Բացել գլխավոր ցանկը

Ներծծում, բջջային տարրերի միջով տարբեր նյութերի անցումը արյան և ավիշի մեշ։ Տեղի է ունենում կենդանի օրգանիզմի մարսողական համակարգում (հիմնականում աղիքներում), ինչպես նաև թոքերի, արգանդի, միզապարկի խոռոչներում, մաշկի մակերևույթից և այլն։ Սննդանյութերի մեծ մասը մարսողական օրգաններում ենթարկվում է ֆերմենտային ճեղքման, քայքայվում պարզ միացությունների, որոնք ընդունակ են անցնելու լորձաթաղանթի էպիթելային բջիջևերի շերտով։ Ներծծումը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է, որի դեպքում նյութերը շարժվում են ինչպես ֆիզիկական պրոցեսների (դիֆուզիա, օսմոս), այնպես էլ ակտիվ տեղաշարժման խտության և էլեկտրաքիմիական գրադիենտների շնորհիվ։ Էներգիայի ծախսումով ածխաջրերը ներծծվում են միաշաքարների, սպիտակուցները՝ ամինաթթուների, ճարպերը՝ ճարպաթթուների ձևով։ Ջուրը, աղերը, վիտամինները և մի շարք այլ նյութեր ներծծվում են առանց նախնական փոփոխության ենթարկվելու։ Ստամոքսում հիմնականում տեղի է ունենում միաշաքարների, աղերի, ջրի և ալկոհոլի դանդաղ ներծծում։ 12-մատանյա աղիքում ներծծվում է սնևդանյութի մոտ 8 տոկոսը, իսկ հիմնական մասը՝ բարակ աղիքներում, որոնց ընդհանուր մակերեսը մարդու համար մոտ 5 մ2 է։ Ներծծում կատարվում է աղիքների թավիկներով և էպիթելայիև բջիջների միկրոթավիկներով․ մասնակցում են նաև ներբջջային կառուցվածքները (Գոլջիի համալիր, միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց և այլն)։ Ետներծծում է տեղի ունենում ներզատիչ և արտազատիչ օրգաններում, օրինակ՝ միզագոյացման ժամանակ ջրի ներծծումը երիկամային խողովակիկներով։ Ներծծումը կարգավորվում է նյարդային և հումորալ-հորմոնային մեխանիզմներով։ Նյութերը արյան կամ ավիշի մեջ անցնելով հասնում են բոլոր օրգաններին ու հյուսվածքներին և օգտագործվում էներգետիկ և պլաստիկ պրոցեսների համար։ Ներծծման խանգարումը մեծ մասամբ կապված է ներծծմանը նպաստող ֆերմենտների բացակայության հետ, առանձին դեպքերում այն կարող է ունենալ ժառանգական բնույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png