, որոնք սևեռուն վիճակների տարատեսակ են։ Առիթը, որպես կանոն, հիվանդության մասին վառ տպավորությունն է (ծանր հիվանդի տեսքը հանկարծակի, ծանր, մահացու ելքով հիվանդության մասին պատմություն լսելը կամ ընթերցելը, բժշկական խոսքերը սխալ ըմբռնելը՝ յատրոգենիան, բժշկի թեմայով հանրամատչելի գրականություն կարդալը), որն ուղեկցվում է տագնապի զգացողությամբ։

Կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որոնք տվյալ անձի կարծիքով նման են այն հիվանդությանը, որն ինքը նկատել է այլ մարդու մոտ կամ լսել դրա մասին։ Հետազոտությամբ որևէ հիվանդություն չի հաստատվում, բայց եթե բժշկի բացատրությունները չեն համոզում մարդուն, և տագնապային սպասողական վիճակը, վախը պահպանվում են, նա սկսում է «ճշմարտությունն» իմանալու ջանքեր թափել։ Փոխում է բժիշկներին, պահանջում մասնագետների խորհրդատվություն, կրկնակի հետազոտություններ, ստիպում իրեն վիրահատել, դիմում է ինքնաբուժման։ Միաժամանակ կարդում է հատուկ բժշկական գրականություն, և նրան թվում է, որ հիվանդության նկարագրությունը համապատասխանում է իր տառապանքին։

Չբավականացնող ախտանշաններն ի հայտ են գալիս չգիտակցված ներշնչման կամ ինքնաներշնչման հետևանքով, զգացողությունները համակարգվում են և կանոնավորվում։ Այդ շրջանում տառապողն իսկական հիվանդի տպավորություն է թողնում։ Իրեն հասկանալու և կարեկցելու բացակայությունն իջեցնում է տրամադրությունը, խանգարում քունը և ախորժակը, ընդհանուր զգացողությունը։ Աստիճանաբար դրությունն այնքան է վատանում, որ իրոք առաջանում են ենթադրյալ հիվանդ օրգանի ֆունկցիոնալ խանգարումներ։

Բուժում խմբագրել

Ներշնչումային հիվանդությունները անպայման պետք է բուժի հոգեբույժը։ Ներշնչումային հիվանդություններով տառապողը պահանջում է շրջապատող մարդկանց հատուկ վերաբերմունքը։ Եթե հիվանդության սկզբում դեռևս հնարավոր է փոխել ենթադրությունները, տարհամոզել և հանգստացնել նրան (հաճախ հիվանդի մերձավորներին հայտնի և հասկանալի է լինում վախի ու դրան հետևող «հիվանդության» միջև կապը), ապա ավելի ուշ, երբ տագնապալի կասկածներն իշխում են, «ճշմարտությունը» հաստատելու ջանքերն ակտիվանում են, տարհամոզումն այդ դեպքում անցանկալի հետևանքներ է ունենում։

Հիվանդն այդ բոլորը գնահատում է որպես կարեկցանքի և սիրո բացակայություն, դառնում է դաժան, գրգռված, լացկան, մռայլ, ինքնամփոփ։ Այդ ժամանակ հարազատները պետք է հիվանդի համար ստեղծեն հանգիստ պայմաններ և համոզեն դիմել հոգեբույժի՝ չվիրավորելով նրան իր հիվանդության անճշմարտացիության համար։ Առիթը պետք է համարել գրգռվածությունը, անհանգստությունը, անքնությունը, աշխատունակության նվազումը և այլն։

Ներշնչումային հիվանդություններով տառապողներին երբեք չպետք է դարձնել ծաղրի առարկա։ Հարկավոր է իմանալ, որ այդպիսի հիվանդը տառապում է անկեղծորեն և կրկնակի՝ կարծեցյալ հիվանդություններից և մերձավորների կարեկցանքի ու օգնության բացակայությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։